Armenian ARMSCII Armenian
Կ-9605-10.03.2016,19.04.2016-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի ՀՕ-97 օրենքի (այսուհետ` Օրենք) 52-րդ հոդվածում լրացնել 1.1-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում կաբելային (մալուխային) հեռուստաընկերությունները կարող են վերահեռարձակել Հայաստանի Հանրապետությունում գործող վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների միայն վերգետնյա եթերային ծրագրերը»:

Հոդված 2. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 3-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3) լիցենզիայի կասեցում»:

Հոդված 3. Օրենքը լրացնել 58.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 58.1. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Սույն օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 8.1-րդ, 8.2-րդ մասերից որեւէ մեկով տուգանքի ենթարկված հեռուստառադիոընկերության կողմից նշված մասերից ցանկացած մեկով տվյալ ընտրության ընթացքում կրկին խախտում կատարելը կամ տուգանքի կիրառումից հետո խախտումը շարունակելը`

առաջացնում է հեռուստառադիոհեռարձակման լիցենզիայի կասեցում մինչեւ տվյալ ընտրության քվեարկության օրը, ժամը 20.00-ն»:

Հոդված 4. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-րդ եւ 8.2-րդ մասերով.

«8.1. Հեռուստառադիոընկերությունների կողմից թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նկատմամբ խտրականության դրսեւորումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

8.2 Հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների եւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը: