Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-199-25.12.2007-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերք` բուսաբուծական եւ անասնաբուծական արտադրանք  արտադրողների  համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում) կազմակերպման, անցկացման, ստացված արդյունքների  մշակման, ամփոփման, հրապարակման, պահպանման եւ  օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Գյուղատնտեսական հաշվառման մասին օրենսդրությունը

1. Գյուղատնտեսական հաշվառման բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Գյուղատնտեսական հաշվառման նպատակները

Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են.

ա) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական եւ դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը` հանրապետության, մարզային եւ համայնքային կտրվածքով,

բ) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման  ամբողջական համակարգի ձեւավորումը,

գ) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձեւավորումը,

դ) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

Հոդված 4. Գյուղատնտեսական հաշվառմանը ներկայացվող հիմնական պահանջները

1. Գյուղատնտեսական հաշվառումն անց է կացվում  տաս տարին մեկ անգամ:

2.  Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնելու մասին որոշումը, որում սահմանվում է գյուղատնտեսական հաշվառման անցկացման ժամկետը, ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ոչ ուշ քան  գյուղատնտեսական հաշվառումը սկսելուց 1 տարի առաջ:

3. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման եւ անցկացման աշխատանքներին օժանդակելու նպատակով ստեղծվում են գյուղատնտեսական հաշվառման հանրապետական եւ մարզային հանձնաժողովներ, որոնց կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Գյուղատնտեսական հաշվառման ծրագիրը եւ հարցաշարը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հարցաշարը չի կարող ընդգրկել վիճակագրական նպատակների համար չնախատեսված հարցեր:

5. Գյուղատնտեսական հաշվառման փաստաթղթերը (հարցաթերթ, կազմակերպահրահանգչական եւ այլ փաստաթղթեր) հաստատում է վիճակագրության պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Գյուղատնտեսական hաշվառման տվյալներն օգտագործվում են բացառապես վիճակագրական նպատակների համար:

Հոդված 5. Գյուղատնտեսական հաշվառման ենթակա միավորները եւ դրանց  պարտականությունները

1. Գյուղատնտեսական հաշվառումը կրում է պարտադիր բնույթ գյուղատնտեսական մթերք արտադրող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են ամբողջական եւ սպառիչ պատասխաններ (տեղեկություններ) տալ հաշվառման հարցաշարի բոլոր հարցերին:

Հոդված 6. Գյուղատնտեսական հաշվառումն անցկացնող մարմինները եւ դրանց  պարտականությունները

Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, ամփոփ տվյալների ստացման եւ հրապարակման պատասխանատուն լիազորված մարմինն է, որը պարտավոր է ապահովել`

ա) գյուղատնտեսական հաշվառման ծրագրի (հարցաշարի) օբյեկտիվությունը, գիտական հիմնավորվածությունը, դրա համապատասխանությունը միջազգային նորմերին եւ ստանդարտներին,

բ) գյուղատնտեսական հաշվառման նյութերի մշակումից ստացված ամփոփ արդյունքների հրապարակայնությունն ու մատչելիությունը,

գ) սկզբնական (անհատական) տվյալների գաղտնիությունը:

Հոդված 7. Գյուղատնտեսական հաշվառման ֆինանսավորումը

1. Գյուղատնտեսական հաշվառման աշխատանքների ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման, անցկացման, նյութերի մշակման եւ ստացված արդյունքների հրապարակման բոլոր միջոցառումների` ժամանակին եւ ամբողջ ծավալով կատարումն ապահովող ծախսերի նախահաշիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Պատասխանատվությունը գյուղատնտեսական հաշվառման  մասին օրենսդրությունը  խախտելու համար

1. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վերաբերյալ անհատական տվյալներին տիրապետող լիազոր մարմնի աշխատակիցներին (այսուհետ` աշխատակիցներ) արգելվում է այլ անձի (անձանց) հաղորդել գյուղատնտեսական հաշվառման  լրացված փաստաթղթերի բովանդակությունը: Գյուղատնտեսական հաշվառման  սկզբնական (անհատական) տվյալների օգտագործման կարգի խախտման դեպքում գյուղատնտեսական հաշվառման աշխատակիցները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

2. Գյուղատնտեսական հաշվառման սկզբնական (անհատական) նյութերը (այդ թվում` տվյալները) դատական  եւ այլ մարմինները որպես ապացույց չեն կարող օգտագործել:

3. Գյուղատնտեսական հաշվառման  հարցաթերթի հարցերին պատասխանելուց հրաժարվելը, ոչ ամբողջական, սխալ տվյալներ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

Հոդված 9. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ

«Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2006թ-ի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թ-ի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1800-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի 198-րդ  կետի (կատարման ժամկետը` 2007թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ):

Օրենքի նախագիծն ուղղորդված է ՀՀ գյուղատնտեսական համատարած հաշվառման իրավական հարաբերությունների կարգավորմանը եւ, ընդունման պարագայում, հնարավորություն կընձեռի.

- տեղեկատվություն հավաքագրել գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ, գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական եւ դրանց օգտագործման վերաբերյալ,

- ձեւավորել գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգ,

- ձեւավորել գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստր,

- կատարելագործել ընտրանքային դիտարկման դաշտը,

- ապահովել միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիությունը:

Գյուղատնտեսության համատարած հաշվառումը ենթադրում է տվյալների ուղղակի հավաքագրում գյուղացիական տնտեսություններից եւ գյուղատնտեսությամբ զբաղվող առեւտրային կազմակերպություններից: