Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-141-22.10.2003-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ, ՋՐԻ ԵՎ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է մինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգիայի, ջրի եւ (կամ) գազի սակագների բարձրացման դեպքում էլեկտրաէներգիա, ջուր եւ (կամ) գազ արտադրող, ներկրող, փոխադրող եւ (կամ) իրացնող կազմակերպությունների (ընկերությունների) եւ սպառողների պետական աջակցության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Մ ինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգիայի, ջրի եւ (կամ) գազի սակագների բարձրացման դեպքում էլեկտրաէներգիա, ջուր եւ գազ սպառողները դրանց դիմաց վարձավճարները վճարում են 2003 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գործող սակագներով:

Հոդված 3. Մ ինչեւ 2007 թվականի հուլիսի 1-ը էլեկտրաէներգիայի, ջրի եւ (կամ) գազի սակագների բարձրացման դեպքում 2003 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ գործող եւ նոր սակագների տարբերության արդյունքում առաջացած գումարները էլեկտրաէներգիա, ջուր եւ (կամ) գազ արտադրող, ներկրող, փոխադրող եւ (կամ) իրացնող համապատասխան կազմակերպություններին (ընկերություններին) հատկացվում է պետական բյուջեի միջոցներից` դոտացիաների տեսքով:

Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված դոտացիաների ընդհանուր գումարը առանձին տողով արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսային մասում:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագների հնարավոր բարձրացման դեպքում բնակչության սոցիալական վիճակի վատթարացումը կանխելու եւ այլ սպառողների (արտադրության եւ ծառայությունների ոլորտ) արտադրական եւ ֆինանսական հնարավորությունները չսահմանափակելու հրամայականով:

Օրենքի նախագծում 2007 թվականի հուլիսի 1-ի ամրագրումը կապված է 2003 թվականի հունիսին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության գործունեության ծրագրի հետ, որը ներառում է նշված ժամանակահատվածը, իսկ այդ ծրագրում էլեկտրաէներգիայի, ջրի եւ գազի սակագների բարձրացման որեւէ սցենար ամրագրված չէ: Վերջինս, մեր կարծիքով, տրամաբանական է, քանի որ ինչպես իշխանությունների ձեւավորումը, այնպես էլ Կառավարության գործունեության ծրագրի մշակումը, իր հերթին, արդյունք էր նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների:

Մեր համոզմամբ, օրենքի նախագծում դրված սկզբունքը մեծապես կնպաստի փոփոխման ենթակա սակագների համակողմանի հիմնավորմանը, այսպես կոչված «գերկորուստների» ծավալների առավելագույն նվազեցմանը, բնական մենաշնորհների սակագների հարցում զսպողական քաղաքականության արմատավորմանը, հայկական դրամի արժեվորմանը, դեռեւս լայն հնարավորություններ ունեցող սուբյեկտների կողմից սակագների արհեստական բարձրացմանն ուղղված գործողությունների կասեցմանը, նշված ոլորտներում սպառման խնայողական ռեժիմների ներդրմանը եւ էլեկտրաէներգիայի արտահանման բնագավառում պետական քաղաքականության վերանայմանը: