Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-880-23.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի  343-րդ հոդվածում`

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասում «դատաքննության մասնակիցներին» բառերը փոխարինել «դատավարությանը մասնակցող անձանց» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 343` «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասը` ապաքրեականացնելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին:

Օրենսդրական նախաձեռնության իրականացման համար հիմք է հանդիսացել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության Սահամանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ՀՀ սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 14-ի ՍԴՈ-851 որոշումը, ըստ որի` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաեւ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր:

Բացի այդ, նշված որոշման 7-րդ մասում ՀՀ սահմանադրական դատարանը արձանագրել է հետեւյալը`

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ ինչպես ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված վերոհիշյալ գործողությունները, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող նորմում նշված գործողություններն ըստ էության համարժեք գործողություններ են, դրանք կարող են կատարվել ուղղակի դիտավորությամբ, եւ վիճարկվող նորմում բացակայում է հանցակազմի որեւէ հատկանիշ, որը հնարավորություն կտա դրանով նախատեսված հակաիրավական արարքը տարանջատել ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված համարժեք իրավախախտումներից:

Ելնելով վերոհիշյալից` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների եւ վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջեւ էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետեւանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության եւ որոշակիության սկզբունքներից:

Ավելին, նման պայմաններում իրավակիրառողի կողմից դատական սանկցիաների եւ քրեաիրավական ներգործության միջոցի միջեւ ընտրության հարցում կամայական մոտեցման նախադրյալներ են ստեղծվում: Վերլուծությունը վկայում է, որ, մի կողմից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1 եւ 153-րդ (բերման ենթարկելը), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ (ինչպես նաեւ, օրինակ, 44-րդ հոդվածի 5-րդ մաս), ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ հոդվածների, մյուս կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի առկայությունն իրավական առումով առնվազն խնդրահարույց են դարձնում ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի ներկայիս ձեւակերպման գոյությունն ընդհանրապես (ընդգծումը մերն է):

Օրենսդրական նախաձեռնությամբ մասամբ իրացվել են նաեւՀայաստանում դատավարությունների դիտարկում ծրագրի (ապրիլ 2008-հունիս 2009), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում ներկայացված հետեւյալ առաջարկությունները`

«Փոփոխություններ կատարել ՔԴՕ-ում եւ Քրեական օրենսգրքում, որպեսզի հստակորեն տարանջատվեն դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար նախատեսված սանկցիաների կիրառման հիմքերը:

ա. Խորհուրդ է տրվում դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերում քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ դատական միջնորդությունները թույլատրել միայն այն լուրջ հանցանքների ժամանակ, որոնք անձնապես ուղղված են դատաքննության առանձին մասնակիցների դեմ եւ նպատակ ունեն խաթարելու արդարադատության ընթացքը:

բ. Դատական սանկցիաները պետք է կիրառվեն դատական նիստերի կարգի եւ ընթացակարգերի խախտման դեպքերի համար:

գ. Դատական նիստերի դահլիճից ժամանակավոր հեռացումը պետք է սահմանափակվի շատ կարճ ժամկետներով (1-12 ժամ), եւ համաչափ լինի կատարված խախտման ծանրությանը: Որոշումը պետք է կանոնավոր պարբերականությամբ վերանայվի:

դ. Առաջարկվում է թույլատրել բոլոր դատական սանկցիաների կիրառման օրինականության եւ հիմնավորվածության նկատմամբ դատական վերահսկողություն:

ե. Մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում իրականացված գործողությունների հետ կապված խնդիրները պետք է լուծվեն միայն համապատասխան կարգապահական վարույթներին դիմելու միջոցով:»

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ՀՀ դատական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում  եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում` ապահովելով դատական սանկցիաների կիրառման գործընթացի միասնականությունը, միաժամանակ` վերացնելով գործող օրենքների միջեւ առկա որոշ հակասություններ,  մասնավորապես`

1) հստակեցնել դատական սանկցիայի կիրառման համար հիմք հանդիսացող գործողությունների շրջանակը.

2) դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ նիստերի դահլիճից հեռացումը կիրառել ոչ ավելի, քան 36 ժամով (այդ նորմի գործողությունը տարածել նաեւ ամբաստանյալի վրա եւ փաստորեն` գործող օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը փոխարինել 36 ժամով), իսկ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ` որոշակի ժամկետով կամ մինչեւ դատաքննության ավարտը, որը թույլ կտա էապես մեղմացնել դատական սանկցիայի կիրառման բացասական հետեւանքները.

3) սահմանել, որ դատավարությանը մասնակցող` նիստերի դահլիճից հեռացված անձի, նրա փաստաբանի կամ այլ ներկայացուցչի հիմնավորված միջնորդությամբ դատարանն իրավունք ունի մինչեւ սանկցիայի կիրառման ժամկետը լրանալը վերականգնել հեռացված անձի մասնակցությունը դատական նիստին, որը հնարավորություն է ընձեռում սահմանված ժամկետից շուտ վերականգնել դատաքննության բնականոն ընթացքը.

4) «դատավորի կարգադրություն» բառակապակցության փոխարեն կիրառել «դատավորի օրինական կարգադրություն»-ը, որը համահունչ է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետին.

5) սահմանել, որ այն դեպքում, երբ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձը, ներկայացուցիչը կամ դատական նիստին ներկա գտնվող այլ անձը դատարանի նկատմամբ դրսեւորել է անհարգալից վերաբերմունք, որը կարող է առաջացնել նաեւ քրեական պատասխանատվություն, դատավորը կարող է կարգազանց անձի նկատմամբ կիրառել դատական սանկցիա եւ պարտավոր է քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմել դատախազին: Իսկ երբ դատարանը գտնում է, որ այդ սուբյեկտների գործողություններում հաստատապես առկա են հանցագործության հատկանիշներ, ապա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դիմում է դատախազին: