Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2241-18.02.2008,15.03.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1 «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2001 թվականի հուլիսի 27-,ի ՀՕ-211, այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «եւ լիազոր մարմնի տեղական գանձապետական բաժանմունքները (այսուհետ` գանձապետական բաժանմունքներ):» բառերը փոխարինել «եւ լիազոր մարմնի գանձապետարանի ստորաբաժանումները (այսուհետ` գանձապետարանի ստորաբաժանումներ):» բառերով:

Օրենքում նշված «գանձապետական բաժանմունքներ» բառերը ըստ հոլովառության փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից`

ա. ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը,

բ. գնումների մասին օրենսդրությանը համապատասխան` գնումների համակարգի առկայությունը:»:

2. 3-րդ մասի «ա» ենթակետից հանել «եւ ներքին աուդիտի կառավարման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնականը հրապարակման տասերորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ հանրային հատվածում ներքին աուդիտի համակարգի ներդրման օրենսդրական պահանջները սահմանվել են 2001 թվականին հաստատված «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի համաձայն` ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների գլխավոր ֆինանսիստները պարտավոր են ապահովել տվյալ կազմակերպությունում ներքին աուդիտի համակարգի առկայությունը: Օրենքի հիշյալ պահանջի կիրարկման ապահովման նպատակով ՀՀ կառավարության եւ այս բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաստատվել են համապատասխան ենթաօրենսդրական ակտեր:

Չնայած, որ 2001 թվականից սկսած միջոցներ են ձեռնարկվել ներքին աուդիտի համակարգի ներդրման ուղղությամբ, սակայն, համակարգը գործնականում դեռեւս ամբողջությամբ ներդրված չէ եւ բավարար արդյունավետությամբ չի գործում: Մասնավորապես.

- ներքին ուդիտի հետ կապված հարաբերությունների օրենսդրական կարգավորումը ամբողջական չէ,

- առանձին պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում չի ապահովվում ներքին աուդիտի գործառույթի լիարժեք կատարումը, ձեւավորված չեն համապատասխան ենթակառուցվածքներ (միավորներ),

- հստակ չէ կապը ներքին աուդիտի եւ հսկողական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ կառույցների միջեւ,

- ներկայումս ներքին աուդիտը հիմնականում կենտրոնանում է ֆինանսական գործառույթների գնահատման վրա, այն դեպքում երբ ներքին աուդիտի շրջանակը ավելի լայն է, ինչը բացի ֆինանսական գործառույթների գնահատումից պետք է ներառի նաեւ կատարողականի եւ նեքին հսկողության համակարգերի արդյունավետության գնահատման հարցերը,

- առկա կարողությունները, այդ թվում մասնագիտական, բավարար չեն ներքին աուդիտի գործառույթի պատշաճ կատարման համար: Ներքին աուդիտորների ուսուցման, շարունակական վերապատրաստման եւ որակավորման գնահատման միասնական համակարգը բացակայում է,

- ներքին աուդիտի հետ կապված իրավական կարգավորումները առանձին դեպքերում համարժեք չեն համեմատաբար փոքր ֆինանսական միջոցներ շրջանառող պետական մարմինների եւ համայնքների գործունեության առանձնահատկություններին,

- ելնելով կառավարման համակարգի գործող առանձնահատկություններից` բարելավման կարիք ունի պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը:

Վերոհիշյալ խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության կողմից մշակվել է «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» եւ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որը ՀՀ Ազգային ժողովի կողմից քննարկվել եւ առաջին ընթերցմամբ հաստատվել է 2008 թվականի ապրիլի 10-ի նիստում:

Միաժամանակ ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի թիվ ՆԿ-68-Ա կարգադրությամբ հաստատվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն գործողությունների ծրագրի իրականացումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումները: Նշված ծրագրի <Պետական ներքին ֆինանսական հսկողություն> բաժնով սահմանվել են հետեւյալ գործողությունները (ՀՀ պարտավորությունները)`

1. ողջ պետական հատվածի համար ներդնել պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգ, որը հիմնված կլինի կառավարչական հաշվետվողականության եւ գործնականում անկախ ներքին աուդիտի սկզբունքների վրա` միջազգայնորեն համաձայնեցված չափանիշներին (IFAC, IIA, INTOSAI) եւ մեթոդաբանություններին համահունչ:

2. ապահովել ՀՀ կառավարության կողմից ընդունված ներքին աուդիտի համակարգի բարեփոխումների ծրագրի իրականացումը, որը նախատեսում է Հայաստանի պետական ոլորտում ներքին աուդիտի զարգացումը` միջազգային ստանդարտներին համապատասխան (IFAC, IIA, INTOSAI):

ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության բնագավառում իրականացվող բարեփոխումները, այդ թվում <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով 2009 թվականին ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտի համատեղ նախաձեռնությամբ ՍԻԳՄԱ/SIGMA ծրագրի կողմից իրականացվել է ՀՀ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի գնահատում (համեմատական վերլուծություն): Վերլուծության արդյունքում ներկայացված առաջարկների հիման վրա ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ հաստատված <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը լրամշակվել է:

Լրամշակման արդույնքում` ՀՀ ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ հաստատված <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագծում կատարվել են նշանակալի փոփոխություններ` որոշ հոդվածներ միացվել են, որոշ հոդվածներ հանվել են, ինչպես նաեւ նախագիծը համալրվել է նոր հոդվածներով: Հաշվի առնելով կատարված փոփոխությունները եւ հիմք ընդունելով <Ազգային ժողովի կանոնակարգ> ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի պահանջները, <Ներքին աուդիտի մասին> ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ ԱԺ` կրկին անգամ առաջին ընթերցմամբ քննարկելու նպատակով:

Լրամշակված Օրենքի նախագծի`

ա) 1-ին` "ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ" գլխով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան, օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ինչպես նաեւ ներքին աուդիտի սկզբունքները: Նախագծի համաձայն`

- օրենքը սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի համակարգը, սկզբունքները, բնույթը, շրջանակը եւ ներքին աուդիտ իրականացնողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

- Հանրային հատվածի կազմակերպություններ են համարվում` ՀՀ Սահմանադրությամբ եւ ՀՀ օրենքներով նախատեսված պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետության կամ համայնքների հիմնարկները, պետական կամ համայնքների ոչ առեւտրային կազմակերպությունները, պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունները:

- Ներքին աուդիտը սահմանվել է, որպես` անկախ, օբյեկտիվ հավաստիացման եւ խորհրդատվական գործառույթ, որն ուղղված է կազմակերպության գործունեության արդյունքի մեծացմանը եւ բարելավմանը: Այն օգնում է կազմակերպությանը հասնել իր նպատակներին` կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների համակարգված եւ կանոնակարգված ձեւով գնահատման ու բարելավման միջոցով:

- Ներքին աուդիտը պետք է իրականացվի ներքին աուդիտի ստանդարտների, ներքին աուդիտորների վարքագծի կանոնների եւ հետեւյալ սկզբունքների համաձայն`

1) անկախություն,

2) օբյեկտիվություն,

3) կարողունակություն,

4) անկողմնակալություն,

5) գաղտնիություն:

բ) 2-րդ գլխում ներառված են ներքին աուդիտի շրջանակը, ներքին աուդիտի կազմակերպումը եւ ներքին աուդիտի բնույթը հոդվածները: Նախագծի համաձայն`

- ներքին աուդիտի են ենթարկվում կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր գործառույթները,

- ներքին աուդիտը պետք է իրականացվի կազմակերպության ղեկավարի ենթակայությամբ գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ հրավիրված` որակավորված աուդիտորների կողմից,

- կազմակերպության ղեկավարն է պատասխանատու տվյալ կազմակերպությունում օրենքի պահանջների համաձայն ներքին աուդիտի գործառույթի կազմակերպման եւ գործունեության ապահովման համար,

- կազմակերպության գործունեությունը բարելավելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ներքին աուդիտը պետք աջակցի կազմակերպությանը հասնել իր նպատակներին`

1) օժանդակելով կազմակերպության ղեկավարին կազմակերպությունում առկա ռիսկերը բացահայտելու եւ գնահատելու գործում,

2) գնահատելով ֆինանսական կառավարման եւ հսկողության համակարգերի արդյունավետությունը եւ համապատասխանությունը օրենքով նախատեսված պայմաններին:

գ) 3-րդ եւ 4-րդ գլուխներով սահմանվում են ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ ներքին աուդիտորների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ հիշյալ պաշտոնատար անձանց ներկայացվող պահանջները:

դ)  5-րդ գլխով կարգավորվում են ներքին աուդիտի պլանավորման, ներքին աուդիտի իրականացման եւ ներքին աուդիտի տարեկան հաշվետվություն ներկայացնելու հետ կապված հիմնական հարաբերությունները: Նախագծի համաձայն`

- ներքին աուդիտի պլանավորումը պետք է կատարվի ռիսկերի գնահատման հիման վրա եւ սահմանվի երեք տարվա ռազմավարական ծրագրով: Ռազմավարական ծրագրի հիման վրա մշակվում է աուդիտի տարեկան ծրագիր: Յուրաքանչյուր աուդիտի համար սահմանվում է աուդիտորական առաջադրանք` նշելով դրա իրականացման շրջանակը, խնդիրները, տեւողությունը եւ տրամադրված ռեսուրսները, աուդիտի մոտեցումներն ու տեխնիկան, աուդիտի տեսակն ու ծավալը:

- ներքին աուդիտը պետք է իրականացվի ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման եւ փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձեւավորմամբ: Իրականացված յուրաքանչյուր աուդիտի համար պատրաստվում է աուդիտի հաշվետվություն:

- ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը պատրաստում է ներքին աուդիտի իրականացման տարեկան հաշվետվություն, որը ներառում է ռազմավարական եւ տարեկան ծրագրերի կատարողականի նկարագրությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ այլ տեղեկություններ:

ե) 6-րդ գլուխը սահմանում է ներքին աուդիտի կարգավորման, համակարգման եւ ներդաշնակեցման համար պատասխանատու լիազոր մարմինը եւ վերջինիս իրավունքները ու պարտականությունները:

Նախագծի համաձայն Լիազոր մամինը` ՀՀ կառավարության կողմից կողմից սահմանված պետական մարմին է, որը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների եւ հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության եւ մեթոդաբանության մշակման ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաեւ օրենքի պահանջների եւ ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման եւ դիտարկման (մոնիթորինգի) համար:

զ) 7-րդ գլով սահմանվում են օրենքի եզրափակիչ եւ անցումային դրույթները: Նախագծի համաձայն`

- օրենքը չի կարգավորում ՀՀ կենտրոնական բանկի ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները:

- օրենքով նախատեսված աուդիտորների պարտադիր որակավորման պահանջը ուժի մեջ է մտնում  2013 թվականի հունվարի 1-ից, իսկ օրենքը ուժի մեջ մտնելու պահին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի կամ աուդիտորի պաշտոն զբաղեցնող անձիք համարվում են ներքին աուդիտորի որակավորում ստացած:

- ՀՀ կառավարությունը` սահմանում է կազմակերպություններում ներքին աուդիտի համակարգի ներդրման ժամանակացույցը:

- օրենքով նախատեսված նորմերը` պետության կամ համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների մասով ուժի մեջ են մտնում օրենքը ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարի հետո:

- օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասերորդ օրը:

2. «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Քանի որ «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ նախատեսվում է ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի անմիջական ենթակայություն կազմակերպության ղեկավարին, ինչպես նաեւ կազմակերպության ղեկավարին է վերապահվում ներքին հսկողության համակարգի առկայության ապահովման գործառույթը, ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարելու «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում:

Միաժամանակ` «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխությունները պայմանավորված են նաեւ նշված օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի գանձապետարանի կառուցվածքում ներառված միավորների կարգավիճակի  դրանց անվանման փաստացի փոփոխությամբ: