Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-678-31.07.2009-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (հավելվածը կցվում է):

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:

Հավելված
«Հայաստանի Հանրապետության
2010-2012 թվականների պետական
վիճակագրական աշխատանքների
եռամյա ծրագիրը հաստատելու մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

2010-2012 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Սույն ծրագիրը մշակվել է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխան եւ սահմանում է 2010-2012 թվականների պետական վիճակագրական գործունեության ուղղություններն` ըստ վիճակագրության տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական բնագավառների:

Հայաստանի Հանրապետության 2010-2012 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը (այսուհետ` Եռամյա ծրագիր) ներառում է երկրի տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական եւ բնապահպանական իրավիճակի դիտարկման համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվությունը՝ հաշվի առնելով առկա ռեսուրսների սահմանափակումները, վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վրա դրվող պարտականությունների ծավալը եւ ծախսերի արդյունավետությունը:

Համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Եռամյա ծրագրով նախատեսված գործունեության ուղղություններն ու միջոցառումները հաշվի են առնում երկրի ցուցանիշների համադրելիությունը միջազգային վիճակագրական չափանիշներին, երկարաժամկետ միջակայքում միտումները բացահայտելու տեսանկյունով ապահովում են դրանց հնարավոր կայուն պարբերականությունը եւ տարեկան կտրվածքով պետական վիճակագրությանը հատկացվող ռեսուրսների հետ համաչափությունը:

Եռամյա Ծրագրի կատարումը եւ ֆինանսավորումը պայմանավորված է եւ բխում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

ՄԱՍ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պետական վիճակագրության ոլորտում որդեգրված ռազմավարությունն ուղղորդված է «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հիմնական խնդիրների իրագործման ապահովմանը եւ խարսխվում է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում (15 ապրիլի 1992թ.) եւ Միավորված ազգերի կազմակերպության Վիճակագրական հանձնաժողովի կողմից (14 ապրիլի 1994թ.) ընդունված պաշտոնական վիճակագրության 10 հիմնարար սկզբունքներին, ինչպես նաեւ ի լրումն այդ սկզբունքների` Եվրախորհրդի Վիճակագրական ծրագրային կոմիտեի կողմից ընդունված (24 փետրվարի 2005թ.) Եվրոպական վիճակագրության վարքականոնով սահմանված 15 սկզբունքներին ու դրանց հիման վրա մշակված վիճակագրության միջազգային չափանիշներին ու  ստանդարտներին:

Համաձայն պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքների.  վիճակագրությունը պետք է պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, հանրության, բիզնե՟սի պահանջմունքների բավարարման համար ծրագրային աշխատանքի ընթացքում ապահովի անկողմնակալություն (անկախություն), տեղեկատվությունից օգտվելու հավասար մատչելիություն, պրոֆեսիոնալ ստանդարտներ, արդյունավետություն, հաշվետվողականություն եւ թափանցիկություն, սկզբնական (անվանական) տվյալների գաղտնիություն եւ այլն:

Պետական վիճակագրության հիմնական խնդիրների եւ հիմնարար սկզբունքների ապահովման նպատակով, մասնավորապես նախատեսվում է.

ա. վիճակագրության միջազգայնորեն ընդունված սկզբունքների պահպանման համատեքստում` շարունակել վիճակագրության ինստիտուցիոնալ վերափոխման գործընթացները, հետամուտ լինելով նաեւ վիճակագրական հարաբերությունները կարգավորող օրենսդրական համապատասխան փոփոխությունների իրականացմանը,

բ. վիճակագրական մեթոդաբանության շարունակական կատարելագործման, միջազգային չափանիշների հետ դրա ներդաշնակեցման ու միասնականացման, ինչպես նաեւ վիճակագրական ցուցանիշների միջազգային համադրելիության ապահովման նպատակով` շարունակել եւ ընդլայնել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միջազգային համագործակցությունը,

գ. վիճակագրական տվյալների որակի եւ թափանցիկության ապահովման նպատակով` շարունակել տեղեկատվության տարածման միջազգայնորեն ընդունված չափանիշների ներդրման ու կիրառման աշխատանքները (մասնավորապես` ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված «Տվյալների տարածման հատուկ ստանդարտի»), ինչը ենթադրում է նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջի անխափան շահագործում եւ տեղեկատվության կազմի ու որակի, ինչպես նաեւ մեթոդաբանական տվյալների պարբերական արդիականացում,

դ. վիճակագրության մեթոդաբանության զարգացմանը զուգընթաց` շարունակել ներկայումս գործող վիճակագրական դիտարկման փաստաթղթերում արտացոլված ցուցանիշների կազմի ու բովանդակության վերանայման, վիճակագրական դիտարկման փաստաթղթերի միասնականացման աշխատանքները, միաժամանակ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տեղեկատվության որակի, ամբողջականության եւ արժանահավատության վրա վերջինիս հնարավոր բացասական ազդեցությունները, ինչպես նաեւ հնարավորինս նվազեցնել վիճակագրական տեղեկություններ տրամադրողների ծանրաբեռնվածությունը,

ե. համալրել, արդիանականացնել եւ ամբողջականացնել (նվազագույնը` ամենամյա պարբերականությամբ) բիզնես-ռեգիստրի տվյալների բազան (իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասով) եւ որպես դրա հետեւանք` աստիճանական անցում կատարել տեղեկատվության հավաքագրման ընտրանքային եղանակների ներդրմանն ու կիրառմանը,

զ. շարունակել տեխնիկատնտեսական եւ սոցիալական տեղեկատվության դասակարգման ու կոդավորման միասնական համակարգի մասը կազմող ազգային դասակարգիչների մշակման ու ներդրման (այդ թվում` վիճակագրության համար տարածքային միավորների ընդհանրական դասակարգչի, անհատական սպառման` ըստ նպատակների դասակարգչի, վիճակագրական միավորների դասակարգչի եւ այլն), ինչպես նաեւ արդեն իսկ պետական վիճակագրությունում ներդրված ու կիրառվող դասակարգիչների կատարելագործման աշխատանքները (այդ թվում` հաշվի առնելով տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի եւ արտադրանքի դասակարգչի նախատեսվող հիմնարար փոփոխությունների տեղայնացման հանգամանքը),

է. անցում կատարել վարչական ռեգիստրների միջոցով տեղեկատվության հավաքագրման մեխանիզմի ամբողջական կիրարկմանը, հաշվի առնելով պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված համապատասխան աշխատանքների իրականացման ապահովումը,

ը. տեղական (համայնքային) վարչական ռեգիստրների (այդ թվում` համայնքների անձնագրերի) ներդրմանը եւ վարմանը զուգընթաց, կատարելագործել եւ ընդյալնել տարածքային վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը,

թ. շարունակել գենդերային կտրվածքով վարվող վիճակագրության ամբողջականացմանն ուղղված աշխատանքները,

ժ. ցուցանիշների նախապատրաստման օպերատիվության ապահովման, ինչպես նաեւ աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով` միջոցառումներ իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմամբ եւ կիրառմամբ տեղեկատվության էլեկտրոնային հավաքագրման ուղղությամբ,

ժա. շարունակել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ցուցանիշների գծով վիճակագրական տեղեկատվություն պարունակող, ինչպես նաեւ ոլորտային ու տարածքային առանձնահատկությունները բնութագրող վիճակագրական հրապարակումների (տեղեկագրեր, ժողովածուներ եւ այլն) թողարկումը, ինչպես նաեւ ընդլայնել դրանց կազմը, բովանդակությունն ու թեմատիկ ընդգրկումը` վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) պահանջարկի առավել ամբողջական եւ օպերատիվ բավարարման նպատակով,

ժբ. կատարելագործել վիճակագրական տեղեկատվության սպառողների (օգտագործողների) համար Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական ինտերնետային էջից ժամանակի իրական ռեժիմով ամփոփ տեղեկատվության ստացման մեխանիզմը:

ՄԱՍ 2. ԳՈՐԾԱՌՈՒԹԱՅԻՆ  ՈԼՈՐՏՆԵՐԻ  ԶԱՐԳԱՑՈՒՄՆ  ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

Վիճակագրության ոլորտը բնութագրվում է մեթոդաբանության մշտական կատարելագործման անհրաժեշտությամբ, ինչը պայմանավորված է մի կողմից՝ տվյալների արժանահավատության, օպերատիվության, տեղեկատվության ստացման գիտական հիմնավորվածության եւ միջազգային չափանիշներին համապատասխանության առումով մշտապես աճող պահանջներով, իսկ մյուս կողմից` սկզբնական (անվանական) բոլոր տիպի տվյալների չտարածմամբ:

Վիճակագրության հետագա զարգացումը 2010-2012 թվականներին  նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական միջոցառումային ծրագրերի շրջանակում.

ԲԱԺԻՆ 2.1. ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

2.1.1. Ազգային հաշիվներ

1)  «Ազգային հաշիվների համակարգ - 93» եւ «Եվրոպական հաշիվների համակարգ-95» միջազգային մեթոդաբանությունների համաձայն` ամբողջ տնտեսության, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ հատվածների մակարդակով Հայաստանի ազգային հաշիվների համակարգի վիճակագրության վարում եւ կատարելագործում` մինչեւ «Ազգային հաշիվների համակարգ - 2008» նոր մեթոդաբանության ամբողջական ներդրումը:

2) «Ազգային հաշիվների համակարգ - 2008» նոր մեթոդաբանության ներդրման աշխատանքների իրականացում:

3) համախառն ներքին արդյունքի եւ այլ մակրոտնտեսական ցուցանիշների  հաշվարկման մեթոդաբանության կատարելագործում, այդ թվում նաեւ` համաձայն «Եվրոպական հաշիվների համակարգ - 95»-ով սահմանվող խմբավորման տարբեր ձեւաչափերի:

4) ֆինանսական եւ ոչ ֆինանսական կազմակերպությունների հատվածների ավելացված արժեքի (արտադրական եղանակով) վիճակագրության վարում` ըստ  ենթահատվածների:

5) ազգային հարստության բաղադրիչների վիճակագրության վարում եւ կատարելագործում:

6) ազգային հաշիվներում հիմնական միջոցների սպառման գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

7) ազգային հաշիվներում Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի դասակարգչի (Եվրամիության դասակարգչի երկրորդ վերանայմանը համապատասխան) ներդրման աշխատանքների իրականացում:

8) «չդիտարկվող տնտեսության» չափերի գնահատման մեթոդաբանության եւ հաշվարկների կատա՟րելա՟գործում:

9) ազգային հաշիվների համակարգում` «ծախսեր-թողարկում» սկզբունքի ներդրման աշխատանքների իրականացում:

10)  ֆինանսական միջնորդության անուղղակի ծառայությունների գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

2.1.2. Արդյունաբերություն

1)  «Տնտեսական գործունեության տեսակների» (ՏԳՏԴ) եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» (ԱԴԳՏ) Հայաստանի դասակարգիչներին համապատասխան արդյունաբերության ոլորտի վիճակագրության վարում:

2)  արդյունաբերության վիճակագրության տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան:

3)  հաշվառման դաշտի ամբողջականացման ապահովման նպատակով չդիտարկվող (չհաշվառվող) առանձին արտադրատեսակների գծով գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբանության կատարելագործում:

4) էներգահաշվեկշռի կազմման նպատակով անհրաժեշտ մեթոդաբանական եւ հաշվառման կազմակերպման աշխատանքների իրականացում:

2.1.3. Գյուղատնտեսություն

1) «Տնտեսական գործունեության տեսակների» եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան գյուղատնտեսության ոլորտի վիճակագրության վարում:

2) գյուղատնտեսության վիճակագրական տվյալների հավաքագրման եւ մշակման մեթոդաբանության շարունակական կատարելագործում` միջազգային չափանիշներին ու ստանդարտներին համապատասխան:

3) գյուղատնտեսության վիճակագրական ընտրանքային դիտարկման ցանցի ներկայացուցչականությունն ապահովելու նպատակով գյուղատնտեսության վիճակագրության ընտրանքային դիտարկման ցանցի պարբերաբար արդիականացում եւ դիտարկման ընտրանքային եղանակների կիրառում:

4) բուսաբուծական եւ անասնաբուծական մթերքի արտադրության առանձնահատկություններից ելնելով` դրանց ծավալների ճշգրտման գործիքակազմի կատարելագործում:

5) գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների իրականացում:

2.1.4. Շինարարություն

1)  «Տնտեսական գործունեության տեսակների» եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան շինարարության ոլորտի  վիճակագրության  վարում:

2) շինարարության հիմնական ցուցանիշների մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին:

3) շինարարության իրական ծավալների ամբողջականության ապահովման եւ արժանահավատության բարձրացման, չհաշվառվող ծավալների գնահատման նպատակով դիտարկումների մեխանիզմի կատարելագործում:

2.1.5. Տրանսպորտ եւ կապ

1) «Տնտեսական գործունեության տեսակների» եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասա՟կար՟գիչներին համապատասխան տրանսպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության վարում:

2) ավտոմոբիլային տրանսպորտի հիմնական ցուցանիշների (բեռնաուղեւորափոխադրումներ, բեռնաուղեւորաշրջանառություն) գծով չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբա՟նության կատարելագործում` ըստ  միջազգային չափորոշիչների:

3) տրանսպորտի եւ կապի ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին:

2.1.6. Առեւտուր եւ այլ ծառայություններ

1) «Տնտեսական գործունեության տեսակների» եւ «Արտադրանքի դասակարգում ըստ գործունեության տեսակների» Հայաստանի դասակարգիչներին համապատասխան առեւտրի եւ ծառայությունների ոլորտի վիճակագրության վարում:

2) առեւտրի եւ այլ ծառայությունների ոլորտների վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին:

3) առեւտրի եւ այլ ծառայությունների ոլորտում չդիտարկվող (չհաշվառվող) դաշտի գնահատման գործիքների կիրառում եւ դրանց մեթոդաբանության կատարելագործում` միջազգային չափորոշիչներին համապատասխան:

2.1.7. Գներ եւ սակագներ

1) Եվրամիության երկրներում հաշվարկվող Հարմոնիզացված սպառողական գների ինդեքսի (ՀՍԳԻ)` Հայաստանի Հանրապետությունում ներդրման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքների իրականացում`  սպառողական գների ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությունը համահունչ դարձնելով Եվրամիության չափանիշներին եւ համապատասխանեցնելով Եվրամիության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Դրանով պայմանավորված, սպառողական գների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության հետագա կատարելագործում, դիտարկվող ապրանք–ծառայությունների կազմի, կառուցվածքի վերանայում եւ ընդլայնում, զամբյուղում ներառված ապրանք-ծառայությունների կշիռների վերահաշվարկ:

2) արդյունաբերական եւ գյուղատնտեսության արտադրանքների, արտաքին առեւտրի գների, բեռնափոխադրումների սակագների ինդեքսների հաշվարկման մեթոդաբանության շարունակական կատարելագործում. հետազոտման դաշտի ընդլայնում, դիտարկվող արդյունաբերական կազմակերպությունների եւ գյուղացիական տնտեսությունների ընտրանքի վերանայում, գների հետազոտության կազմակերպում միջազգային չափանիշներին ու դասակարգումներին համապատասխան:

3) անշարժ գույքի արժեքի (գների) ինդեքսի հաշվարկման մեթոդաբանության մշակման եւ ներդրման ուղղությամբ աշխատանքների իրականացում:

4) համախառն ներքին արդյունքի եւ ազգային արժույթի գնողունակության համարժեքության հաշվարկման միջազգային գլոբալ համադրումների ծրագրի նոր փուլի (2011թ. տվյալներով) համադրումների աշխատանքներին մասնակցության գործընթացի նախապատրաստում եւ իրականացում: Համաձայն միջազգային համադրումների ծրագրի, շուրջ 2000 անվանում սպառման ապրանքների (ծառայությունների), ավելի քան 300 անվանում ներդրումային բնույթի ապրանքների եւ շինարարության բաղադրամասերի գների դիտարկման, ինչպես նաեւ ոչ շուկայական ծառայությունների քանակային, ծավալային ու գնային տեղեկատվության հավաքագրման, հաշվարկման, ամփոփման աշխատանքների իրականացում:

2.1.8. Աշխատանքի շուկա

1) Հայաստանի Հանրապետության բնակչության զբաղվածության եւ աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման եւ ամփոփման գործընթացի բոլոր օղակներում մեթոդների եւ գործիքների կատարելագործում` ի նպաստ նախնական տվյալների եւ հաշվարկային ցուցանիշների որակի բարձրացման:

2) վարչական ռեգիստրների` որպես վիճակագրական տեղեկատվության աղբյուրի, առավելագույնս կիրառում:

3) պետական վիճակագրական հաշվետվությունների, դիտարկման հարցաթերթերի եւ դրանցում ընդգրկված ցուցանիշների կազմի ու բովանդակության պարբերաբար վերանայում եւ կատարելագործում` դրանք ներդաշնակեցնելով Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) եւ Եվրահանձնաժողովի կողմից սահմանված աշխատաշուկայի հիմնական ցուցանիշների, Ազգային հաշիվների համակարգի դրույթների հետ, ինչպես նաեւ հաշվի առնելով աշխատանքի շուկան բնութագրող վիճակագրական ցուցանիշների սպառողների պահանջմունքները:

4)  միջազգային դասակարգիչներին (Զբաղմունքների միջազգային դասակարգիչ, Զբաղվածության կարգավիճակի միջազգային դասակարգիչ, Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ) համապատասխան՝ աշխատանքի վիճակագրության վարում:

5) թաքնված զբաղվածության չափերի, գյուղացիական տնտեսություններում զբաղվածության գնահատման մեթոդաբանության, աշխատաժամերի, աշխատուժի գնի վիճակագրության կատարելագործում:

6) աշխատանքի վիճակագրության մասով ռեգիոնալ վիճակագրության զարգացում:

7) տնային տնտեսություններում եւ առեւտրային փոքր կազմակերպություններում աշխատուժի ընտրանքային հետազոտությունների կատարելագործում, մասնավորապես առկա ցուցանիշների վերանայում, ընտրանքային համակցության ընդլայնում` մարզային եւ Երեւան քաղաքի մակարդակով ցուցանիշների ներկայացուցչականության ապահովում, ընտրանքային համակցության ցուցանիշների վերակշռում, հետազոտության հիմնական ցուցանիշների սահմանային սխալի եւ վստահության միջակայքերի հաշվարկում, հետազոտությունների իրականացման կայուն պարբերականության (շարունակականության) ապահովում եւ դիտարկման հաճախականության ավելացում:

2.1.9. Բիզնես ռեգիստր

1) վարչական ռեգիստրների (մասնավորապես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե եւ այլն) կողմից վարվող տվյալների բազաների հիման վրա իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի մասով բիզնես ռեգիստրի բազայի ամբողջականացման ապահովում եւ դրանում ներառված ցուցանիշների պարբերաբար արդիականացում` համաձայն միջազգային ընդունված չափորոշիչների:

2) բիզնես ռեգիստրի բազայի ծրագրային ապահովման շարունակական կատարելագործում` ուղղված պետական վիճակագրության ընտրանքային դիտարկման մեխանիզմների կիրարկման ընդլայնմանը:

3) բիզնես ռեգիստրի բազայում առկա ցուցանիշների որակի բարձրացման նպատակով ուղղակի եւ անուղղակի աղբյուրներից հավաքագրվող տեղեկատվության մշակման գործիքների կատարելագործում:

ԲԱԺԻՆ 2.2. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ

1) պետական ֆինանսների (համախմբված, պետական եւ համայնքների բյուջեների եւ դրանց տարրերի) վիճակագրության վարում եւ կատարելագործում` միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին համապատասխան (այդ թվում` վարչական վիճակագրություն վարող լիազոր մարմնի հետ համատեղ «Կառավարության ֆինանսների վիճակագրություն-2001» ձեռնարկի դասակարգմանը համապատասխան վիճակագրության վարում):

2) Հայաստանի Հանրապետության պետական պարտքի վիճակագրության վարում եւ կատարելագործում:

3) ֆինանսական միջնորդության հատվածի (այդ թվում նաեւ` համապատասխան վարչական վիճակագրությունը վարող լիազոր մարմնի հետ համատեղ` ֆինանսական միջնորդության ոչ բանկային հատվածի) վիճակագրության վարում եւ կատարելագործում:

4) «Եվրոպական հաշիվների համակարգ-95»-ի սկզբունքներին համապատասխան «Ֆինանսական հաշվի» վիճակագրության ներդրում ու վարում եւ այդ համատեքստում` ոչ ֆինանսական կազմակեր՟պություններից հավաքագրվող ֆինանսատնտեսական ցուցանիշների կազմի ու բովանդակության համալրում ու համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված եւ կիրառվող մեթոդաբանություններին:

ԲԱԺԻՆ 2.3. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՏՎԱԾ

1) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի կազմում` համաձայն Արժույթի միջազգային հիմնադրամի մեթոդաբանության:

2) Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի եւ միջազգային ներդրումային դիրքի կազմման Արժույթի միջազգային հիմնադրամի նոր (Վճարային հաշվեկշռի ձեռնարկ 6) մեթոդաբանության ներդրման աշխտանքների իրականացում:

3) միջազգային մեթոդաբանության համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի վիճակագրության վարում, ըստ հանրապետության, տնտեսության հատվածների, մարման ժամկետների եւ առանձին  գործիքների:

4) Արժույթի միջազգային հիմնադրամի ծառայությունների դասակարգմանը համապատասխան արտաքին առեւտրի ցուցանիշների հավաքագրում:

5) օտարերկրյա (այդ թվում` օտարերկրյա ուղղակի) ներդրումների հաշվառման դաշտի բարելավում եւ ցուցանիշների գնահատման մեթոդաբանության կատարելագործում:

6)ապրանքների գծով արտաքին առեւտրի վիճակագրության վարում, ապրանքների միջազգային դասակարգման ներդրում եւ դրանց միջեւ անցման (բանալիների) ապահովում:

7) վճարային հաշվեկշռի կազմման նպատակով ապրանքների առեւտրի վիճակագրության գծով «հայելային» վիճակագրության վարում:

8) զբոսաշրջության ցուցանիշների նկատմամբ հիմնական սպառողների պահանջի  ավելացումով պայմանավորված, ինչպես նաեւ հաշվի առնելով միջազգային կազմակերպությունների առաջարկությունները, համապատասխան վարչական վիճակագրություն վարող մարմնի հետ համատեղ (այդ թվում նաեւ` սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի կիրառման միջոցով) զբոսաշրջության սատելիտային հաշվի կառուցման ուղղությամբ աշխատանքների իրականացում, մասնավորապես, ընտրանքային հետազոտությունների անցկացման միջոցով սատելիտային հաշվի հիմնական աղյուսակների կազմման համար տեղեկատվության հավաքագրում:

ԲԱԺԻՆ 2.4. ՍՈՑԻԱԼ - ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

2.4.1. Սոցիալական ոլորտ

2.4.1.1 Կրթություն

1)   կրթության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձեւավորում եւ վարչական հաշվառման կատարելագործում (այդ թվում` նախադպրոցական, նախամասնագիտական, միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության, վերապատրաստման գործընթացների վերաբերյալ վիճակագրության վարում):

2)   կրթության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին:

2.4.1.2  Առողջապահություն

1) առողջապահության ոլորտի վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների եւ վարչական հաշվառման կատարելագործում:

2) առողջապահության ոլորտի վիճակագրության մեթոդաբանության կատարելագործում եւ դրա համադրելիության ապահովում` գործող միջազգային չափանիշներին եւ ստանդարտներին:

2.4.1.3  Սոցիալական ապահովություն եւ ապահովագրություն

1)  սոցիալական ապահովության եւ ապահովագրության ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձեւավորում եւ վարչական հաշվառման կատարելագործում:

2) կենսաթոշակային ապահովության եւ սոցիալական ապահովության ոլորտի, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության ենթակա անձանց համար կատարված ապահովագրական վճարումների մասին վիճակագրության բարելավում:

2.4.1.4  Այլ սոցիալական բնագավառներ

1)   մշակույթի, սպորտի եւ այլ սոցիալական ոլորտների վիճակագրական հաշվառման ամբողջականացման նպատակով` վարչական ռեգիստրների ձեւավորում, ներդրում եւ վարչական հաշվառման կատարելագործում:

2)   բնակարանային եւ կոմունալ ծառայությունների ոլորտի վիճակագրության բարելավում:

2.4.1.5 Տնային տնտեսություների հետազոտություններ

1) տնային տնտեսությունների պարբերական ընտրանքային հետազոտությունների  անցկացում եւ մեթոդաբանության կատարելագործում:

2) աղքատությունը եւ սոցիալական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների ամբողջականացման եւ արդիականացման նպատակով` տնային տնտեսությունների հետազոտությունների ընտրանքի ներկայացուցչականության ապահովում տարածաշրջաններով, ինչը հնարավորություն կընձեռի այդ ցուցանիշները հաշվարկել եւ հրապարակել նաեւ ըստ մարզերի եւ Երեւան քաղաքի:

3) «Կայուն զարգացման ծրագրի» մոնիտորինգի աղքատության նյութական եւ ոչ նյութական (կրթություն, առողջապահություն, անվտանգ խմելու ջրի մատչելիություն եւ բնակարանային պայմաններ) ցուցանիշների վարման շարունակականության ապահովում ու կատարելագործում:

4) տնային տնտեսությունների ընտրանքային հետազոտությունների ժամանակ հատուկ մոդուլներով (մոդուլային հարցաթերթերով) աղքատության խորացված գնահատման իրականացում:

2.4.1.6 Պարենային ապահովություն

1)   Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ու Եվրոպական հանձնաժողովի կողմից երաշխավորված մեթոդաբանության համաձայն` պարենային ապահովության վիճակը բնութագրող ցուցանիշների համակարգի` պարենի առկայություն, մատչելիություն եւ սպառում, շարունակական կատարելագործում եւ դրանց հիման վրա Ազգային պարենային հաշվեկշիռների պարբերական կազմում:

2.4.2. Ժողովրդագրություն

1) «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ 2011 թվականի մարդահամար անցկացնելու վերաբերյալ այլ իրավական ակտերի համաձայն.

ա. Սահմանված ժամկետներին կազմակերպել եւ անցկացնել.

-  2010թ. ապրիլի 14-23-ը փորձնական մարդահամար,

-  2011թ.-ի հոկտեմբերի 12-21-ը  հերթական մարդահամար:

բ. 2011 թվականի ՀՀ մարդահամարի նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման աշխատանքների ժամանակացույցով սահմանված ժամկետներին ապահովել.

- մարդահամարի ծրագրի (մարդահամարի հարցաշարի) քննարկումը սպառողների լայն շրջանակի հետ եւ դրա ներկայացումը ՀՀ կառավարության հաստատմանը,

- մարդահամարի մեթոդաբանական եւ հրահանգչական փաստաթղթերի մշակումն ու հաստատումը,

- համապատասխան կադրերի հավաքագրման,  ուսուցման եւ գիտելիքների ստուգման գործառույթները:

2)   ժողովրդագրական ցուցանիշների տեղեկատվական համակարգի համապատասխանեցում միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին, հանրապետության ժողովրդագրական իրավիճակի առավել ընդգրկուն ներկայացման նպատակով: Մասնավորապես.

ա. բնակչության բնական շարժի ցուցանիշների` ծննդյան, մահվան, ամուսնության, ամուսնալուծության ակտերի մշակման աշխատանքների կատարելագործում,

բ. բնակչության միգրացիայի հաշվառման (գնահատման) այլընտրանքային եղանակների մշակում,

գ. բնակչության սեռա-տարիքային կազմի վերաբերյալ ցուցանիշների ամբողջականության ապահովում` ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի եւ Երեւան քաղաքի:

2.4.3. Բնապահպանության վիճակագրություն

1)   Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական եւ տարածաշրջանների զարգացման ու կենսագործունեության առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտին առնչվող տարածաշրջանային տեղեկատվական բազաների վարում,  վարչական ռեգիստրների կատարելագործում:

2)   բնապահպանական սատելիտային հաշիվների ներդրման աշխատանքների շարունակում, բնապահպանական ծախսերի հաշվառման ամբողջական համակարգի եւ բնական պաշարների շարժի ֆիզիկական ծավալների հաշիվների ներդրում:

3)   բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության գնահատման ցուցանիշների եւ տեղեկատվական բազայի ձեւավորում:

4)   շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հրապարակումների ընդլայնում, դրանցում աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրում:

ՄԱՍ 3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎ  ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործընթացն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի զարգացման հայեցակարգի շրջանակում:

1) Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների տեղային համակարգչային ցանցերի արդիականացման, համակարգչային սարքավորումներով ու ծրագրային փաթեթներով հանդերձավորման եւ տարածքային ստորաբաժանումների մոդեմային կապով ապահովման, կորպորատիվ ցանցի կառուցման աշխատանքների շարունակում:

2)  Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության www.armstat.am պաշտոնական ինտերնետային կայքի (Ինտերնետ) եւ ներքին ծառայողական կայքի (Ինտրանետ) արդիականացման աշխատանքների շարունակում. www.armstat.am եւ www.docs.armstat.am կայքերի միացում, վիճակագրական ցուցանիշների բազայի ընդլայնում, վիճակագրական տվյալների սպառողներին տեղեկատվության ավելի մեծ ծավալների տրամադրում,  ռեսպոնդենտների եւ սպառողների  համար ինտերակտիվ շփման համակարգի զարգացում, այդ թվում` վիճակագրական հաշվետվությունները ինտերնետի միջոցով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն ներկայացնելու հնարավորության ընձեռման աշխատանքների իրականացում:

3) վիճակագրական դիտարկման աշխատանքներում օգտագործվող  համակարգչային ծրագրերի շարունակական բարելավում, համակարգչային նոր ծրագրային փաթեթների ներդրում եւ շահագործում:

4) օպերատիվ վիճակագրական տվյալների բազաների ստեղծում, միկրոտվյալների, մակրոտվյալների եւ մեթատվյալների բազաների կազմակերպում, ինչպես նաեւ կորպորատիվ հիմնապաշարի ստեղծում, ինչը ներառելու է հրապարակվող վիճակագրական ցուցանիշների ողջ ցանկը, պետական վիճակագրական հաշվետվությունների հիման վրա ստեղծված տեղային բազաների արդիականացում:

5)  Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության միասնական վիճակագրական տեղեկատվական համակարգի տեղեկատվական անվտանգության եւ անխափան գործունեության ապահովման աշխատանքների շարունակում` ապահովելով վիճակագրական գաղտնիք հանդիսացող տվյալների անանունությունը եւ անվանազերծումը:

ՄԱՍ 4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈԻԹՅՈՒՆԸ

1. Վիճակագրության բնագավառում միջազգային համագործակցությունը` հանդիսանալով Միավորված Ազգերի Կազմակերպության պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից մեկը,  ներառում է տեղեկատվության եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ներուժ ստեղծելու նպատակով՝ դրանց տարածումը վիճակագրական տվյալների հետագա օգտագործման համար: Վիճակագրական համագործակցության իրականացման ոլորտը բավականին ընդարձակ է՝ սկսած միջազգային աշխատանքային խմբերի եւ խորհրդակցությունների շրջանակում ոչ պաշտոնական շփումներից մինչեւ վիճակագրության կատարելագործմանն ուղղված համապարփակ ծրագրերը: Համագործակցության հիմնական նպատակներն են.

1) առանցքային ոլորտներում կատարելագործված վիճակագրական տվյալների առավել լայն եւ արդյունավետ օգտագործում ժողովրդագրական, սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական զարգացման բնագավառներում, ինչպես նաեւ ներդրումների ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրավորման, որոշումների ընդունման եւ վերահսկման համար հիմք ստեղծելու նպատակով,

2) նախապատվային բնագավառներում վիճակագրական ներուժի եւ կարողությունների ամրապնդումը վիճակագրական տվյալների կազմման, ինչպես նաեւ դրանց հրապարակման համար,

3) համակարգերի եւ ներուժային հնարավորությունների աջակցմանն ու ընդլայնմանն ուղղված կարողության երկարաժամկետ ծրագրերի ապահովումը:

2. Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հիմնական խնդիրներն են.

1) էապես բարձրացնել վիճակագրական արտադրանքի որակը ժամանակակից տեղեկատվության պահանջներին համահունչ,

2) բարձրացնել տվյալների արդիականությունը՝ ապահովելով սպառողների կարիքների հաշվառումը եւ բավարարումը,

3) բարձրացնել տվյալների արժանահավատությունն՝ ուսումնասիրելով միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությունը,

4) ապահովել վիճակագրական չափանիշների եւ կանոնների համաձայնեցումը միջազգային չափանիշներին եւ կանոններին,

5) ապահովել տվյալների միջազգային համադրելիությունը,

6) բարձրացնել վստահությունը վիճակագրական տեղեկատվության նկատմամբ՝ ձեւավորելով վիճակագրության համապատասխան իրավական դաշտ, կատարելագործելով տվյալների տարածումը, առավել խորը ուսումնասիրելով սպառողների պահանջները եւ կարիքները, ծանոթացնելով սպառողներին վիճակագրության դերին ազատական տնտեսակարգում եւ նպաստել վիճակագրական տեղեկատվության լայնորեն օգտագործմանը ցանկացած բնագավառում որոշումներ ընդունելիս, մոնիթորինգ եւ գնահատականներ իրականացնելիս,

7) բարձրացնել եւ երաշխավորել պաշտոնական վիճակագրության հեղինակությունն արտաքին աշխարհում,

8) որոշել վիճակագրական գործունեության ֆինանսավորման նոր ուղիները՝ արտաքին օգնությունից կախվածության նվազեցման եւ երկրում ֆինանսավորման կայուն համակարգ ստեղծելու նպատակով. մշակել եւ ներդնել վճարովի վիճակագրական ծառայությունների համակարգ,

9) մշակել եւ ներդնել պրոֆեսիոնալ էթիկայի սկզբունքները:

3. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը նախատեսում է շարունակել ակտիվ մասնակցությունը միջազգային համագործակցության շրջանակում համաշխարհային մասշտաբով վիճակագրական մեթո՟՟դաբանության եւ պրակտիկայի կատարելագործման, միասնականացման եւ ներդաշնակեցման, ազգային վիճակագրական ծառայությունների կողմից պաշտոնապես հրապարակ՟վող իրենց երկրների սոցիալ-տնտեսական զարգացման եւ բնակչության կենսամակար՟դակի վերաբերյալ ցուցանիշների համադրելիության ապահովման ուղղությամբ: Իր բո՟վան՟դակությամբ եւ ձեւերով այդ կարեւորագույն եւ բազմակողմանի գործունեությունը կիրա՟կանացվի հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) Մասնակցություն միջազգային կազմակերպությունների գործունեությանը՝

ա. Միավորված ազգերի կազմակերպության.

- վիճակագրական հանձնաժողով,

- Եվրոպայի տնտեսական հանձնաժողով եւ Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանս,

-  զարգացման ծրագիր,

-  բնակչության հիմնադրամ,

- մանկական հիմնադրամ,

- կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն,

- Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի համար սոցիալ-տնտեսական հանձնաժողով,

- պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն,

- համակարգի այլ մասնագիտացված մարմիններ,

բ. Արժույթի միջազգային հիմնադրամ,

գ. Համաշխարհային բանկ,

դ. Եվրամիության վիճակագրական ծառայություն,

ե. Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն,

զ. Աշխատանքի միջազգային կազմակերպություն,

է. Միջազգային վիճակագրական ինստիտուտ,

ը. եւ այլն:

2) պետական վիճակագրության համակարգի բարեփոխումների ուղղությամբ կարեւորագույն հիմնախնդիրների լուծման նպատակով արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ համագործակցության նախագծերի մշակում եւ իրականացում միջազգային կազմակերպությունների տեխնիկական աջակցության ազգային եւ տարա՟ծա՟շրջանային ծրագրերի ֆինանսական միջոցների հաշվին.

3) համագործակցություն արտասահմանյան երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հետ վիճակագրական գործունեության արդիական հիմնահարցերի ուղղությամբ երկկողմանի հիմունքներով.

4) Անկախ պետությունների համագործակցության երկրների վիճակագրական ծառայությունների հետ ավանդական կապերի եւ համագործակցության զարգացում երկկողմանի հիմունքներով՝ մասնակցելով Անկախ պետությունների համագործակցության երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի գործունեությանը:

4. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության համագործակցության գերակայությունների շարքին են դասվում վիճակագրության հետեւյալ բնագավառները.

- տնտեսական վիճակագրություն,

- առեւտրային (կոմերցիոն) վիճակագրություն,

- սոցիալական եւ ժողովրդագրական վիճակագրություն,

- աղքատության վիճակագրություն,

- շրջակա միջավայրի վիճակագրություն,

- տարածաշրջանային վիճակագրություն,

- տվյալների տարածում,

- տեղեկատվական եւ կոմունիկացիոն տեխնոլոգիաներ:

5. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի իր գործունեությունն ուղղված Եվրոպական վիճակագրական համակարգին ինտեգրացմանը Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ կնքված Գործընկերության եւ Համագործակցության Համաձայնագրի (ԳՀՀ) իրականացման ազգային ծրագրի շրջանակում:

6. Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կմասնակցի Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրին` վիճակագրության մասով.

ա. մշակել կարճաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություն վիճակագրական համապատասխան ոլորտներում եվրոպական ստանդարտներին համապատասխանելու նպատակով, հիմնվելով Եվրամիության փորձագետների կողմից Հայաստանի վիճակագրական համակարգի ընդհանուր գնահատման վրա,

բ. բարելավել գործարար ռեգիստրի որակը եւ ծածկույթը,

գ. նախապատրաստել եւ անցկացնել գյուղատնտեսության համատարած հաշվառում Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ուղեցույցերի համաձայն,

դ. բարելավել վիճակագրական տեղեկատվությունը` տեղական մակարդակով ապահովելու «Կայուն զարգացման ծրագրի» իրականացման արդյունավետ վերահսկողությունը` վարչական ռեգիստրների բարելավման միջոցով:

ՄԱՍ 5. ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության ուսուցման քաղաքականությունը հիմնված է ուսուցման ծրագրերի վրա, կողմնորոշված անձնակազմի կարիքներին ու պահանջներին եւ նպատակաուղղված գիտելիքների, հմտությունների, փորձի եւ տեղեկատվության փոխանակմանը:

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը կշարունակի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման գործ՟ընթացն՝ ընդգրկելով աշխատակազմի ինչպես կառուցվածքային, այնպես եւ առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցներին: Կշարունակվի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների ազգային վիճակագրական ծառայությունների կողմից կազմակերպվող դասընթացներին, սեմինարներին եւ աշխատանքային հանդիպումներին:

Առաջնորդվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների հետեւողական կատարելագործման եւ զբաղեցրած պաշտոններին համապատասխանության որոշման նպատակով կշարունակ՟վեն   վերապատրաստման եւ ատեստավորման գործընթացները:

ՄԱՍ 6. ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ  ՈԼՈՐՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Պետական վիճակագրության ոլորտում 2010-2012 թվականներին իրականացման ենթակա վերը նշված եւ այլ միջոցառումների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել հետեւյալ հիմնական եղանակներով (աղբյուրներից) ՝

ա. պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցները (այդ թվում` ոչ հարկատուների կողմից տրամադրված միջոցները):

բ. պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերից դուրս իրագործվող լրացուցիչ աշխատանքների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող միջոցները, ինչպես նաեւ ոչ հարկատուների կողմից տրամադրված միջոցները: