Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-116-20.09.2003-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների գումարի վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուցման հետ կապված հարաբերությունները:

Պետությունը երաշխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների վերականգնումը, պաշտպանությունն ու փոխահատուցումը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակը

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների այն խնայողական ավանդների վրա, որոնք գոյացել են`

1. մինչեւ 1992թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության խնայբանկում (ՀՀ տարածքում գործող նախկին խնայդրամարկղներում) ներդնելու միջոցով,

2. մինչեւ 1992թ. հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական ապահովագրության կազմակերպությունների (ՀՀ տարածքում գործող նախկին ԽՍՀՄ ապահովագրության կազմակերպությունների) հաշվարկային հաշիվներում ներդնելու միջոցով:

Հոդված 3. Խնայողական ավանդների պետական կառավարումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ավանդները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պետական ներքին պարտք, երաշխավորված են Հայաստանի Հանրապետության պետական սեփականությամբ եւ ենթակա են վերադարձման` սույն օրենքով սահմանված կարգով:

Խնայողական ավանդների գծով` պետական ներքին պարտքի գումարը յուրաքանչյուր տարի արտացոլվում է «Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» ՀՀ օրենքում:

Օրենքի ծախսային մասում ամրագրվում է տվյալ տարվա կտրվածքով մարման ենթակա գումարը:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետության կառավարության գործառույթները խնայողական ավանդների վերականգնման, պաշտպանության եւ փոխհատուցման խնդրում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիսամյա ժամանակահատվածում հաշվարկում, վերագնահատում եւ հաստատում է ՀՀ քաղաքացիների խնայողական ավանդների գումարը:

Խնայողական ավանդների հաշվարկումն ու վերագնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ավանդների գործակցային ինդեքսավորման կարգին համապատասխան:

Ըստ հիմնական ուղղությունների խնայողական ավանդների հաշվարկման եւ վերագնահատման վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է զանգվածային լրատվության պետական միջոցներով:

Հոդված 5. Խնայողական ավանդների գծով պետական ներքին պարտքի սպասարկումը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդների գծով պետական ներքին պարտքը սպասարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական մարմինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` սույն օրենքով սահմանված սոցիալական խմբերի խնայողական ավանդները մարելու առաջնայնության սկզբունքով:

Առաջնային մարման են ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետեւյալ սոցիալական խմբերի խնայողական ավանդները.

1. 70 տարին լրացած քաղաքացիներ

2. առաջին խմբի հաշմանդամներ

3. երկրորդ խմբի հաշմանդամներ

4. երրորդ խմբի հաշմանդամներ

5. Հայրենական պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք

6. միայնակ կենսաթոշակառուներ

Հոդված 6. Խնայողական ավանդների մարման կարգը

Սույն օրենքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից ներդրած խնայողական ավանդների մարումն իրականացվում է ՀՀ օրենսդրության եւ ավանդների ներդրման պայմանների` սույն օրենքին չհակասող պահանջներին համապատասխան:

ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի ՀՀ Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքով ամրագրված սկզբունքներով մշակված ծրագիր, որը քննարկվում եւ ընդունվում է որպես օրենք:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: