Armenian ARMSCII Armenian
Կ-0492-03.07.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Պետական վերահսկողության շրջանակներում՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող անասնաբուժասանիտարական պետական փորձաքննության հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անասնաբուժասանիտարական փորձաքննության կարգերի դրույթները:»:

Հոդված 2. 3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«կենդանական ծագման մթերք` գյուղատնտեսական կենդանիների սպանդից գոյացած եւ չվերամշակված  մսեղիքը, կիսամսեղիքը, քառորդ մսեղիքը, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միսը, աղացած եւ ծեծած միսը, պոչը եւ դմակը, վերջույթները՝ նախաբազկի եւ սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանները (լյարդ, փայծաղ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային եւ ընդերային ճարպը, ուղեղը, արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, կուրծը, ինչպես նաեւ չփաթեթավորված եւ չմակնշված մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, ձուկ եւ ձկնամթերք, երկկենցաղներ, սողուններ, խխունջներ, միջատներ, խեցգետնակերպեր, ցամաքային եւ ջրային այլ անողնաշարավորներ եւ դրանցից ստացված մթերք, չբեղմնավորված ձկնկիթ, սննդային ձու, բնական մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք.»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  29.1-29.3-րդ կետերով.

29.1) մսեղիք՝ սպանդի կամ մորթի ենթարկված կենդանու ամբողջական մարմինը առանց մաշկի, գլխի, վերջավորությունների ստորին հատվածների եւ ներքին օրգանների.
29.2) կիսամսեղիք՝ մսեղիքի ողնաշարի երկարությամբ հավասարաչափ հատվածների բաժանած մասերը.
29.3) քառորդ մսեղիք՝ մսեղիքի չորս մասի բաժանած հատվածները.»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) վերամշակել (մշակել), իրացնել, վաճառել, մատակարարել, ներմուծել բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերք եւ կենդանական ծագման հումք, բացառությամբ սույն օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով սահմանված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամանակացույցով նախատեսված դեպքերի.».

2) 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կենդանիների սպանդի կիրառման ոլորտները եւ ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) անձնական սպառման համար, եթե տվյալ կենդանին ենթարկվել է սահմանված հակաանասնահամաճարակային միջոցառումների:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: