Armenian ARMSCII Armenian
Կ-449-27.02.2014-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հաստատել փրկարարական ծառայության կանոնագիրքը` համաձայն հավելվածի :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

1. Անհրաժեշտությունը

«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կարգավորել է Փրկարար ծառայության գործունեության հիմնական սկզբունքները, այդ մարմնում ծառայությունը, պաշտոնները եւ կոչումները, ծառայության անցնելու կարգն ու պայմանները, պաշտոնի նշանակման եւ կոչումներ շնորհելու կարգը, ծառայության հետ կապված` ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական եւ սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններն ու հիմնական հարաբերությունները: «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 113-րդ հոդվածի 1-ին եւ 1.1-րդ մասով նախատեսված է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի ընդունում:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

2012 թվականի հունվարի 7-ին ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-305-Ն օրենքը (այսուհետ` Օրենք): ՀՀ վարչապետի 22.02.2012թ. N153-Ա որոշմամբ հաստատվել է ՀՕ-305-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որի 19-րդ կետի համաձայն պետք է ներկայացվի` «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

3. Բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Իրականացվում է ծառայության կազմակերպման, փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման, կարգապահական եւ նյութական պատասխանատվության կիրառման, ինչպես նաեւ այլ հարցերի կանոնակարգման քաղաքականություն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացվող նախագծով կարգավորվում է`

- փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքները եւ պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման, ինչպես նաեւ ծառայության անցման հետ կապված այլ հարցերը.

- արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի համակարգում կամ կառավարման ոլորտում գործող բոլոր փրկարարական ստորաբաժանումների, այդ թվում` պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ այլ հաստատությունների փրկարարական ստորաբաժանումների կողմից փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման հետ կապված հարցերը.

- լիազոր մարմնի ստորաբաժանումների հետ փրկարարական աշխատանքներ իրականացնող մասնագիտացված եւ կամավոր փրկարար ուժերի ղեկավարման հետ կապված հարցերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մշակման գործընթացում այլ ինստիտուտները եւ անձինք չեն ներգրավվել :

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 2012 թվականի հունվարի 7-ին ուժի մեջ մտած ՀՕ-305-Ն օրենքի կիրարկումը: