Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-3603-24.10.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (16 ապրիլի 2001 թվականի, ՀO-177) 32-րդ հոդվածի  3-րդ մասում  «կարգով» բառից հետո լրացնել « եւ դատախազին» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,«ՄԱՔԱԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են դատական կարգադրիչների ծառայության  առջեւ ծառացած մի շարք խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Այդ փոփոխություններն ու լրացումները առաջին հերթին պայմանավորված են դատական կարգադրիչների ծառայության միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտությամբ: Վերջինս պայմանավորված է նրանով, որ դատական կարգադրիչների ծառայությունը որպես պետական հատուկ ծառայություն պետք է ունենա կառավարման այնպիսի համակարգ, որը կապահովի ծառայության օպերատիվ կառավարումը եւ լիազորությունների հստակ սահմանազատումը: Հատուկ ծառայությունների փորձը ցույց է տալիս, որ դրանց արդյունավետ կառավարման հիմքում ընկած է ուղղահայաց ենթակայության սկզբունքը, ուստի եւ նման սկզբունքը պետք է կիրառվի նաեւ դատական կարգադրիչների ծառայությունում: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել վերանայել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առկա մոտեցումները եւ կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք հնարավորություն կտան ապահովելու դատական կարգադրիչների ծառայության արդյունավետ եւ օպերատիվ կառավարումը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կընձեռի ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը:

Նման մոտեցումը պայմանավորված է նաեւ միջազգային փորձով (Բուլղարիա, Իտալիա, Շոտլանդիա, Ավստրալիա, Նիդերլանդներ, Ռուսաստանի Դաշնություն եւ այլն): Մասնավորապես, նշված երկրներում համանման ծառայությունը ղեկավարվում է ծառայության պետի կողմից, որը պատասխանատու է ծառայության առջեւ դրված խնդիրների իրականացման համար: Իսկ նշված երկրների մեծամասնությունում ծառայության գործունեության ընդհանուր կառավարումն ու վերահսկողությունը իրականացվում է արդարադատության նախարարության կողմից, որի ստորաբաժանում է հանդիսանում ծառայությունը (մեր երկրի պարագայում` Դատական դեպարտամենտը):

Նախագծում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաեւ դատական կարգադրիչի կողմից զենք կրելու անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով նախատեսված է, որ դատական կարգադրիչները կարող են ունենալ ինքնապաշտպանության հետեւյալ հատուկ միջոցները` ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ: Սակայն նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով դատական կարգադրիչների վրա դրված են այնպիսի գործառույթներ (213-րդ հոդված), որոնց լիարժեք իրականացումը անխուսափելիորեն կապված է զենք կիրառելու իրական հնարավորության հետ, ապա զենք հատկացնելը պետք է դիտել իրավաչափ: Խոսքը վերաբերում է հատկապես շենքի եւ դրա սպասարկման տարածքի պահպանությանը, ինչը ենթադրում է նաեւ զննության անցկացում: Բնական է, որ զենք հայտնաբերելիս եւ այն առգրավելու փորձի ընթացքում զինված դիմադրության հանդիպելիս դատական կարգադրիչը հարկադրված կլինի զենք կիրառել:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում հատուկ ծառայությունների փորձը ցույց է տալիս, որ հրազենի առկայությունն առանձին դեպքերում պարտադիր է, հակառակ դեպքում վտանգվում է անձանց կյանքը եւ առողջությունը: Այսպես, դատարաններում պահպանություն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները ծառայությունն իրականացնելիս կրում էին հրազեն, ինչն իր հերթին հնարավորություն էր տալիս կանխելու դատարանի շենքի վրա գիշերային հարձակումները այն գործադրելու միջոցով: Հայաստանի Հանրապետությունում երբեւէ տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ կալանքի տակ գտնվող անձանց կողմից փախուստի դիմելու փորձերը եւ դատարանի վրա հարձակումները դրսեւորվում են հրազենի օգտագործմամբ: Նման իրավիճակներում դատական կարգադրիչի մոտ զենքի առկայությունն իր կանխարգելիչ դերը կունենա` հնարավորություն տալով ետ մղել ոչ միայն նկարագրված եւ այլ տեսակի հարձակումները, այլեւ պաշտպանել սեփական կյանքն ու առողջությունը:

Սակայն բոլոր դեպքերում զենք կրելու իրավունք պետք է ունենան բացառապես այն դատական կարգադրիչները, որոնք իրականացնում են արտաքին պահպանության եւ ներքին անվտանգության գործառույթներ (Նախագծի 12-րդ հոդվածով ամրագրված 216-րդ հոդվածի 9-րդ մաս):

Պետք է նկատել, որ քրեական գործերով անհրաժեշտ է հատուկ համագործակցություն դատական կարգադրիչների եւ քրեակատարողական հիմնարկների կալանավորներին ուղեկցող խմբի աշխատակիցների միջեւ: Այս համագործակցությունն անհրաժեշտ է, որպեսզի ապահովվի դատական կարգադրիչի լիազորությունների լիարժեք իրականացումը (դատարանի շենքում անվտանգության, ներքին անցագրային կարգի ապահովում, դատական նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների, դատավորի, դատական նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն): Այս պայմաններում պետք է հստակ տարանջատել դատական կարգադրիչների պարտավորությունների դաշտը քրեակատարողական հիմնարկի ծառայողների պարտավորություններից, քանզի վերջիններս պատասխանատվություն են կրում կալանավորի համար, հետեւաբար նրանք պետք է իրականացնեն իրենց այն լիազորությունները, որոնք փոխկապակցված են անմիջապես կալանքի տակ գտնվող անձի հետ: Իսկ դատարանի շենքում տեղափոխելիս վերջինիս անվտանգությունը պետք է ապահովեն դատական կարգադրիչները:

Ընդ որում, «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժի, հրազենի կամ հատուկ միջոցների գործադրումը:

Ուստի, անկախ զենք գործադրելու հետեւանքով առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքերի, զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին դատական կարգադրիչը պարտավոր է այդ մասին հաղորդել դատախազին: Դրանից է բխում Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 216-րդ հոդվածի (նախագծի 12-րդ հոդված) 6-րդ կետում ամրագրված դրույթը, որով էլ պայմանավորված են կից նախագծերում ներկայացված փոփոխություններն ու լրացումները:

Օրինագծի որոշ դրույթներ զուտ խմբագրական բնույթ ունեն եւ հետապնդում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում առաջարկվող մյուս փոփոխություններին ու լրացումներին համապատասխանեցնելու նպատակ: