Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-3401-01.10.2008-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հոկտեմբերի 9-ի  ՀO-97 օրենքի 28-րդ հոդվածում 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ1 »-րդ կետով, ՝

«բ1 ) սոցիալական գովազդը տեղադրվում է անվճար։ Սոցիալական գովազդի համար տրամարդվող եթերային ժամանակը չի ներառվում գովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի մեջ. »։

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման վերաբերյալ

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է գովազդի բնագավառի օրենսդրության, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների եւ իրական կյանքում առկա գործընթացների միջեւ առաջացած անհամապատասխանությունները, անորոշությունները եւ բացթողումները կարգավորելու նպատակով։

Առաջարկվող օրենքների նախագծերի փաթեթը հատկապես անդրադառնում է գովազդի  եւ  դրա միջոցով տարածվող տեղեկությունների սոցիալականացմանը՝ հիմք ընդունելով միջազգային իրավական պրակտիկան եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել կամ պարտավորվել է ստանձնել Հայաստանի Հանրապետությունը։

Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորման առարկան բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից. սոցիալական գովազդ, հովանավորություն, ալկոհոլային եւ ծխախոտային արդյունաբերություն գովազդի սահմանափակումներ։

Դեռեւս 1996 թվականին ընդունված «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսված է սոցիալական գովազդի հնարավորությունը, սակայն օրենքը չի սահմանել դրա բնորոշումը, ինչպես նաեւ չի ստեղծել բավարար իրավական  մեխանիզմներ դրա հստակ իրագործման համար։

Առաջարկվող փոփոխությամբ հեռուստառադիոընկերությունների կողմից սոցիալական գովազդի տարեկան ծավալները 5%-ից փոխվում են 7%-ի, իսկ դրանց անվճար հեռարձակման դեպքում վերջինս չի ներառվում գովազդային եթերաժամի մեջ։ Փաթեթային նախաձեռնության արդյունքում Հանրային հեռուստառադիոընկերությանը վերապահվել է սոցիալական գովազդի անվճար հեռարձակման պարտավորությունը։ Առաջարկվում է նաեւ՝ պետական կարեւորության ռազմավարական ծրագրերի եւ միջոցառումների  շուրջ սոցիալական գովազդների տարածումը առաջնայնության պայմանով։ Դա լավագույն հնարավորություններից մեկն է՝ հանրությանը իրազեկելու համար պետության կողմից եւ ազգային մակարդակով ընդհանրապես իրականացվող  հանրային նշանակության գործընթացներին, եւ ապահովել նրանց մասնակցությունը։

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է հովանավորության դեպքերին, որը մինչ օրս կարգավորվում է միայն հեռարձակման բնագավառում եւ հենց այդտեղ էլ շահարկվում՝ իրականում վերածվելով գովազդի։ Նախագծում սահմանվում է հովանավորություն ընդհանրապես, եւ դրա կիրառման մեխանիզմները՝ անկախ գովազդի իրականացման ձեւերից։

Հարկ է նշել, որ գովազդի մասին օրենսդրությունը պետք է բխի «Անդրսահմանային հեռուստատեսության մասին» եվրոպական կոնվենցիայի եւ կից արձանագրության սկզբունքներից, որոնք որոշակի հիմք են հանդիսացել սույն օրենսդրական փաթեթում։

Օրենքի նախագծի կարգավորման երրորդ բաղադրիչը վերաբերում է ալկոհոլային խմիչների եւ ծխախոտին արտադրության գովազդի սահմանափակմանը, որը բխում է ԱՀԿ- ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» պահանջներից։ Փոփոխությունը նպատակ ունի նշված ապրանքատեսակների «արտադրություն» բառը օրենքում ամրագրելով  կանխել  հովանոցային գովազդի իրականացման դեպքերը։