Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-084-23.08.2007-ԳԿ-010/0
Պ-028-12.07.2007-ԳԿ-010/0
Պ-004-20.06.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում թատերական բեմադրությունների ստեղծման եւ կենդանի, հրապարակային կատարման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է Հայաստանի Հանրապետությունում թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերը, թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերն ու միջոցները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության գործող եւ նորաստեղծ թատրոնների վրա:

ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը թատրոնի եւ թատերական գործունեության մասին

1. Թատրոնի եւ թատերական գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից,  «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

թատրոն` մշակութային կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր, ֆիզիկական անձ), որի գործունեության հիմնական նպատակը թատերական բեմադրությունների եւ այլ ներկայացումների ստեղծումն ու կենդանի հրապարակային, ինչպես նաեւ տեսալսողական միջոցներով միջնորդավորված կատարումն է.

պետական թատրոն` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված պետական ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

համայնքային թատրոն` տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիմնադրված համայնքային ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

ոչ պետական թատրոն` իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից հիմնադրված առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություն, որն իրականացնում է թատերական գործունեություն.

թատերական գործունեություն` թատերարվեստի ստեղծագործությունների ստեղծում, կամ պահպանում, կամ տարածում, կամ մեկնաբանում.

թատերական բեմադրություն` դրամատիկական կամ երաժշտադրամատիկական ստեղծագործության հիման վրա ընդհանուր մտահղացմամբ եւ որոշակի անվանումով ստեղծված թատերարվեստի ստեղծագործություն.

ներկայացում`   կենդանի, հրապարակային կատարմամբ թատերական բեմադրություն.

թատերական աշխատող` թատերարվեստի ստեղծագործություններ ստեղծող կամ մեկնաբանող անձ.

թատերախումբ` թատերական բեմադրություն իրականացնող ստեղծագործական խումբ.

թատրոնի գեղարվեստական ղեկավար` թատրոնի ստեղծագործական գործունեությունն ապահովող անձ.

բեմադրիչ /բեմադրող, ռեժիսոր, նկարիչ, բալետմայստեր, դիրիժոր, խմբավար/` թատերական բեմադրությունը կամ դրա առանձին մասը գեղարվեստական ինքնուրույն լուծմամբ իրականացնող ֆիզիկական անձ.

դերասան /արտիստ/` թատերական բեմադրության մեջ դրամատիկական կամ երաժշտա-դրամատիկական ստեղծագործության որեւէ գործող անձ կերպավորող ֆիզիկական անձ.

թատրոնի գեղարվեստական խորհուրդ` հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմին, որը ձեւավորվում է թատրոնի ստեղծագործական անձնակազմից եւ հրավիրված անձանցից.

ազատ բեմահարթակ` պետական աջակցությամբ գործող, որեւէ թատրոնին չամրացված բեմ /բեմական միջոցներ/, որը տրամադրվում է թատերախմբին` նոր, փորձարարական բեմադրությունները ներկայացնելու համար.

թատերարդյունաբերող /թատերական բեմադրության պրոդյուսեր/` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում եւ  /կամ/ ֆինանսավորում է թատերական բեմադրության արդյունաբերումը /պատրաստումը, ցուցադրումը, իրացումը/։

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի նպատակները եւ խնդիրները

1. Սույն օրենքի նպատակներն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ազատության, Հայաստանի Հանրապետության տարածքում թատերական գործունեությանը նրանց մասնակցության  եւ թատերարվեստի ստեղծագործություններին հաղորդակցվելու, ինչպես նաեւ թատրոնի կողմից մատուցվող ծառայություններից եւ իրացվող արտադրանքից օգտվելու մատչելիության ապահովումը եւ պաշտպանությունը:

2. Սույն օրենքի խնդիրներն են թատերական մշակույթի ինքնատիպության, մշակութային համագործակցության եւ պետական ու համայնքային թատրոնների ձեւավորված համակարգի պահպանման, նոր թատրոնների ստեղծման եւ զարգացման, թատերական գործունեության բնագավառում նորարարական նախագծերի իրականացման, թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցության ցուցաբերման, թատրոնի գործունեության ֆինանսատնտեսական, ինչպես նաեւ ստեղծագործական անձնակազմի համալրման պայմանների ստեղծման իրավական երաշխիքների ապահովումը:

ՀՈԴՎԱԾ 5. Թատրոնի իրավունքները եւ պարտականությունները

1. Թատրոնի իրավունքները`

ա/ անկախ է ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ուղղության եւ խաղացանկի ընտրության մեջ.

բ/ կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխան` ինքնուրույն է ծրագրում իր գործունեությունը եւ որոշում զարգացման հեռանկարները.

գ/ ինքնուրույն է սահմանում իր աշխատանքի պայմանակարգը /ռեժիմը/, եթե այլ բան նախատեսված չէ հիմնադրի որոշմամբ կամ իր կանոնադրությամբ:

2. Թատրոնի պարտականությունները`

ա/ տոմսարկղերի եւ ներկայացման հանրային դիտման վայրերում փակցնել ազդագրերը, որտեղ նշված պետք է  լինեն թատրոնի լրիվ անունը, ներկայացման լրիվ անունը, ստեղծագործության եւ հեղինակի անունը, բեմադրության հեղինակի, դերակատարների անունները եւ այլ տեղեկություններ` ըստ թատրոնի ղեկավարության հայեցողության.

բ/ հանդիսատեսին տեղեկացնել ներկայացման տեղի, ժամանակի եւ ավարտի, տոմսի գնի, դրա ձեռքբերման եւ վերադարձման պայմանների, հանդիսատեսի տարիքային սահմանափակումների մասին.

գ/ թատերական տոմսի վրա նշել տոմսի արժեքը, թատրոնի անունը եւ գտնվելու վայրը, ներկայացման վերնագիրը, ամիս-ամսաթիվը եւ ժամը, դահլիճում նստելատեղը:

ՀՈԴՎԱԾ 6. Թատրոնի գործունեության նպատակն ու տեսակները

1. Թատրոնի գործունեության նպատակն է թատերարվեստի, ազգային թատրոնի ավանդույթների պահպանումը, տարածումը եւ զարգացումը, ինչպես նաեւ` հանրության պահանջմունքների ձեւավորումը եւ բավարարումը  թատերարվեստի բնագավառում:

2. Թատրոնի գործունեության տեսակները սահմանվում են նրա կանոնադրությամբ կամ հիմնադրի որոշումներով։

ՀՈԴՎԱԾ 7. Պետական քաղաքականության հիմնական սկզբունքները թատերական գործունեության բնագավառում

Թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են՝ թատերարվեստի պահպանումը, տարածումն ու զարգացումը, ստեղծագործական-գեղարվեստական գործունեության ազատության, ինքնուրույնության,  հանրությանը թատերարվեստին հաղորդակցվելու պայմանների մատչելիության ապահովումը։

ՀՈԴՎԱԾ 8. Պետական քաղաքականության իրականացումը թատերական գործունեության բնագավառում

1. Թատերական գործունեության բնագավառում Հայաստանի  Հանրապետության պետական քաղաքականությունն իրականացվում է մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրերով։

2. Պետական քաղաքականության իրականացման համար պետությունը`

ա/ ստեղծում է հավասար պայմաններ պետական, համայնքային եւ ոչ պետական թատրոնների գործունեության համար,

բ/ աջակցում է թատերական աշխատողների գործունեությանը` ապահովելով թատերական աշխատողների աշխատանքի եւ զբաղվածության համար պայմաններ.

գ/ աջակցում է թատերական աշխատողների միջազգային ստեղծագործական շփումների ընդլայնմանը։

ՀՈԴՎԱԾ 9. Թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցություն ցուցաբերելու ձեւերը եւ ուղղությունները

1. Թատրոնին եւ թատերական գործունեությանը պետական աջակցության ձեւերն են.

ա/ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների սահմաններում պետական եւ համայնքային թատրոնների գործունեության, շենքերի եւ շինությունների վերանորոգման կամ հիմնանորոգման, նրանց ձայնային, լույսային եւ այլ անհրաժեշտ սարքավորումների արդիականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը.

բ/ ազգային եւ միջազգային թատերական փառատոներին, մրցույթներին ու մշակութային փոխանակություններին կազմակերպական եւ ֆինանսական աջակցությունը.

գ/ մրցութային հիմունքով դրամատիկական եւ երաժշտադրամատիկական ստեղծագործությունների ստեղծման, գնման, դրանց բեմադրման համար նպատակային ստեղծագործական պատվերների տրամադրումը , ինչպես նաեւ թատերական մասնագիտական կրթության եւ թատերագիտության  զարգացման նպատակով  նորարարական /ինովացիոն/ նախագծերի իրականացման համար ֆինանսական միջոցների, պետական դրամաշնորհների հատկացումը:

ՀՈԴՎԱԾ 10. Թատերական գործունեության բնագավառում Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ լիազորած պետական կառավարման  մարմնի իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ապահովում է թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության մշակումն ու իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության Կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝

ա/ մշակում եւ իրականացնում է  պետական քաղաքականությունը թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում՝ թատերարվեստի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերին համապատասխան.

բ/ կրթության ոլորտում լիազորված պետական մարմնի հետ մասնակցում է թատերարվեստի բնագավառում կրթական չափորոշիչների /ստանդարտների/ եւ կրթական ծրագրերի, մեթոդական ձեռնարկների մշակմանը.

գ/ իր իրավասությունների սահմաններում նպաստում է թատրոնի եւ թատերական գործունեության բնագավառում միջազգային համագործակցության զարգացմանը.

դ/ ներկայացնում է թատերական աշխատողներին եւ թատերական գործիչներին Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով պարգեւատրելու եւ պատվավոր կոչումներ շնորհելու միջնորդություններ.

ե/ կազմակերպում է թատերական աշխատողների մասնագիտական պատրաստումը, վերապատրաստումը եւ վերաորակավորումը.

զ/ աջակցում է երիտասարդ շնորհալի դերասաններին, դեբյուտանտներին եւ նորաստեղծ թատերական խմբերին ու թատրոններին.

է/ նպաստում է մրցութային հիմունքով ազատ բեմահարթակների ստեղծմանը` ոչ պետական թատրոններին տրամադրելու նպատակով.

ը/ աջակցում է զանգվածային տեղեկատվության միջոցներին` թատերարվեստի հանրահռչակման նպատակով.

թ/ սահմանում է պետական թատրոնների տոմսային տնտեսության վարման կարգը.

ժ/ սահմանում է ստեղծագործական պատվերների տրամադրման մրցութային կարգը.

ժա/ սահմանում է դրամաշնորհների տրամադրման կարգը։

ՀՈԴՎԱԾ 11. Մարզպետի իրավասությունները թատերարվեստի բնագավառում

Մարզպետը՝

ա/ ապահովում է տարածքային քաղաքականության իրականացումը թատերարվեստի բնագավառում՝ մարզպետարանի աշխատակազմի եւ մարզային ենթակայության թատրոնների միջոցով.

բ/ մասնակցում է թատերարվեստի պահպանման, տարածման ու զարգացման պետական ծրագրերի մշակմանը եւ ապահովում դրանց իրականացումը մարզի տարածքում.

գ/ կազմակերպում է մարզային ենթակայության թատրոնների գործունեությունը, պահպանումն ու նորոգման աշխատանքները, միջոցներ է ձեռնարկում գործունեության ընդլայնման եւ արդյունավետության ապահովման ուղղությամբ.

դ/ իրականացնում է թատերարվեստի բնագավառում օրենքով սահմանված այլ լիազորություններ։

ՀՈԴՎԱԾ 12. Համայնքի ղեկավարի իրավասությունները թատերարվեստի բնագավառում

Համայնքի ղեկավարը՝

կազմակերպում է համայնքային թատրոնների գործունեությունը:

ՀՈԴՎԱԾ 13. Թատրոնների եւ թատերական գործունեության ֆինանսավորումը

1. Պետական եւ համայնքային թատրոններին ֆինանսավորում հատկացվում է պետական եւ համայնքային բյուջեներով թատրոնի եւ թատերական գործունեության համար նախատեսված ծախսերի սահմաններում` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու իրավաբանական եւ /կամ/ ֆիզիկական անձանց միջեւ կնքված պայմանագրերի հիման վրա:

2. Մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման պետական ծրագրերով աջակցություն է ցուցաբերվում պետական, համայնքային եւ ոչ պետական թատրոնների բեմադրությունների իրականացման համար։

3. Թատերական գործունեության ֆինանսավորման աղբյուր կարող են հանդիսանալ հովանավորչական, պրոդյուսերական, գովազդային աշխատանքները, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված գործունեության այլ միջոցներ:

ՀՈԴՎԱԾ 14.  Թատրոնի կառավարումը

1. Պետական եւ համայնքային թատրոնի կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված պետական մարմինը /համայնքային թատրոնի դեպքում՝ համայնքի ղեկավարը/ եւ գործադիր մարմինը՝ տնօրենը։

2. Ոչ պետական թատրոնի կառավարումն իրականացվում է օրենքով եւ ոչ պետական թատրոնի կանոնադրությամբ։

3. Պետական եւ համայնքային թատրոնի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է գործադիր մարմինը՝ տնօրենը, իսկ հիմնադրի որոշմամբ կամ թատրոնի կանոնադրությամբ նախատեսված դեպքում՝ թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը, որոնց նշանակում եւ ազատում է լիազորված պետական մարմինը /համայնքային թատրոնի դեպքում՝ համայնքի ղեկավարը/:

4. Պետական եւ համայնքային թատրոնի ընթացիկ /ներառյալ՝ ստեղծագործական գեղարվեստական/  գործունեության ղեկավարումն իրականացվում է՝

ա/ իրավասությունների միատեղմամբ ՝ տնօրեն-գեղարվեստական ղեկավարի կողմից, որի հետ հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի ղեկավարը /համայնքային թատրոնի դեպքում՝ համայնքի ղեկավարը/ ստորագրում է պայմանագիր՝ մինչեւ հինգ տարի ժամկետով.

բ/  իրավասությունների տարանջատմամբ ՝ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի կողմից, որոնցից յուրաքանչյուրի հետ հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի ղեկավարը /համայնքային թատրոնի դեպքում՝ համայնքի ղեկավարը/ ստորագրում է պայմանագիր՝ մինչեւ հինգ տարի ժամկետով։

ՀՈԴՎԱԾ 15. Պետական եւ համայնքային թատրոնի տնօրենի իրավասությունները

Պետական եւ համայնքային թատրոնի տնօրենն իրականացնում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 16. Պետական եւ համայնքային թատրոնի գեղարվեստական ղեկավարի իրավասությունները

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը՝

ա/ թողարկում /վերականգնում/ է ներկայացումներ՝ կենդանի կատարմամբ հրապարակային ցուցադրման նպատակով.

բ/ կատարում է դերաբաշխում նոր վերականգնվող ներկայացումներում.

գ/ ընթացիկ խաղացանկի ներկայացումներում նշանակում է դերակատարներ.

դ/ հաստատում է խաղացանկը, դեկորների էսքիզներն ու մակետները, բեմադրական աշխատանքների այլ արդյունքները՝ համաձայնեցնելով թատրոնի տնօրենի հետ.

ե/ իրականացնում է օրենսդրույթանը չհակասող ստեղծագործական-գեղարվեստական գործունեության հետ կապված այլ իրավասություններ։

ՀՈԴՎԱԾ 17. Պետական եւ համայնքային թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի ընդհանուր իրավասությունները

Թատրոնի տնօրենը եւ գեղարվեստական ղեկավարը՝

ա/ հաստատում են ներկայացումների ցուցադրման ժամանակացույցը, ընթացիկ եւ բեմադրվող ներկայացումների խաղացանկը.

բ/ որոշում են թատրոնի հյուրախաղային խաղացանկը, հյուրախաղի ժամկետը, վայրը եւ մասնակիցների կազմը.

գ/ որոշում են այլ թատրոնների հյուրախաղերի, արտագնա ներկայացումների եւ այլ միջոցառումների համար թատրոնի բեմահարթակ/ներ/ի տրամադրման նպատակահարմարությունը.

դ/ ստորագրում եւ լուծում են թատրոնի ստեղծագործական-գեղարվեստական անձնակազմի եւ ստեղծագործական-գեղարվեստական խմբերի /ստորաբաժանումների/ ղեկավարների հետ կնքված պայմանագրերը։

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

«Թատրոնի եւ թատերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառա՟վա՟րության 2005թ. դեկտեմբերի 9-ի  «ՀՀ Կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա  խնդիրները հաստատելու մասին» N 2200-ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 99-րդ կետով, ինչպես նաեւ թատրոնի եւ թատերական գործունեության իրավական հիմքերի եւ թատրոններին պետական աջակցության ցուցաբերման ձեւերի ու միջոցների, թատրոնի իրավունքների ու պարտականությունների սահմանմամբ:

Պետական թատրոնները,  լինելով ոչ առեւտրային կազմակերպություններ, իրենց կազմակերպաիրավական հարաբերությունները կարգավորում են «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի դրույթներով, սակայն կազմակերպությունների ոչ բոլոր հարաբերություններն են կարգավորվում հիշյալ օրենքով, մասնավորապես` թատրոնի տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի գործառույթների համատեղ իրականացման իրավասությունները, գեղարվեստական ղեկավարի իրավասությունները, թատերական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ պետական աջակցություն ցուցաբերելու հիմնական ձեւերն ու սկզբունքները:

Ելնելով վերոգրյալից` սույն օրենքի ընդունմամբ կկարգավորվեն վերը նշված հարաբերությունները, ինչը խթան կհանդիսանա թատերական գործունեության կանոնադրական բնականոն գործընթացի իրականացմանը: