Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-544-24.02.2009,16.07.2009-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Գլուխ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է օլիմպիական մարզաձեւերի, Միջազգային օլիմպիական կոմիտեի /այսուհետ` ՄՕԿ/ կողմից ճանաչված ոչ օլիմպիական  եւ սամբո մարզաձեւերի Հայստանի Հանրապետության հավաքական /այսուհետ` հավաքական/ թիմի ձեւավորման, նրա անդամների կարգավիճակի, իրավունքների եւ պարտականությունների հետ  կապված հարաբերությունները:

Հոդված 2. Հավաքական թիմի անդամի  կարգավիճակի մասին օրենսդրությունը

Հավաքական թիմի անդամի կարգավիճակի  մասին օրենսդրությունը  բաղկացած է  սույն օրենքից, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքից, այլ  օրենքներից ու իրավական ակտերից:

Եթե ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հոդված 3. Հավաքական թիմի ձեւավորումը

Հավաքական թիմերը ձեւավորվում են  համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների կողմից: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի  պետական կառավարման  լիազորված մարմնի /այսուհետ` լիազորված մարմին/ սահմանած կարգով մարզիկներն ընդգրկվում են  մեծահասակների,  երիտասարդական եւ պատանեկան  հավաքական թիմերի կազմերում:

Լիազորված մարմնի սահմանած կարգով  մարզիկներից, մարզիչներից եւ սպորտի բնագավառի  մասնագետներից ընտրվում է  հավաքական թիմերի խորհուրդ, իսկ մեծահասակների, երիտասարդական եւ պատանեկան հավաքական թիմերի  անդամները իրենց կազմից ընտրում են թիմի ավագ:

Հոդված 4. Հավաքական թիմի հիմնական նպատակները

Հավաքական թիմի հիմնական նպատակներն են`

1. երկրի հեղինակության ամրապնդման եւ մարզական պատիվը բարձր պահելու համար  համաշխարհային մրցասպարեզներում առաջավոր դիրքեր գրավելը,

2. Հայաստանում սպորտի զարգացմանը նպաստելը եւ օլիմպիական գաղափարները տարածելը:

Հոդված 5. Հավաքական թիմի հիմնական խնդիրները

Հավաքական թիմի հիմնական խնդիրներն են`

1. առաջատար մարզիկների սպորտային վարպետության  կատարելագործումը, նրանց համալիր նախապատրաստումը  օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ միջազգային այլ մրցաշարերին լավագույն ձեւով մասնակցելու համար,

2. մարզական մրցաշարերի նախապատրաստման, գիտամեթոդական եւ բժշկակենսաբանական բնագավառում փորձի կուտակումն ու մատաղ սերնդի մարզիկներին այդ փորձը փոխանցելու ապահովումը: 

Գլուխ II

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԿԱԶՄԸ

Հոդված 6. Հավաքական թիմի կազմի սահմանումը

Հավաքական թիմի թեկնածուների թվակազմը սահմանում է համապատասխան մարզաձի ազգային ֆեդերացիան, ելնելով տարվա գլխավոր մարցաշարերում մարզիկների  մասնակցության արդյունքներից:

Հոդված 7. Օլիմպիական  հավաքական թիմի ձեւավորումը

Օլիմպիական հավաքական թիմի կազմը ձեւավորվում է միջազգային օլիմպիական կոմիտեի  կողմից սահմանված վարկանիշային մրցաշարերում ձեռք բերված համապատասխան ցուցանիշների համաձայն, մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացմամբ, որը հաստատվում է «Հայաստանի  ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության /այսուհետ` ՀԱՕԿ/ գործադիր կոմիտեի կողմից:

Գլուխ III

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Հավաքական թիմի անդամի իրավունքները

Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները եւ սպասարկող անձնակազմը մարզաձեւերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կնքում են երկկողմ պայմանագրեր:

Հավաքական թիմի անդամներն իրավունք ունեն`

1. ուսումնամարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերին մասնակցության շրջանում  ստանալ օրապահիկ, գիշերավարձ, հանդերձանք եւ մարզական համազգեստ,

2. օգտվել ազգային մարզական կենտրոններ հանդիսացող, /անկախ դրանց սեփականության ձեւից/ ֆիզկուլտուրային-առողջարարական եւ մարզական կառույցներից,

3. օգտվել պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների,  լաբորատորիաների եւ ուսումնական հաստատությունների  փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական եւ այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական  բժշկակենսաբանական ու տեխնիկական  նվաճումներից,

4. հիվանդությունների  եւ մարզական վնասվածքների դեպքերում` բժշկական հաստատություններում, բժշկամարզական դիսպանսերներում ստանալու համապատասխան բուժում,

5. օգտվել պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ֆեդերացիաների եւ օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից հանդերձանքից /մարզական գույք, մարզական համազգեստ եւ այլն/,

6. կառավարության սահմանած կարգով ստանալ  ամենամսյա դրամական եկամուտ մարզիկ-հրահանգչի  պաշտոնում պետական բյուջեի  կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների միջոցներից,

7. ստանալ աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պարգեւատրում, Հանրապետության Նախագահի անվանական թոշակ, հավելավճարներ եւ խրախուսման այլ ձեւեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադաների,  շախմատի Եվրոպյի մեծահասակների թիմային առաջնությունների, օլիմպիական մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի  մեծահասակների  առաջնությունների չեմպիոնները, շախմատի եւ սամբոյի աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների  առաջնությունների չեմպիոնները ցմահ ստանում են պատվովճար` կառավարության սահմանած կարգով: Պատվովճարի ամսեկան չափը օլիմպիական  խաղերի եւ շախմատի համաշխարհային օլիմպիադայի  չեմպիոնների համար չի կարող պակաս լինել սահմանված նվազագույն  աշխատավարձի 300-ապատիկից, աշխարհի առաջնության չեմպիոնի համար` 200-ապատիկից, Եվրոպայի առաջնության չեմպիոնի  համար` 100-ապատիկից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օլիմպիական խաղերի, շախմատի համաշխարհային օլիմպիադաների, շախմատի Եվրոպայի մեծահասակների թիմային առաջնությունների, օլիպիական մարզաձեւերից աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունների, շախմատի եւ սամբոյի  աշխարհի եւ Եվրոպայի մեծահասակների առաջնությունների մրցանակակիրները կառավարության սահմանած կարգով ստանում են միանվագ  պարգեւատրում:

Հավաքական թիմի մարզիչները, անձնական մարզիչները, թիմը սպասարկող անձնակազմի ներկայացուցիչները եւ մարզիկին պատրաստող կազմակերպությունը ՀՀ կառավարության սահմանած կարգով ստանում են միանվագ դրամական պարգեւատրում;

Պատվովճարները եւ դրամական պարգեւատրումները տրվում են պետական բյուջեի միջոցների հաշվին,

8. ստանալ մարզական կոչումներ եւ կառավարական պարգեւներ` օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական  բարձրագույն նվաճումների  հասնելու, մարզաձի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար,

9. մարզիկի սպորտային ակտիվ գործունեության ավարտից հետո մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը, եթե նա դարձել է օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի մեծահասակների առաջնությունների մրցանակակիր կամ վեց տարի անընդմեջ եղել հավաքական թիմի անդամ եւ առնվազն երեք անգամ մասնակցել աշխարհի, Եվրոպայի մեծահասակների առաջնություններին կարող է ստանալ  սոցիալական պաշտպանվածության  մարզական թոշակ,

10. մարզումների, մարզական հավաքների եւ միջազգային մրցաշարերին  մասնակցելու ժամանակ ապահովագրված լինել դժբախտ պատահարների  պատճառած վնասներից,

11. մասնակցել անհատական պլանով նախապատրաստման նախագծերի  ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը,

Հոդված 9. Հավաքական թիմի անդամի պարտականությունները

Հավաքական թիմի անդամները պարտավոր են`

1. հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո, արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում` օլիմպիական խաղերում,  աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում,  միջազգային այլ մրցաշարերում,

2. անձնական օրինակով նպաստել  հավաքական թիմում  համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության սերմանմանը,  հարգալից վերաբերմունքի ձեւավորմանը  հավաքական թիմի  ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների եւ երկրպագուների նկատմամբ,

3. բարեխղճորեն եւ ստեղծագործաբար  կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական  կազմի  պահանջներն ու  խորհուրդները,

4. չխախտել մարզական ռեժիմը, չօգտագործել ՄՕԿ-ի, մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների եւ ՀՀ օրենսդրությամբ արգելված դեղամիջոցները եւ մեթոդները /թմրադեղեր, խթանիչներ եւ այլն/:

5. պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը,

6. խնամքով վերաբերվել մարզական համազգեստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին եւ մարզական այլ պարագաներին,

7. ապահովել լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների եւ հովանավոր կազմակերպությունների հետ կնքած պայմանագրի պահանջները:

Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ:

Հոդված 10.  Հավաքական թիմի  մարզիչների  ու մասնագետների իրավունքները

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն`

1. ուսումնամարզական հավաքներին եւ միջազգային մրցաշարերին  մասնակցելու ժամանակ ստանալ օրապահիկ, գիշերավարձ, մարզչական համազգեստ,

2. ստանալ աշխատավարձ, դրամական պարգեւ, պատվովճար, պագեւատրում, հավելավճարներ եւ խրախուսման այլ ձեւեր, օլիմպիական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի եւ  Եվրոպայի առաջնություններում մարզիկների կողմից ցույց տրված  սպորտային բարձր արդյունքների  համար,

3. ստանալ մարզական կոչումներ եւ կառավարական պարգեւներ` օլիմպիական խաղերում, շախմատի համաշխարհային  օլիմպիադաներում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում իրենց պատրաստած մարզիկների կողմից ցույց տրված նվաճումների համար,

4. անձնական դիմումի համաձայն միակողմանիորեն լուծարել հավաքական թիմում աշխատելու պայմանագիրը` ՀՀ աշխատանքային օրենսդրության համաձայն:

Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է ՀՀ Կառավարությունը

Հոդված 11. Հավաքական թիմի  մարզիչների ու մասնագետների պարտականությունները

Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները  պարտավոր են`

1. մշտապես բարձրացնել իրենց որակավորումը,

2. ապահովել ուսումնամարզական գործընթացի  ժամանակակից մեթոդական  եւ կազմակերպչական  մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը` միջազգային մրցաշարերին նախապատրաստման եւ մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա,

3. հավաքական թիմում սերմանելու  ընկերական մթնոլորտ, գործնական մրցակցություն ու հարգալից վերաբերմունք հավաքական թիմի  սպասարկող անձնակազմի, ինչպես նաեւ մրցավարների  եւ երկրպագուների նկատմամբ,

4. հասնել հայկական  սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում,

5. մարզումների կազմակերպման մեթոդիկայի, գիտամեթոդական ու բժշկակենսաբանական ապահովության բնագավառում  կուտակած փորձն ու  գիտելիքները փոխանցել նոր սերնդի  մարզիչներին եւ հավաքական թիմերի անդամ մարզիկներին,

6. արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում եւ միջազգային այլ մրցաշարերում:

Գլուխ IV

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12. Հավաքական թիմի ղեկավարումը

Հավաքական թիմի ղեկավարումը  միանձնյա ղեկավարության  իրավունքով իրականացնում է  գլխավոր /ավագ/ մարզիչը, որը պատասխանատու է թիմի  անդամների մրցաշարերին  նախապատրաստման մակարդակի եւ ելույթների արդյունքների, համալիր նպատակային ծրագրերի իրագործման,  ուսումնամարզական հավաքների անցկացման,  դաստիրակչական աշխատանքների եւ թիմում  տիրող  հոգեբանական մթնոլորտի  համար:

Գլխավոր մարզիչը ղեկավարում է հավաքական թիմի խորհուրդը:

Ըստ մարզաձի խմբերի  եւ առանձին ենթամարզաձեւերի  /ճյուղերի/ մարզիչները մարզիկների անձնական մարզիչների հետ համատեղ մարզիկների  մրցաշարերին նախապատրաստման համալիր նպատակային ծրագրերի հենքով մշակում եւ իրականացնում են մարզիկների անհատական նախապատրաստման պլանները /ծրագրերը/, անմիջականորեն մասնակցում են մարզումային գործընթացին:

Հոդված 13. Հավաքական թիմերի մասնագետները

Հավաքական թիմի բժիշկները հետեւում են մարզիկների առողջությանը, անհրաժեշտության դեպքում իրականացնում են նրանց բուժումն ու վերականգնումը,  ինչպես նաեւ հսկողության տակ են  առնում  մարզիկների հաշվեկշռված  սնունդն ու այն վայրերի սանիտարահիգիենիկ պայմանները, որտեղ ընթանում է ուսումնամարզական գործընթացը:

Հավաքական թիմի  մերսողները ենթարկվում են թիմի բժիշկին, ապահովում են  մարզիկների վերականգնումը,  անցկացնում են ֆիզիոթերապեվտիկ մեթոդներով միջամտություններ:

Հավաքական թիմերը սպասարկող գիտական խմբերի  մասնագետները աշխատում են  հավաքական թիմի գլխավոր /ավագ/ մարզչի ղեկավարությամբ, իրականացնում են նրանց նախապատրաստվածության ֆունկցիոնալ վիճակի ու տեխնիկական  մակարդակի ընթացիկ եւ համալիր վերահսկողությունը, մարզչական կազմի հետ համատեղ մշակում են  մարզիկների մրցաշարերին  նախապատրաստման  համալիր նպատակային ծրագրերը:

Հավաքական թիմերի մյուս մասնագետները /զինական եւ նավային վարպետները, մեխանիկները, ձիապանները եւ այլն/ իրենց աշխատանքը կատարում են  համապատասխան ազգային ֆեդերացիաների  կողմից հաստատված պաշտոնական հրահանգների համաձայն:

Հոդված 14. Հավաքական թիմի նյութատեխնիկական  եւ ֆինանսական ապահովվածությունը

Հավաքական թիմերի նախապատրաստման եւ օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, միջազգային այլ մրցաշարերին մասնակցությունը` այդ թվում նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաեւ ՀԱՕԿ-ի, համապատասխան մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Գլուխ V

Եզրափակիչ դրույթներ

Հոդված 15. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ  ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Օրենքի ընդունումը պայմանավորված է ՀՀ հավաքական թիմի անդամի  կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ: Օրինագծի մշակման համար հիմք է հանդիսացել  ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական ասամբլեայի  կողմից 2004թ. ապրիլին ընդունված «Հավաքական թիմի  մարզիկի կարգավիճակի մասին» մոդելային օրենքը: Օրինագծի մշակմանը մասնակցել են իմ օգնականներ Երվանդ Դալլաքյանը եւ Արմենուհի Սաղաթելյանը:

Մեր կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ դրված /23.02.2009թ./ օրինագիծը հիմնովին լրամշակվել է նախագծի վերաբերյալ  Ազգային Ժողովում  կառավարության կողմից  հարակից զեկուցող նշանակված ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարար Ա. Գրիգորյանի  եւ նրա ղեկավարած կառույցի  համապատասխան մասնագետների հետ քննարկումների արդյունքում, որոնց շնորհակալություն ենք հայտնում  համագործակցված աշխատանքի համար: Այդ նախարարության կողմից գրավոր ներկայացված  բոլոր /շուրջ 40/ առաջարկություններն  ընդունվել եւ ներառվել են օրինագծի լրամշակված տարբերակում: Ելներով դրանից եւ այն հանգամանքից, որ նախագծում հիմնականում հաշվի են առնվել նաեւ կառավարության եզրակացության  /21.04.2009թ./ եւ ԱԺ աշխատակազմի օրենսդրության  վերլուծության վարչության  եզրակացության  /24.03.2009թ./ մեջ նշված դիտողությունները, կառավարությանը առաջարկում ենք քննարկել սույն օրինագծի համահեղինակ դառնալու նպատակահարմարության հարցը: Աննախադեպ է, որ օրինագիծը հեղինակել են ԱԺ բոլոր խմբակցությունները ներկայացնող, ինչպես նաեւ բազմաթիվ անկախ պատգամավորներ: Հավելենք, որ ելնելով կառավարության  ֆինասական հնարավորություններից  սույն օրինագծի ուժի մեջ մտնելու դրույթը 2010 թվականից տեղափոխվել է 2011 թվական: Կառավարության վերոհիշյալ եզրակացության մեջ նշված է. «Թե Հայաստանի Հանրապետության օլիմպիական կոմիտեն, թե տարբեր մարզաձեւերի ֆեդերացիաները հասարակական կազմակերպություններ են, եւ նրանց գործառույթների, իրավունքների, պարտականությունների, թիմերի ձեւավորման, թիմերի նպատակների եւ խնդիրների, թիմի կազմի ձեւավորման, մարզիչներին ու մասնագետներին ներկայացվող պահանջների, թիմերի աշխատանքների ղեկավարման եւ կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են տվյալ կազմակերպությունների կանոնադրությամբ, «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ Միջազգային օլիմպիական կոմիտեի, ՖԻԴԵ-ի, ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի եւ այլ միջազգային սպորտային կազմակերպությունների կողմից ներկայացված պահանջներով»: Պարզաբանենք, որ 2001 թվականին ընդունված «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ եւ 13-րդ հոդվածներում հանգամանորեն ներկայացված են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եւ մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների գործառույթները, իրավունքները եւ այլ հարցեր: Այսինքն, մասնավորապես, այդ երկու հասարակական կազմակերպություններին վերաբերող մի շարք հիմնահարցեր կարգավորվում են նաեւ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքով: Հետեւաբար կառավարության վերոհիշյալ եզրակացության մեջ արտահայտած մտահոգությունը` կապված մեր հեղինակած օրինագծի  եւ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի դրույթների մեկնաբանության հետ, տեղին չէ եւ այդ հարցում  հարկ է նկատի ունենալ նաեւ հետեւյալը: «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի  2-րդ հոդվածում նշված է, որ  հասարակական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է  նաեւ «այլ օրենքներից» /ընդգծումը մերն է/ : Հետեւաբար նաեւ այլ օրենքներով /այդ թվում մեր հեղինակած օրինագծով/ կարող են կարգավորվել, մասնավորապես, հասարակական կազմակերպություններ հանդիսացող Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների գործառույթների, իրավունքների,  պարտականությունների, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ձեւավորման, թիմերի նպատակների եւ խնդիրների  եւ այդօրինակ այլ հարցերի հետ կապված հարաբերությունները: Երկրորդ` կառավարության  եզրակացության մեջ նշված է, որ «պետությունը, «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն չի կարող միջամտել հասարակական կազմակերպությունների գործառույթներին, այլ կարող է միայն աջակցել նրանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպորտի բնագավառում քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Պարզաբանենք, որ մեր հեղինակած օրինագծում հասարակական կազմակերպությունների գործառույթներին միջամտելու որեւէ նպատակ չկա: Բացի այդ,  կառավարության եզրակացության  իրավաբանական բնույթի դիտողությունները հեղինակած հարգարժան անձանց կհորդորեինք, որ ոչ թե նպատակահարմարությունից ելնելով կիսատ ձեւով, այլ ամբողջությամբ ներկայացնել իրենց վկայակոչած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետը, որի համաձայն`  «4. Արգելվում է պետական մարմինների  եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց  միջամտությունը կազմակերպության գործունեությանը,  բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» /ընդգծումը մերն է/:  Թերեւս մեկնաբանություններն ավելորդ են: