Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-310-31.07.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի  նախագծի ընդունման

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմիններում աշխատակազմի տեսքով ստեղծման ենթակա պետական կառավարչական հիմնարկները՝ իրենց կառուցվածքով, լիարժեք հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ իրականացնել նշված մարմինների առջեւ դրված խնդիրներն ու գործառույթները՝ հաշվի առնելով նշված ոլորտների կառավարման, ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման առանձնահատկությունները: Նշված մարմինների խնդիրների եւ գործառույթների առանձնահատկություններից ելնելով հնարավոր չէ ստեղծել այնպիսի կառուցվածք ունեցող պետական կառավարչական հիմնարկ, որը կհամապատասխանի նշված օրենքով պետական կառավարչական հիմնարկների կառուցվածքին առաջադրվող պահանջներին:

Միաժամանակ, նկատի ունենալով ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված իրավասությունները՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար եւ պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը համակարգող պաշտոնատար անձ, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների հիմնարկների իրավական վիճակի առանձնահատկությունների սահմանումը կապահովի նշված մարմինների գործունեության առավել ճկուն մեխանիզմի առկայություն: