Armenian ARMSCII Armenian
Պ-873-16.10.2015,22.10.2015-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-264 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերջին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«էկոլոգիական  մշակույթ՝ մարդու եւ բնության ներդաշնակ փոխազդեցության  զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման գիտակցությամբ ու գիտական հիմնավորվածությամբ, ինչը նպաստում է առողջ ապրելակերպին, սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը, երկրի եւ յուրաքանչյուր անձի էկոլոգիական անվտանգությանը:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4. Պետական քաղաքականության սկզբունքները էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության ոլորտներում

Էկոլոգիական անընդմեջ կրթության եւ դաստիարակության պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝

ա) քաղաքացու էկոլոգիական գիտելիքների անհրաժեշտ նվազագույնը ստանալու պետական երաշխիքի ապահովումը.

բ) էկոլոգիական կրթության եւ դաստիարակության պարտադիր լինելը կրթական համակարգի բոլոր մակարդակներում, դրա շարունակականությունը եւ համալիր բնույթը.

ե) պետական քաղաքականության իրականացումն էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հարցերում.

զ) մշակույթների ու ավանդույթների բազմաձեւության ապահովումը, ազգային կոլորիտի պահպանումը՝ որպես էթնոէկոլոգիական համակարգ.

է) միասնական` բնագիտական ու մշակութաբանական փոխադարձաբար կապված արժեքների  ձեւավորումը մարդու եւ բնության համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:

Արդի հասարակական ու արտադրական հարաբերությունների նորացման, տնտեսական վերափոխումների ընթացքում բնական միջավայրի հետ մարդու շփման ինտենսիվությանը զուգընթաց` ընդլայնվում են այդ գործի օրենսդրական կարգավորման հնարավորությունները: Բնության նկատմամբ նոր աշխարհընկալմամբ որակական զարգացում է ապրում նաեւ էկոլոգիական գաղափարախոսությունը, որում անհնար է հաշվի չառնել բնության հանդեպ մարդու վերաբերմունքը`  իբրեւ առանձնահատուկ գեղագիտական արժեք:

Ելնելով վերոհիշյալից` առաջարկվող նախագծում նոր ձեւակերպում է տրված էկոլոգիական մշակույթին(հոդված 1), որը «հայրենական եւ համաշխարհային փորձ» անորոշ հասկացությունը փոխարինում է օրվա գիտական պատկերացումներին համապատասխանող եւ փուլային զարգացման առանձնահատկությունները հաշվի առնող սահմանմամբ:

Նախագծով նաեւ առաջարկվում է լրացնել պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` ներառելով  մարդու էկոլոգիայի եւ էթնոէկոլոգիայի մասին դրույթներ(հոդված 2): Էթնոէկոհամակարգի պահպանման կարեւորությունը դիտված է էական, որովհետեւ բնությունը այն հիմքն է, որի վրա ձեւավորվում եւ մեծապես կանխորոշվում է ժողովրդի դիմագիծը: Էկոլոգիական դաստիարակությունը ելնում է հայ ժողովրդի տարածաշրջանային-էկոլոգիական, ազգային, մշակութային առանձնահատկություններից եւ հոգեկերտվածքից:

Օրենքի նախագծի համար հիմք է ընդունվել ՄԱԿ-ի` շրջակա միջավայրի պահպանման ծրագիրը, ուշադրությամբ ուսումնասիրվել են հանրահայտ գիտնական Բ. Քոմմոների էկոլոգիական օրենքները, միջազգային փորձը եւ մասնագիտական գրականություն:

Օրենքի նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի օրենսդրորեն առավել համապարփակ կարգավորել էկոլոգիական դաստիարակությունը եւ էկոլոգիական կրթության համար ուղենիշներ սահմանել: