Armenian ARMSCII Armenian
Կ-8322-01.07.2015-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.25-րդ հոդվածով.

«Հոդված 169.25. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ փաստաթղթերը եւ այլ տեղեկությունները չպահպանելը

1. Հսկվող ապրանքների արտահանում, հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցում իրականացնող սուբյեկտների իրականացրած արտահանման եւ (կամ) փոխանցման վերաբերյալ գործողությունը կատարելուց հետո արտահանված ապրանքների եւ (կամ) փոխանցված արժեքների ցանկը, հաշիվ-ապրանքագիրը եւ դրանց հանձնման-ընդունման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չպահպանելը`

        առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 244.7 հոդվածի  3-րդ մասում «26-րդ եւ 27-րդ մասերով, 169.24» բառերից հետո լրացնել «եւ 169.25-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: