Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-711-25.09.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻ

ՀՈԴՎԱԾ 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 24-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «2. Օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գործատուի դիմած կոնկրետ ժամկետով`պահպանելով նույն հոդվածի պահանջները: Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն սույն օրենքով սահմանված կարգով:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 25-րդ հոդվածի ա) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վիճակը վերջինիս վերլուծության հիման վրա թույլ չի տալիս այդ աշխատանքը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդվածի 2-րդ մասում,    45-րդ հոդվածի 3-րդ մասում «լիազորված» բառից առաջ լրացնել «օտարերկրացիների աշխատանքի եւ զբաղվածության բնագավառում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Օրենքի նախագծի նպատակն է Հայաստանում օտարերկրացիներին տրվող աշխատանքի թույլտվության ժամկետների երկարաձգումը:

Այս նախագծի մշակումը նախատեսված է նաեւ ՀՀ կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 84 կետով, որի ակնկալվող արդյունքը սյունակում ամրագրված է «Հայաստանում օտարերկրացիներին տրվող աշխատանքի թույլտվության ժամկետների երկարաձգում»:

Սույն Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել նաեւ ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 26-ի թիվ 775-Ն որոշմամբ հաստատված «Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված «Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի» 8-րդ կետը (Աշխատանքային հարաբերությունների կանոնակարգում), որի «առաջարկվող միջոցառումը» սյունակում ամրագրվել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախաձեռնելու» մասին դրույթ: Վերը նշված Ծրագրի նպատակ/արդյունք սյունակում ամրագրված է հետեւյալը. «Օտարերկրյա աշխատուժի աշխատանքի թույլտվության ժամկետային սահմանափակման վերացում»:

1.1 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Գործարար միջավայրի վերլուծությունները ցույց են տալիս, որ տեղական արտադրողների կողմից կոնկրետ մասնագիտական ունակություններ ունեցող օտարերկրացի մասնագետներին ներկայումս գործող Օրենքի համաձայն Հայստանում աշխատանքի ընդունելիս առաջանում են խնդիրներ : Մասնավորապես` օտարերկրացուն աշխատանքի թույլտվություն տրվում է ոչ ավելի, քան մեկ տարվա ժամկետով եւ այն կարող է երկարաձգվել նույն ժամկետով միայն մեկ անգամ:  Օտարերկրյա քաղաքացուն կարող է տրամադրվել նոր աշխատանքի թույլտվություն, եթե նա ոչ պակաս, քան մեկ տարի անընդմեջ բնակվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Օրենքի նախագիծը նպատակ ունի ավելացնել օտարերկրյա աշխատուժին տրամադրվող աշխատանքի թույլտվության ժամկետները, մասնավորապես` օտարերկրյա աշխատուժին տրամադրել աշխատանքի թույլտվություն գործատուի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետով:

2. Կարգավորման առարկան

Օրենքի նախագծի ընդունմամբ բարելավվում է Հայաստանի գործարար միջավայրը` տնտեսվարողներին հնարավորություն ընձեռնելով օտարերկրացի աշխատողին աշխատանքի վերցնելու անհրաժեշտ ժամկետով :

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային եւ գործարար բարենպաստ միջավայրի ձեւավորումը, որտեղ տնտեսվարողները հնարավորություն կունենան օտարերկրացի բարձր որակավորում ունեցող  մասնագետներին հրավիրել աշխատելու Հայաստանում` իրենց համար նախընտրելի  ժամկետներով: