Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-882-23.04.2010-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության` 1997 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ ՀO-186 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հյուպատոuական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետեւյալ դրույքաչափերով.

Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ

   
Դրույքաչափ
1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողություններ  
  ա) Օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար
65
  բ) 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար
25
  գ) կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով
75
  դ) այլ դեպքերում կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար
35
  ե) ՀՀ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար 
20
  զ) ՀՀ անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար
25
  է) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով
25
  ը) ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայական տալու համար
10
  թ) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար
0
  ժ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար
10
  ժա) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից վեց ամսվա ընթացքում դիմելու դեպքում 
0
  ժբ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար, օտարերկրյա պետություն ժամանելու օրվանից վեց ամսից ավել, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում 
10
  ժգ) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա համար` լրացուցիչ
20
2. Միջնորդագրերի ձեւակերպում  
  ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձեւակերպելու համար
60
3. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրերի ձեւակերպեում  
  ա) ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար
3
  բ) ՀՀ այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար
15
  դ) ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 60 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ վեց ամիս վավերականության ժամկետով) տալու համար
20
  ե) ՀՀ այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար
40
  զ) ՀՀ պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար
0
  է) ՀՀ դիվանագիտական արտոնագիր տալու համար
0
  ը) ՀՀ մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար
10
  թ) ՀՀ բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար 
18
4. Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում  
  ա) մահվան պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը
0
  բ) ամուսնության մեջ չգտնվող մորից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը
5
  գ) ամուսնության մեջ գտնվող ծնողներից ծնված երեխայի ծննդի պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը
20
  դ) ամուսնության, հայրության որոշման կամ որդեգրման պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը
25
  ե) ամուսինների համատեղ դիմումի կամ դատական կարգով ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 
120
  զ) սահմանված կարգով անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչված կամ երեք տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկված անձի հետ ամուսնալուծության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը 
20
  է) ազգանվան, անվան եւ հայրանվան փոխփոխության պետական գրանցման համար, ներառյալ` վկայական տալը
45
  ը) քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ կամ փոփոխություններ կատարելու համար
30
  թ) հյուպատոսական հիմնարկում պահվող ՔԿԱԳ ակտի հիման վրա կրկնակի վկայական տալու համար
10
5. Նոտարական գործողություններ  
  ա) անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրերի վավերացման համար
30
  բ) այլ լիազորագրերի վավերացման համար
15
  գ) պայմանագրերի նոտարական վավերացման համար 
25
  դ) փաստաթղթերի պատճենների եւ փաստաթղթերից քաղվածքների հաստատման յուրաքանչյուր էջի համար
10
  ե) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար
10
  զ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար
15
  է) անձնագրերի եւ քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության եւ նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար
7
  ը) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու եւ այլ տեղեկանքների ձեւակերպման եւ հաստատման համար
15
  թ) ստորագրության իսկության վավերացման համար
7
  ժ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար
15
  ժա) կտակների վավերացման համար
15
  ժբ) ժառանգության իրավունքի վկայագիր տալու համար
10
  ժգ) ի պահ ընդունված փաստաթղթերը պահպանելու համար` ամսական
5
  ժդ) ի պահ ընդունված դրամը, արժեթղթերը եւ այլ արժեքները պահպանելու համար` ամսական
10
  ժե) այլ նոտարական ծառայությունների համար
7
6.  Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում   
  ա) փաստաթղթերի վավերացման համար ֆիզիկական անձանցից
5
  բ) փաստաթղթերի վավերացման համար իրավաբանական անձանցից
15
7. Փաստաթղթեր պահանջելու հետ կապված հյուպատոսական գործողություններ   
  ա) փաստաթղթեր պահանջելու եւ դրանք դիմողին հանձնելու համար
10
  բ) փաստաթղթեր եւ (կամ) տեղեկատվություն պահանջելու եւ դրանց հիման վրա տեղեկանքներ ձեւակերպելու համար
25
8. Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ  
  ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից
7
  բ) օտարերկրյա քաղաքացիներից
14
9. Այլ ծառայությունների համար
10

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների հետ կապված ծախսերը:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի չորրորդ մասի «մատուցված ծառայությունների համար գանձված» բառերից հետո լրացնել «(այդ թվում` կանխիկ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով.

«Պետական տուրքի դրույքաչափն արտարժույթով հաշվարկելու ժամանակ տվյալ արտարժույթով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է դրույքաչափի կլորացում: Մինչեւ 0,5 տասնորդականի դեպքում դրույքաչափը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 0,5 տասնորդականից ավելի դեպքում` դեպի մեծացում:»

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածի երկրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների կամ գործողությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է գանձող մարմնի կողմից ընթացիկ ամսում գանձված պետական տուրքի այն գումարներից, որոնք օրենքով սահմանված կարգով դեռ չեն փոխանցվել պետբյուջե: Այս դեպքում կազմվում եւ վճարողի դիմումին է կցվում նաեւ ակտ, որի օրինակելի ձեւը եւ պետական տուրքի վերադարձի փաստաթղթավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:»

Հոդված 5. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժ մեջ է մտնում 2010 թվականի հուլիսի 1-ից, իսկ 2-րդ եւ 3-րդ հոդվածները պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման:

1. 1997 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունվելուց հետո «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, որով սահմանվում են հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը գրեթե փոփոխությունների չի ենթարկվել: Հարկ է նշել, որ 15-րդ հոդվածն իր բովանդակությամբ եւ կառուցվածքով հիշեցնում է ԱՊՀ մի քանի երկրների համապատասխան օրենքները եւ, ի սկզբանե, իր մեջ պարունակել է այնպիսի կետեր, որոնք գործնականում չեն կիրառվել վերջին տաս տարիների ընթացքում: Բացի այդ, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կուտակած աշխատանքային փորձը լուրջ հիմքեր է ստեղծել նշված հոդվածում կատարել որոշակի փոփոխություններ:

Փոփոխություններ կատարելու հիմնական նպատակներն են.

Ըստ երկրների խմբերի դրույքաչափերի տարանջատման վերացումը

Այժմ գործող օրենքով միեւնույն հյուպատոսական ծառայության կամ գործողության համար սահմանվում է չորս տարբեր դրույքաչափ` յուրաքանչյուր երկրների խմբի համար: Երկրների չորս խմբերը հետեւյալն են.

  1. ԱՊՀ երկրներ
  2. Արեւմտյան Եվրոպայի երկրներ
  3. ԱՄՆ, Կանադա, Արգենտինա եւ այլ զարգացած պետություններ
  4. Այլ պետություններ
Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված չէ, մասնավորապես, թե որ խմբի մեջ կոնկրետ որ երկիրն է մտնում կամ ի՞նչ չափորոշիչներով է որոշվում երկիրը զարգացած է, թե ոչ (3-րդ խմբի դեպքում): Նույնիսկ երկրների հստակ խմբավորման դեպքում էլ արդարացի չի լինի մտածել, թե այդ երկրում բնակվող կամ ժամանակավոր գտնվող ՀՀ քաղաքացու գույքային վիճակը (սոցիալական ապահովվածությունը) համապատասխանում է տվյալ երկրի զարգացվածության աստիճանին կամ միջին կենսամակարդակին:

Օտարերկրյա մի շարք պետությունների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միասնական դրույքաչափեր են կիրառում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Կանադան, Գերմանիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Ավստրիան, Ռումինիան եւ այլն: Բազմասակագնային համակարգը բնորոշ է հիմնականում ԱՊՀ մի քանի երկրներին եւ Միջին եւ Հարավ-Արեւելյան Ասիայի որոշ երկրներին:

Մյուս կողմից, չորս տարբեր դրույքաչափերի կիրառման արդյունքում ստացվում է, որ, օրինակ, Գերմանիայում ժամանակավոր ապրող ՀՀ քաղաքացին նոր անձնագիր ստանալու համար վճարում է 50% ավելի, քան ԱՄՆ-ում կամ ԱՄԷ-ում ապրող ՀՀ քաղաքացին:

Հաշվի առնելով վերոհիշյալը օրենքի նախագծում առաջարկվում է միասնական դրույքաչափերի սկզբունքը:

Նախագծում առաջարկվող պետական տուրքի դրույքաչափերը հիմնականում կազմում են գործող օրենքում սահմանված չորս խմբերի դրույքաչափերի միջին չափը: Որոշ դեպքերում առաջարկվող դրույքաչափերը փոքր ինչ ավելի քիչ են, քան այդ միջին չափը, սակայն նկատի ունենալով այն հանգամանքը, որ օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներից շատերը հյուպատոսական ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի բարձր դրույքաչափերի պատճառով չեն կարողանում դիմել իրենց փաստաթղթերը կարգավորելու համար (ապօրինի բնակվում են անվավեր ժամկետանց անձնագրերով, չեն գրանցում ամուսնությունը կամ նորածին երեխայի ծնունդը, չեն կարողանում ստանալ եւ ներկայացնել նստավայր պետության իրավասու մարմինների կողմից պահանջվող տեղեկանքները եւ այլն), կարծում ենք, որ դրույքաչափերի նվազեցումը հնարավորություն կտա սոցիալապես անապահով քաղաքացիներին իրենց փաստաթղթերի խնդիրները լուծելու համար դիմել ՀՀ դեսպանություններ եւ հյուպատոսական հիմնարկներ, որի արդյունքում կավելանա հյուպատոսական գործողությունների թիվը եւ հյուպատոսական ծառայությունների համար նախատեսված պետական տուրքի գծով գումարների մուտքերը պետական բյուջե առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո էապես չեն նվազի:

Հյուպատոսական հաշվառում

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ՀՀ տարածքից դուրս 6 ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ 6 ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ՀՀ համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը:

Նշենք, որ ըստ ՀՀ գործող օրենսդրության այս պարտավորությունը դրված է ՀՀ քաղաքացու վրա, որը չի առաջացնում հակառակ իրավունքը, այսինքն հյուպատոսական հիմնարկը չի կարող պարտադրել ՀՀ քաղաքացուն կատարել իր այդ պարտավորությունը` դա պայմանավորելով այս կամ այն հյուպատոսական բնույթի ծառայությունը չմատուցելով:

Օտարերկրյա պետություններում մշտապես կամ ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիների մասին հնարավորինս ճշգրիտ տեղեկատվությանը տիրապետելը Հայաստանի Հանրապետության համար ունի ռազմավարական նշանակություն: Հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիների հաշվառման համակարգի հիման վրա է, որ պետք է իրագործվի նաեւ զինապարտ ՀՀ քաղաքացների հաշվառումը օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում եւ հյուպատոսական հիմնարկներում:

Հետեւաբար, անհրաժեշտ է ապահովել այնպիսի ճկուն մեխանիզմ, այնպիսի պայմաններ, որպեսզի ՀՀ քաղաքացիները հայտնվելով օտարերկրյա պետությունում չխուսափեն հյուպատոսական հաշվառման կանգնելուց, այլ առաջին իսկ հնարավորության դեպքում հաշվառվեն: Դրա համար անհրաժեշտ առաջին պայմանը այն է, որ քաղաքացին գիտակցի, որ դրա համար լրացուցիչ ծախսեր (կամ էական ծախսեր) չի կատարելու, չի կորցնելու շատ ժամանակ եւ որ կանգնելով հյուպատոսական հաշվառման նա հնարավորություն է ունենալու առանց լրացուցիչ վճարների կամ տույժերի (հաշվառված չլինելու դեպքում) ստանալ հյուպատոսական բնույթի ցանկացած ծառայություններ, արտակարգ իրավիճակների դեպքում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն եւ օգնություն (աղետ, պատերազմ, քաղաքական անկայուն իրավիճակ եւ այլն):

Նշենք նաեւ, որ օրինակ ԱՄՆ եւ ՌԴ-ը իրենց քաղաքացիներին ոչ թե պարտադրում են, այլ հորդորում են կանգնել հյուպատոսական հաշվառման` հիմնավորելով, որ դա բխում է իրենց իսկ շահերից:

Այդ կապակցությամբ նախագծում առաջարկվում է օտարերկրյա պետությունում մինչեւ վեց ամիս գտնվելու ժամկետը լրանալը քաղաքացուն նախօրոք, պարտաճանաչ դիմելու դեպքում հաշվառումը կատարել անվճար: Վեց ամսից ավել, բայց մեկ տարուց պակաս գտնվելու դեպքում առաջարկվում է սահմանել վճարողների համար մատչելի դրույքաչափ, նկատի ունենալով, որ նա հիմնականում դիմում եւ վճարում է նաեւ այլ հյուպատոսական ծառայություն ստանալու համար:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի պահանջները խախտող, անբարեխիղճ քաղաքացիների համար գտնում ենք, որ անհրաժեշտ է պահպանել հաշվառված չլինելու դեպքում հավելավճարները յուրաքանչյուր բաց թողնված տարվա համար, սակայն ներկայումս գործողից ավելի ցածր դրույքաչափով:

Միաժամանակ հոգեբանական ազդեցություն կունենա այն հանգամանքը, որ մինչեւ 6 ամիս լրանալը քաղաքացին կարող է հաշվառվել անվճար, իսկ 6 ամսից հետո որոշակի վճարով, իսկ ընդհանրապես կանգնած չլինելու դեպքում վճարել տուգանք:

Այսպես ՌԴ-ում, որտեղ ՀՀ քաղաքացիների քանակը մոտավոր հաշվարկներով կազմում է մեկ միլիոն մարդուց ավելի այսօր հյուպատոսական հաշվառում չի իրականացվում: Ելնելով ՌԴ միգրացիոն օրենսդրության առանձնահատկություններից հնարավոր չի լինում պարզել ՀՀ քաղաքացին ՌԴ-ում փաստացի գտնվում է 6 ամսից ավել, թե ոչ: Եթե ՀՀ քաղաքացին մուտք է գործում ՌԴ տարածք եւ ձեռք չի բերում ժամանակավոր բնակվելու օրինական իրավունք, ապա պարտավոր է 3 ամսից լքել ՌԴ տարածքը: Այս վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիները հատում են ՌԴ որեւէ պետական սահման, ապա նորից մուտք գործում ՌԴ, այսպիսով զրոյացնելով 3-ամսյա սահմանափակումը, իսկ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի իմաստով` չեն համարվում «6 ամսից ավել ժամկետով բնակվող»:

Նախագծով առաջարկվող դրույքաչափերը կիրառելու դեպքում ավելի դյուրին կլինի իրականացնել ՀՀ քաղաքացիների հաշվառումը նույնիսկ 6 ամսից ավելի չբնակվողների դեպքում, քանի որ դա կլինի անվճար:

Մյուս կողմից այս ամենը կունենա նաեւ կարգապահական եւ քաղաքացիների պարտաճանաչության մակարդակի բարձրացմանն ուղղված գործընթաց, որի հիմնական նպատակն է ՀՀ քաղաքացիների մեջ արմատավորել այն կուլտուրան, որ թեկուզ նա գտնվում է օտարերկրյա պետությունում, միեւնույն է նա շարունակում է մնալ ՀՀ օրենսդրութամբ սահմանված իր բոլոր իրավունքների, ինչպես նաեւ պարտականությունների (այդ թվում` զինապարտության) կրողը:

ՌԴ-ում հյուպատոսական հաշվառում իրականացնելու դեպքում պետական տուրքի մասով սպասվում է մուտքերի աննախադեպ ավելացում:

Օրինակ, 2009թ. ընթացքում ՀՀ անձնագիր ստանալու եւ վավերականությունը երկարաձգելու համար ՌԴ-ում ՀՀ դեսպանության (ք.Մոսկվա) հյուպատոսական բաժին են դիմել 5,878 քաղաքացիներ: Հյուպատոսական ծառայության տեսակը մեզ հուշում է, որ դիմողները նոր գնացած քաղաքացիներ չեն, հակառակ դեպքում հազիվ թե անձնագիր փոխելու կամ վավերականությունը երկարաձգելու խնդիր առաջանար: Այսինքն կարող ենք ենթադրել, որ դիմողները 6 ամսից ավել է, որ բնակվում են ՌԴ-ում եւ առաջարկվող նախագծի 1-ին կետի «ժբ» ենթակետի համաձայն պետք է հյուպատոսական հաշվառման համար վճարեն 10,000 դրամ:

Լինելով կոնսերվատիվ, ընդունենք, որ դիմող քաղաքացիները մեկ տարուց ավել չեն գտնվում եւ գործը «ժգ» կետի կիրառմանը չի հասնում եւ էլ ավելի կոնսերվատիվ լինելու համար, ընդունենք, որ իրականում դիմած քաղաքացիների 70%-ն է 6 ամսից ավել բնակվում ՌԴ-ում :

Ստացվում է.

5,878 x 0.7 (70%) = 4,114 x 10.0 ՀՀ դրամ = 41,140.0 հազ ՀՀ դրամ

որ միայն Մոսկվայի մասով մուտքերը կավելանան մոտ 41 մլն. դրամով:

Միաժամանակ նշենք, որ վերոնշյալ օրինակում դիտարկվեցին միայն անձնագրային գործերով դիմած ՀՀ քաղաքացիները եւ հաշվի չառնվեցին ՔԿԱԳ, նոտարական, քաղքացիության եւ այլ ծառայությունների համար դիմող քաղաքացիները:

Նոտարական գործողություններ

2008թ. ընցաքում ՀՀ ԱԳՆ համակարգում պայմանագրերի նոտարական հաստատում իրականացվել է ընդամենը 12 անգամ, այն էլ բոլորը քաղաքացիների համար, այսինքն իրավաբանական անձանց կողմից դիմում չի եղել: 2007թ.-ին քաղաքացիներից 19 գործ, իրավաբանական անձանցից` 10 գործ:

ՀՀ ԱԳՆ կարծում է, որ նման սակավաթիվ գործերի մասով անիմաստ է առանձին տարանջատում պահպանելը, քանի որ դա չի ազդում գանձվող պետական տուրքի ծավալների վրա: Հետեւաբար առաջարկում ենք պայմանագրերի նոտարական վավերացման համար սահմանել մեկ միասնական դրույքաչափ` անկախ կողմերի ?ֆիզիկական կամ իրավաբանական անձ լինելու հանգամանքից:

2007թ. ընթացքում կատարվել է 1 ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացում, իսկ 2008-2009թթ. ընդհանրապես չի կատարվել:

Բացի այդ ՀՀ ԱԳՆ նպատակահարմար չի գտնում %-ային ձեւով հաշվարկվող դրույքաչափի առկայությունը, երբ բոլոր մյուս ծառայությունների համար դրույքաչափերը կոնկրետ են: Սա դժվարություններ է առաջացնում նաեւ հաշվետվությունների ամփոփման ժամանակ:

Հիմնական հիմնավորումն այն է, որ անիմաստ է օրենքում ունենալ առանձին մի գործողության տեսակ, որը կարող է 2 տարի շարունակ շուրջ 40 դիվանագիտական մարմիններում երբեւէ չկատարվել: Դրա փոխարեն միեւնույն գործարքը կարող է կատարվել առաջարկվող նախագծի 5-րդ կետի «գ» ենթակետով սահմանված դրույքաչափով` լիովին տեղավորվելով օրենքի տրամաբանության մեջ:

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ ԱԳՆ առաջարկած նախագծի ինչպես 5-րդ կետը, այնպես էլ մյուս բոլոր կետերը իրենց մեջ ներառում են այն բոլոր ծառայությունները եւ գործողությունները, որոնք պետք է կատարվեն դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների կողմից եւ որոնց համար վերջիններիս դիմում են քաղաքացիները, իվաբանական անձինք եւ պետական մարմինները:

Եթե ուսումնասիրվեն ՀՀ ԱԳՆ ներկայացվող եռամսյակային հյուպատոսական հաշվետվությունները, ապա ակնհայտ կլինի, որ մասնավորապես 5-րդ կետով նախատեսված գործողությունների տողերի մեծ մասը դատարկ է:

Ամուսնալուծություն

Նախագծում առաջարկվում է պահպանել համատեղ դիմումով կամ դատական կարգով` որպես կանոն ամուսինների միջեւ վեճի առկայության դեպքում ամուսնալուծության պետական գրանցման բարձր դրույքաչափը` որպես սթափեցնող, ընտանիքը պահպանելուն ուղղված միջոցներից մեկը:

Այլ բան է, եթե ամուսիններից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման 3 տարուց ոչ պակաս ժամկետով: Այդպիսի հիմքերով ամուսնալուծության պետական գրանցման դեպքերի համար առաջարկվում է սահմանել զգալիորեն ավելի ցածր դրույքաչափ, քանի որ դիմող ամուսնու համար ամուսնալուծությունը կատարվել է իր կամքից անկախ իրադրության փոփոխման հետեւանքով:

ՀՀ մուտքի արտոնագրեր

Այս մասում որեւէ փոփոխություն չի առաջարկվում, քանի որ այս բաժինը պարբերաբար ենթարկվել է փոփոխությունների (վերջին փոփոխությունը եղել է 2009թ. ամռանը), ապահովում է հավասարության սկզբունքը օտարերկրյա քաղաքացիների համար: ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու համար նախատեսված դրույքաչափը աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիների համար միեւնույնն է:

Անձնագրային ձեւակերպումներ

Հանվել են «Նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիր» ձեւակերպումները:

Հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում ավելացվել է նոր տող հետեւյալ ձեւակերպմամբ. «16 տարին չլրացած քաղաքացու ՀՀ անձնագիրը փոխանակելու համար», որի համար պետական տուրքի դրույքաչափը նախատեսվում է սահմանել 25 հազ. դրամ:

Գործող օրենքով նոր անձնագիր ստանալու համար վճարվում է սահմանված պետական տուրքը` անկախ անձնագիրը ստացողի տարիքից: Մյուս կողմից, համաձայն Հայաuտանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության, հաշվի առնելով անձի ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները` Հայաuտանի Հանրապետության մինչեւ 16 տարեկան քաղաքացիների անձնագրերը տրվում են 3 տարի վավերականության ժամկետով, այսինքն, եթե առաջին այդպիսի անձնագիրը տրվել է երեխայի 1 տարեկան հասակում, ապա մինչեւ նրա 16 տարին լրանալը անձնագիրը փոխանակվելու է 5 անգամ:

Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է մինչեւ 16 տարեկան քաղաքացիներին առաջին անգամ անձնագիր տրամադրելու համար կիրառել նույն դրույքաչափը, ինչ որ «ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու» համար, սակայն արդեն իսկ անձնագրավորված եւ 16 տարին չլրացած քաղաքացիների անձնագիրը փոխանակելու համար սահմանել ավելի ցածր դրույքաչափ:

Հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի բովանդակությունը շարադրվել է այսպես. «կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար, եթե անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով», եւ ավելացվել է սրանից բխող նոր ենթակետ` «դ», որը շարադրվել է այսպես. «այլ դեպքերում կորցրածի փոխարեն ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար»:

Այսպիսով, առանձնացվել է անձնագիրը կորցնելու երկու հիմնական դեպք. առաջինը, երբ անձնագիրը կորել է տիրոջ մեղքով եւ երկրորդ` այլ պատճառներով (փաստաթղթային հիմնավորված գողության, կողոպուտի, հրդեհի կամ այլ անհաղթահարելի ուժի ներգործության հետեւանքով` երբ բացակայում է անձնագրի տիրոջ մեղավորությունը): Առաջին դեպքում նախատեսվում է սահմանել պետական տուրքի առավել բարձր դրույքաչափ, քանի որ անձնագրի տերը անփութություն է ցուցաբերել: Երկրորդ դեպքում նախատեսվում է սահմանել պետական տուրքի առավել ցածր դրույքաչափ:

Հոդվածում ավելանում է նոր ենթակետ. «ՀՀ անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի եւ օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգման համար»:

Ըստ էության, այս ենթակետն իր մեջ պարունակում է երկու տեսակի ծառայություն. 1) ՀՀ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում (տես` 1-ի «ե») եւ, 2) ՀՀ անձնագրի վավերականության ընդհանուր ժամկետի երկարաձգում: Վերջինս, որպես այդպիսին, նախկինում չի եղել եւ սկսել է կիրառվել 2004թ.: Հաշվի առնելով այն, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացիների անձնագրերը վավերական չեն, եթե դրանցում առկա չեն «օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի նշումները` համապատասխան կնիքով»: Այս իրողությունը հիմք է տալիս ընդունելու, որ օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանություն (հյուպատոսություն) դիմող ՀՀ քաղաքացին երկարացնելով իր անձնագրի ընդհանուր ժամկետը հինգ տարով` չի կարող հրաժարվել «անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում» ծառայությունից: Այս տրամաբանությամբ ՀՀ անձնագրի ընդհանուր ժամկետի երկարաձգումը զուգորդվում է վավերականության ժամկետի երկարաձգմամբ եւ նախատեսվում է օրենքում այդ ծառայությունը նշել մեկ տողով` սահմանելով պետական տուրք 25,000 ՀՀ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականներ տալու համար նախատեսված երկու առանձին դեպքերին ավելացվել է եւս մեկը, այն է. «ժամկետանց կամ այլ պատճառով օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի հիմքով Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար»:

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը ժամանակավոր միակողմանի (օտարերկրյա պետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն) ճամփորդական փաստաթուղթ է, որը տրվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Հայաստանի Հանրապետություն վերադառնալու նպատակով օտարերկրյա պետության պետական սահմանը հատելու համար չունեն վավերական անձնագիր: Այժմ գործող օրենքը ՀՀ վերադարձի վկայական տալու համար նախատեսում է երկու դեպք. երբ անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով եւ, երկրորդ` այլ դեպքերում: Օրենքի այս տրամաբանությամբ ՀՀ վերադարձի վկայականները վճարովի են տրամադրվում միայն այն դեպքերում, երբ անձնագիրը կորել է անձնագրի տիրոջ մեղքով: Սակայն իրականում հաճախակի են այն դեպքերը, երբ անձնագիրն առկա է, սակայն որեւէ պատճառով պիտանի չէ օգտագործման կամ վավերական չէ: Օրինակ, լրացել է անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության կամ անձնագրի ընդհանուր ժամկետը, վնասված է անձնագրի նկարով էջի պոլիէթիլենային ծածկույթը, անձնագրում առկա է կեղծ կնիք: Քանի որ վերոհիշյալ դեպքերը նույնպես անձնագրի տիրոջ մեղքով են կամ վերջինիս անփութության արդյունք են, ապա կարծում ենք, որ այս դեպքերում նույնպես պետք է ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվի վճարովի: Այս դեպքի համար առաջարկվում է սահմանել պետական տուրքի ավելի ցածր սակագին, քանի որ ի տարբերություն անձնագրի կորստի դեպքի, այս պարագայում ծառայությունը մատուցվում է տեղում, անմիջապես եւ դիմողի անձն ու քաղաքացիությունը պարզելու համար հարցումներ կատարելու անհրաժեշտություն չկա, այսինքն լրացուցիչ աշխատանք չի կատարվում:

2. Նախագծով առաջարկվում է լրացում կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածում:

Հոդվածի 4-րդ պարբերությունում արդեն իսկ նախատեսված է, որ օտարերկրյա պետություններում գործող Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների եւ մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարները համապատաuխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բյուջե են փոխանցում համապատաuխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամuվա առաջին երկու բանկային oրվա ընթացքում, սակայն 5-րդ պարբերությունում նախատեսված է. որ կանխիկ գանձվող պետական տուրքի գումարը պետք է պետական բյուջե փոխանցվի 2 օրվա ընթացքում:

Այս առումով, հնարավոր տարամեկնաբանություններից խուսափելու համար, առաջարկվում է 5-րդ պարբերությունում նախատեսել բացառություն օտարերկրյա պետություններում գործող Հայաuտանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների եւ մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքը պետական բյուջե փոխանցելու հետ կապված:

3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացվում է օտարերկրյա պետություններում գանձված` պետական տուրքի վերադարձման կարգի վերաբերյալ դրույթով, քանի որ գործող օրենքում չի մասնավորեցվում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական տուրքի վերադարձման կարգը :

Ակնկալվող արդյունքը.

ա. Կվերանան օրենքում առկա այն կետերը, որոնք արդիական չեն եւ ընդհանրապես չեն կիրառվում:

բ. Կավելանան նոր կետեր, որոնք բխում են այլ իրավական ակտերից եւ ունեն պրակտիկ կիրառում:

գ. Կվերանան սակագների տարբերություններն ըստ երկրների 4 խմբերի եւ քաղաքացիները հնարավորություն կունենան ստանալ ծառայություններ միեւնույն սակագներով` անկախ գտնվելու երկրից:

դ. խուսափել օրենքի կիրառման ընթացքում առաջացող տարամեկնաբանություններից

ե. ապահովել պետական տուրքի վերադարձման ավելի ճկուն մեխանիզմ: