Armenian ARMSCII Armenian
Կ-8325-01.07.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին  Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 41-րդ հոդվածի 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «եւ պետական տուրքի անդորրագրով,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենսգրքի 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-10 մասերով.

«7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձեւով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետեւանքների մասին:

8. Դիմումատուն սույն հոդվածի 7-ին մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին եւ դիմումատուին պատշաճ ձեւով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաեւ դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:

10. Թույլտվությունը ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձեւով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասում նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարելու դեպքում լիազոր մարմնի կողմից կայացված համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: