Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-007-02.07.2003--010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է քրեակատարողական գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնում (այսուհետ` քրեակատարողական ծառայություն) ծառայության հիմնական սկզբունքները, քրեակատարողական ծառայության մարմինների եւ հիմնարկների համակարգը, դրանց գործունեության կազմակերպման հիմունքները, ծառայություն անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ծառայության հետ կապված այլ հարաբերություններ:

Հոդված 2. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունն ապահովում է սույն օրենքով նախատեսված խնդիրների եւ գործառույթների իրականացումը:

2. Քրեակատարողական ծառայությունը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում:

Քրեակատարողական ծառայության կառուցվածքը եւ հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Ծառայությունը քրեակատարողական ծառայությունում պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Քրեակատարողական ծառայությունում ծառայող քաղաքացին պետական ծառայող է:

4. Ծառայությունը քրեակատարողական ծառայությունում իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

Հոդված 3. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը

1. Քրեակատարողական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 4. Քրեակատարողական ծառայությունը

1. Քրեակատարողական ծառայությունը կազմված է՝

1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնից (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին).

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տարածքային մարմիններից (այսուհետ՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմին).

3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից (այսուհետ՝ քրեակատարողական հիմնարկ):

2. Քրեակատարողական ծառայության ենթակայությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել դատապարտյալների սոցիալ-հոգեբանական վերականգնման, հոգեբանական ախտորոշման, գիտահետազոտական, բուժական, կրթական եւ այլ կազմակերպություններ:

Հոդված 5. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրները

Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն են՝

1) դատարանի կողմից նշանակված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատիժներ (այսուհետ՝ պատիժներ) կատարելը՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված կարգով.

2) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա եւ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի կողմից դրված պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելը.

3) օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով անձանց կալանքի տակ պահելը.

4) քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալներին եւ կալանավորվածներին փոխադրելը.

5) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաեւ դատապարտյալների եւ կալանավորվածների՝ իրենց իրավունքներից եւ ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը.

6) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմի եւ այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը.

7) դատապարտյալների եւ կալանավորվածների կյանքի եւ առողջության պահպանման, անձնական եւ մշակութային զարգացման պատշաճ պայմաններ ապահովելը.

8) կալանավորվածների եւ դատապարտյալների քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական եւ հոգեբանական աշխատանքներ կազմակերպելը.

9) քրեակատարողական հիմնարկների եւ մարմինների նյութատեխնիկական եւ սոցիալական պայմանների զարգացում ապահովելը.

10) դատապարտյալների եւ կալանավորվածների զբաղվածությունն ապահովելը:

Քրեակատարողական ծառայությունն իրականացնում է նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:

Հոդված 6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունն է, որն իրականացնում է քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների, քրեակատարողական հիմնարկների եւ հատուկ նշանակության ստորաբաժանման գործունեության ղեկավարում եւ վերահսկողություն:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հիմնարկ է:

Հոդված 7. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները քրեակատարողական տեսչություններն են, որոնք հանդիսանում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ: Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինները գործում են Հայաստանի Հանրապետության մարզերում եւ Երեւան քաղաքի համայնքներում։ Մարզային քրեակատարողական տեսչությունը մարզի ենթատարածքներում կարող է ունենալ նստավայրեր։

Հոդված 8. Քրեակատարողական հիմնարկները

1. Քրեակատարողական հիմնարկներ են հանդիսանում ուղղիչ հիմնարկները եւ կալանավորվածներին պահելու վայրերը:

2. Քրեակատարողական հիմնարկների տեսակները եւ լրակազմերը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

3. Քրեակատարողական հիմնարկները ստեղծվում, վերակազմակերպվում եւ դրանց գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 9. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը

1. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը հանդիսանում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանում եւ գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:

2. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումն իրականացնում է քրեակատարողական հիմնարկների արտաքին պահպանությանը, ներքին կանոնակարգի պահպանմանն ուղղված գործառույթներին, ինչպես նաեւ ազատությունից զրկելու ձեւով պատիժ կրող դատապարտյալների եւ կալանավորվածների փոխադրումներին աջակցելը:

3. Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման գործունեության կազմակերպման պայմանները եւ կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 10. Քրեակատարողական ծառայության համակարգում գործող հիմնադրամը

Դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, դատապարտյալներին եւ կալանավորվածներին պահելու պայմանները բարելավելու, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, մշակութային ոլորտները զարգացնելու նպատակով քրեակատարողական ծառայության համակարգում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում եւ համաձայն իր կանոնադրության գործում է հիմնադրամ:

Հոդված 11. Քրեակատարողական ծառայության խորհուրդը

1. Քրեակատարողական ծառայության գործունեության առանձին հարցեր քննարկելու նպատակով քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը ստեղծում եւ ղեկավարում է խորհրդակցական մարմին՝ քրեակատարողական ծառայության խորհուրդ:

2. Քրեակատարողական ծառայության խորհրդի կազմում ընդգրկվում են քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը, նրա տեղակալները եւ աշխատակազմի ղեկավարը, քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաեւ քրեակատարողական այլ ծառայողներ՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի նշանակմամբ:

3. Քրեակատարողական ծառայության խորհուրդն ընդունում է եզրակացություններ, որոնք կարող են իրագործվել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամաններով:

4. Քրեակատարողական ծառայության խորհրդի աշխատակարգը սահմանվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի կողմից:

ԳԼՈՒԽ 3.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Քրեակատարողական ծառայության պաշտոնները

1. Քրեակատարողական ծառայության պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության պետ,

- քրեակատարողական վարչության աշխատակազմի ղեկավար,

- քրեակատարողական վարչության պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի պետ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի աշխատակազմի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության մամլո քարտուղար,

- քրեակատարողական վարչության բաժնի պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության բաժանմունքի պետ,

- խմբի ղեկավար.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության բաժանմունքի պետի տեղակալ,

- քրեակատարողական վարչության պատասխանատու հերթապահ,

- քրեակատարողական վարչության գլխավոր մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջատար մասնագետ,

- քրեակատարողական վարչության առաջին կարգի մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ,

- քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ,

- խմբի ղեկավար,

- քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետի տեղակալ,

- քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ,

- քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ,

- քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ,

- քրեակատարողական հիմնարկի առաջին կարգի մասնագետ.

4) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝

- քրեակատարողական վարչության ավագ տեսուչ,

- քրեակատարողական վարչության տեսուչ,

- քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի ավագ տեսուչ,

- քրեակատարողական հիմնարկի ավագ տեսուչ,

- քրեակատարողական հիմնարկի տեսուչ:

2. Քրեակատարողական ծառայությունում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողները համարվում են քրեակատարողական ծառայողներ:

Հոդված 13. Քրեակատարողական ծառայողների կոչումները

1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետեւյալ կոչումները.

- արդարադատության գեներալ-լեյտենանտ,

- արդարադատության գեներալ-մայոր,

- արդարադատության գնդապետ,

- արդարադատության փոխգնդապետ,

- արդարադատության մայոր,

- արդարադատության կապիտան,

- արդարադատության ավագ լեյտենանտ,

- արդարադատության լեյտենանտ,

- արդարադատության կրտսեր լեյտենանտ,

- արդարադատության ավագ ենթասպա,

- արդարադատության ենթասպա,

- արդարադատության ավագ,

- արդարադատության ավագ սերժանտ,

- արդարադատության սերժանտ,

- արդարադատության կրտսեր սերժանտ,

- արդարադատության եֆրեյտոր,

- արդարադատության շարքային:

2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-լեյտենանտ եւ արդարադատության գեներալ-մայոր կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

3. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացի սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերից շնորհում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան՝ սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

6. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 14. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները

Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետեւյալ առավելագույն կոչումները.

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ՝ արդարադատության գեներալ-լեյտենանտ.

2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝ արդարադատության գնդապետ.

3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ՝ արդարադատության փոխգնդապետ.

4) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ արդարադատության կրտսեր լեյտենանտ:

Հոդված 15. Կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

1) քրեակատարողական ծառայության պաշտոնների կրտսեր խմբի կոչումներ՝ վեց ամիս.

2) քրեակատարողական ծառայության պաշտոնների առաջատար խմբի կոչումներ՝

- արդարադատության լեյտենանտ կոչումով՝ 1 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ կոչումով՝ 2 տարի,

- արդարադատության կապիտան կոչումով՝ 3 տարի.

3) քրեակատարողական ծառայության պաշտոնների գլխավոր խմբի կոչումներ՝

- արդարադատության մայոր կոչումով՝ 3 տարի,

- արդարադատության փոխգնդապետ կոչումով՝ 4 տարի:

Արդարադատության գնդապետի, արդարադատության գեներալ-մայորի եւ արդարադատության գեներալ-լեյտենանտի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում:

3. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 16. Կոչումներով ծառայության ժամկետի հաշվարկումը

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման մասին հրամանի ստորագրման հաջորդ օրվանից:

Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը հանվում է:

2. Սույն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կոչումը շնորհելուն խոչընդոտելը առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 3.

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 17. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Քրեակատարողական ծառայությունում, որպես քրեակատարողական ծառայող, ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների եւ սույն օրենքի 20-րդ հոդվածի հինգերորդ մասով նախատեսված դեպքերի, տիրապետում է հայերենին, իր մասնագիտական գիտելիքներով, գործնական եւ անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով ունակ է կատարելու քրեակատարողական ծառայողի պարտականությունները՝ անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

2. Քրեակատարողական ծառայողին ներկայացվող մասնագիտական եւ առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի: Մասնագիտական աշխատանքային փորձ չունենալու դեպքում քրեակատարողական ծառայող կարող է լինել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով մինչեւ մեկ ամիս ժամկետով անցել է ստաժավորում:

4. Քրեակատարողական ծառայությունում որպես քրեակատարողական ծառայող ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

Հոդված 18. Քրեակատարողական ծառայողի երդումը

1. Քրեակատարողական ծառայությունում առաջին անգամ որպես քրեակատարողական ծառայող պաշտոնի նշանակվող անձինք, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով, տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում՝

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), ստանձնելով պաշտոն Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունում, երդվում եմ.

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Քրեակատարողական ծառայողը երդում տալիս է մեկ անգամ, անհատական կարգով՝ երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Քրեակատարողական ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

Հոդված 19. Պաշտոնի նշանակումը քրեակատարողական ծառայությունում

1. Քրեակատարողական ծառայողին պաշտոնում նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը։

2. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, հատուկ նշանակության ստորաբաժանման եւ տարածքային մարմինների վարձու աշխատողներին աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը:

3. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողներին աշխատանքի նշանակում եւ աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:

Հոդված 20. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավար՝ վարչության պետ, կարող է նշանակվել այն քրեակատարողական ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է քրեակատարողական ծառայության բարձրագույն կամ մինչեւ նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:

2. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբում պաշտոնի կարող է նշանակվել նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում կամ այլ պետական մարմնում՝ սույն հոդվածի առաջին մասով սահմանված պաշտոնին համապատասխան խմբում պաշտոն զբաղեցնող եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացին:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում, բացառությամբ ավագ տեսուչի եւ տեսուչի պաշտոնների, կարող են նշանակվել այն քրեակատարողական ծառայողները, որոնք ունեն տվյալ պաշտոնի համար՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչում:

4. Քրեակատարողական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ թափուր պաշտոնի համար նախատեսված առավելագույն կոչումից երկու աստիճանով ոչ ցածր կոչումով առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի կարող են նշանակվել սույն օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունքից օգտվող կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները:

6. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններում, կարող են նշանակվել այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

ԳԼՈՒԽ 4.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 21. Քրեակատարողական ծառայողի ատեստավորման կարգն ու պայմանները

1. Յուրաքանչյուր տարի քրեակատարողական ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Արտահերթ ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա կամ քրեակատարողական ծառայողի ցանկությամբ:

5. Ատեստավորումն անցկացվում է քրեակատարողական ծառայողի անմիջական մասնակցությամբ:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

7. Ատեստավորման ենթակա քրեակատարողական ծառայողները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է քրեակատարողական ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ քրեակատարողական ծառայողի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների եւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում քրեակատարողական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Քրեակատարողական ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել քրեակատարողական ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

9. Ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից միայն մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ առաջարկել՝ քրեակատարողական ծառայողին գործուղել վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

11. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին եւ բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում:

12. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից մեկ շաբաթյա ժամկետում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, որն ընդունում է համապատասխան որոշում:

13. Սույն հոդվածի տասներկուերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Քրեակատարողական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա ծառայության ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

14. Ատեստավորման արդյունքները պահվում են քրեակատարողական ծառայողի անձնական գործում:

Հոդված 22. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը

1. Քրեակատարողական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ անգամ:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի տասներորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում քրեակատարողական ծառայողները անցնում են մինչեւ երեք ամիս ժամկետով վերապատրաստում:

3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրել, պահել եւ գործադրել (կիրառել) հրազեն եւ օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

4. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը 12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:
 


ԳԼՈՒԽ 5.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ

Հոդված 23. Քրեակատարողական ծառայողին նրա համաձայնությամբ այլ պաշտոնի փոխադրելը

Քրեակատարողական ծառայողը կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի կամ ցածր պաշտոնի կամ ծառայության այլ վայր՝ իր դիմումի համաձայն, տվյալ պաշտոնում առնվազն 6 ամիս ծառայելուց հետո:

Հոդված 24. Քրեակատարողական ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

1. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում.

4) քրեակատարողական ծառայողի մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելու ընթացքում:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն մեկ տարի առաջ:

Հոդված 25. Այլ պաշտոնի փոխադրելը

Քրեակատարողական ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

ԳԼՈՒԽ 6.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 26. Քրեակատարողական ծառայողի իրավունքները

Քրեակատարողական ծառայողի հիմնական իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի բոլոր նյութերին՝ իր գործունեության գնահատականներին եւ այլ փաստաթղթերին ծանոթանալը եւ բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) դրամական բավարարում ստանալը.

6) սոցիալական պաշտպանությունը եւ ապահովությունը.

7) իրավական պաշտպանությունը.

8) կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

9) նշանակման եւ ատեստավորման արդյունքները բողոքարկելը.

10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:

Քրեակատարողական ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 27. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները

1. Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը եւ հաշվետվություն ներկայացնելը.

4) վերադաս մարմինների եւ պաշտոնատար անձանց՝ սահմանված կարգով տրված հանձնարարականները եւ ընդունած որոշումները կատարելը.

5) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

7) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.

8) ծառայողական կանոնակարգերը պահպանելը:

Քրեակատարողական ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:
 


ԳԼՈՒԽ 7.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 28. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության լիազորությունները քրեակատարողական ծառայության կազմակերպման գործում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ:

Հոդված 29. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում եւ վերահսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանների, կարգադրությունների կատարումը.

3) հրապարակում է քրեակատարողական ծառայության գործունեության կազմակերպման ուղղված, հրամաններ, հրահանգներ եւ կարգադրություններ.

4) առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ծառայության կառուցվածքի վերաբերյալ.

5) միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ քրեակատարողական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

6) քննում է քրեակատարողական ծառայողների նկատմամբ բերված բողոքները, վերացնում անօրինական որոշումները.

7) սահմանում է բաժինների եւ բաժանմունքների պետերի կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.

8) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին.

9) կատարում է աշխատանքի բաժանում իր եւ իր տեղակալների, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի միջեւ.

10) ղեկավարում է քրեակատարողական ծառայության խորհուրդը.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը պատասխանատվություն է կրում քրեակատարողական ծառայության խնդիրների իրականացման համար:

Հոդված 30. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավարը

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինը ղեկավարում է քրեակատարողական տեսչության պետը, որը՝

1) կազմակերպում եւ վերահսկում է տարածքային մարմնի՝ օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանների, կարգադրությունների եւ հրահանգների կատարումը.

3) համակարգում է տարածքային մարմնի քրեակատարողական ծառայողների եւ վարձու աշխատողների աշխատանքները, առաջարկություններ է ներկայացնում տեսչության քրեակատարողական ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

4) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

5) ենթակայության կարգով քննում է քրեակատարողական ծառայողների գործողությունների դեմ բերված բողոքները.

6) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի կառուցվածքի եւ հաստիքների վերաբերյալ.

7) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Քրեակատարողական ծառայության տարածքային մարմնի ղեկավարը պատասխանատվություն է կրում տեսչության խնդիրների իրականացման համար։

Հոդված 31. Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը

Քրեակատարողական հիմնարկը ղեկավարում է պետը, որը՝

1) կազմակերպում եւ վերահսկում է քրեակատարողական հիմնարկի՝ օրենքով սահմանված խնդիրների եւ գործառույթների իրականացման աշխատանքները.

2) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի եւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարի հրամանների, կարգադրությունների եւ հրահանգների կատարումը, առաջարկություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին հիմնարկի քրեակատարողական ծառայողների թեկնածությունների վերաբերյալ.

3) կատարում է աշխատանքի բաժանում իր եւ իր տեղակալի, ինչպես նաեւ աշխատակազմի ղեկավարի միջեւ.

4) համակարգում է քրեակատարողական հիմնարկի քրեակատարողական ծառայողների եւ վարձու աշխատողների աշխատանքները.

5) միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

6) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին եւ վարձու աշխատողներին.

7) կազմակերպում է քրեակատարողական հիմնարկում եւ դրան հարող տարածքներում անվտանգության եւ պահպանության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.

8) սահմանված կարգով միջնորդություններ է ներկայացնում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարին՝ քրեակատարողական հիմնարկի կառուցվածքի եւ հաստիքների վերաբերյալ.

9) դատապարտյալներին աշխատանքի ներգրավելու, քրեակատարողական հիմնարկի սոցիալական ոլորտը զարգացնելու նպատակով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկի՝ պայմանագրային հիմունքներով մասնակցությունը կազմակերպաիրավական ցանկացած ձեւի կազմակերպությունների գործունեությանը.

10) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ եւ տալիս է ցուցումներ.

11) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

Քրեակատարողական հիմնարկի ղեկավարը պատասխանատվություն է կրում հիմնարկի խնդիրների իրականացման համար։


ԳԼՈՒԽ 8.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 32. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը

1. Յուրաքանչյուր քրեակատարողական ծառայող ունի ծառայության համար համարժեք դրամական բավարարման, ինչպես նաեւ հանդերձանքի եւ իր ցանկությամբ պարենային ապահովման կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցման իրավունք:

2. Քրեակատարողական ծառայողի դրամական բավարարումը կազմվում է՝

1) հիմնական աշխատավարձից՝ պաշտոնային դրույքաչափից, որը պայմանավորվում է քրեակատարողական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով եւ ծառայողի ունեցած աշխատանքային ստաժով.

2) լրացուցիչ աշխատավարձից՝ աշխատանքի հատուկ պայմանների եւ աշխարհագրական միջավայրի համար տրվող հավելավճարից.

3) կոչման համար տրվող հավելավճարից.

4) նյութական խրախուսման համար տրվող պարգեւատրումներից.

5) գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից.

6) երկարամյա ծառայության համար տրվող հավելավճարից:

3. Քրեակատարողական ծառայության հիմնական աշխատավարձի համակարգը՝

1) պաշտոնների համար սահմանվում է հիմնական աշխատավարձի սանդղակ՝ նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչեւ առավելագույնը

2) պաշտոնային դրույքաչափերի սանդղակի համար սահմանվում է աշխատավարձի 11 մակարդակ եւ յուրաքանչյուր մակարդակում՝ պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակից` աղյուսակ 1 եւ աղյուսակ 2:

Աղյուսակ 1. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի քրեակատարողական վարչության պաշտոնային դրույքաչափերի համակարգը
 
Ծառայողների աշխատավարձի մակարդակը
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
Աշխատավարձի աճը
Յուրաքանչյուր տարի
2 տարին մեկ
3տարին մեկ
աճ չկա
պետ
4.28 4.39 4.50 4.61 4.72 4.83 4.94 5.05 5.16 5.27 5.38
պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար
3.78 3.88 3.98 4.08 4.18 4.28 4.44 4.55 4.66 4.77 4.88
բաժնի պետ, բաժանմունքի պետ, մամլո քարտուղար
3.26 3.36 3.46 3.56 3.67 3.78 3.90 4.01 4.13 4.26 4.38
բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետի տեղակալ
3.0 3.06 3.16 3.26 3.36 3.48 3.60 3.72 3.84 3.96 4.08
գլխավոր մասնագետ
2.81 2.90 2.99 3.07 3.17 3.26 3.36 3.46 3.56 3.67 3.78
առաջատար մասնագետ, 

պատասխանատու ավագ հերթապահ

2.09 2.16 2.22 2.29 2.36 2.43 2.50 2.58 2.65 2.73 2.81
առաջին կարգի մասնագետ,

պատասխանատու հերթապահ

1.56 1.6 1.65 1.7 1.75 1.80 1.85 1.91 1.97 2.03 2.09
ավագ տեսուչ
1.20 1.26 1.32 1.38 1.44 1.50 1.56 1.62 1.68 1.74 1.80
տեսուչ, պատասխանատու հերթապահի

օգնական

1.0 1.04 1.08 1.12 1.16 1.20 1.24 1.28 1.32 1.36 1.40



















































Աղյուսակ 2. Քրեակատարողական հիմնարկի պաշտոնային դրույքաչափերի համակարգը.
 
Ծառայողների աշխատավարձի մակարդակը
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
Աշխատավարձի աճը
Յուրաքանչյուր տարի
2 տարին մեկ
3տարին մեկ
աճ չկա
պետ
3.78 3.88 3.98 4.08 4.18 4.28 4.44 4.55 4.66 4.77 4.88
պետի տեղակալ, աշխատակազմի ղեկավար
3.26 3.36 3.46 3.56 3.67 3.78 3.90 4.01 4.13 4.26 4.38
տեղամասի պետ, բաժնի պետ,

բաժանմունքի պետ

2.51 2.60 2.69 2.77 2.87 2.96 3.06 3.16 3.26 3.37 3.48
բաժնի պետի տեղակալ, բաժանմունքի պետի

տեղակալ, պատասխանատու հերթապահ

2.13 2.20 2.27 2.35 2.43 2.51 2.60 2.69 2.78 2.87 2.96
գլխավոր մասնագետ
1.79 1.85 1.92 1.99 2.06 2.13 2.20 2.27 2.35 2.43 2.51
առաջատար մասնագետ
1.51 1.56 1.61 1.67 1.73 1.79 1.86 1.92 1.99 2.06 2.13
առաջին կարգի մասնագետ, պատասխանատու հերթապահի օգնական
1.26 1.30 1.35 1.40 1.45 1.50 1.55 1.61 1.67 1.73 1.79
մասնաշենքի ավագ տեսուչ,

ավագ տեսուչ

1.10 1.13 1.17 1.21 1.25 1.29 1.33 1.37 1.41 1.45 1.50
տեսուչ
1.0 1.03 1.06 1.09 1.12 1.15 1.18 1.21 1.24 1.27 1.30











































3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով.

4) աշխատավարձի հաշվարկման ժամանակ քրեակատարողական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի համակարգում անցումը հերթական մակարդակին կատարվում է աղյուսակով նախատեսված քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժին համապատասխան՝ տարին լրանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից.

5) աշխատավարձի հաշվարկման համար քրեակատարողական ծառայողի աշխատանքային ստաժի մեջ ներառվում է հատուկ կամ զինվորական կոչում, դասային աստիճան կամ որակավորման դաս կրելու ընթացքում եղած աշխատանքային ստաժը:

4. Բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է պաշտոնային դրույքաչափերի սանդղակի ստորին մակարդակին՝ 1.00 գործակցին, որի նկատմամբ համապատասխան գործակիցներով էլ հաշվարկվում են բոլոր մյուս դրույքաչափերը:

5. Բազային պաշտոնային դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որը չի կարող պակաս լինել նախորդ տարվա համար սահմանվածից:

6. Լրացուցիչ աշխատավարձի նկատմամբ սահմանվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Կոչման համար սահմանվում է հավելավճար՝ բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ, հետեւյալ չափերով.
 
Կոչումը
Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի

նկատմամբ (տոկոսներով)

արդարադատության գեներալ-լեյտենանտ
33
արդարադատության գեներալ-մայոր
31
արդարադատության գնդապետ
29
արդարադատության փոխգնդապետ
26
արդարադատության մայոր
23
արդարադատության կապիտան
16
արդարադատության ավագ լեյտենանտ
15
արդարադատության լեյտենանտ
13
արդարադատության կրտսեր լեյտենանտ
12
արդարադատության ավագ ենթասպա
11
արդարադատության ենթասպա
10
արդարադատության ավագ 
9
արդարադատության ավագ սերժանտ
8
արդարադատության սերժանտ
7
արդարադատության կրտսեր սերժանտ
6
արդարադատության եֆրեյտոր
5
արդարադատության շարքային
4

Հոդված 33. Քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների իրավական պաշտպանությունը եւ սոցիալական ապահովությունը

1. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաեւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո եւ նրանց անվտանգությունը երաշխավորվում է օրենքով:

2. Քրեակատարողական ծառայողի եւ նրա ընտանիքի անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 34. Քրեակատարողական ծառայողի համազգեստը, վկայականը

1. Քրեակատարողական ծառայողը ծառայողական պարտականությունները կատարելիս կրում է համազգեստ, որն ունի տարբերանշաններ եւ խորհրդանշան, որոնց նկարագրերը, ինչպես նաեւ կրելու եւ հատկացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Քրեակատարողական ծառայողին համազգեստ տրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված ժամկետներում: Քրեակատարողական ծառայողը համազգեստի տրման համար սահմանված ժամկետից պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, համազգեստի համար կատարված ծախսը սահմանված ժամկետի կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իրեն համազգեստ հատկացնելու համար կատարված ծախսերը:

2. Քրեակատարողական ծառայողներին տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված միասնական նմուշի վկայականներ:

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական եւ բուժական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որեւէ կուսակցության, կրոնական կազմակերպության անդամ.

8) կազմակերպել գործադուլներ, հանրահավաքներ, երթեր, ցույցեր կամ մասնակցել դրանց:

2. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քրեակատարողական ծառայողը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առեւտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 եւ ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

3. Քրեակատարողական ծառայողին արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:
 


ԳԼՈՒԽ 9.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 36. Քրեակատարողական ծառայողի աշխատաժամանակիh տեւողությունը

1. Քրեակատարողական ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն:

2. Քրեակատարողական ծառայողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:

3. Ոչ հերթափոխային ծառայության դեպքում քրեակատարողական ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տեւողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը: Քրեակատարողական ծառայողի արտաժամյա ծառայության տեւողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:

4. Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը եւ ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 37. Քրեակատարողական ծառայողին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից ազատելը

Քրեակատարողական ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում՝ առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել ծառայությունից, սակայն մեկ տարվա ընթացքում 4 ամսից ոչ ավելի ժամանակով:

ԳԼՈՒԽ 10.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 38. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ կոչումի շնորհում.

5) կրծքանշանով պարգեւատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող են կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակներ:

5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ղեկավարը, իսկ 1-ին կետով նախատեսված խրախուսանքը՝ նաեւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

6. Սույն հոդվածի առաջին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները եւ ձեւերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

7. Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով խրախուսանքները կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցներից:

Հոդված 39. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու, օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամանակով.

4) պաշտոնի իջեցում կամ այլ պաշտոնի փոխադրում.

5) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, իսկ 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը նաեւ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի եւ քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

Հոդված 40. Կարգապահական տույժի կիրառման եւ տույժի հանման կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման օրվանից՝ չհաշված հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին եւ վտանգավորության աստիճանին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին քրեակատարողական ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում քրեակատարողական ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաեւ նշանակումից վեց ամիս հետո՝ մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քրեակատարողական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

6. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունները ժամանակավորապես կասեցվում են մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

Հոդված 41. Քրեակատարողական ծառայողին հրամաններ տալու սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ), որոնք՝

1) հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին.

2) հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից դուրս են:

2. Քրեակատարողական ծառայողը՝ սույն հոդվածի առաջին մասում նշված հրամաններ (հրահանգներ եւ կարգադրություններ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:

3. Ակնհայտ անօրինական հրամանը (հրահանգը եւ կարգադրությունը) չկատարելը քրեակատարողական ծառայողին ազատում է հրամանը չկատարելու համար պատասխանատվությունից:

ԳԼՈՒԽ 11.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հոդված 42. Քրեակատարողական ծառայությունից ազատելը

1. Քրեակատարողական ծառայողները քրեակատարողական ծառայությունից ազատվում են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել են երեք եւ ավելի կարգապահական տույժեր, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում.

8) սույն օրենքի 35-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում.

9) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելու դեպքում.

10) քրեակատարողական ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով մեկ տարվա ընթացքում չորս ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում, չհաշված նախածննդյան եւ հետծննդյան արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում:

Քրեակատարողական ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ:

Հոդված 43. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

Քրեակատարողական ծառայողները քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա.

5) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Հոդված 44. Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները

1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը:

2. Պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից, քրեակատարողական ծառայողի ծառայության ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 5 տարի ժամկետով:

3. Սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան քրեակատարողական ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:

Հոդված 45. Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները եւ կենսաթոշակի ապահովումը

Քրեակատարողական ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, կենսաթոշակի ապահովումը եւ կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:


ԳԼՈՒԽ 12.

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 46. Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

Այն քրեակատարողական ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, պաշտոնը կամ կոչումը իջեցված, ինչպես նաեւ ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչումի կամ պաշտոնում վերականգնման:

Հոդված 47. Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները

Ծառայությունում փոխադրելու, պաշտոնը կամ կոչումն իջեցնելու, կարգապահական տույժի ենթարկելու, ծառայությունից ազատման հետ չհամաձայնվելու դեպքում քրեակատարողական ծառայողը կարող է բողոքարկել այն վերադասության եւ դատական կարգով, համապատասխան հրամանին ստորագրությամբ ծանոթանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

Հոդված 48. Կոչման շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

1. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված եւ հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս եւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անհիմն կամ անօրինական ազատումից մինչեւ վերականգնում ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անհիմն կամ անօրինական ազատված, կոչումը կամ պաշտոնն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում նրան չվճարված դրամական բավարարման չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

Այն քրեակատարողական ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, հատուցումը վճարվում է նրանց՝ ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 3 ամսվա համար:

ԳԼՈՒԽ 13.

ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 49. Քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի պահպանումը

Քրեակատարողական ծառայողը պարտավոր է իրեն վերապահված իրավունքներն օգտագործել օրենքին համապատասխան եւ իր գործունեության մեջ թույլ չտալ քաղաքացիների եւ կազմակերպությունների իրավունքների եւ օրինական շահերի որեւէ խախտում:

Հոդված 50. Քրեակատարողական ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

1. Քրեակատարողական ծառայողի` իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

2. Քրեակատարողական ծառայողի պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 51. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրումը

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Հոդված 52. Հրազենի գործադրումը

1. Քրեակատարողական ծառայողն իրավունք ունի հրազեն գործադրել`

1) իր վրա կատարված հարձակումը կանխելու համար, եթե առկա է նրա կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական վտանգը.

2) հրազենի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձերը կանխելու համար:

2. Մինչեւ հրազենի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:

3. Արգելվում է հրազենի գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ քրեակատարողական ծառայողի կյանքին կամ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

4. Քրեակատարողական ծառայողին հրազենով ապահովելու կարգը, հրազենի տեսակների եւ հատուկ միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 53. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման պայմանները եւ սահմանները

1. Քրեակատարողական ծառայողը, սույն օրենքի 51-րդ եւ 52-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում եւ կարգով, իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելիս քրեակատարողական ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում քրեակատարողական ծառայողի կյանքի կամ առողջության համար կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Քրեակատարողական ծառայողը ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրման բոլոր դեպքերի մասին, դրանց գործադրման պահից քսանչորս ժամվա ընթացքում, գրավոր հաղորդում է վարչության պետին, իսկ մարմնական վնասվածք կամ մահ պատճառելու դեպքում` նաեւ դատախազին:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ հրազենի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Հոդված 54. Քրեակատարողական ծառայողի պատասխանատվությունը, հսկողությունը նրա գործունեության նկատմամբ

1. Քրեակատարողական ծառայողի գործողությունները կարող են բողոքարկվել վերադասության կարգով կամ դատարան:

2. Քրեակատարողական ծառայողն օրենքին համապատասխան պատասխանատվություն է կրում իր կատարած զանցանքների եւ այլ իրավախախտումների համար:

3. Քրեակատարողական ծառայողի կողմից անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

4. Քրեակատարողական ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով: Քրեակատարողական ծառայողի կողմից կիրառվող հարկադրանքի միջոցներն են՝

- հրազենի գործադրումը.

- ֆիզիկական ուժի կիրառումը.

- հատուկ միջոցների կիրառումը:

Հրազենի եւ հատուկ միջոցների հատկացման եւ պահման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

Հոդված 55. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

1. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, ինչպես նաեւ քրեակատարողական հիմնարկներում օրենքով սահմանված կարգով տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներ իրականացնող դատապարտյալները ծառայողներ չեն համարվում, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Քրեակատարողական ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից հաստատված նմուշի վկայականներ:

Հոդված 56. Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովումը

Քրեակատարողական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

ԳԼՈՒԽ 14.

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 57. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:

3. Քրեակատարողական ծառայության տարածքային մարմինների վերաբերյալ սույն օրենքով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 58. Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումը

Քրեակատարողական ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս հետո, եւ ավարտվում է 2006 թվականի հուլիսի 1-ին, ընդ որում, յուրաքանչյուր տարի ատեստավորվում է քրեակատարողական ծառայողների 1/3-ը:

Հոդված 59. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ եւ 43-րդ հոդվածի 5-րդ կետերի հիմքով քրեակատարողական ծառայողին ծառայությունից կամ պաշտոնից ազատելիս հաշվի են առնվում մինչ այդ նրա նկատմամբ կիրառված եւ սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

Հոդված 60. Նախկինում շնորհված կոչումները

1. Քրեակատարողական ծառայությունում ծառայության անցնելու կապակցությամբ քրեակատարողական ծառայողներին նախկինում շնորհված կոչումները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, պահպանվում են եւ համապատասխանեցվում սույն օրենքով սահմանված կոչումներին:

2. Սույն օրենքով սահմանված կարգով կոչումներ շնորհելիս նախկինում շնորհված կոչումով ծառայության ժամկետը հաշվի է առնվում:

Հոդված 61. Վարձատրության նոր համակարգի ներդրումը

1. Վարձատրության նոր համակարգը ներդրվում է 2004 թվականի հունվարի 1-ից: Մինչեւ վարձատրության նոր համակարգի ներդրումը ծառայողների վարձատրությունը կատարվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի դրամական բավարարման չափի նվազեցման:

3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի պահպանման համար 2003 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների տնտեսման հաշվին:

Հոդված 62. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: