Armenian ARMSCII Armenian
Կ-3291-19.09.2013,21.02.2014-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաuտանի Հանրապետության 2005 թվականի ապրիլի 11-ի ՀO-85-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 5-րդ մասում «նրա տեղակալները` իրենց սպասարկման ոլորտում կատարված կարգապահական խախտումների դեպքերով (բացառությամբ գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ)» բառերը փոխարինել «նրան փոխարինող տեղակալը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) ոստիկանության ծառայողի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննարկմանն ուղարկված նյութերով, հետաքննության եւ նախաքննության այլ մարմիններում քննվող նյութերով կամ քրեական գործերով մինչեւ համապատասխան որոշում կայացնելը կամ մինչեւ ոստիկանության ծառայողի նկատմամբ կայացրած դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:».

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի «բ» եւ «գ» կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձը կարող է լրացուցիչ բացատրություններ վերցնել կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու:».

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 մասով.

«2.1. Նախաքննության մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական գործով վարույթի կասեցման դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է ծառայողի արարքին գնահատական տալու համար:»:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:
 


Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
 
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած թերությունները շտկելու անհրաժեշտությամբ եւ նպատակ ունի բարձրացնել ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը:

Ներկայումս ՀՀ ոստիկանությունում ծառայության անցնելու համար առավելագույն տարիք է սահմանված 30 տարեկանը, սակայն նախատեսված չէ ծառայության անցնելու նվազագույն տարիքային շեմը: Նախագծով նախատեսվում է սահմանել ծառայության անցնելու նվազագույն տարիքը: Բացի այդ, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում 2011թ. դեկտեմբերի 8-ին կատարված փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները լրացվեցին նաեւ մասնագիտական կրթության ցենզով, որի պարագայում առանձին մասնագիտությունների գծով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների առաջխաղացման ժամանակ օրենսդրական խոչընդոտներ կառաջանան:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրինագծերի փաթեթով նախատեսվում է կանոնակարգել ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված, ինչպես նաեւ ծառայության ընթացքում առաջ եկող որոշակի հարցեր: Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանությունում ծառայության անցնելու նվազագույն տարիք սահմանել 18 տարին` հաշվի առնելով ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները:

Նախատեսվում է առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար տարիքային ավելի բարձր սահմանափակումներ սահմանելու լիազորություն տալ ՀՀ կառավարությանը: Բացի այդ, նախագծով առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն է ընձեռվում համապատասխան մասնագիտության գծով (ոչ ոստիկանական որակավորմամբ) ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելու համար: Գործող օրենքով այդ հնարավորությունը բացառված է, եւ առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության ընդունվող քաղաքացիները կարող են ծառայել միայն կրտսեր եւ միջին խմբերի պաշտոններում: Ստեղծված իրավիճակում խոչընդոտներ են առաջանում վերջիններիս առաջխաղացման պարագայում:

Հստակեցվում են ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին այլ պաշտոնի տեղափոխելու համար անհրաժեշտ ծառայության ժամկետի առկայության պահանջը: Այսպես` առանց ծառայողի համաձայնության, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողներին հնարավոր կլինի զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր փոխադրել՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն վեց ամիս ծառայելուց հետո (գործող օրենքով սահմանված է մեկ տարին), իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը: Ինչ վերաբերում է կրտսեր խմբի ծառայողի ցանկությամբ այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր տեղափոխվելուն, ապա նախագծի համաձայն` այս դեպքում տվյալ պաշտոնում ծառայելու ժամանակահատվածը փոխադրման համար որոշիչ պայման չի հանդիսանալու: Նշված փոփոխությունը կատարվում է կրտսեր խմբի պաշտոններում նշանակումներն առավել օպերատիվ եւ արդյունավետ կատարելու նպատակով: Քանի որ կադրային տեղաշարժերը կրտսեր խմբում ավելի հաճախ են կատարվում, ինչը պայմանավորված է, մասնավորապես, ծառայողներին իրենց բնակության վայրում ծառայության նշանակելու անհրաժեշտությամբ, հետեւապես նպատակահարմար է տվյալ ծառայողին այլ պաշտոնի եւ ծառայության այլ վայր տեղափոխելու համար ժամկետային սահմանափակումներ չկիրառել:

Նախատեսվում է օրենքի 27-րդ հոդվածից հանել ոստիկանության ծառայողին անձնական համար տալու վերաբերյալ պահանջը: Նախկինում ոստիկանության ծառայողներին տրվում էին անձնական համարով ժետոններ, որոնք նախատեսված էին դժբախտ պատահարների դեպքում ծառայողներին նույնականացնելու համար, սակայն օրենքի ընդունումից մինչ օրս դրանք չեն կիրառվել, եւ դրանց անհրաժեշտությունն, ըստ էության, այլեւս չկա: Բացի այդ, անձնական համարը նշվում է միայն ծառայողի անձնական գործում եւ այլ կիրառություն չունի, ինչպես նաեւ չի առնչվում հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ծառայողների համազգեստին փակցվող ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններին («Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված):

Նախագծով նախատեսվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին լիազորություն տալ ոստիկանությունում ծառայությունից ազատելու նաեւ դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, ում նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով, ինչը պայմանավորվում է նրանց կողմից կատարված արարքների բնույթով: Նշված փոփոխությունը նպատակ ունի ոստիկանությունում ապահովելու առավելագույնս անբասիր վարքագծի տեր ծառայողների առկայություն:

Նախագծով վերանայվում են նաեւ ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարելու եւ օգտագործելու մարդկային ռեսուրսները:

Կատարվող փոփոխությունների արդյունքում ոստիկանության ծառայողները ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն երկու տարվա ստաժ ունենալու դեպքում (գործող մեկ տարվա փոխարեն), քանի որ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում ուսումնառության ժամկետը 2 տարի է, եւ նպատակահարմար է, որ ոստիկանության ծառայողները բավարար մասնագիտական ծառայության ստաժ ունենալուց հետո միայն կարողանան շարունակել ուսումնառությունը:

Նախատեսվում է ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու լիազորություն տալ ՀՀ ոստիկանության պետին: Ներկայումս այդ պահանջները սահմանված են ՀՀ կառավարության որոշմամբ:

Նախագծով նախատեսվում է ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության անցնող քաղաքացիների համար հանել պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պահանջը, բացառությամբ օրենքով սահմանված կարգի խախտումով պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու դեպքերի: Փոփոխության արդյունքում հնարավոր կլինի քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում նշանակել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատված կամ տարկետում ունեցող քաղաքացիներին եւս:

«Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ծառայողական քննություն իրականացնող անձին ծառայողական քննությունը կասեցված լինելու դեպքում լրացուցիչ բացատրություններ վերցնելու կամ նյութերով այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու հնարավորություն ընձեռել՝ առանց ծառայողական քննությունը վերսկսելու: Փոփոխությունը կատարվում է քրեադատավարական համապատասխան նորմի անալոգիայով, որի համաձայն քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո անհրաժեշտության դեպքում կարող է կատարել համապատասխան քննչական գործողություններ:

Մյուս փոփոխությունները հիմնականում խմբագրական բնույթի են:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը, առանձին մասնագիտություններով ոստիկանության միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին հնարավորություն կընձեռվի նշանակվելու համապատասխան մասնագիտության գծով ոստիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում: Ընդհանուր առմամբ, նախագծերի ընդունման արդյունքում կբարձրանա ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետությունը: