Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1741-19.11.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության (2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-159-Ն) օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «երկու տարվա ստաժ» բառերից հետո լրացնել «կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«1) դատական դեպարտամենտի ղեկավարին՝ դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1. երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2. լրացնել նար 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին,

2) այդ մասին տվել է գրավոր համաձայնություն:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1. 1-ին մասի «մասով» բառը փոխարինել «եւ 5-րդ մասերով» բառերով.

2. 2-րդ մասի «թափուր պաշտոն առաջանալուց հետո» բառերը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու դեպքում» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «առաջանալու» բառից հետո լրացնել «եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով եւ ժամկետում նշանակում չկատարելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «լինելու» բառից հետո լրացնել «եւ ի պաշտոնե գործելու դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, ինչպես նաեւ նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

«ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատավարության մասնակիցների, գործին մասնակցող անձանց նկատմամբ դատարանի կողմից կիրառվող սանկցիաների շրջանակի ընդլայնմամբ եւ ըստ կոնկրետ դատավարության մասնակիցների հստակեցմամբ: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունմամբ  դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում օրենքով նախատեսված կարգը կտարածվի նաեւ դատական ծառայողների վրա, ընդ որում  նախագծով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար սահմանված են հստակ պահանջներ:

«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես նախատեսվել է, որ «դատական դեպարտամենտի ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ», այլ ոչ թե վճռաբեկ դատարանի նախագահը` դատարանների նախագահների խորհրդի դրական եզրակացության հիման վրա»: Բացի այդ նախատեսվել է, որ դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝ բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, այդ մասին տվել է գրավոր համաձայնություն»: Նախատեսվել է նաեւ մի շարք խմբագրական փոփոխություններ: