Armenian ARMSCII Armenian
Կ-1353-01.11.2012-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (6 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-83) (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածում լրացնել «իզ» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«իզ) գույք` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված գույք:»:

Հոդված 2. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ. «Կանխիկ ՀՀ արժույթի կամ արտարժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի հայտարարագրման դեպքում նշվում են նաեւ տեղեկություններ դրանց ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ: Ըստ ներկայացնողի արժեթղթերի հայտարարագրումն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի համաձայնությամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 155-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ոսկու, այլ թանկարժեք մետաղների կամ թանկարժեք քարերի անսովոր տեղափոխումների դեպքում պետք է միջազգային պայմանագրերի հիման վրա, իսկ դրանց բացակայության դեպքում` փոխադարձության հիման վրա, սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա տեղեկացնեն դեպի Հայաստանի Հանրապետություն այդ ապրանքների արտահանման եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունից այդ ապրանքների արտահանման երկրի մաքսային կամ այլ իրավասու մարմիններին, ինչպես նաեւ համագործակցեն այդ մարմինների հետ` այդ ապրանքների ձեռքբերման աղբյուրը, արտահանման երկիրը եւ տեղափոխման նպատակը պարզելու եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել 155.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 155.1. Ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների կամ այլ գույքի սառեցումը

Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձեւերով կամ դրանց համաձայն կամ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի կողմից հրապարակված ցանկերում ընդգրկված ահաբեկչության հետ կապված անձանց անունների հետ արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխում իրականացնող անձանց անունների համընկնումների դեպքում մաքսային մարմինը պետք է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անմիջապես որոշում կայացնի այդ անձանց ֆինանսական միջոցները կամ այլ գույքը անորոշ ժամկետով սառեցնելու մասին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 156-րդ հոդվածը լրացնել 3-րդ եւ 4-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի ներմուծման, արտահանման, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրման դեպքերում մաքսային մարմինները պետք է տեղեկություններ ներկայացնեն «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնին` նրա կողմից սահմանված կարգով:

4. Մաքսային մարմինների կողմից առնվազն 5 տարի ժամկետով պետք է պահպանվեն արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի գումարի եւ դրանք տիրապետողներին նույնականացնող տեղեկությունները այն դեպքերում, երբ ներմուծման, արտահանման, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրման վերաբերյալ՝

1) սահմանված հայտարարագիր է ներկայացվում մաքսային մարմիններին.

2) ներկայացվում է ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագիր կամ խախտվում են փոխադրման արգելքի վերաբերյալ սահմանված պահանջները.

3) կաuկածներ են առաջանում փողերի լվացման եւ (կամ) ահաբեկչության ֆինանuավորման վերաբերյալ»:

Հոդված 6. Oրենսգիրքը լրացնել 156.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 156.1. Արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման արգելքը կամ սահմանափակումը

1. Մաքսային մարմինները «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազոր մարմնի կողմից տրամադրված ցանկերում ներառված անձանց հետ կապված կամ լիազոր մարմնի տրամադրած չափանիշներին համընկնող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպքի վերաբերյալ փաստական տվյալները պարզելու նպատակով իրավունք ունեն մինչեւ 5 օրով արգելել կամ սահմանափակել արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը հետեւյալ դեպքերում`

1) փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման կասկածի առկայության դեպքում,

2) արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրման կամ չհայտարարագրման դեպքում:

2. Մաքսային մարմինները արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումն արգելելուց կամ սահմանափակելուց հետո անմիջապես տեղեկացնում են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազոր մարմնին:

3. Բացառիկ դեպքերում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման դեպքի վերաբերյալ լրացուցիչ փաստական տվյալները պարզելու նպատակով արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխման արգելքի կամ սահմանափակման ժամկետը կարող է երկարաձգվել եւս 5 օրով վերադաս մաքսային մարմնի հրամանով` սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված լիազոր մարմնի առաջարկի հիման վրա:»:

Հոդված 7. Oրենսգիրքը լրացնել 156.2-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 156.2 Մաքսային մարմիններին եւ ծառայողներին պատասխանատվությունից ազատելու հիմքերը

Իրենց գործառույթներն իրականացնելիս մաքսային մարմինները եւ ծառայողները չեն կարող ենթարկվել քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության սույն օրենսգրքով նախատեսված փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում օրենսդրությամբ իրենց պարտականությունների պատշաճ կատարման դեպքում:»:

Հոդված 8. Oրենսգիրքը լրացնել 202.1-ին հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 202.1. Մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը

Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում, առաջացնում է տուգանքի նշանակում այդ արժույթի չափով կամ ըստ ներկայացնողի արժեթղթի անվանական արժեքի կամ դրանով տրվող հանձնարարության գումարի չափով:»:

Հոդված 9. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից: