Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-253-16.04.2008-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 225-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 225. Զանգվածային անկարգություններ

1. Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը զուգորդվել է սպանությամբ`

պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:

3. Զանգվածային անկարգությունների ընթացքում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներից որեւէ մեկն անմիջականորեն կատարելը`

պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու կամ զանգվածային անկարգություններ իրականացնելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 2. 2251 -րդ հոդվածի 1-ին մասում «անցկացնելը» բառից հետո լրացնել  «կամ այդպիսի միջոցառմանը մասնակցելու կոչեր բովանդակող նյութեր տարածելը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 301. Սահմանադրական կարգի հիմունքների եւ պետական անվտանգության դեմ հանցագործություններ կատարելուն ուղղված հրապարակային կոչերը

1. Պետական իշխանությունը յուրացնելուն, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը կամ այդպիսի կոչեր բովանդակող նյութեր տարածելը`

պատժվում է կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը` չորս տարի ժամկետով:

2. Պետական իշխանությունը յուրացնելու, սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու նպատակով զինվելուն, զինված խմբեր ստեղծելուն կամ կազմակերպելուն կամ զինված գործողություններին մասնակցելուն ուղղված հրապարակային կոչերը կամ այդպիսի կոչեր բովանդակող նյութեր տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 301-րդ հոդվածից հետո լրացնել նոր 3011 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 3011 . Պետական իշխանության կազմալուծմանն ուղղված կոչեր

1. Զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության եւ քրեակատարողական հիմնարկների,  կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական կարգի կամ պետական անվտանգության պաշտպանության` իրենց պարտականությունների չկատարմանն ուղղված հրապարակային կոչերը, ինչպես նաեւ այդպիսի կոչեր բովանդակող նյութեր տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար պատիժները հիմնավորված դարձնելու խնդրի լուծման անհրաժեշտությամբ: Միաժամանակ, նկատի ունենալով սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համարժեք որակման խնդիրը, ներկայացվել են առանձին խմբագրական առաջարկություններ:

Հարկ է նկատել, որ բոլոր իրավական նորամուծությունները համապատասխանում են միջազգային իրավական չափանիշներին: Բացի այդ, հանգամանորեն ուսումնասիրվել եւ արտասահմանյան երկրների փորձը, ինչը եւս վկայում է վերը նշված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտության մասին:

Ինչեւէ, համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր արտասահմանյան երկրներում, այդ թվում` Եվրամիության անդամ պետություններում, հիշյալ արարքների համար սահմանված են անհահեմատ ավելի խիստ պատժատեսակներ եւ պատժաչափեր, քան ներկայացված օրինագծում: Մոտեցումն այն է, որ սահմանադրական կարգի հիմունքները ներառում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, պետական իշխանության, իրավունքի եւ օրենքի գերակայության սկզբունքային արժեքները եւ դրանց նկատմամբ ոտնձգությունը պետք է լինի հնարավորինս համաչափ:

Առաջարկվող դրույթները որոշ աղերսներ ունեն արտահայտվելու ազատության հետ, սակայն եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերը եւ միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված նորմերը ամրագրել են հիշյալ ազատության իրականացման որոշակի պայմաններ, որոնք եւ համարժեքորեն հաշվի են առնվել:

Նախ, առաջարկվում է վերանայել զանգվածային անկարգությունների համար պատժաչափերն ու տեսակները, հաշվի առնելով, որ դրանք համաչափ չեն օրենսգրքով նախատեսված նույնաբնույթ այլ հանցագործությունների համար սահմանված  պատժաչափերի հետ: Այսպես, օրինակ Օրենսգրքի 185-րդ հոդվածով գույքը դիտավորությամբ վնասելու համար նախատեսված պատժաչափերը գրեթե չեն տարբերվում զանգվածային անկարգությունների դեպքում կատարված արարքների համար պատժաչափերից, մինչդեռ, եթե առաջինը ուղղված է սոսկ սեփականությանը, ապա երկրորդի օբյեկտը հասարակական անվտանգությունն է, ինչի դեպքում, ինքնին հասկանալի է, որ հանրային վտանգը անհամեմատ մեծ է` անկախ գույքային կոնկրետ վնասի չափից:

Բացի այդ, առաջարկվել է վերանայել հոդվածի 3-րդ մասը, որը պատասխանատվություն է սահմանում ինչպես զանգվածային անկարգություններ կազմակերպողի, այնպես էլ կատարողի համար, եթե այդ արարքները զուգորդվել են սպանությամբ: Բնորոշ է այն, որ այս արարքի համար Օրենսգրքով սահմանված է նույնպիսի պատժաչափ, ինչ հասարակ (առանց ծանրացուցիչ հանգամանքների) սպանության դեպքում, մինչդեռ նույն Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը ծանրացուցիչ հանգամանքներում (օրինակ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, խուլիգանական դրդումներով եւ այլն) կատարված սպանության համար նախատեսում է ութից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկում, կամ ցմահ ազատազրկում: Հավելենք նաեւ, որ սպանության համար պատասխանատվություն սահմանող նորմի առկայության պայմաններում, տրամաբանական չէ կատարողի դեպքում նաեւ այլ հոդվածով պատասխանատվություն սահմանելը, մանավանդ, որ տվյալ դեպքում բացակայում է որեւէ առանձնահատկություն: Ուստի նպատակահարմար է գտնվել պատասխանատվություն սահմանել միայն կազմակերպչի համար, իսկ կատարողի արարքը կորակվի Օրենսգրքի 104-րդ հոդվածով` ըստ կոնկրետ հանգամանքների:

Նախագծում նկատի է ունեցվել այն, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները առնվազն պետք է բավարարեն հետեւյալ պայմանների` «նախատեսված են օրենքով», «անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում» եւ «հետապնդում են օրինական նպատակ»: Ընդ որում, այս պայմաններից առաջին երկուսը նախատեսված են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության» Եվրոպական Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ 3-րդը` բխում է այդ հոդվածի կիրառման առնչությամբ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային դատական ակտերից: Այսպես, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է. «Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նաեւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

Թեպետ Եվրոմիության անդամ բազմաթիվ երկրներում պաշտոնատար անձանց ներկայացուցչին վիրավորելը քրեորեն հետապնդվում է առավել խիստ սանկցիաներով, քան, երբ դա ուղղված է մասնավոր անձանց (Օրինակ, Հոլանդիայում, Շվեցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Բուլղարիայում եւ այլն), ներկա օրենսդրական նախաձեռնության հիմքում դրված է այն գաղափարը, ըստ որի այդպիսի արարքի համար չի կարող սահմանվել հատուկ քրեական պատասխանատվություն: Ի դեպ, Ֆրանսիայում եւ Շվեցարիայում հիշյալ արարքի համար նախատեսված է ինչպես քրեական, այնպես էլ` քաղաքացիական պատասխանատվություն: Թերեւս, հենց այդ նկատառումով է Հայաստանի Հանրապետության կառավարությունը համամիտ եղել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքից 318-րդ հոդվածը հանելուն. դրանով քրեական պատասխանատվություն է սահմանված իշխանության ներկայացուցչին վիրավորելու համար:  Նկատենք միաժամանակ, որ խոսքը բնավ օրենքի առջեւ մարդկանց իրավահավասարության սկզբունքի մասին չէ, քանի որ պաշտոնատար անձի դեմ ուղղված այդ արարքի օբյեկտը ոչ թե պաշտոնատար անձի պատիվ ու արժանապատվությունն է, այլ` պետական ծառայությունը: Հավելենք, որ վերը նշված արարքները քրեորեն հետապնդելի արարք չեն համարվում նաեւ անգլոսաքսոնական իրավական համակարգի երկրներում:

Քննարկման ներկայացված նախագծում նկատի է ունեցվել այն, որ քրեորեն հետապնդելի համարվի բացառապես այն արարքը, որի դեպքում հանցակազմի օբյեկտը կհանդիսանա Օրենսգրքի 28-րդ գլխով ամրագրված «Սահմանադրական կարգի հիմունքները եւ պետության անվտանգությունը»:

Նախագծով առաջարկվում է Օրենսգրքի 3011-րդ հոդվածով պատասխանատվություն (երկուսից հինգ տարի ժամկետով ազատազրկում) սահմանել զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության, դատարանների եւ քրեակատարողական հիմնարկների,  կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից սահմանադրական կարգի կամ պետական անվտանգության պաշտպանության` իրենց պարտականությունների չկատարմանն ուղղված հրապարակային կոչերի, ինչպես նաեւ այդպիսի կոչեր բովանդակող նյութեր տարածելու համար: Այս դրույթը, առանց որեւէ բացառության, գործում է Եվրամիության բոլոր երկրների քրեական օրենսդրությունում: Ընդ որում, նախատեսված սանկցիաներն անհամեմատ խիստ են, իսկ պաշտոնատար անձանց շրջանակը` ընդլայնված. այսպես, օրինակ Գերմանիայի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ եւ 106-րդ հոդվածներով պետական իշխանության ներկայացուցչին իր պարտականությունները չկտարելուն կամ այլ կերպ կատարելուն հրահրելու դեպքում նախատեսվում է ազատազրկում` մինչեւ տասը տարի ժամկետով:

Ի դեպ, նույն օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն, հանրային միջոցառումների ժամանակ անօրինական գործողությունների հրահրման նպատակով կոչերը, անկախ նրանից, թե դրանք հետեւանք ունեցել են, թե ոչ, պատժվում է ազատազրկմամբ մինչեւ հինգ տարի ժամկետով: Այս դեպքում նկատենք, որ առաջարկվող նախագծով խոսք է գնում ոչ թե ընդհանրապես անօրինական գործողությունների, այլ սոսկ որոշ հանցագործությունների (պետական իշխանությունը յուրացնելը, սահմանադրական կարգը բռնությամբ փոխելը) մասին:

Շվեդիայի քրեական օրենսգրքի «Իշխանության դեմ հանցագործություն» վերտառությամբ գլխի 1-ին հոդվածով խռովոթյան կոչերի համար նախատեսվում է ցմահ ազատազրկում կամ ազատազրկում տասը տարի ժամկետով կամ` նվազ վտանգի դեպքում` չորսից տասը  տարի ժամկետով: Նույն արարքի համար Ֆրանսիայի օրենսդրությամբ նախատեսված է յոթից մինչեւ 30 տարի ժամկետով ազատազրկում:

Բռնությամբ իշխանությունը յուրացնելու համար Կանադայի քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված է մինչեւ 14 տարի ազատազրկում:

Ինչ վերաբերում է ոչ միայն կոչերի, այլեւ այդպիսի բովանդակություն ունեցող նյութերի տարածման համար պատասխանատվություն սահմանելուն, ապա դա եւս խիստ տարածված օրենսդրական մոտեցում է (Ֆինլանդիա, Դանիեա, Լատվիա, Ուկրաինա, Ֆրանսիա, Նոր Զելանդիա եւ այլն): Ընդ որում, նույն երկրների քաղաքացիական օրենսդրությամբ նախատեված են դրույթներ` հիշյալ արարքների համար համապատասխան զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու ընթացակարգեր: