Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-625-19.05.2009-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության   1996 թվականի  մայիսի 29-ի, ՀՕ-59 օրենքի ( այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածը լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ նոր մասերով .

«Ընտանիքներին, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել են եւ խնամվում են հինգ եւ ավելի երեխաներ, որոնք չունեն նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան բնակելի տարածք եւ վերջին հինգ տարիների ընթացքում չեն օտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածքը, ցուցաբերվում է  աջակցություն` սեփականության  իրավունքով տրամադրելով  բնակարան` 10 տարի չօտարելու պայմանով:

Նվազագույն սոցիալական չափորոշիչներին համապատասխան` բնակելի տարածք է  համարվում բնակարանի տարածքի այնպիսի չափը, որը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար պակաս չէ  15 քառակուսի մետրից:

Բնակարանը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով, որի հիման վրա բնակարանի կարիք ունեցող ընտանիքի հետ կնքվում է պայմանագիր: Բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է   պայմանագրի կնքումից  հետո 2 տարի, իսկ վայրը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հրամանով:

Ընտանիքներին, որտեղ ծնվել եւ (կամ) որդեգրվել են եւ խնամվում են հինգ եւ ավելի երեխաներ  բնակարանի համար հաշվառման վերցնելու, պայմանագիր կնքելու  եւ տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2010 թվականի հունվարի 1-ից:
 

Հիմնավորում

«Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Նախագծով առաջարկվող լրացումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված` բազմազավակ ընտանիքների կենսապայմանների շարունակական բարելավման, բազմանդամ ընտանիքների շարունակական աջակցության եվ ժողովրդագրական խնդիների  լուծման դրույթներից: