Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-964-23.08.2010-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքի այսուհետ` Օրենք) 2.1 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 2.1. Դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 5-րդ կետերով, ինչպես նաեւ` 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված անձի` «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նշանակված տարիքային կենսաթոշակի (այսուհետ` պետական կենսաթոշակ) նկատմամբ սահմանվում է ամենամսյա հավելավճար (այսուհետ` հավելավճար) նրա` վերջին 1 տարվա ընթացքում որպես դատավոր զբաղեցրած պաշտոնի համար ստացած միջին աշխատավարձի 55 տոկոսի եւ պետական կենսաթոշակի տարբերության չափով:

Միջին աշխատավարձը հաշվարկելու, հավելավճարը հաշվարկելու, նշանակելու եւ վճարելու, ինչպես նաեւ ստաժը հաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարի չափը չի կարող գերազանցել որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսը:

Հավելավճարի չափը վերահաշվարկվում է.

1) պետական կենսաթոշակի չափը վերահաշվարկելու դեպքում,

2) որպես դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված պաշտոնային դրույքաչափը բարձրացնելու դեպքում:

Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքում հավելավճարի չափը վերահաշվարկվում է դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Հավելավճարի չափը վերահաշվարկելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին դատավորի պետական կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարը վերահաշվարկվում եւ վճարվում է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Եթե դատավորին մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված պետական կենսաթոշակի եւ դրա նկատմամբ սահմանված հավելավճարի հանրագումարի չափը բարձր է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից, ապա այն շարունակվում է վճարվել նախկին չափով:

Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատավորին նշանակված` պետական կենսաթոշակի եւ հավելավճարի հանրագումարը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերահաշվարկելու դեպքում չի կարող բարձր լինել «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1 հոդվածի 3-րդ մասով սահմանված չափից:

Նախկին գերագույն դատարանի անդամ դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին պետական արբիտրաժի պետական արբիտրների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական վերաքննիչ դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Նախկին ժողովրդական դատավորների հավելավճարը հաշվարկելիս (վերահաշվարկելիս) հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության դատարանի դատավորների համար գործող պաշտոնային դրույքաչափերը:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

1.1  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Դատավորների կենսաթոշակային ապահովութունը կարգավորվում է 2007 թվականի փետրվարի 22-ի «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքով, որի 2.1 հոդվածի համաձայն` դատավորի պաշտոնում 10 եւ ավելի տարի աշխատած անձի կենuաթոշակի նկատմամբ uահմանվում է ամենամuյա հավելավճար նրա` որպեu դատավոր զբաղեցրած վերջին պաշտոնի համար uտացած աշխատավարձի 75 տոկոuի եւ պետական կենuաթոշակի տարբերության չափով:

Հարկ է նկատի ունենալ, որ դատավորների համար փոխհատուցման գործակիցը կազմում է անվանական աշխատավարձի 75 %-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի աշխատավարձը հարկվում է եկամտահարկով եւ հանդիսանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ,  իրական փոխհատուցման գործակիցը (տնօրինվող աշխատավարձի եւ կենսաթոշակի ու հավելավճարի հանրագումարի հարաբերակցությունը) կազմում է ավելի բարձր (տեղեկանքը կցվում է):

Միաժամանակ, ՀՀ օրենսդրությունը չի նախատեսում դատավորին նշանակված հավելավճարի վերահաշվարկման դրույթ կապված պաշտոնային դրույքաչափի բարձրացման հետ, իսկ կենսաթոշակի (հավելման) առավելագույն չափի բացակայությունը, առանձին դեպքերում հետին պլան է մղում կենսաթոշակի (հավելման) սոցիալական նշանակությունը:

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է հստակեցնել դատավորների կենսաթոշակային ապահովության իրավունքի առանձին դրույթները` համապատասխան փոփոխություններ կատարելով օրենքում:

2. Կարգավորման առարկան

Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում`

դատավորի ամենամuյա հավելավճարի չափը  կսահմանվի նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար uտացած աշխատավարձի 55 տոկոuի եւ պետական կենuաթոշակի տարբերության չափով,

կսահմանվի դատավորի կենսաթոշակի ու հավելավճարի հանրագումարի առավելագույն շեմ` պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով,

կկարգավորվի դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանված հավելավճարի վերահաշվարկման հետ կապված հարաբերությունները:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծը ընդունվելու դեպքում կհստակեցվեն դատավորների կենսաթոշակային ապահովության իրավունքը` այն հնարավորինս համահունչ դարձնելով վարվող կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներին: