Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-728-01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի  ՀՕ-268 օրենքի (այսուհետ օրենք) 10-րդ հոդվածում`

1. 2-րդ մասի 2-րդ նախադասությունից  հանել «միություն» բառը:

2. 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Կազմակերպության գտնվելու վայրը` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնին իրավաբանական անձի կողմից պաշտոնապես հայտնած իրավաբանական անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրն է:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում.

1. 1-ին մասի 5-րդ կետում` «եւ բովանդակությունը»  բառերը փոխարինել

«, իրավասության շրջանակը» բառերով.

2. 5-րդ մասից հանել «նույն բնակավայրի uահմաններում» բառերը:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում.

1. 2-րդ մասում «երկու տարին» բառերը փոխարինել «երեք տարին» բառերով.

2. 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Արտահերթ ժողով կարող է հրավիրվել նաեւ բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված ղեկավար մարմինների (այդ թվում` միանձնյա) նախաձեռնությամբ:»

3. 6-րդ մասի 1-ին կետում` «(եթե այն չի հաստատել հիմնադիրների ժողովը)»,  բառերը հանել, իսկ 3-րդ ենթակետի «այդ թվում`» բառերից հետո լրացնել` «առանց լիազորագրի կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի եւ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում.

1. 4-րդ կետում «երկու տարին» բառերը փոխարինել «երեք տարին» բառերով.

2.  8-րդ կետում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը կազմակերպության նոր գտնվելու վայրի հաշվառման մասին:»:

3. լրացնել նոր 9-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ`

«9) նախորդ տարում մեկ միլիոն դրամից ավելի մուտքեր ունեցող կամ մեկ միլիոն դրամից ավելի արժողությամբ գույք ձեռքբերած կամ օտարած կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայք էջում հրապարակել կազմակերպության`

ա. տարեկան եկամուտների (այդ թվում` անդամավճարները) ընդհանուր գումարը.

բ. տարեկան ծախսերի ընդհանուր գումարը.

գ. իրականացված ծրագրերի անվանումներն ու վայրերը.

դ. տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամների քանակը.

ե. կազմակերպության ղեկավար մարմինները եւ դրանք պաշտոնավարող անձանց անուններն ու ազգանունները.

զ. նախորդ տարում անցկացված բարձրագույն եւ ղեկավար մարմինների նիստերի քանակը.

ը. կազմակերպության գտնվելու վայրը:

Կազմակերպության կողմից իր պաշտոնական կայք հասցեի վերաբերյալ   ծանուցվում է պետական լիազոր մարմին:

Պաշտոնական ինտերնետային կայք էջ չունեցող կազմակերպությունները սույն մասի 9-րդ կետում նշված տեղեկատվությունը սույն ենթակետով սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազոր մարմնին` լիազոր մարմնի համապատասխան կայք էջում  հրապարակելու համար: Լիազոր մարմնի համապատասխան կայք էջում  իրենց տեղեկատվությունը հրապարակելու իրավունք ունեն նաեւ տվյալ տարում մինչեւ մեկ միլիոն դրամի իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները:»

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք հասարակական կազմակերպություններ բազմիցս դիմումներ են ներկայացրել պետական մարմիններին բողոքելով, որ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի որոշ դրույթներ դժվարություններ են ստեղծում իրենց գործունեության համար եւ ներկայացրել էին հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մի շարք առաջարկություններ` այդ թվում նաեւ օրենսդրական փոփոխություններ: Ուսումնասիրելով ներկայացված առաջարկությունները եւ նկատի ունենալով, որ այդ առաջարկությունների մի մասի ընդունումով բարենպաստ պայմաններ կստեղծվի հասարակական կազմակերպությունների արդյունավետ գործունեության համար, ներկայացվում է սույն օրենքի նախագիծը: Մասնավորապես նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող` օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ նախադասությունից «միություն» բառի հանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական կազմակերպությունների զգալի մասն իրենց անվանման մեջ նախկինում ունեցել են «միություն» բառը, այդ անվանումով ճանաչված են ինչպես հանրապետությունում, այնպես էլ միջազգային կազմակերպություններում, այդ անվանումով ունեն պետական կադաստրում գրանցված սեփական անշարժ գույք եւ անվանումից «միություն» բառի հանումը ստեղծում է լուրջ դժվարություններ ու ֆինանսական կորուստներ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «միություն» բառի պահպանումը նշված կազմակերպությունների անվանման մեջ շփոթություն չի կարող առաջացնել իրավաբանական անձանց միությունների հետ, քանի որ այդ կազմակերպությունների անվանումից հստակ երեւում է, որ տվյալ կազմակերպությունները ֆիզիկական անձանց միավորումներ են, ուստի առաջարկվում է օրենքի նշված հոդվածից հանել «միություն» բառը:

Օրենքում նախատեսվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է հասարակական կազմակերպության գտնվելու վայրին: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ներկայումս գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հասարակական կազմակերպության գտնվելու վայրը պարտադիր նշվում է տվյալ կազմակերպության կանոնադրության մեջ եւ գտնվելու վայրի փոփոխությունը առաջացնում է կանոնադրությունում փոփոխության պահանջ եւ պետական տուրքի գանձում, ինչը առաջացնում է մի շարք ֆինանսապես անապահով հասարակական կազմակերպությունների դժգոհությունը: Այդ առումով մշակվել են ես երկու օրենքների նախագծեր, մասնավորապես` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մաuին» Հայաuտանի  Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքերի նախագծերը, որոնցով նախատեսվում է, որ հասարակական կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում տվյալ կազմակերպության կանոնադրությունում փոփոխություն չի կատարվում եւ պետական տուրք չի գանձվում, միաժամանակ սահմանվում է, որ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության դեպքում լիազոր մարմնին ներկայացվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի դիմումը կազմակերպության նոր գտնվելու վայրի հասցեի գրանցման մասին, ինչը կատարվում է լիազոր մարմնի կողմից ուղղակի գրառման միջոցով առանց կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու եւ պետական տուրք գանձելու:

Օրենքում կատարվող հաջորդ կարեւոր փոփոխությունը վերաբերում է կազմակերպության բարձրագույն մարմնի հրավիրման պարբերականությանը: Շատ կազմակերպություններ, որոնց անդամների քանակը անցնում է հազարի սահմանը եւ որոնք ունեն մասնաճյուղեր հանրապետության տարբեր մարզերում ու քաղաքներում, պատճառաբանում են, որ ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը կապված է դժվարությունների եւ ֆինանսական զգալի ծախսերի հետ, քանի որ նախքան բարձրագույն մարմնի նիստ հրավիրելը, պետք է բոլոր մասնաճյուղերում կազմակերպել համաժողովներ, բարձրագույն մարմնի նիստին մասնակցելու համար պատվիրակներ ընտրելու եւ այդ նիստի օրակարգային հարցերի քննարկման համար, որը եւ ժամանակ եւ ֆինանսական միջոցներ է պահանջում: Հիմնավորված համարելով նշված բացատրությունը, առաջարկվել է օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետում «երկու տարին» բառերը փոխարինել «երեք տարին» բառերով:

Նկատի ունենալով, որ նախագծով առաջարկվում է բարձրագույն մարմնի նիստ հրավիրելու ժամկետ սահմանել 3 տարին մեկ անգամ, կազմակերպության գործունեության թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքի ապահովման համար նախագծով առաջարկվում է նաեւ, որպեսզի նախորդ տարում մեկ միլիոն դրամից ավելի մուտքեր ունեցող կամ մեկ միլիոն դրամից ավելի արժողությամբ գույք ձեռքբերած կամ օտարած կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից ձեւավորված գործադիր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի մինչեւ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ը իր պաշտոնական ինտերնետային կայք էջում հրապարակել կազմակերպության`

ա. տարեկան եկամուտների (այդ թվում` անդամավճարները) ընդհանուր գումարը.

բ. տարեկան ծախսերի ընդհանուր գումարը.

գ. իրականացված ծրագրերի անվանումներն ու վայրերը.

դ. տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմակերպության անդամների քանակը.

ե. կազմակերպության ղեկավար մարմինները եւ դրանք պաշտոնավարող անձանց անուններն ու ազգանունները.

զ. նախորդ տարում անցկացված բարձրագույն եւ ղեկավար մարմինների նիստերի քանակը.

ը. կազմակերպության գտնվելու վայրը:

Կազմակերպության կողմից իր պաշտոնական կայք հասցեի վերաբերյալ   ծանուցվում է պետական լիազոր մարմին:

Պաշտոնական ինտերնետային կայք էջ չունեցող կազմակերպությունները սույն մասի 9-րդ կետում նշված տեղեկատվությունը սույն ենթակետով սահմանված ժամկետում ներկայացնում են պետական լիազոր մարմնին` լիազոր մարմնի համապատասխան կայք էջում  հրապարակելու համար:   Լիազոր մարմնի համապատասխան կայք էջում  իրենց տեղեկատվությունը հրապարակելու իրավունք ունեն նաեւ տվյալ տարում մինչեւ մեկ միլիոն դրամի իրացման շրջանառություն ունեցող կազմակերպությունները: »

Նախագծում առաջարկվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքի որոշ դրույթների անհամապատասխանությունները «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի դրույթների, ինչպես նաեւ նույն օրենքի այլ դրույթների հետ: