Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-8691-10.04.2010-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 151-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 151. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը

«Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 223-րդ հոդվածով նախատեսված անձանց հայցադիմումով:»

Հոդված 2. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունում «Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին» բառերը փոխարինել «Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի)» բառերով:

2) 2-ր մասի «Դիմումին» բառը փոխարինել «Իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի (պաշտոնատար անձի) դիմումին» բառերով.

3) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով`

«3. Անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի`

1) հայցադիմումը ներկայացնելու համար հիմք հանդիսացած գործողությունների  կատարման վայրի եւ ժամանակի մասին տեղեկություններ.

2) հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար վարչական պատասխանատվություն նախատեսող օրենքի դրույթները.

3) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:»:

Հոդված 3. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

1) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`

«1.1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որը կատարել է վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հայցադիմումի համար հիմք հանդիսացած գործողություն կամ չի կատարել որեւէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:»:

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը պարզում է, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման դեպքը, եւ առկա է արդյոք հայցադիմումում նշված անձի կողմից դա կատարելու փաստը, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտումը կատարելու համար, ինչպես նաեւ նշանակում է կամ մերժում է նշանակել վարչական տույժ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ  ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

«Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումների վերաբերյալ հայցադիմումով դատարան դիմելու ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավական հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ: Այդ նկատառումով`

1) «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի   1-ին հոդվածով հստակեցվել են առաջին ատյանի դատարանի քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով դատարան դիմելու դեպքերը եւ հայցադիմում ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք` սահմանելով, որ օրենքով նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից դատարան հայցադիմում ներկայացնելիս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

Արձանագրության չկազմելու դեպքերից է, օրինակ` «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» 1897 -րդ` տեղեկություն տալու պարտականությունը չկատարելը վերտառությամբ հոդվածը (օրենքով նախատեսված տեղեկությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց կողմից ապօրինաբար չտրամադրելը, որը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով): Համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը եւ (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին եւ ստանալու այդ տեղեկությունը։ Ակնհայտ է, որ այս դեպքում վարչական իրավախախտման համար պատասխանատվության ենթարկելու համար հիմք հանդիսացող գործողությունը կամ անգործությունը կարող է ի հայտ գալ նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հարցմանը պատասխանելիս: Քանի որ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության մասին օրենսգրքի» 151-րդ` դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը, վերտառությամբ հոդվածով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են միայն օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների հիման վրա, իսկ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն, ըստ էության` չունեն, ուստի վերջիններս ներկայումս չեն կարող դիմել դատարան` վարչական իրավախախտման համար պատասխանատու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին (պաշտոնատար անձին) վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցով:

Հատկանշական է, որ վերը նկարագրված խնդրի առնչությամբ առկա է նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. փետրվարի 5-ի «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 151 եւ 152-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրոությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» ՍԴՈ-864 որոշումը: Թեեւ, ՀՀ սահմանադրական դատարանը «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված հոդվածները ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, սակայն իր որոշման  6-րդ մասում մասնավորապես արձանագրել է`

«Վարչական դատավարության օրենսգրքի` վիճարկվող հոդվածները ներառող 26-րդ գլխի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների համակարգային վերլուծությունը վկայում է, որ անձին դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի իրավակարգավորումը սահմանելիս չի դրսեւորվել համակարգային մոտեցում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով հստակ սահմանված չեն բոլոր այն կոնկրետ վարչական մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք, որոնք իրավասու են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել եւ այն ներկայացնել դատարան` անձանց դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում մատնանշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումները կատարելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ իրավական համակարգում առկա է իրավակարգավորման բաց, ինչը թույլ չի տալիս պետությանն իրականացնել վարչական իրավահարաբերությունների ոլորտում օրինականության նկատմամբ վերահսկողության եւ հանրային շահերի պաշտպանության իր գործառույթները, ապահովել առանձին վարչական իրավախախտումների համար ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության անխուսափելիությունը, դրանով իսկ երաշխավորելու նաեւ իրավունքների պաշտպանության արդյունավետությունը: Դրա մասին է վկայում նաեւ այն փաստը, որ չնայած 1995-2007 թվականներին ավելի քան 10 անգամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 223-րդ հոդվածում փոփոխություններ են կատարվել, սակայն մինչ օրս շարունակում է տեղ գտնել «ՀՀ գերագույն դատարանի դատավորները քննում են...» դրույթը:»:

2)  «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նշված օրենսգրքի 151-րդ եւ 152-րդ հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը կարող են «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» նոր խմբագրությամբ շարադրվող 223-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքում հարուցվել նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայցադիմումով եւ հստակեցված է դրա իրականացման կարգը:»