Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5701-13.03.2009-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.

1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի  16-ի ՀO-177 օրենքում /այսուհետ օրենք/ կատարել հետեւյալ  փոփոխությունները.

1/ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով,

 2/ Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի գ/ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «գ/ ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցում:»,

 3/ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ձերբակալվածներին, կալանավորներին, փոխադրելիս» բառերը փոխարինել «ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս» բառերով,

4/ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «վերակարգի» բառը փոխարինել «ստորաբաժանումների» բառով:

ՀՈԴՎԱԾ 2.

Uույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի  հստակեցնել ոստիկանության զորքերի խնդիրները: Այսպես, օրենքի ընդունման պարագայում ոստիկանության զորքերի խնդիրների շարքից դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցելը: «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներից են քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատազրկման ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը: Ինչ վերաբերում է ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելուն, ապա օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվող փոփոխության ուժով /օրենքի 17-րդ հոդված/ ոստիկանությունը կիրականացնի ինչպես ձերբակալված, այնպես էլ կալանավորված անձանց ուղեկցումները: Փոփոխությունները նպատակ ունեն ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումներն իրականացնել մեկ միասնական՝ ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումների կողմից, որը գործելու է ոստիկանության կառուցվածքում: Արդյունքում կբարելավվի եւ կբարձրանա ուղեկցումների արդյունավետությունը եւ անվտանգությունը, ինչպես նաեւ միասնական կարգավորում կստանան ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցումների հետ կապված հարաբերությունները:

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է նաեւ ոստիկանության զորքերում պարտադիր զինվորական ծառայությունից աստիճանաբար անցում կատարել պայմանագրային զինվորական ծառայության:

«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ պայմանավորված «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ ոստիկանության զորքերը կառանձնացվի ոստիկանության վարչական կառուցվածքից որպես հիմնարկ՝ կազմելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի մի մասը, որի թվաքանակը սահմանվելու է ՀՀ կառավարության, իսկ կառուցվածքը՝ ՀՀ ոստիկանության պետի կողմից: