Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-101-29.08.2007-ԳԿ-010/0
Պ-038-23.07.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը.

1) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրակրթության համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ինչպես նաեւ հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները,

2) սահմանում է հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները,

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված հիմնական ընդհանուր եւ միջնակարգ կրթության իրավունքի իրացումը:

2. Սույն օրենքը չի տարածվում նախադպրոցական եւ արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վրա:

Հոդված 2. Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, սույն օրենքը եւ այլ իրավական ակտեր:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հանրակրթություն ` անհատի, հասարակության եւ պետության շահերից բխող, հանրակրթության պետական կրթակարգին համապատասխան անձի ուսուցման եւ զարգացման գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի, սովորողի մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի ու ներդաշնակ զարգացմանը, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստմանը, մասնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստմանը,

2) հիմնական ընդհանուր կրթություն ` պարտադիր նվազագույն կրթության մակարդակ, որը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրերի առաջին եւ երկրորդ աստիճանները,

3) միջնակարգ կրթություն ` հանրակրթության բարձրագույն մակարդակի կրթություն, որը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրերի 3 աստիճանները,

4) հանրակրթության պետական կրթակարգ ` նորմատիվ փաստաթուղթ, որն  արտացոլում է հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը, սահմանում է  միջնակարգ կրթության, ինչպես նաեւ հանրակրթական առարկաների պետական չափորոշիչների մշակման ընդհանուր սկզբունքները, հանրակրթական ծրագրերին, սովորողներին եւ մանկավարժներին ներկայացվող հիմնական պահանջները,

5) միջնակարգ կրթության պետական չափորոշիչ ` նորմատիվ, որը սահմանում է կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը,

6) հանրակրթական ծրագիր (հիմնական եւ լրացուցիչ) ` հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի եւ դրանց ուսուցման կազմակերպական ձեւերի ու մեթոդների ամբողջություն,

7) հանրակրթական ուսումնական հաստատություն (այսուհետ` ուսումնական հաստատություն) ` հիմնական հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն,

8) մասնագիտացված հանրակրթական դպրոց ` ուսումնական հաստատության տիպ, որն իրականացնում է ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որեւէ բնագավառում խորացված հանրակրթական ծրագրեր,

9) հատուկ հանրակրթական դպրոց ` ուսումնական հաստատության տիպ, որն իրականացնում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական ծրագրեր,

Հոդված 4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականությունը

1. Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է անվճար միջնակարգ կրթություն պետական ուսումնական հաստատություններում` անկախ երեխայի քաղաքացիությունից, ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից կամ այլ հանգամանքներից:

3. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:

4. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:

5. Ուսումնական հաստատություններում եւ նրանց կառավարման մարմիններում չի թույլատրվում իրականացնել քաղաքական եւ կրոնական գործունեություն:

6. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է հայերեն լեզվով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

7. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունները կարող են ստանալ իրենց ազգային լեզվով հանրակրթություն` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

Հոդված 5. Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքներն են`

1) կրթության մարդասիրական բնույթը, ազգային եւ համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ զարգացման առաջնայնությունը, աշխատասիրության, հանդուրժողականության, քաղաքացիական գիտակցության, անհատի եւ նրա իրավունքների ու ազատության նկատմամբ հարգանքի, հայրենասիության, օրինապահության, պետական շահերի գերադասելիության, շրջակա միջավայրի եւ բնության նկատմամբ սիրո ձեւավորումը,

2) հանրակրթության մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը եւ համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստականության աստիճանին,

3) հանրակրթության բնագավառում ժողովրդավարության ապահովումը,

4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման եւ կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը,

5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաեւ միջազգային կրթական համակարգում ինտեգրումը,

6) ուսումնական հաստատությունների ինքակառավարման եւ պետական-հասարակական վերահսկողության հավասարակշռումը,

7) ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը,

8) ուսումնական հաստատությունների իրավահավասարությունը` անկախ սեփականության ձեւից,

9) միջնակարգ եւ այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
 

ԳԼՈՒԽ 2.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԸ, ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ

Հոդված 6. Հանրակրթության պետական կրթակարգը

1. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ծրագրերն իրականացվում են համաձայն հանրակրթության պետական կրթակարգի, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Հանրակրթության պետական կրթակարգը սահմանում է հանրակրթության կազմակերպման սկզբունքները, հանրակրթության նպատակները` ըստ կրթական ծրագրերի աստիճանների, շրջանավարտի նկարագիրը,  հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքը եւ ձեւավորման սկզբունքները, հանրակրթական ծրագրերի իրականացման պայմաններին եւ մանկավարժներին ներկայացվող ընդհանրական պահանջները:

3. Հանրակրթության պետական կրթակարգի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար:

Հոդված 7. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը

1. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը ներառում է հիմնական հանրակրթական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու բաղադրիչները,

2) ըստ կրթական աստիճանների շրջանավարտների գիտելիքներին, հմտություններին, կարողություններին եւ արժեքային համակարգին ներկայացվող նվազագույն պահանջները,

3) հենքային ուսումնական պլանը,

4) օրինակելի ուսումնական պլանների եւ առարկայացանկերի ձեւավորման հիմնական սկզբունքները:

2. Միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջները պարտադիր են ուսումնական հաստատությունների համար:

3. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Դրա հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմինը մշակում եւ հաստատում է առարկայական չափորոշիչներ:

4. Հենքային ուսումնական պլանը սահմանում է ուսումնական բնագավառներին հատկացվող տարեկան` ըստ ուսուցման տարիների (դասարանների) եւ ընդհանուր նվազագույն ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության շաբաթական առավելագույն, տարեկան պարտադիր նվազագույն եւ թույլատրելի առավելագույն չափերն ըստ դասարանների:

5. Հենքային ուսումնական պլանը կազմված է պետական եւ դպրոցական բաղադրիչներից:

Պետական բաղադրիչը ներառում է ուսումնական բնագավառները եւ դրանց հատկացվող ժամաքանակները: Պետական բաղադրիչին հատկացված ժամաքանակը չի կարող լինել ընդհանուր պարտադիր նվազագույն ժանաքանակի կեսից պակաս, իսկ ավագ դպրոցում` 30 տոկոսից պակաս:

Դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակի մի մասը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հատկացվում է տարբերակված, խորացված կամ մասնագիտացված կրթության ապահովմանը, մյուս մասը թողնվում է ուսումնական հաստատության տնօրինմանը` սովորողների նախասիրություններին համապատասխան կրթություն իրականացնելու` հաշվի առնելով տեղական պայմանները եւ համայնքի կարիքները:

6. Հենքային ուսումնական պլանի հիման վրա կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հաստատում է հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացման օրինակելի ուսումնական պլանները:

Հոդված 8. Հանրակրթական ծրագրերը

1. Հիմնական հանրակրթական ծրագիրն ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի եւ դրանց ուսուցման կազմակերպական ձեւերի ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է միջնակարգ կրթության պետական չափորոշիչով սահմանված շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական չափանիշների իրականացումը:

2. Լրացուցիչ հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են հիմնական ծրագրերից դուրս սովորողների նախասիրությունների եւ կրթական պահանջմունքների բավարարմանը:

3. Հիմնական հանրակրթական ծրագրերն են.

1) ընդհանուր հանրակրթական, այդ թվում առանձին առարկաների խորացված ուսուցմամբ,

2) մասնագիտացված հանրակրթական,

3) հատուկ հանրակրթական (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների),

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է հաստատել հիմնական հանրակրթական այլընտրանքային, այդ թվում հեղինակային եւ միջազգային ծրագրեր, որոնք չեն հակասում հանրակրթության պետական կրթակարգին եւ միջնակարգ կրթության պետական չափորոշչին:

4. Հանրակրթական ծրագրերը ըստ կրթական աստիճանների դասակարգվում են`

1) 1-ին աստիճանի` տարրական,

2) 2-րդ աստիճանի` հիմնական,

3) 3-րդ աստիճանի` միջնակարգ:

5. Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով.

4) 1-ին աստիճան - 4 տարի (1-4-րդ դասարաններ),

5) 2-րդ աստիճան - 5 տարի (5-9-րդ դասարաններ),

6) 3-րդ աստիճան - 3 տարի (10-12-րդ դասարաններ):

Առանձին սովորողների համար, կախված նրանց ընդունակություններից եւ առաջադիմությունից, ընդհանուր միջնակարգ կրթական ծրագրերի յուրացման ժամկետները կարող են փոփոխվել` կրթության կառավարման պետական լիազորված մարմի կողմից  սահմանված կարգով:

6. Մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների եւ այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման համար կրթության պետական կառավարման մարմնի կողմից կարող են սահմանվել այլ ժամկետներ:

7. Հանրակրթական ծրագրերը որպես անբաժանելի մաս կարող են ներառել ուսումնական եւ արտաուսումնական գործընթացները, մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները, սովորողների առողջության պահպանման միջոցառումները, սովորողների սննդի կազմակերպումը, սովորողների կազմակերպված տրանսպորտային փոխադրումները, հանրակացարանում գիշերելու եւ ճամբարային ուսուցման ու հանգստի կազմակերպումը:

ԳԼՈՒԽ 3.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 9. Ուսումնական հաստատությունների տիպերը

1. Ուսումնական հաստատությունները դասվում են հետեւյալ տիպերի.

1) հանրակրթական դպրոց,

2) մասնագիտացված հանրակրթական դպրոց,

3) հատուկ հանրակրթական դպրոց:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան կարող է ստեղծել այլ տիպի ուսումնական հաստատություններ: Այլ տիպի ոչ պետական ուսումնական հաստատություններ կարող են ստեղծվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ:

Ուսումնական հաստատությունները կարող են գործել կրթաhամալիրի կազմում:

2. Ուսումնական հաստատությունները, ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում են.

1) տարրական դպրոց (1-4 դասարան),

2) միջին դպրոց (5-9 դասարան),

3) հիմնական դպրոց (1-9 դասարան),

4) ավագ դպրոց (10-12 դասարան),

5) միջնակարգ դպրոց (հիմնական եւ ավագ դպրոցների միավորում):

3. Հատուկ հանրակրթական դպրոցների ընդհանուր գործունեությունը կարգավորվում է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ հանրակրթական ծրագրերի իրականացումը` սույն օրենքով:

4. Ուսումնական հաստատությունների հանրակրթական գործունեությունը ենթակա է լիցենզավորման:

Ուսումնական հաստատությունների գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 10. Ուսումնական հաստատությունների կազմակերպական-իրավական ձեւերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձեւ:

2. Երեխաների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առեւտրային կազմակերպության կազմակերպական-իրավական ձեւով (այսուհետ` պետական ուսումնական հաստատություն):

3. Պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ոչ պետական ուսումնական հաստատությունը կարող է ունենալ կնիք, որի վրա նշվում է ուսումնական հաստատության անվանումը եւ պետական լիցենզիայի համարը:

Հոդված 11. Ուսումնական հաստատության կառավարումը

Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, որը նշանակվում եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենքով սահմանված կարգով:

Պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն  գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի բարձրագույն կրթություն եւ մանկավարժական, գիտամանկավարժական կամ կրթության բնագավառում վարչական աշխատանքի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ:

Ուսումնական հաստատության խորհրդի եւ տնօրենի լիազորությունները սահմանվում են օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ խորհրդակցական մարմիններ` ծնողական, հոգաբարձուների եւ այլ խորհուրդներ:

ԳԼՈՒԽ 4.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 12. Ուսումնական հաստատության կրթական ծրագրերը

1. Ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել մեկ կամ մի քանի հանրակրթական, այդ թվում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված այլընտրանքային ծրագրեր: Ուսումնական հաստատությունը, հիմնադրի որոշմամբ, հանրակրթական ծրագիրը կարող է իրականացնել նաեւ երկարօրյա եւ (կամ) գիշերօթիկ աշխատակարգով:

2. Ուսումնական հաստատության կողմից իրականացվող հանրակրթական ծրագրերն ամրագրվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 13. Ուսումնական պլաններ եւ սովորողների ծանրաբեռնվածությունը

1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է համաձայն հանրակրթության պետական կրթակարգի եւ ուսումնական հաստատության ուսումնական պլանի, որը համապատասխան օրինակելի ուսումնական պլանի հիման վրա կազմում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը եւ հաստատում տնօրենը:

Ուսումնական հաստատության կողմից իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան:

2. Հիմնական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանով պետական պարտադիր առարկաներին, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, կարող է հատկացվել ավելի պակաս ժամաքանակ, քան նախատեսված է համապատասխան օրինակելի ուսումնական պլանով, եթե այն չի հակասում հենքային ուսումնական պլանի պահանջներին:

3. Օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկաներին:

4. Հաստատության ուսումնական պլանով չի կարող նախատեսվել սովորողների ավելի մեծ շաբաթական եւ տարեկան ուսումնական ծանրաբեռնվածություն, քան սահմանված է միջնակարգ կրթության պետական չափորոշիչով:

5. Ուսումնական հաստատությունները վճարովի հիմունքներով կարող են իրականացնել լրացուցիչ հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաեւ այլ ծառայություններ: Ծառայությունների տեսակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ դրանց մատուցման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է:

Հոդված 14. Ուսումնական տարին

1. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

2. Ուսումնական տարին բաղկացած է կիսամյակներից, ուսումնական շաբաթներից, քննաշրջաններից եւ արձակուրդներից:

3. Ուսումնական շաբաթների քանակը որոշվում է հենքային ուսումնական պլանով սահմանված պետական եւ դպրոցական բաղադրիչներով նախատեսված տարեկան ժամաքանակների ապահովմամբ:

Պետական ուսումնական հաստատություններում ուսումնական շաբաթվա տեւողությունը` հնգօրյա կամ վեցօրյա, սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում` հիմնադիրը:

4. Ուսումնական տարվա ընթացքում կարող են սահմանվել քննաշրջաններ: Պետական ավարտական քննությունների ժամկետները եւ անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային եւ ամառային արձակուրդներ` միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան: Պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժանկետները եւ տեւողությունը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատություններում` հիմնադիրը:

Հոդված 15. Սովորողների ընդունելությունը

1. Սովորողների ընդունումը ուսումնական հաստատություն իրականացվում է տնօրենի հրամանով` դպրոցահասակ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի (այսուհետ` ծնող) դիմումի եւ հաստատության ու ծնողի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա` սույն օրենքի եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով: Պայմանագրի օրինակելի ձեւը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

2. Ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է տվյալ օրացուցային տարում: Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:

Պետական հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ գիտելիքների ստուգում չի թույլատրվում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը հանրակրթական դպրոց կատարվում է ընդհանուր հիմունքներով:

3. Դպրոցական տարիքի երեխաների ուսումնական հաստատություններում ընդգրկման համար պատասխանատու են ծնողը եւ հոգաբարձության ու խնամակալության մարմինները:

4. Սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթությունը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Հոդված 16. Ուսումնական գործընթացի կազմակերպումը

1. Ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացն իրականացվում է խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

2. Ուսումնական խմբերը` դասարանները, կազմավորվում են ըստ սովորողների տարիքի եւ նրանց կողմից ուսումնական ծրագրի յուրացման աստիճանի: Առանձին դեպքերում կարող են կազմավորվել բազմահամակազմ դասարաններ:

Պետական ուսումնական հաստատության, այդ թվում  արտակարգ ընդունակություններ դրսեւորած երեխաների ուսումնական հաստատությունների դասարանի միջին խտությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսումնական հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձեւը դասն է: Դասի տեւողությունը սահմանվում է միջնակարգ կրթության պետական չափորոշչով:

Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:

Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաեւ ճամբարային եղանակով:

4. Ուսումնական հաստատությունում անհատական ուսուցումը իականացվում է   առկա, հեռակա, հեռավար (դիստանցիոն) եւ տնային ուսուցման ձեւերով: Սովորողների անհատական ուսուցման կազմակերպման կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցում կարող է իրականացվել դասարանի կազմում` «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքով սահմանած կարգով:

6. Ուսումնական հաստատություններում կարող են գործածվել հիմնական եւ այլընտրանքային դասագրքեր: Գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

Հոդված 17. Սովորողների գնահատումը եւ ատեստավորումը

1. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ եւ ամփոփիչ (կիսամյակային եւ տարեկան) գնահատումը, դրա ձեւի, բովանդակության եւ տարբերակի ընտրությունը իրականացնում է հանրակրթական ուսումնական հաստատությունը` միջնակարգ կրթության պետական չափորոշչին համապատասխան:

2. Միջին եւ ավագ դպրոցներում ուսումնական տարվա ընթացքում բավարար առաջադիմություն չցուցաբերած սովորողները հաջորդ դասարան չեն փոխադրվում:

3. Հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրի ավարտին իրականացվում է միջնակարգ կրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների կրթվածության մակարդակի համապատասխանության ստուգում` պետական ավարտական քննություններ, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

4. Պետական քննությունների անցկացման, սովորողի փոխադրման եւ ավարտման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

5. Ուսումնական հաստատության շրջանավարտին տրվում է ավարտական  փաստաթուղթ: Ավարտական փաստաթղթերի ձեւերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրի ավարտական փաստաթուղթ կարող է տրվել նաեւ դրսեկության կարգով պետական ավարտական քննություններ հանձնած անձանց կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:

ԳԼՈՒԽ 5.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

Հոդված 18. Սովորողների իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատության սովորողներն ունեն հավասար իրավունքներ եւ պարտականություններ:

2. Ուսումնական հաստատության սովորողն իրավունք ունի`

- ստանալ պետական կրթական չափորոշչին համապատասխան անվճար կրթություն` պետական ուսումնական հաստատությունում,

- ընտրել ուսումնական հաստատությունը եւ ուսուցման ձեւը` ծնողի համաձայնությամբ,

- ստանալ այլ կրթական ծառայություններ` ծնողի համաձայնությամբ,

- օգտվել ուսումնական հաստատության ուսումնական, մշակութային, սպորտային, առողջարանային եւ արտադրական բազայից,

- մասնակցել համապատասխան հետազոտական գործունեությանը, գիտաժողովների, օլիմպիադաների, ցուցահանդեսների, մրցույթների,

- պաշտպանված լինել ցանկացած ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժների եւ այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը,

- ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ուսումնական հաստատության կառավարմանը,

- ազատ արտահայտել իր սեփական կարծիքն ու համոզմունքները:

3. Սովորողների պարտականություններն են`

- կատարել ուսումնական հաստատության կանոնադրության, ուսումնական գործընթացի կազմակերպման կանոնների եւ վարքականոնների պահանջները,

- ձեռք բերել գիտելիքներ, գործնական հմտություններ եւ կարողություններ, յուրացնել առարկայական ծրագրեր, բարձրացնել բարեկրթության մակարդակը:

4. Ուսումնական հաստատության սովորողների հիմնական իրավունքներն ու պարտականություններն սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 19. Սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ուսումնական հաստատությունում կարգապահության ապահովումը պետք է իրականացվի սովորողի մարդկային արժանապատվության հետ համատեղելի մեթոդներով:

2. Սովորողի պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում, սույն օրենքով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով, սովորողի նկատմամբ կարող են կիրառվել հետեւյալ կարգապահական տույժերը.

1) դիտողություն.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) ուսումնական հաստատությունից հեռացում:

3. Եթե սովորողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ ուսումնական տար՟վա ընթացքում նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե սովորողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպես բարեխիղճ սովորող:

4. Տարրական դպրոցում (դասարաններում) եւ հատուկ ուսումնական հաստատություններում սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը չի կարող կիրառվել:

5. Պետական հանրակրթական դպրոցի 5-ից 9-րդ դասարանների (միջին դպրոցի) սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել, եթե նա կատարել է քրեորեն պատժելի արարք:

6. Եթե միջին դպրոցի (դասարանի) սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում կիրառվել է կրկին անգամ, ուսումնական հաստատությունը կարող է միջնորդել սովորողի ծնողին կամ սովորողի բնակության վայրի հոգաբարձության եւ խնամակալության մարմնին` սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու:

7. Պետական հանրակրթական ավագ դպրոցի (10-ից 12-րդ դասարանների), պետական մասնագիտացված եւ ոչ պետական ուսումնական հաստատությունների 5-ից 12-րդ դասարանների (միջին եւ ավագ դպրոցների)  սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կարող է կիրառվել հետեւյալ դեպքերում`

1) սովորողը կատարել է քրեորեն պատժելի արարք,

2) սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ ուսումնական տարվա ընթացքում կիրառվել է կրկին անգամ,

3) սովորողը մեկ ուսումնական տարվա ընթացքում անհարգելի պատճառներով բացակայել է ուսումնական պարապմունքներից ավելի քան 240 ժամ,

4) սովորողը 2 տարի անընդմեջ չի ցուցաբերել բավարար ուսումնական առաջադիմություն,

5) ծնողի եւ ուսումնական հաստատության միջեւ կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

8. Պետական մասնագիտացված եւ ոչ պետական ուսումնական հաստատությունը, սովորողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում, պարտավոր է 5-օրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնել երեխայի բնակության վայրի հոգաբարձության եւ խնամակալության մարմնին:

9. Ուսումնական հաստատությունից սովորողի հեռացման որոշումը չի զրկում նրան հիմնական ընդհանուր կրթություն ստանալու պարտավորությունից եւ պետական ուսումնական հաստատություններում անվճար միջնակարգ կրթություն ստանալու իրավունքից:

10.  Եթե հիմնական դպրոցը չավարտած երեխայի նկատմամբ կիրառվել է սույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգապահական տույժը, ապա ծնողը, իսկ դրա անհնարինության դեպքում հոգաբարձության եւ խնամակալության մարմինը պարտավոր է մեկամսյա ժամկետում լուծել երեխային այլ ուսումնական հաստատությունում տեղավորելու հարցը:

Հոդված 20.  Սովորողների առողջության պահպանումը

Ուսումնական հաստատությունը ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ եւ ապահով պայմաններ, աշխատանքային ռեժիմ, ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձեւավորում է սովորողների հիգիենիկ հմտությունները եւ առողջ ապրելակերպ:

Հոդված 21. Սովորողների խրախուսումը

Սովորողների համար ուսումնական հաստատության, նրա հիմնադրի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել բարոյական եւ նյութական  խրախուսման  ձեւեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում:

Հոդված 22.  Մանկավարժական անձնակազմը

1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողներ են այն աշխատակիցները, որոնք  կրթական ծրագրի իրականացման ընթացքում անմիջականորեն առնչվում են սովորողների հետ: ՈՒսումնական հաստատության մանկավարժական աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների որակավորման կարգերը` տարակարգերը, աշխատանքի ընդունման, վերապատրաստման, աշխատանքից ազատման, կենսաթոշակների նշանակման, բժշկական զննության կարգերը սահմանվում են օրենսդրությամբ:

3. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գոր՟ծու՟նակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվե՟լու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կա՟տար՟մանը: Այդ հիվանդությունների ցան՟կը հաս՟տա՟տում է Հայաստանի Հան՟րա՟պե՟տության կա՟ռա՟վարու՟թյու՟նը.

4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահ՟՟ման՟ված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

Հոդված 23. Մանկավարժի աշխատաժամանակը եւ մանկավարժական ստաժը

1. Պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների մանկավարժական աշխատաժամանակը եւ դրա բաշխման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

2. Ուսումնական հաստատությունների վարչական եւ մանկավարժական աշխատողների աշխատանքային ստաժը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 24. Մանկավարժական աշխատողների ատեստավորումը

1. Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողները անցնում են պետական ատեստավորում` 5 տարին մեկ անգամ: Յուրաքանչյուր տարի ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա աշխատողների առնվազն մեկ հինգերորդը ենթակա է պարտադիր ատեստավորման` ըստ ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցի:

2. Հերթական ատեստավորման ենթակա մանկավարժները նախապես կարող են անցնել վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած չափորոշիչներին համապատասխան, եւ հանձնել քննություններ: Քննությունները դրական հանձնած մանկավարժները համարվում են ատեստավորված եւ ազատվում հերթական ատեստավորումից:

3. Հաստատված ժամանակացույցից դուրս արտահերթ ատեստավորումն անցկացվում է մանկավարժի նախաձեռնությամբ կամ հաստատության մանկավարժական խորհրդի պատճառաբանված որոշման հիման վրա, հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո միայն:

Արտահերթ ատեստավորվող մանկավարժը պետք է ունենա նվազագույնը երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ հաստատությունում:

4. Ատեստավորման ենթակա չեն`

ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող մանկավարժները.

բ) հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղի եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց` ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:

5. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակ մանկավարժները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` եռամսյա ժամկետում:

6. Ատեստավորման ենթակա մանկավարժները ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորման արդյունքում կարող են ընդունվել հետեւյալ որոշումները.

ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին եւ արժանի է ավելի բարձր տարակարգի շնորհման,

գ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

8. Ատեստավորման արդյունքում տարակարգ ստացած մանկավարժներին տրվում է հավելավճար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափաքանակով, ուսումնական հաստատությանը նախատեսված գումարների սահմաններում:

9. Մանկավարժական աշխատողների ատեստավորման եւ տարակարգերի շնորհման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 25. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները

1. Մանկավարժական աշխատողների իրավունքներն են`

- մասնակցել հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատության կառավարմանը, կանոնադրությամբ սահմանված կարգով.

- ընտրել եւ կիրառել մանկավարժական մեթոդներ, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորած դասագրքեր եւ ուսուցողական նյութեր. ձեռնարկներ եւ սովորողների գիտելիքների գնահատման մեթոդներ:

2. Մանկավարժական աշխատողների պարտականություններն են`

- իրականացնել կրթական ծրագրերը.

- ապահովել պետական կրթական չափորոշիչով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից.

- զարգացնել իրենց մասնագիտական գիտելիքները եւ մանկավարժական հմտությունները.

- համագործակցել ծնողների հետ` երեխաների կրթության կազմակերպման եւ ընտանեկան դաստիարակության հարցերում:

3. Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

Հոդված 26. Ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1.  Ծնողի իրավունքներն են`

- երեխայի ուսուցման համար ընտրել հանրակրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ եւ ուսուցման ձեւեր.

- համագործակցել ուսումնական հաստատության մանկավարժների հետ իր երեխայի կրթության հարցերով.

- երեխայի ուսուցման եւ դաստիարակության հարցերով դիմել համապատասխան մարմիններին.

- պաշտպանել իր եւ իր երեխայի օրինական շահերը.

- օրենսդրությամբ եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

2.  Ծնողը պարտավոր է `

- երեխայի համար ընտանիքում ապահովել համապատասխան պայմաններ` անհրաժեշտ  միջնակարգ ընդհանուր կրթություն ստանալու համար.

- մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության եւ հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի ընդունակությունների զարգացման համար.

- հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք` ընտանիքի, մեծահասակների, պետական եւ մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների եւ սովորույթների նկատմամբ.

- դաստիարակել հարգանք ազգային, պատմական, մշակութային արժեքների եւ հայրենիքի նկատմամբ, հոգատար վերաբերմունք պատմամշակութային հարստության եւ շրջակա միջավայրի նկատմամբ.

- դաստիարակել հարգանք` դպրոցի եւ մանկավարժական անձնակազմի նկատմամբ, ենթարկվել դպրոցի սահմանած վարքականոնին:

3. Ծնողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

ԳԼՈՒԽ 6.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 27. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքա՟կանությունը,

2) հաստատում է միջնակարգ կրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը,

3) հաստատում է հանրակրթության պետական կրթակարգը եւ միջնակարգ կրթության պետական չափորոշիչը,

4) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները,

5) հաստատում է հիմնական եւ միջնակարգ կրթության ավարտական փաս՟տաթղթերի ձեւերը,

6) հաստատում է ուսումնական հաստատությունների մանկավար՟ժա՟կան անձնակազմի ատեստավորման կարգը,

7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ եւ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 28. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը`

1) հաստատում է միջնակարգ կրթության առարկայական չափորոշիչները,

2) ապահովում է օրինակելի ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դասագրքերի եւ ուսումնական ձեռնարկների մշակումը եւ հրատարակումը.

3) լիցենզավորում է միջնակարգ կրթական գործունեությունը.

4) հաստատում է ուսումնական հաստատությունների սովորողների փոխադրման եւ գիտելիքների ամփոփիչ ստուգման կարգը.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատության խորհրդի ձեւավորման կարգը եւ իրավասությունները.

6) հաստատում է դրսեկության ձեւով հանրակրթության կազմակերպման կարգը.

7) իրականացնում է ուսումնական հաստատությունների պետական տեսչավորում եւ արտաքին գնահատում.

8) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի իրավասությունները

Մարզպետը (Երեւան քաղաքում` քաղաքապետը)`

1) ապահովում է մարզի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացումը.

2) վերահսկում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ ակտերի կատարումը, կրթական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, ապահովում է հանրակրթական ծրագրերի իրականացումը` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան.

3) համակարգում եւ վերահսկում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում է նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.

4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը եւ պահպանումը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ:

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները

Համայնքի ղեկավարը`

1) աջակցում է համայնքի տարածքում պետական կրթական քաղաքականության իրականացմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) իրականացնում է դպրոցական տարիքի երեխաների հաշվառումը, ապահովում նրանց ընդգրկումն ուսումնական հաստատություններում.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 31. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունը

1. Ուսումնական հաստատության գործունեության վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, կրթության պետական կառավարման լիազորված մարմինը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

2. Ուսումնական հաստատություններում կրթության բնագավառի օրենսդրության պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ԳԼՈՒԽ 7.

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

Հոդված 32. Ուսումնական հաստատությունների ֆինանսավորումը

1. Պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումը իրականացնում է հիմնադիրը: Պետական ուսումնական հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են պետական բյուջեից եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

2. Պետական ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետբյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի, կախված սովորողների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատաված կարգով:

3. Ուսումնական հաստատությունն արտակարգ ընդունակություններ դրսեւորած  երեխաների կրթական ծրագրեր, մանկավարժական գիտափորձ եւ/կամ այլընտրանքային ծրագրեր իրականացնելու համար կարող է ստանալ ֆինանսավորում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Ոչ պետական  ուսումնական հաստատությունները հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար սովորողներից կարող են գանձել ուսման վարձ` իրենց կանոնադրությամբ սահմանած կարգով:

Հոդված 33. Ուսումնական հաստատության ձեռնարկատիրական գործունեությունը

1. Ուսումնական հաստատությունը իրավունք ունի զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ օրենսդրությամբ կամ հիմնադրի որոշմամբ նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով:

2. Պետական ուսումնական հաստատության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Ուսումնական հաստատության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:

Հոդված 34. Հանրակրթության պետական երաշխիքները

1. Պետական կրթական չափորոշիչների սահմաններում հանրակրթություն ստանալու պետական երաշխիքի հիմքը պետական ֆինանսավորումն է:

2. Պետությունը հանրակրթության համակարգի պետական ուսումնական հաստատությունների գործունեության կարիքների համար երաշխավորում է ամենամյա համապատասխան բյուջետային հատկացումներ:

3. Պետությունը ուսումնական հաստատություններին, անկախ կազմակերպական-իրավական ձեւից, երաշխավորում է գործունեության հավասար իրավական դաշտ` կանոնադրությամբ նախատեսված հանրակրթական գործունեության մասով:

ԳԼՈՒԽ 9.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 35. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետի եւ 8-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը չի տարածվում մինչեւ 2006 թվականը հանրակրթական դպրոցների առաջին դասարան ընդունված 6.5  եւ բարձր տարիքի սովորողների վրա: Նրանց ուսումը շարունակվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի համաձայն:

2. Պետական ուսումնական հաստատությունների տիպերի համապատասխանեցումը սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծամանակացույցով` մինչեւ 2009-2010 ուսումնական տարին:

3. Այլընտրանքային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները շարունակում են գործել իրենց կանոնադրությամբ եւ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատած կարգով:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը չլիցենզավորված պետական ուսումնական հաստատությունները համարվում են լիցենզավորված օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:

5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը տարածվում է միայն սույն օրենքի ընդունման օրվանից հետո ուսումնական հաստատություն ընդունվող սովորողների վրա:

6. Սույն օրենքը 24-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2008 թվականի սեպտեմբերի մեկից:

Հոդված 36. Եզրափակիչ դրույթ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման վերաբերյալ

«Հանրակրթության մասին», «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման համար հիմք էծառայել կրթության ոլորտի իրավական դաշտն ըստ առանձին բնագավառների ամբողջականացնելու անհրաժեշտությունը: