Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-9311-14.06.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի մայիuի 5-ի քաղաքացիական oրենuգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 252-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Գրավ դրված գույքի վրա բռնագանձումը եւ դրա իրացումը կասեցվում է, եթե պարտապանին կամ երրորդ անձ գրավատուին սնանկ ճանաչելու դիմում է քննվում դատարանում:

Եթե պարտապանը կամ երրորդ անձ գրավատուն սնանկ են ճանաչվում, ապա գրավ դրված գույքի բռնագանձումը դադարում է, իսկ գրավ դրված գույքի իրացումը կատարվում է սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված կարգով»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի

369-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Տուժանքի չափը չի կարող գերազանցել չկատարված (կետանցված) դրամական պարտավորության քսանհինգ տոկոսը: Այլ չափ նախատեսող համաձայնությունն առոչինչ է:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 887.1 հոդվածով

«Հոդված 887.1 Վարկային պայմանագրի տոկոսները եւ պատասխանատվության սահմանափակումը

1. Վարկային պայմանագրով սահմանվող տոկոսների չափը չի կարող գերազանցել տրամադրվող վարկի քսան տոկոսը, իսկ գրավատների կողմից տրամադրվող վարկի դեպքում՝ տրամադրվող վարկի հիսուն տոկոսը:

2. Վարկային պայմանագրով տրամադրվող վարկի գումարի տոկոսների, պատասխանատվության միջոցների (տուգանք, վարկի չմարված մասի չվճարված տոկոսի նկատմամբ հաշվարկվող տույժեր, վարկի չմարված մասի նկատմամբ վարկային պայմանագրով նախատեսված սկզբնական տոկոսը գերազանցող տոկոս, չվճարված տոկոսի նկատմամբ լրացուցիչ տոկոսի հաշվարկ եւ այլն) եւ վարկի տրամադրման համար  վարկատուի կողմից գանձվող վճարների հանրագումարը չի կարող գերազանցել տրամադրվող վարկի գումարի երեսուն տոկոսը, իսկ գրավատների կողմից տրամադրվող վարկի դեպքում՝   վաթսուն տոկոսը:

3. Արգելվում է վարկի տրամադրումն այնպիսի հանգամանքների մասին իրազեկ լինելու դեպքում, որոնք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ վարկառուին տրամադրված

վարկի գումարը ժամկետում չի վերադարձվի: Եթե վարկն այնուամենայնիվ տրամադրվել է, ապա վարկի գումարի վրա ենթակա են հաշվարկման եւ վճարման միայն սույն օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին կետով նախատեսված չափով տոկոսներ:

3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորոդ մասերով սահմանված պահանջների խախտմամբ ձեռք բերված ցանկացած համաձայնություն առոչինչ է:

ՀՈԴՎԱԾ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Հրապարակային սակարկությունների մասին» եւ «Սնանկության մասին» ՀՀ օրենքներում կատարվող փոփոխությունների անհրաժեշտության

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում հստակեցնել պարտատերերի եւ պարտապանների միջեւ առկա եւ ծագող քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորումը՝ իրավահավասարության, արդարացիության եւ իրավունքի չարաշահման արգելքի սկզբունքներից ելնելով:

Դատական պրակտիկան վկայում է այն մասին, որ բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի գումարները չվերադարձնելու հետ կապված քաղաքացիական գործերի քննությունը ՀՀ դատարաններում անընդհատ շատանում է: Մի կողմից լավ է, որ պարտատերերի եւ պարտապանների միջեւ հարաբերությունների կարգավորումը հստակորեն մտնում է իրավական դաշտ: Սակայն պրակտիկան նաեւ վկայում է, որ լրջագույն խնդիրներ են առաջանում հատկապես բնակչությանը տրամադրվող վարկերի վերադարձելիության հետ կապված:

Այսպես, մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչպես եւ ինչ կարգով են տրամադրվում վարկերը, քանի որ դա ավելի շատ իրավապահ մարմինների խնդիրն է, անդրադառնանք բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից կնքվող վարկային պայմանագրերում առկա՝  ենթադրաբար «կողմերի համաձայնությամբ» ձեռքբերվող համաձայնությանը:

Բնակչության ցածր իրավագիտակցությունը թույլ չի տալիս հասկանալ կնքվող պայմանագրերում առկա պատասխանատվության միջոցների համակարգային գործողությունն ընդհանրապես: Իսկ կնքվող պայմանագրերի գերակշիռ մեծամասնությունը նախատեսում է քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցների մի համակարգ, որոնց միաժամանակյա գործողությունը անհնարին է դարձնում վարկի վերադարձն ընդհանրապես՝ հետեւյալ պատճառներով:

Նախ եւ առաջ մեր համոզմամբ բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման (անկախ վարկի տեսակից) համար սահմանված պայմանների եւ դրանք հիմնավորող փաստաթղթերի ներկայացման եւ ստուգման պահանջները կրում են զուտ ձեւական բնույթ՝ դրանք շատ հեշտ է շրջանցելը՝ ձեւական (փաստաթղթային առումով) տեսանկյունից բավարարելով ներկայացվող պահանջների համապատասխանություն: Անշուշտ բնավ խարախուսելի չէ, երբ կարիքից դրդված անձինք գնում են նման քայլերի, սակայն նույն կերպ դրվատանքի արժանի չէ նաեւ ֆինանսական հաստատությունների կողմից վարվող քաղաքականությունն այն առումով, որ մեծամասամբ քաջ գիտակցելով վարկառուի վճարունակ չլինելը, այսինքն նախապես իմանալով վարկի վերադարձելության անհնարինության մասին, այդ վարկերն այնուամենայնիվ տրամադրում են: Մեր կարծիքով սա բովանդակային առումով անթույլատրելի եւ անհարիր է հայ ժողովրդին ընդհանրապես եւ խայտառակում է Հայաստանն ամբողջությամբ: Ուստի եւ պետք չէ զարմանալ արտերկրում, հատկապես սփյուռքահայության շրջանում տիրող այն կարծիքին, որ երկրում թալան է գնում: Անձին վարկ տալ, քաջ  գիտակցելով դրա անվերադարձելությունը եւ որպես վարկի վերադարձելություն գրավ ընդունել նրա տունը, հողը կենդանիները կամ այլ գույքը, չի կարող ունենալ այլ միտում, քան այդ գույքին  տիրանալը: Ընդ որում այդ պարագայում ակնհայտ է նաեւ այն հանգամանքը, որ գույքին տիրանալն ունի շուկայականից ակնհայտ ցածր գնով անձից ձեռք բերելու միտում՝ շուկայական գնով գույքը ձեռք բերելու դեպքում շահույթն էական չի  լինի:

Այսպես, վարկային պայմանագրերում աչքի է զարնում պայմանագրի տոկոսը, որը որոշակի է կողմերի համար: Սակայն բոլոր պայմանագրերում նախատեսվում են տարբվեր պատասխանատվության միջոցներ՝ չվճարված մայր գումարի նկատմամբ այլ տոկոսագումարի հաշվարկ, դրա չվճարման համար տույժեր: Դրանք առերեւույթ փոքր են, սակայն դրանց բուն մեծությունը կախված է բացառապես մի հանգամանքից՝  որքան կլինի ժամկետի կետանցը: Այս ժամկետն ինքնին կախված է վարկատուից: Վարկային պայմանագրերում կիրառվող պատասխանատվության միջոցների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց համատեղ կիրառումը առարկայական հնարավորություն է ստեղծում վարկատուի համար սպասվող արդարացի եկամտի՝ վարկային պայմանագրով սահմանված սկզբնական տոկոսի կրկնապատիկը կամ ավելին ստանալ: Այս հանգամանքը ուղղակի շահագրգռում է վարկատուին «համբերատար» սպասել: Մինչդեռ իրական սպասելիքը ժամանակը ձգելով շահույթ ստանալն է: Անշուշտ կարող է դիրքորոշում ներկայացվել, թե սպասելու պատճառը անձին վճարելու հնարավորություն տալն է: Սակայն գտնում ենք այդ պատճառաբանությունն անհիմն է, եթե դա տեւում է տարիներ: Դրա մասին վկայում է հետեւյալ պարզագույն հաշվարկը.

Վարկառուի կողմից իր պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում հետ ստացած վարկի գումարը վարկատուն տեղաբաշխում է նույն տոկոսով: Այսինքն ենթադրվում է, որ պարտավորությունների բարեխիղճ կատարման դեպքում վարկատուի ողջամիտ ակնկալիքը այն նույն տոկոսագումարի ստանալն է, ինչ տոկոսով որ տրամադրվել էր վարկը: Սակայն վարկառուն չի կարողանում կատարել իր պարտավորությունը (ինչի մասին որպես կանոն գիտեր վարկառուն), իսկ վարկառուն սպասում է: Արդյունքում վարկի չվճարված մայր գումարի մասը սկսում է հաշվարկվել սկբնական տոկոսը գերազանցող տոկոսով, կամ սկսում են հաշվարկվել օրական տույժեր կամ միաժամանակյա տուգանքի գումար է սահմանված վճարելու կամ բոլորը լրիվ կամ մասնակի համատեղ: Արդյունքում վարկատուի համար իրական հնարավորություն է ստեղծվում սկզբնական տոկոսագումարից, այսինքն առերեւույթ ցույց տրվող ակնկալիքից էապես ավելին ստանալ:

Մյուս կողմից վարկի վերադարձելությունն ապահովվում է գույքի գրավով: Գրավադրվող գույքը, որպես կանոն, գնահատվում է իր շուկայական արժեքից ոչ պակաս, քան 20 տոկոս ցածր: Միաժամանակ նաեւ որպես ապահովվածության չափ ընդունվում է գնահատված արժեքի մոտ 70-80 տոկոսը: Այսինքն իրականում վարկի վերադարձելիությունն ապահովված է լիարժեքորեն: Թեեւ կարող են բերվել օրինակներ, իբրեւ թե խնդրեմ, գույքն իրացվել է ավելի էժան քան վարկատուի պահանջն է եղել, սակայն յուրաքանչյուր դեպքում բավարար է պարզագույն հաշվարկ կատարել եւ ակնհայտ կդառնա, որ չբավարարված պահանջների գերակշիռ մեծամասնությունը տուժանքի գումարներ են, իսկ վարկատուն ստացել է էապես ավելին, քան կստանար, եթե վարկառուն ի վիճակի լիներ իր պարտավորությունները ժամանակին կատարել:

Ուշադրության արժանի ենք համարում նաեւ այն հանգամանքը, որ պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառմամբ վարկատուների կողմից ստացվող իրական շահույթը առավելապես գերազանցում է ՀՀ ԿԲ կողմից սահմնվող բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկն այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում վաշխառության համար: Այն բնորոշվում է հետեւյալ կերպ. «պարտք տրված դրամի կամ տեuակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի uահմանած բանկային տոկոuի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոuներ uտանալը, ինչպեu նաեւ անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից oգտվել է մյուu կողմը»: Այսինքն որեւէ ֆիզիակական անձի կողմից նման արարք մեկ անգամ կատարելը, ինչը ձեռնարկատիրություն չի հանդիսանում, բավարար է վերջինիս վաշխառու կոչելու համար, մինչդեռ էապես նույն արարքը որպես ձեռնարկատիրություն իրականացնելը որեւէ կերպ չի հետապնդվում օրենքով՝ քանի որ որպես վարկատու հանդես է գալիս լիցենզիա ստացած իրավաբանական անձը: Եթե անգամ Հայաստանում իրավաբանական անձինք ենթակա չեն քրեական պատասխանատվության, ապա գտնում ենք, որ նրանք պետք է օբյեկտիվ կողմից էապես նման արարքն կատարելու հնարավորություն չունենան օրենքով սահմնված արգելքի ուժով: Իսկ նման արգելք սահմանելու իրավասությունը օրենսդիր մարմնինն է, որը կարող է եւ մեր համոզմամբ պարտավոր է նման արգելք սահմանել, հանուն հայ ժողովրդի:

Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ունեն համակարգային բնույթ: Ներկայումս վճարելու կարողություն չունեցող՝ անվճարունակ պարտապանի պաշտպանության միակ ինստիտուտը սնանկությունն է:

Այդ հանգամանքը փաստարկվել է ՀՀ Սահմնադրական դատարանի 2008թ. փետրվարի 25-ի ՍԴՈ-735 որոշմամբ: Ներկայացվող փոխոխությունները նպատակ ունեն կարգավորել այդ ինստիտուտը հնարավորություն ընձեռելով սնանկ ճանաչված անձանց առողջացման՝ բացառելով որեւէ մեկի կողմից իր պարտականությունները անբարեխիղճ կատարելու պատճառով ֆինանսական առողջացումն անհնարին դարձնելու հանգամանքը: Հիմնական փոփոխությունները վերաբերվում են այն հանգամանքին, որ սնանկ ճանաչված ֆիզիակական անձը չպետք է ձեռք բերի անտուն անօթեւան թափառականի կարգավիճակ եւ նրան պետք է նվազագույն հնարավորություն ընձեռվի գոյատեւելու: