Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-227-18.02.2008-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. «Ռազմական ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (21 դեկտեմբերի 2007 թվական, ՀՕ-13-Ն) 16-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Անհատական պաշտպանության ապահովման համար ռազմական ոստիկանության ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն եւ հակագազ։

2. Ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցներն օգտագործվում են՝

1) պահպանվող զինվորական օբյեկտների, ինչպես նաեւ զինվորական տրանսպորտային միջոցների վրա հարձակումները կասեցնելիս եւ հետ մղելիս,

2) զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարաններում զանգվածային անհնազանդության ժամանակ,

3) զորավարժությունների, ինչպես նաեւ իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ իրականացվող միջոցառումների ընթացքում:»։

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ռազմական ոստիկանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»    Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

ՀՀ Սահմանադրության (փոփոխություններով) 83.5-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները սահմանվում են բացառապես օրենքով։ Նախագծով նախատեսվում է օրենքով կարգավորել ռազմական ոստիկանության ծառայողի կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները։