Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-206-08.01.2008-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ԿԱՄ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔԵՐՈՎ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1
 
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող  սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

2. Սույն օրենքը չի գործում այն   դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից եւ տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ   խախտումը   տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 2. Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն  ունեն հետեւյալ իմաստները.

1. ճանապարհային երթեւեկության կանոնի խախտում` (այսուհետ`իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).

2. վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:

3. անհատական կոդ` վարչական ակտում նշվող կոնֆիդենցիալ թվային եւ (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք  մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինտերնետ կայք, վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել եւ պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:


ԳԼՈՒԽ 2

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 3. Ապացույցները

Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցներն են իրավախախտումն  ամրագրած  տեսանյութը կամ լուսանկարը:

Հոդված 4. Ապացույցները պահպանելը , ապացույցները ծանոթանացման տրամադրելը

1. Ապացույցները վարչական ակտի հետ միասին պահվում են վարչական վարույթի վերաբերյալ գործում:

2. Եթե տեսանյութի  կամ լուսանկարի կրիչը  ամրագրում է մեկից ավելի իրավախախտումների դեպքեր, ապա այն պահվում է դրանցով իրականացված վարչական վարույթի գործերից մեկում, իսկ վարչական վարույթի գործերը միավորվում եւ համարակալվում են ընդհանուր պահոցում:

3. Տեսանյութի կամ լուսանկարի կրիչը  փաթեթավորվում եւ կնիքվում է վարչական մարմնի կնիքով` վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

4. Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

5. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:

6. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել` վարչական ակտին իրազեկվելու պահից:

7. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

8. Եթե  վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր  դիմելուց հետո սահմանված ժամկետում չեն ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենը ստանալու համար, ապա այդ դեպքում վարչական մարմինը կազմում է արձանագրություն, որով փաստվում է նրանց չներկայանալը: Արձանագրության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

9. Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրանց չի արգելում կրկին դիմել վարչական մարմնին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:

10. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:

11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան եւ ենթակա են արխիվացման օրենքով սահմանված կարգով:

Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը

Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման եւ վարչական ակտի ընդունման  փուլերից:

Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը

1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող անձի կամ վարչական մարմնի իրավասու այլ անձանց կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է  իրավախախտման հատկանիշների հետ:

2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների եւ իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում:  Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:

4. Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին /պետական մարմնին/ պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու   նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին /պետական մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին/:

5. Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:

6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ  տեսանյութը կամ լուսանկարը իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո 3-օրյա ժամկետում վարչական մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում գործող ռազմական ոստիկանություն:

Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները

1. Վարույթ իրականացնող անձը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո  յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Վարչական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:

3. Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվանից եւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:

4. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր են իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում  վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:

Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները

1. Վարչական ակտը պետք է պարունակի`

1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը, որտեղ կարելի է վճարել  նշանակված տուգանքը,

2)  անհատական կոդը,

3) եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ, ապա` լուսանկարը,

4) օրենքով սահմանված այլ տվյալներ:

2. Վարչական ակտի ձեւը եւ նմուշը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:

Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. 2008 թվականի հունիսի 1-ից իրավախախտումն ամրագրած տեսանյութերը վարչական մարմինը տեղակայում է Հայստանի Հանրապետության ոստիկանության ինտերնատային կայքում:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-ից 10-րդ մասերն ուժի մեջ են մինչեւ 2008 թվականի հունիսի 1-ը:

4. Անհատական կոդերը վարչական ակտում նշվում են 2008 թվականի հունիսի 1-ից:

ՀՀ  կառավարություն