Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-180-02.12.2003-ԳԿ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման իրավական, կազմակերպական եւ ֆինանսական հիմքերը։ Նախադպրոցական կրթությունն ուղղված է երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման ապահովմանը, հիմնվում է ընտանեկան եւ հասարակական դաստիարակության համադրման, գիտության նվաճումների, համաշխարհային մանկավարժության փորձի ժառանգության վրա եւ նպաստում է ժողովրդավարական-իրավական հասարակության արժեքների ձեւավորմանը։

ԳԼՈւԽ 1

ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 1. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

Նախադպրոցական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, այլ նորմատիվ-իրավական ակտերից եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից։

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրները

Նախադպրոցական կրթության մասին օրենսդրության հիմնական խնդիրներն են.

ա) անվճար եւ մատչելի նախադպրոցական կրթություն ստանալու երեխայի իրավունքների ապահովումը.

բ) նախադպրոցական կրթության համակարգի գործունեության եւ զարգացման անհրաժեշտ պայմանների ապահովումը.

գ) նախադպրոցական կրթության բովանդակության սահմանումը.

դ) նախադպրոցական կրթության կառավարման մարմինների սահմանումը եւ նրանց լիազորությունները.

ե) ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործընթացի մասնակիցների իրավունքների եւ պարտականությունների սահմանումը, նախադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտումների համար պատասխանատվության սահմանումը.

զ) նախադպրոցական կրթության ոլորտում բարեգործության համար պայմանների ապահովումը։

Հոդված 3.Նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականությունը

1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է նախադպրոցական կրթության գերակա դերը եւ ապահովում պատշաճ պայմաններ՝ նախադպրոցական կրթություն ստանալու համար։

Նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմքը ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությունն ու այլ նորմատիվ-իրավական ակտերն են։

2.Պետությունը՝

ա) երեխայի զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերում ընտանիքին ցուցաբերում է բազմակողմանի օգնություն.

բ)նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի նկատմամբ պետական պահանջների (պետական կրթական չափորոշիչների) շրջանակներում ապահովում է անվճար եւ մատչելի նախադպրոցական կրթություն պետական եւ համայնքային ուսումնական հաստատություններում։

գ)հոգում է երեխաների առողջության պահպանման եւ ամրապնդման, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացման մասին.

դ)օծանդակում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների զարգացմանը եւ պահպանմանը՝ անկախ դրանց ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից։

Հոդված 4. Նախադպրոցական կրթությունը, նախադպրոցական տարիքը

1.Նախադպրոցական կրթությունը Հայաստանի Հանրապետության անընդհատ կրթության համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասն է։

2. Նախադպրոցական կրթությունը ամբողջական գործընթացն է, որն ուղղված է՝

ա) հակումներին, ընդունակություններին, անհատական, հոգեկան եւ ֆիզիկական առանձնահատկություններին, մշակութային պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական տարիքի երեխայի բազմակողմանի զարգացման ապահովմանը.

բ)նախադպրոցական տարիքի երեխայի մոտ բարոյական նորմերի ձեւավորմանը, կյանքի հասարակական փորձի ձեռքբերմանը։

3.Նախադպրոցական տարիքը երեխայի՝ անհատի, ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական կայացման ժամանակաշրջանն է։

4.Նախադպրոցական տարիքի շրջաններն են.

ա) նորածինը.

բ) կրտսեր նախադպրոցականը.

գ) միջին նախադպրոցականը.

դ) ավագ նախադպրոցականը։

Հոդված 5.Նախադպրոցական կրթության համակարգը

Նախադպրոցական կրթության համակարգի բաղկացուցիչներն են.

ա) նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից.

բ)գիտական եւ մեթոդական հաստատությունները.

գ)կրթության կառավարման մարմինները.

դ)կրթությունը եւ դաստիարակությունը ընտանիքում:

Հոդված 6.Նախադպրոցական կրթության սկզբունքները

Նախադպրոցական կրթության սկզբունքներն են.

ա) յուրաքանչյուր քաղաքացու համար նախադպրոցական կրթության համակարգի կողմից իրականացվող կրթական ծառայությունների մատչելիությունը.

բ) յուրաքանչյուր երեխայի բազմակողմանի զարգացման, ունակությունների, հակումների, ընդունակությունների, շնորհների իրականացման համար պայմանների հավասարությունը.

գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ ապաքինման միասնությունը.

դ) ընտանիքի եւ նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակաչական ներգործությունների միասնությունը.

ե) նախադպրոցական եւ տարրական ընդհանուր կրթության հաջորդայնությունն ու անընդհատությունը.

զ) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.

է) երեխայի անհատականության զարգացման նկատմամբ անհատական-նպատակային մոտեցումը.

ը) մանկավարժական գործընթացի ժողովրդավարացումն ու մարդասիրությունը.

թ) նախադպրոցական կրթության բովանդակության, մակարդակի եւ ծավալի համապատասխանությունը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացման առանձնահատկություններին եւ առողջական վիճակին։

Հոդված 7. Նախադպրոցական կրթության խնդիրները

Նախադպրոցական կրթության խնդիրներն են.

ա) երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջության պահպանումն ու ամրապնդումը.

բ) Հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի նկատմամբ հարգալի վերաբերմունքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի եւ շրջակա միջավայրի նկատմամբ գիտակցական վերաբերմունքի արմատավորումը.

գ) երեխայի անհատականության ձեւավորումը, մշակութային ունակությունների զարգացումը, հասարակական փորձի ձեռքբերումը.

դ) նախադպրոցական կրթական չափորոշիչների պահանջների կատարումը, հասարակական հարմարեցման եւ կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

ե) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը։

Հոդված 8. Ընտանիքի դերը նախադպրոցական կրթության ոլորտում

1. Ընտանիքը պարտավոր է օժանդակել նախադպրոցական եւ այլ ուսումնական հաստատություններում երեխայի ուսումնառությանը կամ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ապահովել նախադպրոցական կրթությունը ընտանիքում։

2. Երեխայի հաճախումը նախադպրոցական ուսումնական հաստատություն ընտանիքին չի ազատում նրան ընտանեկան միջավայրում դաստիարակելու, զարգացնելու եւ կրթելու պարտավորությունից։

3. Ծնողները (այլ օրինական ներկայացուցիչները) հասարակության եւ պետության առջեւ պատասխանատվություն են կրում երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման, ինչպես նաեւ նրանց կյանքի, առողջության եւ արժանապատվության պաշտպանության համար։

Հոդված 9.Նախադպրոցական կրթությունը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ անկախ դրանց ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, ինչպես նաեւ ընտանիքում նախադպրոցական կրթություն ստանալու հավասար իրավունքներ։

2. Նախադպրոցական կրթությունը, անկախ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, պետք է համապատասխանի նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներին։

3. Ծնողները, իսկ ծնողական խնամքից զրկված երեխաների օրինական ներկայացուցիչները կամ երեխաների խնամքով զբաղվող ուսումնական հաստատությունները պատասխանատվություն են կրում երեխաների նախադպրոցական կրթության համար։

4. Ծնողների կամ երեխաների օրինական ներկայացուցիչների ցանկությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ՝

ա) նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ անկախ դրանց ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից.

բ)ընտանիքում.

գ) բարձր բարոյական հատկանիշներով օժտված, համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն, նախադպրոցական կրթության ոլորտում կրթական ծառայություններ մատուցելու իրավունքի հավաստագիր ունեցող այնպիսի ֆիզիկական անձանց օգնությամբ, որոնց առողջության ֆիզիկական վիճակը չի խոչընդոտում մանկավարժի պարտականություններ կատարելուն։

ԳԼՈւԽ 2

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԼԻԱԶՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ

Հոդված 10.Նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ նրա լիազորությունները

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը նախադպրոցական կրթություն ստանալու, ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր զարգացման, հասարակական հարմարեցման եւ կրթությունը շարունակելու պատրաստվածության երեխայի իրավունքների իրականացումն ապահովող ուսումնական հաստատություն է։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը.

ա) բավարարում է նախադպրոցական կրթություն ստանալու քաղաքացիների պահանջները.

բ) ապահովում է նախադպրոցական կրթության մակարդակի համապատասխանությունըպետական կրթական չափորոշիչներին.

գ) երեխաների զարգացման, դաստիարակության, ուսուցման եւ առողջության ամրապնդման համար սանիտարահիգենիկ պահանջներին համապատասխան ապահովում է անվտանգ եւ անվնաս պայմաններ.

դ) երեխաների մոտ ձեւավորում է հիգենայի, առողջ կենսակերպի եւ անվտանգ վարքագծի կանոններ.

ե) օժանդակում է առողջության պահպանմանն ու ամրապնդմանը, երեխաների մտավոր, հոգեբանական եւ ֆիզիկական զարգացմանը.

զ) իրականացնում է սոցիալ- հոգեբանական աջակցություն, ընտանիքի հետ համագործակցություն.

է) իրականացնում է նախադպրոցական տարիքի երեխաների ծնողների շրջանում հոգեբանական, մանկավարժական եւ ֆիզիոլոգիական գիտելիքների տարածման գործառույթ.

ը) պահպանում է ֆինանսական կարգապահությունը, նյութատեխնիկական բազան.

թ) իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ։

3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության հիմքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող նախադպրոցական կրթության ոլորտում կրթական ծառայություններ մատուցելու իրավունքի հավաստագիրն է։

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի ռեժիմը, երեխաներին պահելու տեւողությունը, անկախ ուսումնական հաստատության ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, սահմանում է նրա հիմնադիրը (սեփականատերը)՝ կրթության եւ առողջապահության կառավարման լիազորված պետական մարմինների համաձայնությամբ։

Ծնողների (այլ օրինական ներկայացուցիչների) ցանկությամբ նախադպրոցական ուսումնական հաստատությունում կարող է սահմանվել աշխատանքի ռեժիմի ճկուն համակարգ։

5.Ինովացիոնգործունեությունիրականացնողնախադպրոցական

ուսումնական հաստատությունըկարողէունենալփորձարարականգործունեությամբ հաստատության կարգավիճակ։ Նման կարգավիճակնախադպրոցական ուսումնական հաստատությանը շնորհվում է կրթության կառավարման լիազորված պետական մարմնի կողմից։ Փորձարարական գործունեությամբ նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը շնորհվում է անկախ նրա ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից։

6.Անկախ ենթակայությունից,տիպից եւսեփականության ձեւից, արգելվումէ

նախադպրոցական ուսումնական հաստատությունում քաղաքական կուսակցությունների եւ կրոնական կազմակերպությունների կազմակերպումը եւ գործունեությունը։

Հոդված 11. Նախադպրոցական ուսումնական հաստատության տիպերը

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվում են հետեւյալ նախադպրոցական ուսումնական հաստատությունները.

ա) մսուր-մանկապարտեզ՝ նախատեսված է երկու ամսականից մինչեւ վեց տարեկան երեխաների խնամքի, զարգացման, դաստիարակությանեւ ուսուցման համար՝ պետական կրթական չափորոշիչների համապատասխան.

բ) մանկապարտեզ՝ նախատեսվում է երեք տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման համար՝ պետական կրթական չափորորշիչներին համապատասխան։

2. Քաղաքացիների կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է ներառվել այլ ուսումնական հաստատությունների միավորման կազմում։

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց նախադպրոցական կրթությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ նախատեսվածկարգով։

Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը նրա հիմնադրի(հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է։

2. Կանոնադրության պահանջները պարտադիր են նախադպրոցականուսումնական հաստատության եւ նրա հիմնադիրների համար։

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունում նշվում են հաստատության անվանումը, տիպը, կազմակերպական-իրավական ձեւը, հաստատության գտնվելու վայրը, գործունեության առարկան եւ նպատակները, կառավարման կարգը,ուսումնական հաստատության գույքի ձեւավորման աղբյուրները, կանոնադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կարգը, ուսումնական հաստատության լուծարման դեպքում՝ գույքի տնօրինման կարգը։

Նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրությունը կարող է պարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ դրույթներ։

Հոդված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի համալրումն իրականացվում է տարիքային, ընտանեկան եւ ազգակցական հատկանիշներով։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների խմբերի համալրումն իրականացվում է հետեւյալ կարգով.

ա)մինչեւ 10 երեխա՝ մինչեւ մեկ տարեկան երեխաների համար.

բ)մինչեւ 15 երեխա՝ մեկ տարեկանից մինչեւ երեք տարեկան երեխաների համար.

գ)մինչեւ 20 երեխա՝ երեք տարեկանից մինչեւ վեց տարեկան երեխաների համար.

դ)մինչեւ 15 երեխա՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։

Հիմնադիրը (հիմնադիրները) կարող են սահմանել նախադպրոցական ուսումնական հաստատության խմբերի առավել նվազ համալրվածություն։

Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության եւ սեփականության մասնավոր ձեւի։

2. Պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունը հիմնարկի կամ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է , որը ՀՀ օրենսդրությանը համապատասխան իր խնդիրների իրականացման համար ձեռք է բերում անհրաժեշտ իրավունքներ եւ պարտականություններ։

3. Ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական- իրավական ձեւ։

Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը եւ լուծարումը, անկախ դրանց ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից, իրականացվում է ՀՀ Կառավարության կողմից սահմանված կարգով։

2. Պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունները հիմնադրվում են լիազորված պետական մարմինների, իսկ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունները՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ երեխաների տարիքի, անհրաժեշտ ուսումնամեթոդական եւ նյութատեխնիկական բազայի, մանկավարժական կադրերի հաշվառմամբ, ինչպես նաեւ սանիտարահիգենիկ նորմերի, կանոնների եւ չափանիշների պահպանմամբ։

3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրման եւ վերակազմակերպման մասին որոշումն ընդունվում է հիմնադրի (սեփականատիրոջ) կողմից՝ անհրաժեշտ ուսումնամեթոդական եւ նյութատեխնիկական բազայի, մանկավարժական կադրերի առկայության դեպքում, ինչպես նաեւ սանիտարահիգենիկ նորմերի, կանոնների եւ չափանիշների պահպանմամբ՝ կրթության եւ առողջապահության կառավարման լիազորված պետական մարմինների համաձայնությամբ։

Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության լուծարման մասին որոշումն ընդունում է նրա հիմնադիրը (սեփականատերը)՝ կրթության ոլորտի լիազորված պետական մարմնի համաձայնությամբ։

4.Լուծարված պետական եւ համայնքայիննախադպրոցականուսումնականհաստատությունների շենքերըկարող են օգտագործվել միայն կրթական նպատակներով։

Պետականկամհամայնքայինսեփականությունհանդիսացողգույքը(հողամասեր,շենքեր,շինություններ,սարքավորումներեւայլն),որիձեռքբերումըկամառանձնացումընախատեսվածէնախադպրոցական կրթության համար, կարող է օգտագործվել միայն այդ նպատակով։

5.Պետականկամհամայնքայիննախադպրոցականուսումնականհաստատությանհիմնադիրըիրավունքչունիառանց փաստարկված հիմնավորումներիլուծարելուսումնականհաստատությունը,կրճատել տարածքիմակերեսը ,խմբերիքանակը,ինչպեսնաեւվարձակալությամբ հանձնել շենքը (շինությունը)։

Հիմնադրի (սեփականատիրոջ)կողմիցսեփականությանմասնավոր ձեւինախադպրոցական ուսումնականհաստատության փոխանցումըհամայնքինիրականացվում է անվճար հիմունքներով՝ կողմերի համաձայնությամբ։

ԳԼՈւԽ 3

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ

Հոդված 16. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինները

Նախադպրոցական կրթության համակարգի կառավարումն իրականացնում են.

ա)կրթության եւգիտությանբնագավառի լիազորված պետական մարմինը.

բ) լիազորված պետական այլ մարմինները, որոնց ենթակա են նախադպրոցական ուսումնական հաստատությունները.

գ) տարածքային կառավարման մարմինները.

դ) տեղական ինքնակառավարման մարմինները։

Հոդված 17. Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրները

Նախադպրոցական կրթության համակարգի կառավարման մարմինների հիմնական խնդիրներն են.

ա) երեխաների նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը.

բ) քաղաքացիների կրթական պահանջմունքներին համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատության կամ դրանց ցանցի զարգացման ապահովումը՝ անկախ դրանց տիպերից եւ սեփականության ձեւից.

գ) սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից նախադպրոցական կրթության ոլորտում կրթական ծառայություններ մատուցելու իրավունքի լիցենզավորումը.

դ) նախադպրոցական ուսումնական հաստատությունների պետական ատեստավորումը, ատեստավորման գործընթացի հրապարակայնության ապահովումը.

ե) նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների սոցիալական պաշտպանությունը, կյանքի, առողջության պահպանումը, իրավունքների պաշտպանությունը.

զ) նախադպրոցական կրթության խնդիրների իրականացման եւ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների, ուսումնամեթոդական կառավարման պահանջների իրականացման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

է) նախադպրոցական կրթության գիտամեթոդական ապահովման կազմակերպումը, գիտության նվաճումների, առաջավոր փորձի, նորագույն մանկավարժական տեխնոլոգիաների ներդրումը.

ը) նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառում վարելը.

թ) փորձարարական եւ ինովացիոն գործունեության կազմակերպումը.

ժ) նախադպրոցական կրթության ոլորտում միջազգային համագործակցության իրականացումը.

ժա) նախադպրոցական կրթության համակարգը առաջատար մանկավարժական կադրերով ապահովելը, նրանց վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը եւ ատեստավորմանը աջակցելը.

Հոդված 18. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Կրթության եւ գիտության կառավարման լիազորված պետական մարմինը.

ա) իրականացնում է նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականությունը.

բ) իր լիազորությունների սահմաններում իրականացնում է նախադպրոցական կրթության համակարգի հարաբերությունների նորմատիվ-իրավականկարգավորում.

գ) մշակում եւ հաստատում է երեխաների ֆինանսական եւ նյութական ապահովման, ինչպես նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական հագեցման պետական նորմատիվները.

դ) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի զարգացման հեռանկարները եւ գերակա ուղղությունները.

ե) մշակում, ներդնում եւ վերահսկում է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչների պահանջների պահպանումը.

զ) վերահսկում է կրթության կառավարման մարմինների եւ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատությունների գործունեությունը.

է) կազմակերպում է նախադպրոցական կրթության նորմատիվ, գիտական, ծրագրամեթոդական, կադրային եւ տեղեկատվական ապահովումը.

ը) սահմանում է նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժական աշխատակիցների ատեստավորման կարգը.

թ) ընդունում է որոշումներ նախադպրոցական կրթության համակարգի ինովացիոն գործունեության կազմակերպման վերաբերյալ, համակարգում եւվերահսկում է դրանց իրականացումը.

ժ) հաստատում է պարտադիր դիտակտիկ- ուսումնական եւ այլ սարքավորումների, այդ թվում՝ ծրագրամեթոդական, ուսումնական ձեռնարկների, գեղարվեստական գրականության տիպային ցանկերը.

ժա) ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նախադպրոցական կրթությանհամակարգում իրականացնում է միջազգային համագործակցություն։

Իր լիազորությունների սահմաններում կրթության եւ գիտության ոլորտի լիազորված պետական մարմնի ընդունած իրավական ակտերը ենթակա են պարտադիր կատարման նախադպրոցական կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

2. Կրթության կառավարման ոլորտի լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները նախադպրոցական կրթության համակարգում իրենց լիազորությունների սահմաններում.

ա) ապահովում են համապատասխան տարածքում նախադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության իրականացումը.

բ) վարում են նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառում.

գ) իրականացնում են նախադպրոցական կրթության ոլորտի օրենքների եւ այլ նորմատիվ-իրավական ակտերի կատարման, անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պետական կրթական չափորոշիչների պահպանման նկատմամբ հսկողություն։

դ) մասնակցում են նախադպրոցական կրթության ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքներին.

ե) ապահովում են պայմաններ քաղաքացիների կողմից նախադպրոցական կրթություն ստանալու համար.

զ) կազմակերպում են նախադպրոցական կրթության ոլորտի մանկավարժների գործունեության գիտական, ծրագրամեթոդական, կադրային եւ նյութական ապահովումը, նրանց պատրաստաումը, վերապատրաստումը, որակավորման բարձրացումն ու ատեստավորումը.

է) իրականացնում են պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար աշխատողների ընտրությունը, նշանակումը եւ պաշտոնից ազատումը.

ը) իրականացնում են սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, նախադպրոցական կրթության ոլորտում կրթական ծառայություններ մատուցող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց լիցենզավորում, նախադպրոցական ուսումնական հաստատությունների ատեստավորում.

թ) կազմակերպում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում փորձարարական եւ ինովացիոն գործունեության նախապատրաստումը եւ իրականացումը, իրականացման նկատմամբ հսկողությունը.

ժ) ապահովում են նախադպրոցական տարիքի երեխաների միասնական առողջապահությունը.

ժա) ապահովում են նախադպրոցական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցների եւ սպասարկող անձնակազմի սոցիալական պաշտպանությունը, կյանքի, առողջության պահպանումն ու իրավունքների պաշտպանությունը.

ժբ)իրականացնում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

Հոդված 19. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը եւ ինքնավարությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության տնօրենը։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մշտապես գործող

կոլեգիալ կառավարման մարմինը մանկավարժական խորհուրդն է։

Մանկավարժական խորհուրդ ստեղծվում է բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից՝ տվյալ հաստատությունում ոչ պակաս, քան երեք մանկավարժ աշխատակցի առկայության դեպքում։

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կազմն ընդգրկում է տնօրենին, ուսումնադաստիարակչական (դաստիարակչական) աշխատանքի գծով տնօրենի տեղակալին (տեղակալներին), մեթոդիստ-դաստիարակներին, դաստիարակներին, ավագ դաստիարակներին, ուսուցիչներին, լոգոպեդ-ուսուցիչներին, հոգեբաններին, սոցիալական մանկավարժներին, աշխատանքի գծով հրահանգիչներին, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչներին, երաժշտական ղեկավարներին, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարներին, բուժաշխատողներին եւ այլ մասնագետներին։ Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կազմում կարող են ընդգրկվել նաեւ տվյալ ուսումնական հաստատության ծնողական կոմիտեների ղեկավարները։

Մանկավարժական խորհրդի նիստերին կարող են հրավիրվել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներ, ծնողներ կամ նրանց փոխարինող անձինք։ Մանկավարժական խորհրդի նիստերին հրավիրված անձինք ունեն խորհրդակցական ձայնի իրավունք։

Մանկավարժական խորհրդի նախագահը տվյալ ուսումնական հաստատության տնօրենն է։ Մանկավարժական խորհուրդն իր կազմից տվյալ ուսումնական տարվա համար ընտրում է խորհրդի քարտուղար։

Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը.

ա) գնահատում է նախադպրոցական կրթության պետական ծրագրի իրականացման արդյունավետությունը եւ յուրաքանչյուր տարիքային խմբի երեխաների դաստիարակության եւ ուսուցման, զարգացման ծրագրերի պատշաճ կատարման ընթացքը.

բ) քննարկում է նախադպրոցական ուսումնական հաստատությունումուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործմանն առնչվող հարցեր.

գ) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի պլանը եւ մանկավարժների աշխատանքի ծանրաբեռնվածությունը.

դ) հաստատում է երեխաների առողջության ամրապնդման միջոցառումների ցանկը.

ե) քննարկում է մանկավարժների որակավորման բարձրացմանը, նրանց ստեղծագործական նախաձեռնության զարգացմանը, ուսումնադաստիարակչական գործընթացում գիտության նվաճումների եւ առաջավոր մանկավարժական փորձի ներդրմանն առնչվող հարցեր.

զ) վերլուծում է նախադպրոցական ուսումնական հաստատությունում կիրառվող փորձարարականեւ ինովացիոն գործունեության արդյունքները.

է) սահմանում է նախադպրոցական ուսումնական հաստատության եւ ընտանիքի համագործակցության ուղիները.

ը)քննարկում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցների բարոյական եւ նյութական խրախուսմանն առնչվող հարցեր.

թ) լսում է ատեստավորում անցած մանկավարժների հաշվետվությունները.

ժ) հաստատում է մանկավարժական(մասնագիտական) վարպետության բարձրացման պլանը.

ժա) քննարկում է ՀՀ օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով իր լիազորություններին առնչվող հարցեր։

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ինքնավարության մարմինը նախադպրոցական ուսումնական հաստատության կոլեկտիվի եւ ծնողների կամ նրանց փոխարինող անձանց ընդհանուր Ժողովն է։

Ընդհանուր ժողովը լսում է նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրական գործունեությանը վերաբերող տնօրենի հաշվետվությունը եւ գնահատում նրա մասնագիտական-մանկավարժական գործունեությունը, քննարկում է նախադպրոցական ուսումնական հաստատության ուսումնադաստիարակչական, մեթոդական , տնտեսական եւ ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող հարցերը։

Հոդված 20 . Նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հասկողությունը

1. Անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է նախադպրոցական կրթության ոլորտում միասնական պետական քաղաքականություն ապահովելու նպատակով։

2. Անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության նկատմամբ պետական հսկողությունն իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի, կրթության բնագավառում լիազորություններ ունեցող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից։

3. Անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից, նախադպրոցական ուսումնական հաստատությունների նկատմամբ պետական հսկողության հիմնական ձեւը պետական ատեստավորումն է , որն իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի սահմանած կարգին համապատասխան։

ԳԼՈւԽ 4

ՈւՍՈւՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՈւՄ

Հոդված 21.Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը նախադպրոցական տարիքի երեխայի զարգացվածության աստիճանի եւ դաստիարակության մակարդակի նկատմամբ պետական պահանջները սահմանող, համապատասխան նորմեր եւ դրույթներ պարունակող պետական նորմատիվ է։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի կատարումը անկախ ենթակայությունից, տիպերից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է։

Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը մշակվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից։

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչի ծրագրամեթոդական ապահովումն իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից։

Հոդված 22. Նախադպրոցական կրթությանը եւ նրա իրականացմանը ներկայացվող պահանջները

1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով, որը նախատեսում է .

ա) երեխայի սոցիալական հարմարեցման եւ կենսունակության հիմքերի ձեւավորում.

բ) աշխարհայացքի բաղադրիչների սերմանում եւ շրջակա միջավայրի նկատմամբ դրական զգայական-արժեքային վերաբերմունքի զարգացում.

գ) մարդու գործնական եւ հոգեւոր գործունեության նկատմամբ զգայական - արժեքային վերաբերմունքի արմատավորում.

դ) սեփական ստեղծագործական կարողությունների նկատմամբ պահանջմունքների զարգացում։

2. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների շրջանակներում նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից հաստատած պետական ծրագրին եւ ուսումնամեթոդական ձեռնարկներին համապատասխան։

3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների (նրանց փոխարինող անձանց) համաձայնությամբ։

Հոդված 23. Նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի կազմակերպումը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեությունըկանոնակարգվում է ուսումնական տարվա հաշվարկով կազմված աշխատանքային պլանով։

2. Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատանքի պլանը հաստատվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից՝ կրթության բնագավառի համապատասխան լիազորված մարմնի համաձայնությամբ։

3. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքի պլանը հաստատվում է տվյալ ուսումնական հաստատության հիմնադրի (հիմնադիրների) կողմից՝ կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի համաձայնությամբ։

ԳԼՈւԽ 5.

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈւՄԸ

Հոդված 24. Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումը

Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովումն իրականացնում են.

ա) կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը, նրան ենթակա գիտամեթոդական հաստատությունները, բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունները, ինչպես նաեւ գիտահետազոտական հաստատությունները.

բ) հետբուհական մանկավարժական կրթության ուսումնական հաստատությունները.

գ) կրթության կառավարման բնագավառի ենթակայության մեթոդական կաբինետները եւ այլ գիտամեթոդական հաստատությունները։

Հոդված 25. Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովման խնդիրները

Նախադպրոցական կրթության համակարգի գիտամեթոդական ապահովման խնդիրներն են.

ա) նախադպրոցական կրթության ծրագրամեթոդական հիմքի մշակումն ու ներդրումը.

բ) ուսումնադաստիարակչական ծրագրերի, ուսումնամեթոդական եւ ուսումնական ձեռնարկների կազմումը.

գ) մանկավարժական առաջավոր փորձի ամփոփումն ու տարածումը.

դ) ծրագրամեթոդական ապահովման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այլ ուսումնական հաստատությունների հետ համագործակցության կազմակերպումը.

ե) նախադպրոցական կրթության խնդիրներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչներին համապատասխան կրթական աշխատանքների մակարդակի եւ երեխայի զարգացման աստիճանի վերլուծությունը.

զ) նախադպրոցական կրթության համակարգի մանկավարժների պատրաստումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը։

ԳԼՈւԽ 6.

ՈւՍՈւՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ

Հոդված 26. Ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցները

Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնադաստիարակչական գործընթացի մասնակիցներն են.

ա) նախադպրոցական տարիքի երեխաները, սաները, եւ սովորողները.

բ) տնօրենները, ուսումնադաստիարակչական աշխատանքի գծով տնօրենների տեղակալները, դաստիարակ- մեթոդիստները, դաստիարակները, ավագ դաստիարակները, ուսուցիչները, լոգոպեդ-ուսուցիչները, հոգեբանները, սոցիալական մանկավարժները, աշխատանքի գծով հրահանգիչները, ֆիզիկական կուլտուրայի գծով հրահանգիչները, երաժշտական ղեկավարները, օղակների, ստուդիաների, խմբակների ղեկավարները եւ այլ մասնագետները.

գ) մսուրներում եւ մսուր-մանկապարտեզներում դաստիարակների օգնականները եւ դայակները.

դ) բուժաշխատողները.

ե) ծնողները եւ նրանց փոխարինող անձինք.

զ) նախադպրոցական կրթության ոլորտում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կրթական ծառայություններ մատուցելու իրավունք ունեցող ֆիզիկական անձինք։

Հոդված 27. Երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում

Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան պետության կողմից երաշխավորված իրավունք ունի.

ա) նախադպրոցական կրթության պետական, համայնքային եւ սեփականության մասնավոր ձեւի ուսումնական հաստատություններում.

բ) խնամքի, զարգացման, դաստիարակության եւ ուսուցման անվտանգ եւ առողջության համար անվնաս պայմանների.

գ)առողջությանը, մտավոր եւ հոգեւոր զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից եւ քարոզչությունից պաշտպանվածության.

դ) բժշկական օգնության եւ սպասարկման.

ե) առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից եւ ազդեցությունից, ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.

զ) առողջ կենսակերպի։

Հոդված 28. Մանկավարժական ծանրաբեռնվածությունը, աշխատանքի վարձատրությունը եւ մանկավարժների ու այլ աշխատակիցների հանգստի իրավունքը նախադպրոցական կրթության ոլորտում

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժը բարձր բարոյական հատկանիշներով օժտված անձ է , որն ունի համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն, ապահովում է աշխատանքի արդյունավետությունն ու որակը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ հոգեկան վիճակով պատրաստ է կատարել իր մասնագիտական պարտականությունները։

2. Նախադպրոցական կրթության ոլորտում մանկավարժի ծանրաբեռնվածությունը ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման համար նախատեսված ժամանակահատվածն է։

3. Անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից, նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժի մասնագիտական ծանրաբեռնվածությունը սահմանում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների, մասնագետների, սպասարկող անձնակազմի եւ այլ աշխատակիցների աշխատանքի վարձատրությունն իրականացվում է աշխատանքի վարձատրության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

4. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների եւ այլ աշխատակիցների հանգստի իրավունքն իրականացվում է ՀՀ աշխատանքային օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 29. Աշխատանքային հարաբերությունները նախադպրոցական կրթության ոլորտում

1. Նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային եւ կրթության մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։

2. Անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն կարող է նշանակվել համապատասխան բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող, նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական աշխատանքի փորձ ունեցող, կազմակերպական ընդունակություններով օժտված անձը, որի ֆիզիկական եւ հոգեկան վիճակը չի խոչընդոտում իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

3. Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության

տնօրենը եւ տնօրենի տեղակալը նշանակվում են պաշտոնի եւ պաշտոնիցազատվում են կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմնի կողմից։

Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժներին եւ այլ աշխատակիցներին նշանակում է պաշտոնի եւ պաշտոնից ազատում է ուսումնական հաստատության տնօրենը։

5. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսւոմնական հաստատության տնօրենին եւ տնօրենի տեղակալին նշանակում է պաշտոնի եւ պաշտոնից ազատում է նրա հիմնադիրը (սեփականատերը)՝ կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմնի համաձայնությամբ։

Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնականհաստատության մանկավարժներինեւ այլ աշխատակիցներին նշանակում է պաշտոնի եւ պաշտոնից ազատում է ուսումնական հաստատության տնօրենը՝ կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմնի համաձայնությամբ։

Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատության այլ աշխատակիցներին նշանակում է պաշտոնի եւ պաշտոնից ազատում է ուսումնական հաստատության տնօրենը։

Հոդված 30. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների ատեստավորումը

1. Անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսսումնական հաստատության մանկավարժների ատեստավորումը պարտադիր է եւ իրականացվում է կրթության կառավարման բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից սահմանված կարգին համապատասխան՝ ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների ատեստավորման արդյունքում որոշվում է մանկավարժի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին։

Հոդված 31. Երեխաների բժշկական սպասարկումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

1. Նախադպրոցական կրթության համակարգում բժշկականսպասարկման կազմակերպումն ապահովում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը։

2. Անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատության սաներն ապահովվում են անվճար հիմունքներով անընդհատ բժշկական սպասարկմամբ, որն իրականացնում են տվյալ ուսումնական հաստատության հաստիքային բուժաշխատողները։

Հսկողությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունում բժշկական սպասարկման նկատմամբ իրականացնում է առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը։

Հոդված 32.Երեխաների սննդի կազմակերպումը նախադպրոցական ուսումնական հաստատությունում

1. Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպում եւ դրա համար պատասխանատվություն են կրում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, կրթության կառավարման բնագավառի լիազորված պետական մարմինները, ուսումնական հաստատությունների տնօրենները։

2. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումն իրականացնում են այդ հաստատությունների սեփականատերերը եւ ղեկավարները։

3. Անկախ ենթակայությունից, տիպից եւ սեփականության ձեւից նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի որակի նկատմամբ հսկողությունը իրականացնում են այդ ուսումնական հաստատությունների հիմնադիրները (սեփականատերերը), առողջապահության եւ կրթության բնագավառների կառավարման համապատասխան մարմինները։

4. Պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի համար վարձավճարի գանձման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Հոդված 33.Ծնողների կամ նրանց փոխարինող անձանց իրավունքները եւ պարտականությունները

1. Ծնողները կամ նրանց փոխարինող անձինք իրավունք ունեն.

ա) ընտրել նախադպրոցական ուսումնական հաստատությունը եւ երեխայի կողմից կրթություն ստանալու ձեւը.

բ) ընտրել եւ ընտրվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների հասարակական ինքնավարության մարմիններում.

գ) երեխաների զարգացման, դաստիարակության եւ ուսուցման հարցերով դիմել կրթության կառավարման բնագավառի համապատասխան մարմիններ.

դ) համապատասխան պետական մարմիններում պաշտպանել իրենց երեխաների օրինական շահերը։

2. Ծնողները կամ նրանց փոխարինող անձինք պարտավոր են.

ա) երեխաների մոտ դաստիարակել հարգալի վերաբերմունք Հայրենիքի, սեփական ժողովրդի ազգային, պատմական, մշակութային արժեքների նկատմամբ, խնայողական վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ.

բ) ապահովել անհրաժեշտ պայմաններ նախադպրոցական տարիքի երեխաների կողմից նախադպրոցական կրթություն ստանալու համար.

գ) մշտապես հոգալ երեխաների ֆիզիկական եւ հոգեկան առողջության մասին, ապահովել պատշաճ պայմաններ երեխաների հակումների եւ ընդունակությունների զարգացման համար.

դ) հարգել երեխայի արժանապատվությունը.

ե) երեխայի մոտ դաստիարակել աշխատասիրություն, հարգալի վերաբերմունք ավագների, մայրենի լեզվի, ազգային ավանդույթների եւ սովորույթների նկատմամբ։

ԳԼՈւԽ 7

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ ԵՎ ՆՅՈւԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲԱԶԱՆ

Հոդված 34. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունը

1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսատնտեսական գործունեությունն իրականացվում է ՀՀ օրենքներին եւ այլ նորմատիվ-իրավական ակտերին համապատասխան։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի կազմավորումն ու զարգացումն իրականացվում է հիմնադրի (սեփականատիրոջ) միջոցների հաշվին։

Հոդված 35. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազան

1. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկականբազան ներառում է շենքեր, շինություններ, հողամասեր, հաղորդակցության միջոցներ, գույք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ եւ այլն։ Նախադպրոցական ուսումնական հաստատության գույքը պատկանում է իրեն սույն օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով սահմանված իրավական հիմքերով։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայի նկատմամբ ներկայացվող պահանջների բովանդակությանը սահմանում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը։

3. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆինանսավորման միջոցների աղբյուրներն են.

ա) հիմնադիրները (սեփականատերերը).

բ) համապատասխան բյուջեները՝ պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար.

գ) ծնողները կամ նրանց փոխարինող անձինք.

դ) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կամավոր հանգանակությունները եւ նվիրատվությունները.

ե) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները։

Հոդված 36.Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները

1. Անկախ ենթակայությունից եւ տիպից, պետական եւ համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները հաստատում է կրթության բնագավառի լիազորված պետական մարմինը՝ ֆինանսների կառավարման բնագավառի լիազորված պետական մարմնի համաձայնությամբ։

2. Սեփականության մասնավոր ձեւի նախադպրոցական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակները սահմանում են սեփականատերերը (հիմնադիրները)՝ կրթության բնագավառի լիազորված պետական մարմնի կողմից հաստատած նորմատիվներին համապատասխան։

ԳԼՈւԽ 8.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈւԹՅԱՆ ՈԼՈՐՏՈւՄ

Հոդված 37.Պատասխանատվությունը նախադպրոցական կրթության ոլոլտի օրենսդրությունը խախտելու համար

Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները,պաշտոնատար անձինք, կրթության ոլորտի լիազորություններ ունեցող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք ՀՀ օրենսդրությանը համապատասխան պատասխանատվություն են կրում սույն օրենքի դրույթները խախտելու համար։

ԳԼՈւԽ 9.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ

Հոդված 38. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։