Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1826-08.12.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հունիսի 5-ի թիվ ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4 հոդվածի՝ 2-րդ կետում «ընթացքում» բառից հետո լրացնել «գործունեության բոլոր տեսակների մասով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 5 հոդվածի 1-ին կետում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Այդ դեպքում հարկ վճարողը համարվում է պարզեցված հարկ վճարող գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ այն տեսակների, որոնք հարկվում են հաստատագրված վճարներով»:

Հոդված 3. Օրենքի 6 հոդվածում՝ 1-ին կետի «բ» ենթակետում «կամ 1709 » բառերը փոխարինել «, 1709 կամ 17012 » բառերով:

Հոդված 4. Օրենքի 16 հոդվածում՝

ա) 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված խախտումները թույլ տված հարկ վճարողները պարզեցված հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանված այլ պահանջները բավարարելու դեպքում շարունակում են մնալ պարզեցված հարկ վճարող՝ մինչեւ տվյալ տարվա վերջը»,

բ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հարկվող օբյեկտը (իրացման շրջանառությունը) թաքցնելու կամ պակաս ցույց տալու կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ավել ցույց տալու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված պարզեցված հարկի գումարը, ինչպես նաեւ տուգանք այդ գումարի 100 %-ի չափով:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

Օրենքի նախագծով առաջարկվում է՝

ա) պարզեցված հարկ վճարող համարվելու համար 50.0 մլն. դրամի շեմը հաշվարկել գործունեության բոլոր տեսակների մասով, դրանով պայմանավորված սուբյեկտին պարզեցված հարկ վճարող ճանաչել գործունեության բոլոր տեսակների մասով: Վերջինս նպատակ ունի էականորեն պարզեցնել պարզեցված հարկ վճարողների կողմից հաշվառման վարումը,

բ) առաջարկվում է սահմանել, որ պարզեցված հարկ վճարող համարվելու պայմաններին բավարարելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու դեպքում տուգանքի կիրառումից հետո հարկատուն կարող է մինչեւ տվյալ տարվա վերջը համարվել պարզեցված հարկ վճարող (տարվա ընթացքում այդ փաստի պարզվելուց հետո հարկերի վերահաշվարկներ չեն կատարվելու),

գ) օրենքով պատասխանատվություն նախատեսել ոչ միայն պարզեցված հարկի իրացման շրջանառությունը պակաս ցույց տալու համար, այլ նաեւ փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեծությունը ավել ցույց տալու համար, քանի որ երկու դեպքում էլ առաջանում է պակաս մուծված հարկի գումար: