Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-770-17.11.2009-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.

Վկայակոչելով`

- 1988 թվականի փետրվարին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում մի քանի օր շարունակ իրականացված եւ նույն թվականին ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի եւ Վորոնեժի մարզային դատարանի կայացրած համապատասխան դատավճիռներով հաստատված հայերի սպանություններն ու խոշտանգումները, նրանց պատկանող գույքի եւ ունեցվածքի թալանն ու ոչնչացումը,

- 1990 թվականի հունվարի 13-ից -19 -ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպված եւ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի փակ նիստում գործող իշխանության համապատասխան պաշտոնյաների կողմից փաստված հայ բնակչության զանգվածային ջարդերն ու հալածանքները,

- Ադրբեջանի հայաբնակ բոլոր եւ ԼՂՀ բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից հայերի նկատմամբ իրականացված լայնածավալ բռնություններն ու սպանությունները,

- ԼՂՀ եւ հարակից տարածքներում իր բնօրրանում ապրող հայ բնակչության բռնի տեղահանումներն ու նրանց նկատմամբ իրագործված էթնիկ զտումները,

Փաստում է`
- Ադրբեջանը ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման խաղաղ եւ օրինական գործընթացի, որդեգրելով ցեղասպանական եւ էթնիկ զտումների քաղաքականություն, դիմել է ուժի ապօրինի կիրառման եւ միջազգային հայտնի ահաբեկիչների եւ վարձկանների ներգրավումով 1991-1994թթ. սանձազերծել է լայնամասշտաբ պատերազմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:
Հայտարարում է`
- հակամարտության գոտում առկա իրողությունները հետեւանք են օրինապատշաճ կերպով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված Ադրբեջանի զինված ագրեսիայի հետմղման, ապագայում նմանատիպ ագրեսիվ գործողությունների կանխարգելման եւ այդ նպատակով համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության  51 հոդվածի Լեռնային Ղարաբաղի բնակչության կազմակերպած օրինական ինքնապաշտպանության,

- Հայաստանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ռազմականացումից ի վեր հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորը,

- Ադրբեջանը, որպես նախահարձակ եւ ագրեսոր երկիր, լիովին պատասխանատու է իր կողմից սանձազերծված պատերազմի եւ նրա հետեւանքների, անկախ ազգային պատկանելիությունից բոլոր փախստականներին եւ տեղահանված անձանց պատճառված կորուստների եւ զրկանքների համար եւ բացի այդ պարտավոր է փոխհատուցել ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասները,

- Ադրբեջանի կողմից շարունակվող հակամարտության ծագման եւ ծավալման պատճառների խեղաթյուրումները, ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված վանդալիզմի դրսեւորումները խափանում են կողմերի միջեւ փոխվստահության ձեւավորման հնարավորությունները,

- հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որպես բանակցային իրավահավասար կողմ չճանաչելու Ադրբեջանի մարտավարությունը ձախողում է արդյունավետ եւ ամբողջական բանակացությունների կայացման հնարավորությունը եւ, ըստ էության, նպատակ է հետապնդում խուսափել հակամարտության բուն առարկան հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի եւ անվտանգության հետ կապված հարցերի առաջնահերթ լուծումից,

- ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ռազմական ճանապարհի բացառման եւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության եւ արդյունավետության ապահովման միջոցը եղել եւ մնում է բանակցություններում ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ եւ առանց սահմանափակումների կիրառումը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգայաին հանրության մոտ կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Ադրբեջանը, թաքցնելով արյունալի հակամարտության հանգեցրած իր հանցավոր գործողությունները եւ իրական ագրեսորին զոհ, իսկ զոհին որպես ագրեսոր ներկայացնելով, փորձում է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմի հետեւանքների ողջ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա:

Մինչդեռ բազմաթիվ եւ հատկապես ոչ հայկական  աղբյուրներ փաստել են Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված հայերի ջարդերն ու հետապնդումները: Մասնավորապես, Սումգայիթում տեղի ունեցած ոճրագործությունը փաստված է անմիջապես դեպքերից հետո կատարվածի վերաբերյալ, զորօրինակ, հենց Սումգայիթ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ Ռ. Էմինբեյլու ներկայացրած զեկուցագրով, ինչպես նաեւ, 1988թ. նոյեմբերի 18-ին ք. Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիայի վճռով եւ 1988թ. դեկտեմբերի 20-ին ՌԽՖՍՀ Վորոնեժի մարզային դատարանի կողմից կայացրած դատավճռով, իսկ հունվարի 13-ից-19-ը Բաքվում հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ջարդերը վավերագրված են 1990 թվականի փետրվարի 19-ին եւ մարտի 1-ին գումարված ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի 3-րդ նստաշրջանի փակ նիստերում ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ.Ա.Կրյուչկովի եւ ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Վ.Վ.Բակատինի կողմից ներկայացված փաստերով:

Սակայն, պատմությունը նենգափոխելու եւ գլխիվայր շուռ տալու պետական  մարտավարությամբ, Ադրբեջանը օգտվելով հատկապես միջազգային խորհրդարանական կազմակերպություներում շատերի անտեղյակությունից եւ հարցի էությանը ծանոթ չլինելու հանգամանքից, ձգտում է կարգավորման` միմյանց հետ շաղկապված բաղադրիչների, փաթեթից առաջնահերթ լուծման համար առանձնացնել տարածքների եւ փախստականների հարցերը եւ ձեռք բերել այդ խնդիրների վերաբերյալ պահանջատիրոջ կարգավիճակ: Դրա հիման վրա, Ադրբեջանը անթաքույց նպատակ է հետապնդում հող ստեղծել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար` պահպանելով հակամարտության կարգավորման ռազամական ճանապարհը:

Առաջնահերթ խնդիր է միջազգային ատյաններում վերակագնել կատարվածի իրական պատկերը եւ մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման, դրա հետեւանքների եւ չկարգավորման վերաբերյալ, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը` ակտիվորեն ներգրավելով այդ գործում խորհրդարանական դիվանագիտությանը: