Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-420-27.12.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի /5-ը մայիսի 1998թ. հետագա փոփոխություններով եւ լրացումներով/ 225-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը վերջակետից առաջ ավելացնել ստորակետ եւ ապա հետեւյալ բառակապակցությունը «որոնք բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք են բերում, եթե սեփականատերը չի պահանջել եւ չի կնքել հետագայում այդ  իրավունքն անհատույց դադարեցնելու պայմանով բնակելի տարածության օգտագործման պայմանագիր»:

2. 225-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հետեւյալ պարբերություններով` «Այս սկզբունքից բացառություն են կազմում սեփականատիրոջ ընտանիքի անդամները /ամուսինը, երեխաները, ծնողները/: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը սեփականատիրոջ ընտանիքի անդամների համար ծագում է անկախ սեփականատիրոջ հետ պայմանագրի կնքումից եւ իրավունքի պետական գրանցումից: Սակայն ընտանիքում նոր չափահաս անդամ ավելանալիս սեփականատերն իրավունք ունի ընտանիքի նոր անդամից պահանջել կնքելու բնակելի տարածության անհատույց օգտագործման պայմանագիր, որով իրեն իրավունք կվերապահի նրա այդ իրավունքը միակողմանի անհատույց դադարեցնել ցանկացած ժամանակ: Եթե նման պայմանագիր է կնքվել, ապա այն տարածվում է նոր բնակեցված ընտանիքի անդամի հետ միաժամանակ բնակեցված կամ նրա բնակության ընթացքում ծնված երեխաների վրա` եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված:

Եթե ընտանիքի նոր բնակեցված անդամը ընտանիքի բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անդամի ամուսինն է, ապա բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող այդ անդամը մասնակցում է պայմանագրի կնքմանը որպես պայմանագրի 3-րդ կողմ:

Ընտանիքի նոր բնակեցված անդամի հետ կնքված պայմանագիրը ենթակա է նոտարական կարգով հաստատման եւ պետական գրանցման»:

3. «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների վրա:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Օրենքի ընդունման անհրաժեշտության

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի սկզբնական խմբագրությամբ նույնպես ամրագրված է եղել բնակտարածության օգտագործման իրավունքի վերաբերյալ սեփականատիրոջ հետ նոտարական կարգով կնքված գրավոր համաձայնության եւ այդ իրավունքի պետական գրանցման պարտադիր լինելու սկզբունքը: Այդ իրավունքի պետական գրանցում է համարվել անձի մշտական հաշվառումը /գրանցումը/ տվյալ բնակարանի հասցեով:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում  լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 04.10.05 թ. ընդունված /ՀՕ-188-ն/ օրենքի 11-րդ հոդվածով փոփոխության է ենթարկվել նաեւ Օրենսգրքի 225-րդ հոդվածը:

Հոդվածի նոր խմբագրությամբ հստակեցվել է բնակելի տարածության օգտագործման իրավունքի հասկացությունը, այդ իրավունքի դադարեցման դեպքում տրվող փոխհատուցման հաշվարկի կարգը:

Օրենքի 32-րդ «Անցումային դրույթներ» հոդվածի 2-րդ կետով սահմանվում է. «Եթե անձը մինչեւ 1999թ. հունվարի 1-ը սահմանված կարգով հաշվառված /գրանցված/ է եղել բնակելի տարածությունում եւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը մշտապես կամ առավելապես բնակվել է այդ բնակարանում, ապա մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը սեփականատիրոջ կողմից հայցադիմում ներկայացվելու դեպքում փոխհատուցումը կատարվում է սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե սեփականատիրոջ կողմից բնակության իրավունքը դադարեցնելու հայցադիմումը ներկայացնում է դատարան 2007թ. հունվարի 1-ից հետո, ապա սույն կետով սահմանված պաշտպանությունից օգտվում են միայն այն անձինք, որոնց բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը գրանցված է սահմանված կարգով»:

Սա նշանակում է, որ սեփականատիրոջ ընտանիքի բոլոր այն անդամները, որոնք չեն հանդիսանում բնակարանի համասեփականատերեր, մինչեւ 2006թ. դեկտեմբերի 31-ը պարտավոր էին բնակարանի սեփականատիրոջ հետ կնքել բնակելի տարածության օգտագործման պայմանագիր, հակառակ դեպքում սեփականատերը ցանկացած ժամանակ կարող է նրանց վտարել առանց փոխհատուցման:

Դժվար է պատկերացնել, որ բնակարանի միակ սեփականատեր հանդիսացող հոր հետ բնակտարածության օգտագործման պայմանագիր կկնքեն նրա երեխաները կամ կինը: Նման անհրաժեշտություն ընտանիքի անդամները չեն տեսնում, քանի դեռ ընտանիքը հաշտ է, իսկ անհաշտություն առաջանալուց հետո, սեփականատերը բնականաբար կխուսափի նման պայմանագիր կնքելուց:

Ուշագրավ է նաեւ այն, որ Քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածով սեփականատերը պարտավորեցված չէ կնքելու պայմանագիր բնակտարածության օգտագործման հավակնող որեւէ մեկի, այդ թվում նաեւ ընտանիքի անդամների հետ, ինչը պայմանագրի կնքումը դարձնում է անիրագործելի: Պետք է նկատի ունենալ, որ խոսքը ոչ միայն մինչեւ 1999 թվականը հաշվառում ունեցողների մասին է, այլ նաեւ դրանից հետո ծագած հարաբերություններում հայտնվածների:

Եթե անչափահաս երեխաներն ունեն ծնողների հետ ապրելու իրավունք եւ սեփականատերը չի կարող իր անչափահաս երեխային բնակարանից վտարելու պահանջ ներկայացնել, ապա չափահաս երեխաներն այդ առումով դառնում են անպաշտպան, եթե  ծնողը չափահաս երեխաների հետ չի կնքում բնակտարածության օգտագործման պայմանագիր:

Երեխայի բնակտարածության օգտագործման խնդիր է առաջանում նաեւ ծնողների ամուսնալուծման հետ կապված`  բաժանվող եւ ընտանիքից հեռացող ծնողի խնամքին հանձնվող երեխայի համար, երբ հեռացող ամուսինը բնակտարածության օգտագործման իրավունք ձեռք չի բերել:

Ներկա դրությամբ շատ են կանայք, որոնք ամուսնալուծվելուց հետո իրենց երեխայի կամ երեխաների հետ մնացել են անապաստան, քանի որ  225-րդ հոդվածով նախատեսվող պայմանները /պայմանագիր, իրավունքի պետական գրանցում/ բացակայում են: