Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-289-18.06.2013-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքը շարադրել նոր խմբագրությամբ.
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները:

Սույն օրենքի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը, արդյունավետ կառավարումը:

Հոդված 2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) ազգային պարկ` էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների պահպանության, վերականգնման եւ կայուն օգտագործման նպատակներով առանձնացված  տարածք, որտեղ բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են ինչպես առանց մարդու անմիջական միջամտության, այնպես էլ միջամտությամբ եւ կարող է օգտագործվել գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի, էկոլոգիապես անվտանգ տնտեսական գործունեության իրականացման, ինչպես նաեւ գիտակրթական ու մշակութային միջոցառումների, կանոնակարգված զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպման նպատակներով.

2) արգելավայր` բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների եւ դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության ու վերականգնման նպատակով առանձնացված բնական տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ եւ օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, բուսական, կենդանական եւ բնական օբյեկտների պաշարների շարունակական կամ ժամանակավոր օգտագործման, կանոնակարգված զբոսաշրջության եւ ռեկրեացիայի նպատակներով.

3) արգելոց` էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որտեղ բնական երեւույթների զարգացման գործընթացներն ընթանում են առանց մարդու անմիջական միջամտության եւ կարող է օգտագործվել միայն գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական զբոսաշրջության ու կրթական միջոցառումների կազմակերպման նպատակներով.

4) բնական օբյեկտ՝ ցամաքային եւ ջրային բնական էկոհամակարգերի առանձին բաղադրիչներ՝ երկրաբանական գոյացություններ, ռելիեֆի ձեւեր, ստորերկրյա ջրեր, գետեր, լճեր, ջրվեժներ, աղբյուրներ, ճահիճներ, բուսական եւ կենդանական աշխարհի առանձին օբյեկտներ.

5) բնապատմական բնության հուշարձան` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական եւ կենսաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ եւ բնական համալիրներ, որոնք ներդաշնակորեն կապված են պատմամշակութային արժեքավոր հուշարձանների եւ դրանց համալիրների, բնակատեղիների, կամ պատմական իրադարձությունների ու լեգենդների հետ.

6) բնության հատուկ պահպանվող տարածք՝ հողի, մակերեւութային ու ստորերկրյա ջրերի, ընդերքի եւ համապատասխան օդային ավազանի` սույն օրենքով սահմանված կարգով առանձնացված տարածքներ եւ առանձին բնական օբյեկտներ, որոնք բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում, եւ որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.

7) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստր` տեղեկատվության եւ փաստաթղթերի անընդհատ լրացվող համահավաք, որը ներառում է բնության հատուկ պահպանվող տարածքների աշխարհագրական տեղաբաշխման, սահմանների, պահպանության ռեժիմի, կենսաբանական բազմազանության հաշվառման ու վիճակի, բուսական եւ կենդանական պաշարների ու դրանց օգտագործման ձեւերի, գիտական, տնտեսական, իրավական, սոցիալական եւ պատմամշակութային արժեքների քանակական ու որակական բնութագրերի վերաբերյալ համադրելի տվյալներ.

8)  բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլան` պաշտոնական փաստաթուղթ, որով սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գործողությունները.

9)  բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգ` էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների որակական եւ քանակական ցուցանիշների, վիճակի ռեժիմային դիտարկումների, գնահատման, արագ արձագանքման ու զարգացման ընթացքի կանխատեսման համակարգ.

10) բնության հուշարձան` առանձին վերցրած եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող բնական օբյեկտի կամ համալիրի բնական վիճակի պահպանության նպատակով առանձնացված տարածք, որն օգտագործվում է գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի, գիտակրթական, մշակութային միջոցառումների եւ ռեկրեացիայի իրականացման նպատակներով.

11) երկրաբանական բնության հուշարձան` երկրաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հրաբխային (հրաբխային կոներ, խառնարաններ, լավային ծածկոցներ, քարանձավներ), տեկտոնական (կամարածալքեր, բեկվածքներ, շերտագրական եւ քարագրական մերկացումներ, հազվագյուտ հանքանյութերի, օգտակար հանածոների եւ ապարների ելքեր), արտածին (հողմահարման եւ տեղատարման հետեւանքով առաջացած ռելիեֆի յուրահատուկ ձեւեր` կիրճեր, մնացորդային բուրգեր, քարափներ, վիհեր, հողմային խորշեր, քարայրներ, թունելներ, կամուրջներ, քարե քանդակներ), հնէաբանական (բրածո բույսերի եւ կենդանիների մնացորդներ, քարացուկներ, դրոշմներ կամ մերկացումներ).

12) Էկոլոգիական զբոսաշրջություն` բնության ճանաչողությանն ուղղված զբոսաշրջության ձեւ, որը չունի բացասական ազդեցություն բնական միջավայրի կամ լանդշաֆտի վրա եւ օժանդակում է բնության պահպանությանը.

13) էկոլոգիական հավասարակշռություն՝ բնական էկոհամակարգերի բաղադրիչների, բնական երեւույթների եւ մարդածին գործոնների դինամիկ հավասարակշռություն, որն ապահովում է էկոհամակարգի երկարատեւ եւ կայուն գոյատեւումը.

14) Էկոլոգիական միջանցք` էկոլոգիական ցանցի գործառնական բաղադրիչ, որը նպատակաուղղված է բնության հատուկ պահպանվող տարածքների փոխկապակցվածության, դրանց էկոհամակարգերի կայունության, պահպանության, բույսերի տարածվածության, կենդանիների տեղաշարժի եւ էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովմանը.

15) Էկոլոգիական ցանց` էկոլոգիական միջանցքներով միմյանց հետ փոխկապակցված տարբեր կատեգորիաների պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգ, որն ապահովում է բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ գործունեությունը, էկոհամակարգերի էկոլոգիական հավասարակշռությունը եւ դրա բաղադրիչների պահպանությունը, պաշտպանությունը, վերարտադրությունն ու կենդանիների անարգել տեղաշարժն ու միգրացիան.

16) էկոհամակարգ՝ կենդանի օրգանիզմների եւ դրանց բնակության միջավայրի (հող, ջուր, մթնոլորտ), ինչպես նաեւ դրանց փոխազդեցությունը պայմանավորող բնական երեւույթների  գործառնական ամբողջություն.

17) Էկոհամակարգի բաղադրիչներ` ցամաքային եւ ջրային էկոհամակարգերի կենսական տարրերի (միկրոօրգանիզմներ, սնկեր, բույսեր, կենդանիներ) եւ անկենդան միջավայրի (հող, ջուր, մթնոլորտային օդ) փոխկապակցված ամբողջություն.

18) լանդշաֆտ` աշխարհագրական թաղանթի տեղամաս, որի բնույթը բնական եւ մարդկային գործոնների ազդեցության կամ փոխազդեցության արդյունք է, եւ որի համասեռ բնական հատվածները բնորոշվում են ուրույն երկրաբանական կառուցվածքի, ռելիեֆի, կլիմայի, հողաբուսական ծածկույթի եւ կենդանական աշխարհի ամբողջականությամբ.

19) կենսաբանական բազմազանություն՝ ցամաքային, օդային եւ ջրային էկոհամակարգերի բաղադրիչներ համարվող կենդանի օրգանիզմների տարատեսակություն, որը ներառում է բազմազանությունը տեսակի շրջանակներում, տեսակների միջեւ եւ էկոհամակարգերի բազմազանությունը.

20) կենսաբանական բնության հուշարձան` կենսաբանական ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած հազվագյուտ, անհետացող, ռելիկտային բույսերի տեսակներ եւ դրանց բնական պոպուլյացիաներ,  բնական աճելավայրերում հանդիպող երկարակյաց ծառեր, ինչպես նաեւ հազվագյուտ եւ անհետացող թռչունների բնադրավայրեր.

21) կենսաբանական պաշար` աշխարհագրական որոշակի տարածքում առկա բուսական եւ կենդանական տեսակների, դրանց համակեցությունների օգտագործման ենթակա քանակություն.

22) կենսոլորտային պահպանավայր` գիտական, ճանաչողական, գեղագիտական եւ տնտեսական բարձրարժեք լանդշաֆտների, էկոհամակարգերի եւ դրանց առանձին բաղադրիչների, ինչպես նաեւ բնական ու մարդածին տարբեր աստիճանի ներգործության ենթարկված տարածքների համակարգ, որտեղ գիտահետազոտական ուսումնասիրությունների եւ տարածաշրջանային համընդհանուր մոնիթորինգի հիման վրա ապահովվում են տարածաշրջանի կենսաբանական բազմազանության պահպանությունը, վերարտադրությունը, վերականգնումն ու կայուն զարգացումը.

23) շահագրգիռ կողմեր` բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման խնդիրներին առնչվող պետական կառավարման, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք.

24) պահպանվող լանդշաֆտ` բնական կամ մարդու կողմից ձեւափոխված բնապահպանական, մշակութային, գեղագիտական արժեք ներկայացնող առանձնացված տարածք, որտեղ բնական միջավայրի զարգացման գործընթացներն ընթանում են ակտիվ կառավարման միջամտությամբ եւ օգտագործվում են գիտական ուսումնասիրությունների, շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման, էկոլոգիական դաստիարակության, կանոնակարգված զբոսաշրջության եւ ռեկրեացիայի նպատակներով.

25) ջրագրական բնության հուշարձան` հրաբխային, տեկտոնական, ամբարտակային եւ սառցադաշտային ծագման եզակի, գիտական եւ գեղագիտական արժեք ներկայացնող առանձին վերցրած ջրային օբյեկտներ, որոնք լինում են` սառցադաշտ, լիճ (սառցադաշտային, խառնարանային, ջրաճահճային), ջրվեժ, խոնավ տարածքներ.

26) ջրաերկրաբանական բնության հուշարձան` ջրաերկրաբանական ծագման եզակի, գիտական եւ բալնեոլոգիական արժեք ներկայացնող առանձին բնական օբյեկտներ կամ բնական համալիրներ, որոնք լինում են` հանքային եւ քաղցրահամ ջրերի բնական ելքեր (աղբյուրներ), կարստային քարանձավներ, կիրճեր, կանյոններ, սառցադաշտային կրկեսներ:

Հոդված 4. Բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաները

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաներն են` արգելոցը, ազգային պարկը, բնության հուշարձանը, արգելավայրը, պահպանվող լանդշաֆտը:

Հոդված 5. Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը

1.Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակն է.

1) լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության պահպանության, բնականոն զարգացման, վերականգնման, վերարտադրության եւ բանական օգտագործման ապահովումը.

2) բնական էկոհամակարգերի կայունության եւ էկոլոգիական հավասարակշռության ապահովումը.

3) Էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական, ռեկրեացիոն, պատմամշակութային եւ գեղագիտական արժեք ներկայացնող օբյեկտների պահպանության ապահովումը.

4) էկոհամակարգերի բնականոն զարգացման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելումը կամ մեղմացումը.

5) էկոհամակարգերում բնական երեւույթների բնականոն ընթացքի եւ բնական օբյեկտների գիտական ուսումնասիրությունների եւ շրջակա միջավայրի մոնիթորինգի ապահովումը.

6) կլիմայի փոփոխության ազդեցության մեղմացումը.

7) բնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության իրականացման աշխատանքներին նպաստելը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքները ստեղծվում են, ինչպես նաեւ դրանց կատեգորիաները փոփոխվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հիմք ընդունելով բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) առաջարկը:

3. Պահպանվող լանդշաֆտը կարող է ստեղծվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավոր լիազորությունների շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Հոդված 6. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերի սեփականությունը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների հողերը պետական սեփականություն են եւ չեն կարող օտարվել համայնքներին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց` բացառությամբ պահպանվող լանդշաֆտի հողերի, որոնք կարող են լինել նաեւ համայնքային սեփականություն:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքները պարտադիր հաշվի են առնվում տնտեսական եւ սոցիալական զարգացման (քաղաքաշինական, հողաշինական, հանքարդյունաբերական, ջրօգտագործման, անտառշինական) ծրագրերի, նախագծերի եւ այլ փաստաթղթերի կազմման ժամանակ:

Հոդված 7. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման համակարգումն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարվում են պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից` համաձայն սույն օրենքի, բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանի (այսուհետ՝ կառավարման պլան), սահմանված կարգով հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի եւ տվյալ կազմակերպության կանոնադրության:

3. Բնության հուշարձանը կարող է կառավարվել տեղական ինքնակառավարման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության պատվիրակված լիազորության շրջանակում:

4. Պահպանվող լանդշաֆտը կարող է կառավարվել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` այդ նպատակով ստեղծված համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կամ միջհամայնքային միավորումների միջոցով:

5. Անտառային հողերում բնության հատուկ պահպանվող տարածքները (բացառությամբ արգելոցների եւ ազգային պարկերի) կարող են կառավարվել անտառային ոլորտի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի կողմից:

Հոդված 8. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը հաստատվում է բնության հատուկ պահպանվող տարածքի ստեղծման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համայնքի ավագանու որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու տարվա ընթացքում:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանները, բացառությամբ պահպանվող լանդշաֆտի, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Պահպանվող լանդշաֆտի կառավարման պլանը հաստատում է համայնքի ավագանին:

3. Կառավարման պլանը կազմվում է համաձայն լիազոր մարմնի կողմից հաստատված մեթոդական ուղեցույցի:

4. Կառավարման պլանն ընդգրկում է՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի եւ սպառնացող վտանգների) նկարագրությունը եւ անցած ժամանակաշրջանում  դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.

2) բնության հատուկ պահպանվող տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման,  հողօգտագործման եւ այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտու սոցիալ-տնտեսական խնդիրները.

4) բնության հատուկ պահպանվող տարածքի համապատասխան գուտում  բնօգտագործման առանձնահատկությունները.

5) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանը եւ օգտագործմանը  մասնակցող շահագրգիռ կողմերը.

6) բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության կանխարգելմանն ու մեղմացմանը  (վերացմանը) ուղղված գործողությունների ամենամյա  պլանը եւ ժամանակացույցը.

7) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության,  գիտահետազոտական ուսումնասիրության եւ այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը եւ ֆինանսավորման աղբյուրները:

5. Բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը ենթակա է վերանայման` առնվազն  հինգ տարին մեկ անգամ: Սահմանված ժամկետում կառավարման պլանը չվերանայելու դեպքում հաստատված պլանը շարունակում է գործել մինչեւ նորի ընդունումը: Այդ ժամանակահատվածի համար լիազոր մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը մշակում են բնության հատուկ պահպանվող տարածքի տարեկան միջոցառումների ծրագիր:

Հոդված 9 . Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման հետ կապված ծախսերը, կառավարման պլանի մշակման աշխատանքները ֆինանսավորվում են սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջոցներից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից, համայնքային եւ պետական բյուջեներից:

2. Պահպանվող լանդշաֆտի կառավարման հետ կապված ծախսերը, կառավարման պլանի մշակման աշխատանքները կարող են ֆինանսավորվել նաեւ համայնքային բյուջեի միջոցներից եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Գ Լ ՈՒ Խ  2
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ  ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններն են՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության իրականացումը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու  ռազմավարության հաստատումը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի սահմանումը.

4) բնության հատուկ պահպանվող տարածքների, բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի, դրանց պահպանման գոտիների,  էկոլոգիական միջանցքների եւ կենսոլորտային պահպանավայրերի ստեղծումը, սահմանների հաստատումը եւ համապատասխան փոփոխությունների կատարումը.

5) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների հաստատումը,  բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի կառավարման պլանի,

6) բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման եւ իրականացման կարգի սահմանումը.

7) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի սահմանումը.

8) բնության հուշարձանների ցանկի եւ անձնագրերի հաստատումը.

9) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպության աշխատողի համազգեստի ձեւի, այն կրելու կարգի եւ պայմանների, հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձեւի, մոդելի եւ քանակի, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի սահմանումը.

10) Էկոլոգիական ցանցի հայեցակարգի եւ քարտեզ-սխեմայի հաստատումը.

11) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 11. Լիազոր մարմնի լիազորությունները

1.Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ կառավարման բնագավառում լիազոր մարմնի լիազորություններն են՝

1) բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման պետական քաղաքականության մշակումը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու  ռազմավարության մշակումը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգի մշակումը.

4) բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների,  էկոլոգիական միջանցքների եւ կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման, սահմանների հաստատման եւ դրանց համապատասխան փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

5) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլանների մշակումը, բացառությամբ համայնքի կողմից ստեղծված պահպանվող լանդշաֆտի կառավարման պլանի

6) բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի կազմակերպման եւ իրականացման կարգի մշակումը.

7) բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման կարգի մշակումը եւ վարումը.

8) բնության հուշարձանների ցանկի եւ անձնագրերի կազմումը.

9) ազգային պարկի ռեկրեացիոն եւ տնտեսական գոտիների, արգելավայրի, պահպանվող լանդշաֆտի տարածքներում կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների սահմանումը` հիմք ընդունելով համապատասխան գիտական հիմնավորումները.

10) բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպության աշխատողի համազգեստի ձեւի, այն կրելու կարգի եւ պայմանների, հատկացվող ծառայողական զենքի ու զինամթերքի տեսակի, ձեւի, մոդելի եւ քանակի, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ունեցող պաշտոնների անվանացանկի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

11) վերահսկողությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում օրենսդրության կատարման նկատմամբ եւ խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան մարմիններին իրազեկումը.

12) Էկոլոգիական ցանցի հայեցակարգի եւ քարտեզ-սխեմայի մշակումը.

13) բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման եւ կրթադաստիարակչական ծրագրերի մշակումը.

14) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 12. Տարածքային կառավարման մարմինների լիազորությունները

1.Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ կառավարման բնագավառում տարածքային կառավարման մարմինների լիազորություններն են`

1) մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման  պետական քաղաքականության, կառավարման բնագավառում պետական ծրագրերի ու  ռազմավարության մշակմանը.

2) բնության հատուկ պահպանվող տարածքների, դրանց պահպանման գոտիների,  էկոլոգիական միջանցքների, կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման եւ սահմանների վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը լիազոր մարմնին.

3) մասնակցությունը կառավարման պլանների եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում գտնվող համայնքների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին.

4) մասնակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացման եւ կրթադաստիարակչական ծրագրերի մշակմանը.

5) աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող կազմակերպություններին.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 13.Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման եւ կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Գ Լ ՈՒ Խ  3 
  ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԸ

Հոդված 14. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունը

1. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների նպատակն է էկոհամակարգերի ու դրանց բաղադրիչների, այդ թվում` բուսական եւ կենդանական տեսակների եւ պաշարների պահպանության, պաշտպանության, վերարտադրության միջոցառումների եւ օգտագործման մեխանիզմների գիտական հիմնավորումը, մասնավորապես՝

1) կենսաբանական բազմազանության տեսակային կազմի, տարածվածության, քանակի, բնակության վայրերի, կենդանիների  միգրացիայի ուղիների ուսումնասիրումը.

2) կենսաբանական պաշարների օգտագործման ենթակա թույլատրելի չափաքանակների նախադրյալների սահմանումը եւ դրանց ողջամիտ օգտագործման մեխանիզմների մշակումը.

3) պահպանության տարբեր ռեժիմների պայմաններում բուսական եւ կենդանական տեսակների էկոլոգիական առանձնահատկությունների բացահայտումը.

4) կենսաբանական բազմանության պահպանության, պաշտպանության եւ վերարտադրության արդյունավետ մեթոդների ու միջոցառումների վերաբերյալ առաջարկների մշակումը.

5) տարածքների գործառնական գոտիավորման վերաբերյալ առաջարկների մշակումը.

6) տարածքի կենսաբանական բազմազանության մասին տվյալների բազայի ստեղծումը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող գիտական ուսումնասիրությունների թեմատիկ ուղղվածությունները սահմանվում են կառավարման պլանով եւ իրականացվում են հիմնարար կամ կիրառական ուղղություններով՝ պետական բյուջեի, սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջոցների, համայնքային բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ֆինանսական այլ միջոցների հաշվին:

3.Բնության հատուկ պահպանվող տարածքներում գիտական ուսումնասիրություններ կարող են իրականացվել նաեւ այլ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից` պայմանագրային հիմունքներով, եթե դրանց իրականացմամբ չեն խախտվի սույն օրենքի կամ տվյալ տարածքի կառավարման պլանի պահանջները:

Հոդված 15.Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի նպատակը

1.Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգի նպատակն է՝

1) կենսաբանական բազմազանության տարածվածության, տեսակային կազմի, քանակի, բնակության վայրերի, կենդանիների միգրացիայի ուղիների առկա վիճակի բացահայտումը.

2) էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների քանակական եւ որակական փոփոխությունների գնահատումն ու կանխատեսումը եւ դրանց վրա բնական ու մարդածին գործոնների ազդեցության բացահայտումը.

3) էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների վրա բացասական ազդեցությունների կանխարգելման ու վերացման կամ մեղմացման միջոցառումների մշակումը:

2. Բնության հատուկ պահպանվող տարածքների մոնիթորինգը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, սույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 21-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ եւ 8-րդ մասերով նախատեսված միջոցների, համայնքային բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:

Հոդված 16. Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման նպատակը եւ տվյալների օգտագործումը

1.Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի վարման նպատակն է`

1) կադաստրային տվյալների հիման վրա բնության հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր վիճակի գնահատումը եւ զարգացման հեռանկարների որոշումը.

2) գիտական ուսումնասիրությունների եւ մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրումը, դասակարգումը եւ տեղեկատվական բազայի ստեղծումը.

3) բնության հատուկ պահպանվող տարածքների եւ դրանց բուսական ու կենդանական պաշարների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառումը, ամփոփումն ու վերլուծումը:

2.Բնության հատուկ պահպանվող տարածքների կադաստրի տվյալները օգտագործվում են բնապահպանական, գիտական, սոցիալական, տնտեսական ծրագրերի եւ այլ փաստաթղթերի մշակման համար եւ որպես տեղեկատվության աղբյուր: 
 

Գ Լ ՈՒ Խ 4
ԱՐԳԵԼՈՑ

Հոդված 17. Արգելոցի նպատակները

1. Արգելոցի նպատակներն են`

1) ապահովել բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների բնականոն զարգացումը.

2) կանխել էկոհամակարգերի բնական վիճակի եւ բնական գործընթացների խախտում առաջացնող գործողությունները.

3) գիտական ուսումնասիրությունների իրականացումը.

4) էկոլոգիական մոնիթորինգի իրականացումը.

5) էկոլոգիական դաստիարակությունը:

Հոդված 18. Արգելոցի պահպանության ռեժիմը

1. Արգելոցի տարածքում արգելվում է`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը ջրային համակարգերի միջոցով, եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բնակելի, հասարակական եւ արտադրական օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ արգելոցի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան, դիտակետ, հակահրդեհային ճանապարհներ, նախազգուշացնող եւ տեղեկատվական ցուցանակներ, բնական նյութերով պատրաստված ոչ հիմնական տաղավարներ, արգելոցի մուտքի մոտ այցելուների կենտրոն).

3) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների եւ բույսերի օտարածին տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը եւ կլիմայավարժեցումը, ինչպես նաեւ առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով տարվող որեւէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների եւ սերմերի մթերումը, բացի արգելոցի տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը եւ բուսական ծածկույթի այլ խախտումներ.

8) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը եւ տարանցիկ տեղափոխումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից եւ ջրային ուղիներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, արգելվում է այլ նպատակներով մուտքն արգելոց: Մուտքի թույլատրման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Արգելոցի տարածքում թույլատրվում է`

1) բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) արգելոցի կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական  զբոսաշրջության կազմակերպումը.

3) կառավարումն իրականացնող կազմակերպության տրանսպորտային միջոցների օգտագործումը.

4) հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.

5) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական միջոցառումների (դպրոցականների համար բաց դասերի, էքսկուրսիաների, ցուցահանդեսների, բնապահպանական օրերի նշումների կազմակերպում) եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

6) իրազեկման նպատակով բնապահպանական միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը:

4. Արգելոցի օգտագործումը էկոլոգիական զբոսաշրջության եւ ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացման, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակով վճարովի է: Արգելոցի օգտագործման վճարների տեսակներն են.

1) էկոլոգիական զբոսաշրջության համար արգելոցի մուտքի վճար.

2) սպասարկման ծառայությունների համար նախատեսված վճար.

3) արգելոցում ուսումնաարտադրական պրակտիկաների համար վճար:

5. Իրավաբանական եւ ֆիզիկական անձինք արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար արգելոցի համապատասխան անցակետում մուծում են մուտքավճար, իսկ իրավաբանական անձինք կարող են նաեւ դա իրականացնել պայմանագրային հիմունքներով:

6. Յուրաքանչյուր արգելոցի մուտքի վճարի առավելագույն չափը, միաժամանակ մուտք գործող անձանց թույլատրելի քանակը եւ տարածքում գտնվելու ժամանակահատվածը սահմանում է լիազոր մարմինը:

7. Նույնատիպ ծառայությունների մատուցման դիմաց արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից միեւնույն կատեգորիայի այցելուների համար սահմանվում են հավասար վճարաչափեր:

8. Յուրաքանչյուր արգելոցի համար սահմանված մուտքի, սպասարկման ծառայությունների եւ ուսումնաարտադրական պրակտիկաների վճարը մուտքագրվում է տվյալ արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության դրամարկղ եւ օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

9. Արգելոցի մուտքը գիտական ուսումնասիրությունների, մոնիթորինգի եւ կրթադաստիարակչական միջոցառումների իրականացման նպատակով անվճար է եւ կատարվում է լիազոր մարմնի կողմից հաստատված անցագրով, որը տրվում է արգելոցի կառավարումն իրականացնող կազմակերպության կողմից: 
   

Գ Լ ՈՒ Խ 5
ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

Հոդված 19. Ազգային պարկի նպատակը

Ազգային պարկի նպատակն է` տարածքում ապահովել բնական կամ բնականին մոտ էկոլոգիական գործընթացների, կենսաբազմազանության եւ էկոհամակարգերի առանձնահատկությունների պահպանությունը:

Հոդված 20. Ազգային պարկի գոտիավորումը

1. Ազգային պարկի տարածքն ըստ գործառնական նշանակության բաժանվում է արգելոցային, արգելավայրային, ռեկրեացիոն, տնտեսական եւ վերականգնման գոտիների, որոնք ձեւավորվում են հաշվի առնելով տարածքի  էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, սոցիալական, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքները:

2. Ազգային պարկի գոտիների նպատակներն են`

1) արգելոցային գոտու տարածք – տարածքի բնական վիճակի պահպանության ապահովումը.

2) արգելավայրային գոտու տարածք - հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների եւ դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանության ապահովումը.

3) ռեկրեացիոն գոտու տարածք – հանգստի, առողջարարական, զբոսաշրջային ծառայությունների կազմակերպումը` տարածքի բնական, գեղագիտական եւ պատմամշակութային արժեքների պահպանության ապահովման պայմանով.

4) տնտեսական (կայուն օգտագործման) գոտու տարածք – վերականգնվող բնական պաշարների շարունակական օգտագործման ապահովումը, ինչպես նաեւ ազգային պարկի վարչական ենթակառուցվածքների ստեղծման եւ տեղաբաշխման ապահովումը:

5) վերականգնման գոտու տարածք – մարդու տնտեսական գործունեության կամ բնական աղետների արդյունքում վնասված բնական կամ ավանդաբար ձեւափոխված լանդշաֆտների վերականգնման ապահովումը:

Հոդված 21. Ազգային պարկի պահպանության ռեժիմը

1.Ազգային պարկի արգելոցային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքով արգելոցի համար սահմանված պահպանության ռեժիմը:

2.Ազգային պարկի արգելավայրային գոտու նկատմամբ կիրառվում է սույն օրենքով արգելավայրի համար սահմանված ռեժիմը:

3.Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում արգելվում է`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը եւ պահեստավորումը.

7) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.

8) անտառահատումները (բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների).

9) արդյունագործական նպատակով բուսական եւ կենդանական աշխարհի օբյեկտների եւ դրանց արգասիքների օգտագործումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից եւ ջրային ուղիներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

12) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:

4.Ազգային պարկի ռեկրեացիոն գոտում թույլատրվում է.

1) քաղաքացիների հանգիստը,

2) բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը.

3) էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ  սահմանված կարգով եւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան,  կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

5) սանիտարական եւ խնամքի հատումները.

6) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները, այդ թվում` վարակիչ հիվանդությունները կենսաբանական մեթոդներով կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաեւ, համաձայն կառավարման պլանի, խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները, անտառվերականգնման եւ անտառապատման գործողությունները.

7) կառավարման պլանով նախատեսված հանգստի եւ զբոսաշրջային երթուղիների ենթակառուցվածքների ձեւավորում եւ սպասարկում.

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) տրանսպորտային միջոցների մուտքն ու կայանելը` այդ նպատակով   առանձնացված վայրերում.

10) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը,

11) սիրողական ձկնորսությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ  կարգով:

12) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը,

5. Ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում է՝

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների).

4) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

7) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ եւ կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը:

8) ընդերքի շահագործումը, բացառությամբ այն ստորգետնյա ջրերի, որոնք ունեն բնականից բաց ելքեր.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից եւ ջրային ուղիներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կայանելը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

11) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

6. Ազգային պարկի տնտեսական գոտում թույլատրվում են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված գործունեության ձեւերն ըստ նպատակների, ինչպես նաեւ գործունեության հետեւյալ  ձեւերը`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, այդ թվում` օրգանական պարարտանյութերի օգտագործումը.

2) օրենսդրությամբ սահմանված կարգով տարածքին բնորոշ հազվագյուտ եւ արժեքավոր վայրի բույսերի եւ կենդանիների արհեստական վերարտադրությունն ու օգտագործումը, այդ թվում` արդյունագործական ձկնորսությունը:

7. Ազգային պարկի վերականգման գոտու տարածքում իրականացվում են բնական կամ ավանդաբար ձեւափոխված լանդշաֆտների վերականգմանն ուղղված գործողություններ (անտառվերականգնում, հողի շերտի վերականգնում եւ այլն): Վերականգնման գործողությունները կարող են լինել բնական եւ ակտիվ կառավարման միջամտությամբ: Բնական վերականգնման գործողությունների իրականացման ժամանակ կիրառվում է սույն օրենքով արգելոցի համար սահմանված պահպանության ռեժիմը:

8. Ազգային պարկի արգելոցային գոտում  ուսումնական հաստատությունների ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը վճարովի է` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանագրային հիմունքներով: Յուրաքանչյուր ազգային պարկի համար սահմանված ուսումնաարտադրական պրակտիկաների վճարը մուտքագրվում է տվյալ ազգային պարկի կառավարումն իրականացնող կազմակերպության դրամարկղ եւ օգտագործվում է տվյալ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

Գ Լ ՈՒ Խ 6
ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հոդված 22. Բնության հուշարձանի ստեղծման չափանիշները

Բնության հուշարձանի ստեղծման չափանիշներն են` բազմածին, էտալոնային, գիտաճանաչողական, գեղագիտական, բնապատկերային, մշակութային եւ ռեկրեացիոն առանձնահատուկ նշանակության տարբեր բնական օբյեկտների եւ համալիրների առկայությունը:

Հոդված 23. Բնության հուշարձանների դասակարգումը

Հայաստանի Հանրապետությունում բնության հուշարձանները դասակարգվում են` երկրաբանական, ջրաերկրաբանական, ջրագրական,  կենսաբանական եւ բնապատմական բնության հուշարձանների:

Հոդված 24. Բնության հուշարձանների պահպանության ռեժիմը

1. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում արգելվում է`

1) բնության հուշարձանի տեսքը խաթարող ցանկացած գործունեություն` աղտոտում, գրառումներ, մոմավառություն, ծիսական պարագաների տեղադրում, նմուշների ձեռք բերում, խարույկ վառել, տարբեր նպատակներով օբյեկտների տեղադրում (բացառւթյամբ տվյալ հուշարձանի պահպանության եւ օգտագործման համար նախատեսվածի).

2) շինանյութերի ձեռք բերումը երկրաբանական բնության հուշարձանների տարածքից.

3) ջրային պաշարների օգտագործումը ջրաերկրաբանական եւ ջրագրական բնության հուշարձանների տարածքից, որն հանգեցնում է լճերի, գետերի ջրային հաշվեկշռի խախտմանը, աղբյուրների եւ ջրվեժների արտաքին տեսքի խաթարմանը.

4) բնափայտի, արմատների, տերեւների, ցողունների, ծաղիկների, պտուղների, սերմերի մթերումը, ինչպես նաեւ կենդանական աշխարհի օբյեկտների որսը եւ թռչունների ձվերի հավաքը.

5) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

2. Բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում թույլատրվում է`

1) էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) էկոլոգիական զբոսաշրջության եւ ռեկրեացիայի կազմակերպումը, տարածքի բարեկարգումը.

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

4) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաեւ խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

5) սանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

3. Բնության հուշարձանի համար կազմվում է անձնագիր, որն ընդգրկում է`

1) անվանումը եւ դասակարգումը.

2) տեղադիրքը եւ աշխարհագրական կոորդինատները.

3) նկարագրությունը, չափագրությունը.

4) սահմանների եւ պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը.

5) պահպանության, պաշտպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները.

6) տվյալներ կառավարող մարմնի մասին:

4.Պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են պահպանել բնության հուշարձանի անձնագրով սահմանված պահպանության, պաշտպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները: 

Գ Լ ՈՒ Խ 7
ԱՐԳԵԼԱՎԱՅՐ

Հոդված 25. Արգելավայրի նպատակները

1.Արգելավայրի նպատակներն են`

1) ապահովել հազվագյուտ, էնդեմիկ, ռելիկտային, Կարմիր գրքում գրանցված բուսական, կենդանական աշխարհի առանձին տեսակների եւ դրանց պոպուլյացիաների ապրելավայրերի պահպանությունը.

2) ապահովել բուսական, կենդանական պաշարների պահպանությունը եւ վերարտադրությունը` շարունակական կամ ժամանակավոր օգտագործման նպատակով:

Հոդված 26. Արգելավայրի պահպանության ռեժիմը

1.Արգելավայրի տարածքում արգելվում է`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) պահպանության ենթակա բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) որսորդությունը, բացառությամբ սիրողական ձկնորսության.

4) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

5) անտառահատումները, բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների.

6) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաեւ հանքային պարարտանյութերի օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդհանուր օգտագործման ճանապարհներից եւ ջրային ուղիներից դուրս շարժիչային եւ թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթեւեկությունը եւ կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

9) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.

10) տնտեսական եւ բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի եւ հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը.

11) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

2. Արգելավայրի տարածքում թույլատրվում  է.

1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) կառավարման պլանով սահմանված երթուղիներով էկոլոգիական զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` տեղանքին համահունչ հանգստի տաղավարների եւ դիտակետերի տեղադրումը.

3) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաեւ խախտված էկոհամակարգերի վերականգնման, այդ թվում` անտառվերականգնման միջոցառումները.

4) պահպանության ենթակա բուսական եւ կենդանական տեսակների վերարտադրությունը, դրանց պոպուլյացիաների վերականգնմանը նպաստող միջոցառումները.

5) սանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը:

6) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական եւ ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված թույլտվության առկայության դեպքում ջրային  ռեսուրսների եւ  բուսական պաշարների օգտագործումը:

Գ Լ ՈՒ Խ 8
ՊԱՀՊԱՆՎՈՂ ԼԱՆԴՇԱՖՏ

Հոդված 27. Պահպանվող լանդշաֆտի նպատակը

Պահպանվող լանդշաֆտի նպատակն է ապահովել բնական, ինչպես նաեւ մարդու եւ բնության փոխազդեցության արդյունքում առաջացած տարածքների էկոլոգիական, կենսաբանական, մշակութային եւ գեղագիտական արժեքների պահպանությունը:

Հադված 28. Պահպանվող լանդշաֆտի պահպանության ռեժիմը

1.Պահպանվող լանդշաֆտի տարածքում արգելվում է`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների աճելավայրերի եւ ապրելավայրերի պայմանների խախտումը.

3) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

4) անտառահատումները, բացառությամբ սանիտարական եւ խնամքի հատումների.

5) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

6) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով), օգտակար հանածոների հանքավայրերի, երեւակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների, լցակույտերի, պոչամբարների եւ հանքարդյունաբերության հետ առնչվող ցանկացած այլ օբյեկտների տեղաբաշխումը.

7) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը եւ օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:

2. Պահպանվող լանդշաֆտի տարածքում թույլատրվում  է.

1) բնական էկոհամակարգերի եւ դրանց բաղադրիչների գիտական ուսումնասիրությունը, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը.

2) կանոնակարգված զբոսաշրջության կազմակերպումը, այդ թվում` լանդշաֆտին համահունչ հանգստի տաղավարների եւ դիտակետերի տեղադրումը.

3) ռեկրեացիայի նպատակով հողերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով եւ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան, կառուցապատման իրավունքով տրամադրումն ու սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) արածեցման նպատակով արոտավայրերի հերթափոխային օգտագործումը.

5) կանոնակարգված խոտհունձը.

6) սանիտարական եւ խնամքի հատումները, անտառվերականգնումը, ծառերի եւ բույսերի տնկումը.

7) լանդշաֆտների հավասարակշռությունը խախտող երեւույթներն ու գործընթացները, այդ թվում` վարակիչ հիվանդությունները կանխարգելող, հակահրդեհային, ինչպես նաեւ խախտված լանդշաֆտների վերականգնման միջոցառումները` համաձայն կառավարման պլանի.

8) սանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության աշխատանքների իրականացումը.

9) մշակութային լանդշաֆտների եւ պատմամշակութային հուշարձանների վերականգնումը:

10) ավանդական եւ օրգանական գյուղատնտեսական աշխատանքները.

11) սիրողական ձկնորսությունը`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:  
 

Գ Լ ՈՒ Խ 9
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 29. Բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն իրականացնող աշխատողների  իրավունքները եւ պարտականությունները

1.Պահպանություն իրականացնող աշխատողն իրավունք ունի.

1) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել ծառայողական զենք եւ զինամթերք, ինքնապաշտպանության միջոցներ.

2) պահանջել արգելոց եւ ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործած անձանց անցագրերը.

3) պահանջել բնության հատուկ պահպանվող տարածքներում իրավախախտում թույլ տված անձանց փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթուղթ, արգելոց եւ ազգային պարկի արգելոցային գոտի մուտք գործելու անցագիր, բնական պաշարների օգտագործման համապատասխան պայմանագիր:

2. Պահպանություն իրականացնող աշխատողը պարտավոր է.

1) ծառայողական պարտականությունները կատարելիս պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս ունենալ անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ եւ կրել համազգեստ.

3) կանխել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանության ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

4) իրավախախտում հայտնաբերելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված կարգով կազմել համապատասխան արձանագրություն եւ իրազեկել համապատասխան մարմիններին:

Գ Լ ՈՒ Խ 10
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԸ

Հոդված 30. Բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողները

Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործողներ կարող են հանդիսանալ` պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Հոդված 31. Օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները

1. Օգտագործողն իրավունք ունի`

1) ընտրել սույն օրենքով սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործման ձեւերը.

2) իրացնել օգտագործումից ստացվող արտադրանքը եւ տնօրինել եկամուտները:

2. Օգտագործողը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.

2) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքից իրեն հատկացված հողատարածքի (ջրատարածքի) պահպանությունը, սանիտարահիգիենիկ նորմերը, հրդեհային անվտանգության կանոնները, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը.

3) չխոչընդոտել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները.

4) ժամանակին կատարել բնության հատուկ պահպանվող տարածքից օգտվելու համար սահմանված վճարները.

5) չխախտել բնության հատուկ պահպանվող տարածքի այլ օգտագործողների իրավունքները:

Գ Լ ՈՒ Խ 11
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏԻՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՑԱՆՑԸ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ

Հոդված 32. Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին

1.Բնության հատուկ պահպանվող տարածքի էկոհամակարգերի եւ դրա բաղադրիչների վրա բացասական մարդածին ներգործությունը մեղմացնելու նպատակով ստեղծվում է պահպանման գոտի:

2.Պահպանման գոտու ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխություն չի նախատեսում: Պահպանման գոտին ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3.Պահպանման գոտու սահմանների որոշման համար հիմք են հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածքի վրա ազդեցության գոտու ռելիեֆային առանձնահատկությունները` ջրբաժաններ, ձորակներ, գետեր, գագաթներ եւ այլն, որոնք համեմատաբար կայուն սահմաններ են:

4.Պահպանման գոտում չեն կարող իրականացվել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանն ու պաշտպանությանը վտանգ ներկայացնող գործողություններ, այդ թվում`.

1) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

2) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը եւ պահեստավորումը.

3) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը:

5. Պահպանման գոտում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող մարմնի եւ պահպանման գոտու հողամասի սեփականատիրոջ միջեւ կնքվող պայմանագրով: Համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Հոդված 33. Էկոլոգիական ցանց եւ էկոլոգիական միջանցք

1. Էկոլոգիական ցանցի ամբողջականության ապահովման եւ բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի միջեւ փոխկապակցվածության բարելավման եւ կենդանիների տեղաշաժն ու միգրացիան ապահովելու նպատակով ստեղծվում է էկոլոգիական միջանցք:

2. Էկոլոգիական միջանցքի ստեղծումը հողերի նկատմամբ սեփականության ձեւերի փոփոխություն չի նախատեսում: Էկոլոգիական միջանցքը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3.Էկոլոգիական միջանցք կարող է հանդիսանալ`

1) բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին.

2) գետերի, ջրամբարների ջրապաշտպան գոտիները.

3) պաշտպանական նշանակության անտառաշերտերը.

4) կենդանիների տեղաշարժի ուղիները.

5) բնության հատուկ պահպանվող տարածքներում չընդգրկված արժեքավոր էկոհամակարգերը:

4. Էկոլոգիական ցանցի խնդիրներն են`

1) ապահովել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների էկոհամակարգերի փոխկապակցվածությունը, կենդանիների տեղաշարժն ու միգրացիան.

2) բարելավել եւ ներդաշնակ դարձնել տարբեր բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը.

3) նպաստել շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների հետ կապված գործընթացներում.

4) ապահովել բնության հատուկ պահպանվող տարածքների ինտեգրումը սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին:

5. Էկոլոգիական միջանցքում չեն կարող իրականացվել բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությանն ու պաշտպանությանը վտանգ ներկայացնող գործողություններ, այդ թվում`.

1) բույսերի եւ կենդանիների օտարածին տեսակների, ինչպես նաեւ կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման եւ կլիմայավարժեցման աշխատանքները.

2) ռադիոակտիվ նյութերի եւ թափոնների, ինչպես նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը եւ պահեստավորումը.

3) բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը:

6. Էկոլոգիական միջանցքում կիրառվող սահմանափակումները ամրագրվում են բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարումն իրականացնող մարմնի եւ պահպանման գոտու հողամասի սեփականատիրոջ միջեւ կնքվող պայմանագրով: Համաձայնության բացակայության դեպքում հարցը լուծվում է դատական կարգով:

Հոդված 34.Պահպանման գոտու, էկոլոգիական ցանցի եւ էկոլոգիական միջանցքի կառավարումը

Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին, էկոլոգիական ցանցը եւ էկոլոգիական միջանցքը կառավարվում են շահագրգիռ կողմերը ներկայացնող կառավարման խորհրդի կողմից, որի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացնում եւ լիազորություններն ու գործունեության կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 
 

Գ Լ ՈՒ Խ 12
ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՊԱՀՊԱՆԱՎԱՅՐ

Հոդված 35. Կենսոլորտային պահպանավայրի ստեղծման նպատակը

1. Կենսոլորտային պահպանավայրը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` համընդհանուր էկոլոգիական մոնիթորինգի իրականացման եւ բնօգտագործման արդյունավետ մեթոդների, ձեւերի մշակման ու ներդրման նպատակով:

2. Կենսոլորտային պահպանավայրը կարող է ընդգրկվել միջազգային էկոլոգիական ցանցում՝ միջազգային կազմակերպությունների կանոնակարգերին եւ ընթացակարգերին համապատասխան:

Հոդված 36. Կենսոլորտային պահպանավայրի կառուցվածքը

1. Կենսոլորտային պահպանավայրը կազմված է միջուկից կամ միջուկներից, պահպանման եւ անցումային գոտիներից:

2. Կենսոլորտային պահպանավայրի միջուկը կամ միջուկները տարբեր կատեգորիայի պատկանող բնության հատուկ պահպանվող տարածքներ են, որտեղ գործում են սույն օրենքով այդ կատեգորիաների համար սահմանված պահպանության ռեժիմները:

Հոդված 37. Կենսոլորտային պահպանավայրի կառավարումը

Կենսոլորտային պահպանավայրը կառավարվում է շահագրգիռ կողմերը ներկայացնող կառավարման խորհրդի կողմից, որի ստեղծման վերաբերյալ որոշումը կայացնում եւ լիազորություններն ու գործունեության կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ 13
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 38. Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»

Հոդված 39. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի  ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա են հետեւյալ բացերը`

1. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները եւ հիմքերը.

2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.

3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.

4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները եւ պահպանության ռեժիմը.

5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.

6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի եւ էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները եւ պահպանության ռեժիմը.

7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման եւ կառավարման հարցերը:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի միջեւ առկա են անհամապատասխանություններ եւ հակասություններ: Այդ նպատակով կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

Անհրաժեշտություն է առաջացել նաեւ համապատասխանեցնել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես`

1. ապահովել Բնության պահպանության միջազգային միության կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների բոլոր կատեգորիաների ստեղծումը.

2. Նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  փոփոխություններ  կատարելու  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Բնապահպանական  վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի ընդունման հետեւանքով կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման եւ կառավարման հարաբերությունները:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի N340-Ա Հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի, ԱԺ Գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի, «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ՄԱԶԾ/ԳԷՀ միջին ծավալի ծրագրի, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչները եւ Հարավային Կովկասի Անդրսահմանային համատեղ քարտուղարության հայաստանյան համակարգողը:

Աշխատանքային խմբի կողմից նախագծերի փաթեթը ընդունվել է փոխհամաձայնեցման սկզբունքով:

4. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները: