Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-957-28.07.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածում`

1)  1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից վեց  տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության  կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության  հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշման 37.3 կետի համաձայն` 2010 թվականի հուլիսին  պետք Հայաստանի Հանրապետության  կառավարություն ներկայացվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` խստացնելով քրեական պատասխանատվությունն արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար: Ուստի այդ նպատակով հիշյալ օրենքի նախագծով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածում` դրանք համադրելով գործող օրենսգրքի պատժաչափերի հետ եւ ապահովելով միասնականությունը ամբողջ օրենսգրքում:

Այսպես` այդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում արդարադատության իրականացմանը եւ քննությանը խոչընդոտելու համար:

Հոդվածի 1-ին մասում պատասխանատվություն է սահմանված արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար, իսկ 2-րդ մասում գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելու համար:

Հոդվածի առաջին եւ երկրորդ մասերի սանկցիաների վերլուծությունից հետեւում է, որ երկու հանցագործություններն էլ ոչ մեծ ծանրության են: Հիշյալ հանցակազմերի սանկցիաների խստացումն ենթադրում է դրանք ըստ վտանգավորության աստիճանի դարձնել միջին ծանրության հանցագործություններ եւ ըստ այդմ քննարկել սանկցիաների խստացման հարցը:

Քննարկվող հոդվածի 1-ին մասի սանկցիայի խստացման նպատակով, առաջարկվում է սանկցիան ձեւակերպել հետեւյալ կերպ՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից հինգ տարի ժամկետով: Իսկ հոդվածի 2-րդ մասի սանկցիան առաջարկվում է ձեւակերպել հետեւյալ կերպ՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Հիշյալ հոդվածի 3-րդ մասի սանկցիայի վերլուծությունից հետեւում է, որ այն համարվում է միջին ծանրության հանցագործություն:

Սույն հանցակազմի խստացման տեսանկյունից առաջարկվում է այն դարձնել ծանր հանցագործություն: Մասնավորապես, հիշյալ արարքի համար սահմանել հետեւյալ պատժատեսակները հետեւյալ պատժաչափերով՝ տուգանքի՝ հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Այս սանկցիայի փոփոխությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին, քանի որ վերոհիշյալ հոդվածի 3-րդ մասը, հանդիսանում է պաշտոնեական դիրքի չարաշահման յուրահատուկ տեսակ եւ պետք է ավելի խիստ պատժվի, բայց ոչ ավելի խիստ քան Հայաստանի Հանրապետության  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արարքի համար:

Ի դեպ համանման դրույթներ կան նաեւ  այլ երկրների քրեական օրենսգրքերում, (օրինակ Մոլդովայի քրեական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մաս եւ այլն):