Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-057-31.07.2007,21.10.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Արտակարգ դրությանը եւ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացող հանգամանքները

1. Արտակարգ դրությունը` Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա որոշ տարածքներում Հայաստանի Հանրապետության Սահմանդրության համաձայն հայտարարվող պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների (անկախ նրանց կազմակերպական-իրավական ձեւից), ինչպես նաեւ նրանց պաշտոնատար անձանց գործունեության հատուկ իրավական ռեժիմ է :

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ այդ վտանգի վերացումն անհնարին է առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց եւ կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների:

Հոդված 2. Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը

1. Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերն են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանգրերը: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա որոշ տարածքներում, Հայաստանի Հանրապետության Նախագահը խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ, հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մաuին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին  համապատասխան անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ պարտադիր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության միջազգային կազմակերպությունների ներկայցուցչությունները եւ քարտուղարությունները:

Հոդված 4. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝

1) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները.

2) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը.

3) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն.

4) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցառումները, միջոցները եւ ուժերը.

5) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների ժամանակավոր սահմանափակվող իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ իրավունքների ազատությունների սահմանափակումների ծավալը.

6) արտակարգ դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասության շրջանակները.

7) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք.

8) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու օրը, ամիսը, ամսաթիվը եւ դրա գործողության ժամկետները :

2. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլով եւ ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված ժամկետում:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրում` արտակարգ դրության ռեժիմը խստացնող, իրավունքներ կամ ազատություններ սահմանափակող կամ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների վիճակը այլ կերպ վատթարացնող փոփոխությունները եւ լրացումները կատարվում են՝ սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով:

Հոդված 5. Արտակարգ դրության գործողության ժամկետը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարվող արտակարգ դրության ռեժիմը գործում է մինչեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված ժամկետի ավարտը: Եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում նշված ժամկետի ավարտը չեն վերանում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքները, ապա արտակարգ դրության գործողության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով:

Հոդված 6. Արտակարգ դրության դադարումը

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում արտակարգ դրությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:

2. Արտակարգ դրությունը կամ դրա որեւէ միջոցառումը դադարեցվում է նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարվելու դեպքում:

Հոդված 7. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող  միջոցառումները եւ իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակումները

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, արտակարգ դրության ամբողջ ժամկետի ընթացքում արտակարգ դրություն հայտարարված տարածքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ իրավունքների եւ ազատությունների  ժամանակավոր սահմանափակումները.

1) արտակարգ դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները.

2) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի գործունեությունը կանոնակարգող օբյեկտների պահպանության ուժեղացում.

3) ? ?ֆինանսա-տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ?ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ.

4) սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի ՀՀ կառավարության կողմից սահմանում.

5) ժողովներ, հավաքներ, ցույցեր, երթեր կամ այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու սահմանափակում կամ արգելում.

6) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելում.

7) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննության իրականացում.

8) արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների առաջացմանը նպաստող, ինչպես նաեւ այդ հանգամանքների վերացմանը խոչընդոտող վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում:

9) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նշանակովի եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասության ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում:

10) նյութական եւ մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ հանգամանքներում դրանց ոչնչացման, հափշտակության կամ վնասման համար.

11) տպագիր մամուլի ուսումնասիրություն, մասնավորապես` զանգվածային անկարգություն հրահրելու կամ պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ ՀՀ Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն կամ փոխելուն ուղղված կոչերի հրատարակության արգելման շրջանակում:

12) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում.

13) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կիրառման արգելում.

14) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ հասարակական միավորումների գործունեության կասեցում.

15) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական, առարկաների եւ տրանսպորտային միջոցների զննում.

16) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, թմրամիջոցների ու հոգեմետ նյութեր, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում: Թույլատրվում է քաղաքացիներից ժամանակավորապես առգրավել օրենքով սահմանված կարգով ձեռք բերված զենքը եւ ռազմամթերքը, թունավոր նյութերը, իսկ կազմակերպություններից՝ զենք, ռազմամթերքի, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր.

17) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով.

2. Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի կասեցնել արտակարգ դրության ժամանակ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերը:

3. Սույն օրենքով նշված իրավունքների եւ ազատությունների նկատմամբ թույլատրվող սահմանափակումները պետք է կիրառվեն բացառապես այն նպատակներով, որոնց համար նախատեսվել են:

Հոդված 8. Արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող է ստեղծվել արտակարգ դրություն հայտարարված տարածքի պարետատուն (այսուհետ՝ Տարածքի պարետատուն):

2. Տարածքի պարետատունն իրականացնում է արտակարգ դրություն հայտարարված տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը: Տարածքի պարետատունը ղեկավարում է պարետը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Հոդված 9. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով կարող են օգտագործվել ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

2. Ոստիկանության, պաշտպանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների  ուժերն ու միջոցները գործադրվում են հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով.

1) արտակարգ դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում.

2) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն.

3) զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում.

4) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի ու նյութական արժեքների փրկություն.

5) զանգվածային միջոցառումների կանխում եւ արգելում

6) հատուկ պահպանության ենթակա օբյեկտների պաշտպանություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերում նշված խնդիրները ապահովելու համար կարող են ներգրավվել նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

4. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ?ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ մարտական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ?ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան:

Հոդված 10. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները

1. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցները եւ ?ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք համարժեք են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք հանդիսացած հանգամանքներին:

2. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցները եւ ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

Հոդված 11. Արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու նյութական այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք նյութական փոխհատուցում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Արտակարգ դրության ժամանակ առգրավված գույքը արտակարգ դրության դադարումից հետո  մեկ շաբաթյա ժամկետում վերադարձվում է դրանց սեփականատերերին:

Հոդված 12. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները

1. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման:

Հոդված 13. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի ինքնությունը պարզելը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ: Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկաները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության, ինչպես նաեւ դրանց վրա մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը կարող է արգելանք դրվել: Ձերբակալման մասին որոշումը ֆիզիկական անձի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Հոդված 14. Արտակարգ դրությունը դադարած հայտարարելու իրավական հետեւանքները

1.  Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու, արտակարգ դրությունը դադարեցնելու հետ անմիջապես, այդ իրավական ակտերն ընդունած անձանց կամ մարմնի կողմից` համապատասխան իրավական ակտով:

Հոդված 15. Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1.  Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի անիրավաչափ կիրառումը, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքներով, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն «մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Uահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են oրենքով uահմանված կարգով ժամանակավորապեu uահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ», իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն «արտակարգ դրության իրավական ռեժիմը uահմանվում է oրենքով»:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիշյալ պահանջները անհրաժեշտություն է առաջանում ընդունել օրենք որով կկարգավորեն արտակարգ դրության իրավական ռեժիմի եւ արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետությունում մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումների հետ կապված իրավահարաբերությունները:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով սահմանվում է, որ Արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր միջոցառում է, որը հայտարարվում է բացառապես Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում: Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջական վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ այդ վտանգի վերացումն անհնարին է առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց եւ կազմակերպությունների` սույն օրենքով նախատեսված առանձին հիմնական իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների:

Նախագծով սահմանվում է` արտակարգ դրություն հայտարարելու կարգը, արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի    Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը, արտակարգ դրության գործողության ժամկետը, արտակարգ դրության դադարման հիմքերը, արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող  միջոցառումները եւ իրավունքների ժամանակավոր սահմանափակումները, Արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը, արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները,  արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները, Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ մարտական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները, պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը, արտակարգ դրությունը դադարած հայտարարելու իրավական հետեւանքները, արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը եւ այլն:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ նշված բոլոր դրույթները, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի պահանջները կարող են սահմանվել բացառապես օրենքով, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում չի գործում հիշյալ հարաբերությունները կարգավորող օրենք եւ Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտության դեպքում արտակարգ դրությունը հայտարարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ուժով: Հաշվի առնելով վերոհիշյալը գտնում ենք, որ ներկայացված նախագծի ընդունումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրության իրավական ռեժիմի հետ կապված հարաբերությունները կարգավորելու համար: