Armenian ARMSCII Armenian
Կ-1155-01.02.2017,03.02.2017-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀՕ-49-Ն ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 76-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ կրող անձը սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո, դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի եզրակացության կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետեւության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ

1)  պատժի կրման ընթացքում դրսեւորել է պատշաճ վարքագիծ, եւ

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:».

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում դատապարտյալը չի ազատվում իր նկատմամբ նշանակված լրացուցիչ պատժից:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին եւ 1.2-րդ մասեր.

«1.1. Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

1.2. Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետեւյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը եւ հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը եւ հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Եթե դատապարտյալը դեռեւս չի հատուցել կամ այլ կերպ հարթել տուժողին պատճառված իրական վնասը, ապա դատարանը դատապարտյալի վրա նման պարտականություն է դնում:».

4) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ կետով.

«5) ցմահ ազատազրկման դեպքում՝ ազատազրկման ոչ պակաս, քան քսան տարին:».

6) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին, 5.2-րդ եւ 5.3-րդ մասեր.

«5.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելիս դատարանը կարող է հաշվի առնել պրոբացիայի պետական ծառայության կողմից դատարանի կամ անկախ հանձնաժողովի պահանջի հիման վրա ներկայացված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցը:

5.2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում պատժի չկրած մասը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է իրավասու մարմնի վերահսկողության ներքո:

5.3. Ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում դատարանը սահմանում է փորձաշրջան՝ ութ տարի ժամկետով:».

8) 6-րդ մասում՝ «պատժի չկրած մասի» բառերը փոխարինել «փորձաշրջանի» բառով.

9) 7-րդ մասում «հինգերորդ մասում» բառերը փոխարինել «3-րդ մասի 5-րդ կետում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում «պատիժը կրելու ժամանակահատվածում նրա վարքագիծը» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսված» բառերով, իսկ «հանգամանքը» բառը՝ «հանգամանքները» բառով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 94-րդ հոդվածում`

1) «Անչափահաս» բառից առաջ լրացնել «1.» թիվը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը քննելիս հաշվի են առնվում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին, 1.1-ին եւ 1.2-րդ մասերով սահմանված պահանջներն ու հանգամանքներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անչափահաս դատապարտյալների նկատմամբ:»:

Հոդված 4. Չեղյալ ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-49-Ն օրենքի 1-ին հոդվածը:

Հոդված 5. Եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով Օրենսգրքի 76-րդ հոդվածում լրացվող 5.1-րդ մասն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: