Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-5631-12.03.2009-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ` Օրենսգիրք) 275-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Սեփականատերը` հետախուզման մեջ գտնվող, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704, 8705 ապրանքային դիրքերին դասվող ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցներն իրավունք ունի հետ պահանջել բարեխիղճ ձեռք բերողից` օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող մարմնին իրազեկելու պահից 2 տարվա ընթացքում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ն մասում «մտադրության» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում 2 տարվա ընթացքում գույքը հետ չպահանջելով: Սույն օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում` դրանք ներմուծելու պահից 2 տարի լրանալը հիմք է սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

3. Եթե սույն օրենքի 1-ին հոդվածով նշված ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների ներմուծման պահից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն անցել է ավելի քան մեկ տարի, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող մարմինը իրազեկվել է, ապա սեփականատերն այդ հոդվածով նախատեսված ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները բարեխիղճ ձեռքբերողից հետ պահանջելու իրավունք չունի, իսկ եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող մարմինը չի իրազեկվել, ապա սեփականատերն այդ հոդվածով նախատեսված իրավունքից սահմանված կարգով կարող է օգտվել մեկ տարվա ընթացքում:


Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հափշտակված, ինչպես նաեւ շարժիչի կամ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված համարներով փոխադրամիջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ինչպես նաեւ արդեն իսկ ներմուծված նման փոխադրամիջոցների հետագա իրավական ռեժիմը հստակ կարգավորելու նպատակով: Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանի Հանրապետությունում կան արդեն շուրջ 400 նման փոխադրամիջոցներ:

Գործնականում քննարկվող ոլորտում առկա իրավիճակը բացառում է ինչպես ներկրող անբարեխիղճ անձանց, այնպես էլ տրանսպորտային միջոցների սեփականատերերի իրավունքների համարժեք պաշտպանությունը, ինչի կարող է նպաստել սոսկ կոռուպցիոն երեւույթների տարածմանը: Բնորոշ է նաեւ այն, որ գործող օրենսդրությունը եւ դատական ու քննչական պրակտիկան բնավ չեն կանխարգելում հափշտակված տրանսպորտային միջոցների մուտքը:

Նման փոխադրամիջոցներ ներկրող անձինք, որպես կանոն, դիմում են դատարան` իրենց բարեխիղճ ձեռք բերող ճանաչելու, հափշտակված ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու եւ այդ հիմքով մաքսային մարմիններին մաքսային ձեւակերպումներ կատարելուն պարտավորեցնելու պահանջով: Սակայն բարեխիղճ ձեռք բերողին սեփականության իրավունք կարող է վերապահվել միայն այն դեպքում, երբ սեփականատերը հրաժարվում է սեփականությունից: Տվյալ դեպքում հարկ կլինի ղեկավարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածով, սակայն սեփականությունից հրաժարվելու փաստը պարզելու համար օրենսդրությամբ ժամկետ սահմանված չէ, ուստի նպատակահարմար է այդ հարցը կանոնակարգել օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նպատակահարմար է համարվել սահմանել հայցային վաղեմության հատուկ ժամկետ` 2 տարի: Քննարկվող դեպքում բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքը կարող է ճանաչվել, երբ սահմանված այդ ժամկետում պատշաճ կարգով իրազեկված սեփականատերը չի ներկայացնում գույքն իրեն հանձնելու պահանջ: Իսկ նման ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների սեփականատերը հայտնի չլինելու դեպքում` դրանք ներմուծելու պահից 2 տարի լրանալը հիմք պետք է հանդիսանա  սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը ճանաչելու համար:

Ի դեպ անհրաժեշտ է նաեւ, որ նման փոխադրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծելու դեպքում մաքսային մարմինները անհապաղ հայտնեն քրեական հետապնդում իրականացնող իրավասու մարմնին, որպեսզի հափշտակված ավտոմեքենայի յուրաքանչյուր փաստի առնչությամբ սեղմ ժամկետներում նախապատրաստվեն նյութեր եւ բացահայտվի ավտոմեքենան ներկրող անձի հնարավոր առնչությունը հափշտակության հետ:  Իսկ այդ փոխադրամիջոցի իրավական ռեժիմը որոշվում է քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հիշյալ օրենսդրական նախաձեռնության առնչությամբ չի կարող լինել մտավախություն այն մասին, որ այն անհիմն սահմանափակում է բարեխիղճ ներկրողի իրավունքները: Հարկ է նկատել, որ գործող օրենսդրությունն արգելում է բարեխիղճ ձեռքբերողին սեփականատեր ճանաչել, քանի դեռ սեփականատերը չի հրաժարվել գույքից: Եվ, եթե նկատի ունենանք, որ վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է, ապա բարեխիղճ ձեռք բերողը հարկադրված է լինելու 3 տարի սպասել: Տվյալ դեպքում, իրազեկման վերաբերյալ դրույթը հետապնդում է երկու խնդիր. նախ, պատասխանողին պարզաբանվում է, որ վերջինս կարող է պահանջ ներկայացնել կամ հրաժարվել, բացի այդ, հստակեցվում է երկու տարին հաշվարկելու սկիզբը: Եթե սեփականատերը մինչեւ այդ ժամկետի ավարտը հրաժարվի գույքից, ապա բարեխիղճ ձեռքբերողը կարող է անմիջապես նախաձեռնել սեփականատիրոջ իր լիազորությունների ամրագրումն ու իրականացումը:

 Ի դեպ հիշյալ օրենսդրական փոփոխությունները կարգավորում են նաեւ նման այն ապրանքների եւ տրանսպորտային միջոցների իրավական ռեժիմը, որոնք Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել մինչեւ սույն օրենքների ընդունումը, սահմանելով դրույթ  ըստ որի  եթե նման ապրանքների եւ (կամ) տրանսպորտային միջոցների  ներմուծման պահից անցել է ավելի քան մեկ տարի, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող մարմինը իրազեկվել է, ապա սեփականատերն այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները բարեխիղճ ձեռքբերողից հետ պահանջելու իրավունք չի, իսկ եթե  սեփականատիրոջը պատշաճ ծանուցելու իրավասություն ունեցող մարմինը չի իրազեկվել, ապա սեփականատերն կարող է  հետ պահանջել այդ ապրանքները եւ (կամ) տրանսպորտային միջոցները բարեխիղճ ձեռքբերողից` մեկ տարվա ընթացքում:

Նշված օրենսդրական նախաձեռնությանը, բնականաբար, կարող են հաջորդել գերատեսչական ակտեր, որոնք առավել հանգամանորեն կհստակեցնեն յուրաքանչյուր գերատեսչության լիազորությունները քննարկվող ոլորտում: