Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-2029-29.12.2007-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվական, ՀՕ-68) 74-րդ հոդվածի 2-րդ կետում «լիազորությունները» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով. «բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է եւ նրա նկատմամբ նշանակվել է Հիփոթեքային կառավարիչ»:

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հիփոթեքային կառավարիչ նշանակելու  պահից Հիփոթեքային կառավարչին են անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների կառավարումը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոցները այլ թողարկողի չփոխանցելու դեպքում Հիփոթեքային կառավարիչը իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների  մասով:»:

Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր՝ երկրորդ եւ երրորդ պարբերություններով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած եւ հաստատած լուծարային հաշվեկշռում:

Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար  կազմում, հաստատում եւ հրապարակում է առանձին հաշվեկշիռ:»:

Հոդված 4. Օրենքի 75.1-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1. կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի եւ ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի  գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

Երբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից եւ կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին եւ ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: