Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-885-27.04.2010-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 113-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 113. Քաղաքային համայնքների տարածքում  ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը

1. Քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնց հետեւանքով վնաu է պատճառվել ֆիզիկական անձանց առողջությանը կամ գույքին`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 152.2-րդ հոդվածով.

«Հոդված 152.2.  Շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը

1. Շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:

2. Համայնքի ղեկավարի կամ օրենքով սահմանված կարգով նշանակված պատասխանատու պաշտոնատար անձի կողմից շենքերը եւ շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 156.  Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը,  ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը

1. Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի  չափով:

2. Երեւան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ  կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի սահմանված պարտադիր բարեկարգումը չիրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի  չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 157-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 157. Ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը կամ դրանց պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման  կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը

1. Ընդհանուր oգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնաuելը, ինչպեu նաեւ պաշտոնատար անձանց կողմից իրենց տնoրինության տակ գտնվող կանաչ գոտիների պահպանության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաեւ Երեւան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման  կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`  սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսնապատիկից  մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 158-րդ հոդվածում`

1) 7-րդ մասում «ցուցադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքներ վաճառող օբյեկտների ցուցափեղկերն ու մուտքերը վարագուրապատված կամ մգավորված ապակիներով չլինելը`» բառերով.

2) 17-րդ մասում «տուգանքի նշանակում» բառերից հետո հանել «առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի նկատմամբ» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ եւ 32-րդ մասեր.

«28.  Առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում վաճառողի  (մատակարարի) կողմից մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առեւտուր) կատարելու դեպքում այդ մասին ցուցանակի վրա համապատասխան տեղեկատվություն զետեղված չլինելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

29. Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողի կողմից վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհնգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

30. Կշռափաթեթավորված եւ վաճառքի դրված սննդամթերքի փաթեթի կամ մեջդիր պիտակների վրա օրենքով սահմանված նշումների բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

31. Ուսումնական հաստատություններում, մանկական եւ բուժկանխարգելիչ կազմակերպություններում գործող առեւտրի եւ հանրային սննդի օբյեկտներում ալկոհոլային խմիչքների վաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհնգապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

32. Կենցաղային ծառայության օբյեկտներում մատուցվող ծառայությունների գնացուցակը չփակցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 162-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի  սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 219-րդ հոդվածում 1-ին եւ 2-րդ մասերում «113 հոդվածով,» եւ «113,» բառերը համապատասխանաբար հանել, իսկ «153-156» բառերը փոխարինել «153-155» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «հողերի մասով» բառերից հետո լրացնել  «113-րդ,» բառը, «3-րդ մասերով» բառերից հետո` «152.2-րդ հոդվածի 1-ին մասով, 156-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը.

2) 4-րդ մասում «համայնքի ղեկավարները» բառերից հետո լրացնել «,իսկ Երեւան քաղաքում`  Երեւանի քաղաքապետը կամ նրա  կողմից լիազորված պաշտոնատար անձը, ինչպես նաեւ Երեւանի հասարակական կարգի պահպանության համայնքային ծառայության ղեկավարը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 242-րդ հոդվածում «157-րդ» բառից հետո լրացնել «157-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

Հոդված 10. Օրենսգրքի 244.11-րդ հոդվածի`

1)1-ին մասում «157-157.14-րդ» բառերը փոխարինել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով, 157.1-157.14-րդ» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետում  «չափով,» բառից հետո լրացնել «152.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով,».

3) 2-րդ մասի 2-րդ կետում  «157-157.14-րդ» բառերը փոխարինել «157.1-157.14-րդ» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 305-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարների կողմից նշանակված տուգանքը մուտքագրվում է համապատասխան համայնքի բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից թույլ տված իրավախախտումների համար նշանակված տուգանքը մուտքագրվում է պետական բյուջե:»:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

« Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

 Նախ Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքի 113-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու համար: Նշված իրավախախտման գործերը քննելու լիազորությունը նույն օրենսգրքի 219-րդ հոդվածին համապատասխան` վերապահված է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքային շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներին: Վերջիններս այլեւս չեն գործում: Ուստի նախագծի 2-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ  միայն շները եւ կատուներ չեն համարվում ընտանի կենդանիներ, իսկ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «զ» կետով սահմանվել է տեղական տուրք համայնքային կանոններին համապատասխան Երեւան քաղաքի եւ քաղաքային համայնքների տարածքում  ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար:

Վերոշարադրյալից հետեւում է, որ  վարչական պատասխանատվություն պետք է սահմանել ոչ միայն շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու համար, այլեւ քաղաքային համայնքներում բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու  կանոնները խախտելու համար եւ այդ գործերը քննելու լիազորությունը վերապահել համայնքների ղեկավարներին: Այդ փոփոխությունը կատարվել է նախագծի 1-ին հոդվածում:

Ինչ վերաբերում է նախագծի 2-րդ հոդվածին, ապա  «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը օգտագործում է միայն ըստ նպատակային նշանակության, իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվել է Երեւանի քաղաքապետի պարտադիր լիազորություն` վերահսկողություն իրականացնելու շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ, ինչպես նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` համայքնի ղեկավարը լիազորված է վերահսկողություն իրականացնելու շենքերի, շինությունների նպատակային օգտագործման եւ պահպանման նկատմամբ: Ուստի  օրենքի կիրառումը ապահովելու համար անհրաժեշտ է սահմանել նաեւ այդ կանոնի խախտման դեպքում վարչական պատասխանատվություն սահմանող նորմեր:

Վարչական իրավախախտումների Հայաստանի Հանրապետության վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածով վարչական պատասխանատվություն է սահմանված ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման  կանոնները խախտելու համար: Նշված իրավախախտման գործերը քննելու լիազորությունը նույն օրենսգրքի 219-րդ հոդվածին հանապատասխան` վերապահված է պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքային շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր վարչական հանձնաժողովներին: Վերջիններս, ինչպես արդեն նշել ենք վերեւում, այլեւս չեն գործում: Իսկ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համապատասխան` Երեւանի ավագանին սահմանում  է  Երեւանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի եւ դրան հարակից  ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները եւ իրականացման կարգը,  հետեւաբար անհրաժեշտ է վարչական պատասխանատվություն սահմանել նշված կանոնները խախտելու համար եւ այդ գործերը քննելու լիազորությունը վերապահել համայնքների ղեկավարներին: Ուստի նախագծի 6-րդ հոդվածի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերոշարադրյալով:

Նախագծի 4-րդ հոդվածով լրացված 157-րդ հոդվածի 2-րդ մասի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետի համապատասխան` Երեւանի ավագանին որոշում է ընդունում Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնների վերաբերյալ, հետեւաբար նպատակահարմար է նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու լիազորությունը վերապահել համայնքների ղեկավարներին:

Նախագծի 5-րդ եւ 6-րդ  հոդվածներով նախատեսված փոփոխություններն ու լրացումները կատարվել են հիմք ընդունելով «Առեւտրի եւ ծառայությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 14-րդ հոդվածներից:

Իսկ նախագծի 11-րդ հոդվածով հստակեցվում է պետական եւ համայնքային բյուջե մուտքագրման ենթակա տուգանքները:

Նախագծի մի շարք հոդվածներով կատարված խմբագրական լրացումները եւ փոփոխությունները կատարվել են` հաշվի առնելով նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները, ինչպես նաեւ Երեւան քաղաքի առանձնահատկությունները: