Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-537-17.02.2009-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 36.3 հոդվածով`

«Հոդված 36.3 Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը

Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտի մասով, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հիմնականում ձեռագործ գորգերի ժողովրդական արհեստ լինելու հանգամանքով, որը վաղուց ի վեր լայն տարածում ունի հայ ժողովրդի մեջ եւ սույն օրենքի նախագծի ընդունմամբ հարկման տեսանկյունից բարենպաստ պայմաններ կստեղծվեն այդ ժողովրդական արհեստով զբաղվողների համար, որն էլ կնպաստի այդ արհեստի զարգացման եւ դրանով զբաղվողների քանակի ավելացման համար: Բացի այդ, սույն օրենքի ընդունումը կունենա հետեւյալով մի շարք դրական հետեւանքներ.

1. Սոցիալական ուղղվածություն

Ներկայումս ձեռագործ գորգագործության ոլորտում  զբաղվածների թիվը կազմում է մոտ 800 մարդ: Վերջին ժամանակաշրջանում պայմանավորված ներքին եւ արտաքին շուկաներում ընթացող գործընթացներով, մասնավորապես դրամի արժեվորումը եւ մի շարք ապրանքների գների բարձրացումը, ոլորտի ընկերությունների արդյունավետությունը բավականին նվազել է  եւ վերջիններս կանգնած են փակման եզրին: Ոլորտի ընկերությունների փակվելը կբերի գործազրկության ավելացմանը: Այս առումով օրենքների նախագծերի ընդունումը կնպաստի ընկերությունների արդյունավետության անկման որոշակի կոնպենսացմանն ու ոլորտի հետագա զարգացմանը եւ հնարավորություն կտա խուսափել ընկերությունների փակմամբ պայմանավորված առաջացող սոցիալական խնդիրներից:

Բացի վերը նշվածից Հանրապետությունում աղքատության հաղթահարման տեսանկյունից հրատապ լուծում պահանջվող հիմնախնդիր է հանդիսանում աշխատատեղերի ստեղծումը, որի լուծման ուղղություններից կարող է հանդիսանալ ձեռագործ գորգերի արտադրության զարգացումը: Այն կարեւորվում է հատկապես գյուղական բնակավայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման (հաշվի առնելով գյուղատնտեսության սեզոնայնությունը եւ այն հանգամանքը, որ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը զուգընթաց, խնդիր է առաջանում ավելցուկ ագրարային բնակչությանը աշխատատեղերով ապահովելու) եւ ինքնազբաղվածների թիվը ավելացնելու տեսանկյունից:

2. Պայքար թրաֆիքինգի դեմ

Հանրապետությունում կան լուրջ խնդիրներ կապված թրաֆիքինգի հետ եւ կառավարության կողմից մեծ ուշադրության է արժանանում թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցառումների իրականացումը:  Այս առումով ոլորտի զարգացումը  կարեւորվում է թրաֆիքինգի դեմ պայքարի  տեսանկյունից, քանի որ այն ապահովելու է կանանց զբաղվածության մակարդակի բարձրացում, եւ բխում է ՀՀ կառավարության 6.12.2007թ N 1598-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում 2007-2009թթ ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիկինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի իրականացման ժամանակացույցի 2.4.2 եւ 2.4.3 կետերի դրույթներից:

3. Մշակույթ եւ ավանդույթներ

Օրենքների  նախագծերի ընդունումը կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը, ապագա սերունդներին փոխանցելու գորգագործության ունակությունները եւ հմտությունները, ինչպես նաեւ կնպաստի հայկական մշակույթի այս ճյուղի միջազգային տարածմանը:

4. Ազդեցությունը տնտեսության վրա

Օրենքների  նախագծերի ընդունումը հնարավորություն կստեղծի ձեռագործ գորգերի արտադրության ծավալների մեծացմանը, եւ քանի որ ոլորտն ունի զարգացման բավականին մեծ ներուժ եւ արտահանման ուղղվածություն, կնպաստի տնտեսական աճին եւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: