Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-876-20.04.2010-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մարտի 30-ի Հ.Ն. -0773-1-ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում`

1/ 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատություններում եւ կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթության եւ ուսուցման լեզուն գրական հայերենն է` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:».

2/ 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաuտանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման ոչ հանրակրթական եւ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնվել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ կամ մասնակցությամբ»:

3/ 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության նախնական /արհեստագործական/, միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում «հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունը եւ ընթացիկ ուսուցումը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող այլազգի քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց /այդ թվում` փախստականների/ ընդունելությունն ուսումնական հաստատություն, ինչպես նաեւ նրանց ուսուցման եւ դաստիարակության կազմակերպման լեզվական առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ներկայացված նախագծերի առաջադրման նպատակն է կարգավորել լեզվաքաղաքականության եւ կրթության բնագավառների օրենսդրության տեխնիկական հակասությունները, ինչպես նաեւ այն դարձնել առավել ճկուն եւ գործառնական՝ կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Դեռեւս 1993 թվականին ընդունված «Լեզվի մասին» օրենքում օգտագործված են «միջնակարգ-մաuնագիտական»,«մաuնագիտական-տեխնիկական» հասկացությունները, որոնք հետագայում վերանվանվել են: «Բարձրագույն  մասնագիտական կրթություն» հասկացությունը  նախկինում ներառում էր նաեւ ասպիրանտական կրթությունը, իսկ ներկայումս դա սահմանված է որպես հետբուհական կրթություն եւ այլն։

ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը իրականացնում է պետական քաղաքականություն կրթության բնագավառում: Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով  հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում  օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ նախագծերը հնարավորություն են տալիս լիազոր մարմնին եւ ՀՀ կառավարությանը իրենց լիազորությունների շրջանակում ապահովել հսկողություն եւ վերահսկողություն նման կրթական ծրագրերի իրականցման նկատմամբ: Գործող օրենսդրությունը ամբողջությամբ չի կարգավորում նշված հարաբերություննեը:

Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը` քիչ։ Նաեւ այս նկատառումից ելնելով գործող օրեսդրությունը հնարավորություն է տվել բարձրագույն  ուսումնական հաստատությունների մուտքը ՀՀ, սակայն «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի համաձայն «Հայաuտանի Հանրապետության տարածքում oտարալեզու ոչ հանրակրթական ուuումնական հաuտատություն կարող է հիմնել միայն Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»:

Օրենքի ընդունումը կկարգավորի սովորողների  սոցիալական խնդիրների եւ այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորության հարցը` վերացնելով առկա բացերը եւ հակասությունները։