Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-692-10.09.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասից հանել երրորդ, չորրորդ եւ հինգերրորդ նախադասությունները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակն է ՀՀ պետական բյուջեի կորուստների հնարավորության բացառումը, որը կարող է տեղի ունենալ այլ երկրների ներքին օրենսդրության փոփոխությունների հետեւանքով` կապված այդ երկրների ռեզիդենտ կազմակերպությունների շահաբաժինների չհարկման դրույթի ներդրմամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ երկրներում ներդրողները ազատվում են շահաբաժինների հարկումից: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածում նշված է, որ եթե օտարերկրյա ներդրողի ռեզիդենտության պետությունում շահաբաժինները չեն հարկվում, ապա հայկական կազմակերպությունից այդ օտարերկրյա ներդրողի ստացված շահաբաժինները Հայաստանում եւս չեն հարկվում: Արդյունքում ստացվում է, որ հայկական կազմակերպություններից ոչ ռեզիդենտների ստացված շահաբաժինների հարկումը Հայաստանում կախված է այլ երկրներում գործող օրենսդրությունից:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտ կազմակերպությունների ստացած շահաբաժինները հարկել 10% դրույքաչափով` անկախ ոչ ռեզիդենտների ռեզիդենտության երկրներում շահաբաժինների հարկման կամ չհարկման հանգամանքից:

2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հայաստանյան աղբյուրներից ոչ ռեզիդենտներին վճարված շահաբաժինների շահութահարկով հարկման հետ կապված հարցերի կանոնակարգումն է:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.  Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն է ստեղծվում կանխել ՀՀ պետական բյուջեի հնարավոր կորուստները: