Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական եւ անասնաբուծական արտադրանք, արտադրողների համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման եւ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2 . Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը
1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Գյուղատնտեսական հաշվառման նպատակները
1. Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`
1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական եւ դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային եւ համայնքային կտրվածքով.
2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձեւավորումը.
3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձեւավորումը.
4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:
Հոդված 4. Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները
1. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացվում է տասը տարին մեկ:
2. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որով սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ ուշ, քան գյուղատնտեսական հաշվառումն սկսելուց 1 տարի առաջ:
3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական եւ մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը եւ հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:
5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական եւ այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
6. Գյուղատնտեսական հաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:
7. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասության շրջանակներում պատասխանատու են գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստումը եւ անցկացումը պատշաճ կարգով կազմակերպելու համար:
Հոդված 5. Գյուղատնտեսական հաշվառման ենթակա սուբյեկտները եւ նրանց պարտականությունները
1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական եւ սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:
Հոդված 6. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները եւ նրանց պարտականությունները
1. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման եւ հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`
1) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին եւ ստանդարտներին.
2) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը.
3) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:
Հոդված 7. Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը
1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման եւ ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 8. Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը խախտելու համար
1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման, հարցաթերթը ոչ ամբողջական, սխալ տվյալներով լրացնելու դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական, դատաքննչական եւ այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:
3. Գյուղատնտեսական հաշվառման հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: