Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-814-08.02.2010-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Սույն օրենքը կարգավորում է օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ներգրավման եւ օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2.  Սույն օրենքի իմաստով միջազգային վարկային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության միջեւ ստորագրված գրավոր համաձայնություն է` Հայաստանի Հանրապետության կողմից փոխառություն կամ վարկ ստանալու մասին:

Հոդված 3. Միջազգային վարկային պայմանագրի կնքման ուղղությամբ աշխատանքները սկսելուց առաջ ՀՀ Վարչապետն այդ մասին տեղյակ է պահում Ազգային ժողովի նախագահին:

Միջազգային վարկային պայմանագրի մշակման եւ կնքման աշխատանքներին մասնակցելու համար Ազգային ժողովի նախագահի կողմից ձեւավորվում է աշխատանքային խումբ, որի կազմի մեջ ընդգրկվում են մեկական ներկայացուցիչներ Ազգային ժողովում ներկայացված խմբակցություններից:

Հոդված 4. Միջազգային վարկային պայմանագրի նախապատրաստական աշխատանքների առանձին փուլերի ավարտից հետո Կառավարությունը Ազգային ժողովին է տրամադրում այդ փուլերի արդյունքում մշակված փաստաթղթերը: Վերջիններս քննարկվում են համապատասխան մշտական հանձնաժողովներում` Կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ:

Հոդված 5. Միջազգային վարկային պայմանագրին կից Ազգային ժողով է ներկայացվում տեղեկանք, որն իր մեջ ներառում է վավերացման ենթակա պայմանագրի հիմնավորումը, ներգրավվող վարկային միջոցների օգտագործման հիմնական ուղղությունները եւ ժամանակացույցը, այդ միջոցների օգտագործումից ակնկալվող արդյունքները եւ դրանցից հիմնականների քանակական ցուցանիշները:

Ազգային ժողովը միջազգային վարկային պայմանագիրը վավերացնում է տվյալ պայմանագրի նախապատրաստական աշխատանքներին Ազգային ժողովի նախագահի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի եզրակացության առկայության դեպքում:

Հոդված 6. ՀՀ կառավարությունը վավերացված միջազգային վարկային պայմանագրերով նախատեսվող աշխատանքները մրցութային կարգով անցկացնելու դեպքում մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկում է Ազգային Ժողովում ներկայացված խմբակցությունների ներկայացուցիչներ: Վերջիններիս կազմը կառավարությանն է ներկայացնում Ազգային Ժողովի նախագահը:

Հոդված 7. Կառավարությունն Ազգային ժողովի կողմից միջազգային վարկային պայմանագիրը վավերացնելուց հետո եռամսյակը մեկ անգամ Ազգային ժողով է ներկայացնում տեղեկանք, որն իր մեջ ներառում է.

ա) հաշվետու ժամանակաշրջանի կտրվածքով վարկային միջոցի օգտագործման մասին տեղեկատվություն,

բ) վարկային միջոցի օգտագործման արդյունավետության վերլուծություն,

գ) փաստացի եւ ակնկալվող արդյունքների համեմատական վերլուծություն:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ

Տնտեսության ընդհանուր զարգացման եւ հատկապես ֆինանսական սահմանափակ հնարավորությունների դեպքում առաջնահերթ ու անհետաձգելի համարվող խնդիրների լուծման նպատակով յուրաքանչյուր երկիր կարող է այլ երկրներից եւ միջազգային կազմակերպություններից սահմանված կարգով ու չափով ներգրավել  փոխառություններ եւ վարկային միջոցներ: Այս պրակտիկան երկար տարիներ գործում է Հայաստանում, սակայն դրանց օգտագործման արդյունավետության հարցը մինչեւ օրս շարունակում է մնալ վիճահարույց, քանի որ տվյալ գործընթացը չի իրականացվում անհրաժեշտ հիմնավորմամբ եւ թափանցիկությամբ:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի, Ազգային ժողովը վավերացնում է վարկային պայմանագրերը, ինչով, ըստ էության, վերջանում է Ազգային ժողովի մասնակցությունը տվյալ հարցում: Անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 77-ի համաձայն, «Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում պետական բյուջեի կատարման, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների եւ վարկերի օգտագործման նկատմամբ»: Սակայն, բերված դրույթի վերջին մասով պայմանավորված հարաբերությունների, իմ կարծիքով, ոչ ամբողջական կարգավորվածության պայմաններում Ազգային ժողովը զրկված է վարկային միջոցների օգտագործման նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից:

Հարկ է նշել նաեւ, որ ՀՀ Սահմանադրությունում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից փոխառությունների եւ վարկերի ստացման գործընթացի կազմակերպման, համապատասխան ծրագրերի նախապատրաստման, ինչպես նաեւ այդ միջոցների օգտագործման արդյունավետության ապահովման առումով Ազգային ժողովի մասնակցության մասին ուղղակիորեն չի նշվում: Միաժամանակ, տրամաբանական է, որ տվյալ գործընթացի առումով երկրի օրենսդիր մարմինը պետք է օժտված լինի այդ ուղղությամբ կատարվող նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ տեղեկացված լինելու եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ հանդես գալու հնարավորությամբ:

Ներկայացվող օրենքների նախագծերն ուղղված են օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ պայմանագրերի մշակման եւ կնքման գործընթացներում ԱԺ-ի մասնակցության ապահովման մեխանիզմների ձեւավորմանը, ինչպես նաեւ վերջինիս կողմից այդ միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացման սահմանադրական պահանջի կատարմանը: