Armenian ARMSCII Armenian
Պ-176-11.12.2012,08.11.2013-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 45-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասը «ովքեր նիստի ընթացքում» բառերից հետո լրացնել «գրանցվում կամ քվեարկում են բացակա պատգամավորի փոխարեն,» բառերով:

2. 2-րդ մասում «եւ» տառը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սույն օրենքում առաջարկվող լրացումը նպատակ ունի առավել բաց եւ թափանցիկ դարձնելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմնի աշխատանքները: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պատգամավորը գրանցվում է անձամբ:», իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «պատգամավորը քվեարկում է անձամբ՝ կողմ, դեմ, ձեռնպահ»: Սակայն օրենքում ամրագրված չէ, թե անձամբ չգրանցվելու եւ/կամ չքվեարկելու դեպքում ինչ կարող է հետեւել դրան: Նման նորմի բացակայությունը վկայում է այն մասին, որ բացակա պատգամավորի փոխարեն կարող է գրանցվել եւ/կամ քվեարկել նիստին ներկա որեւէ այլ պատգամավոր: Առաջարկվող լրացմամբ բացակա պատգամավորի փոխարեն գրանցվող եւ/կամ քվեարկող պատգամավորը համարվում է կարգազանց պատգամավոր, որի նկատմամբ նիստը վարողը պետք է ձեռնարկի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգապահական միջոցները: